ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ծրագրի շրջանակներում 2021-2022 թվականներին խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն տրամադրելու նպատակով 2021 թվականի հուլիսի 15-ի N 1168-Լ որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականին 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5․4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության 4․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1․3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով, իսկ 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության շուրջ 5․3 մլրդ դրամի չափով, որից՝ խաղող մթերող 8 կազմակերպության շուրջ 5․1 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 3 ամիս և պտուղբանջարեղեն մթերող 1 կազմակերպության շուրջ 0․2 մլրդ դրամի չափով 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ 2021 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքները մարվել են սահմանված ժամկետներում։ 2022 թվականին պտուղբանջարեղեն մթերող կազմակերպությանը տրամադրված բյուջետային երաշխիքը մարվել է սահմանված ժամկետում, իսկ մյուսների մասով մարումները կսկսվեն 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն տրվեց լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021-2023 թվականների գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։
Բացի այդ, Ծրագրի շրջանակներում պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին 2021-2023 թվականներին հնարավորություն է տրվել պտուղբանջարեղենի մթերումների նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավել նաև լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար։
Խաղողի և պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող կազմակերպություններն աշխատանքային կարգով բազմիցս դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման, ինչպես նաև պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման հարցում։
Վերը նշված խնդիրները մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպություններին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն ընձեռել բյուջետային երաշխիքի տրամադրման միջոցով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների անբավարարության հետ կապված խնդիրները մեղմել Ծրագրի շրջանակներում պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռքբերելու նպատակով լրացուցիչ վարկեր տրամադրելու միջոցով։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, ըստ որոնց՝
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքը,
- Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվում է Նախագիծն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1530-Լ որոշման մեջ,
- պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի տրամադրվում է լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով,
- խաղողի մթերումներ իրականացնող վարկառուների համար Ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 1-ը, իսկ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող վարկառուների համար Ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 1-ը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավելու լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար։
Բացի այդ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի և խաղողի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պայմանագրեր և ապահովելու դրանց արժեքի վճարումները։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով կամ տարեկան շուրջ 10%-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf)։
7․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
8․ Սույն Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ընդունելու դրանց կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտեր։
-
Обсуждалось
02.07.2024 - 17.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2351
Принт