Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԻՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագծի ընդունման  վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Տեղական մակարդակում ռիսկի կառավարման  նպատակն է նպաստել Հայաստանում աղետներին, կլիմայի փոփոխությամբ և կենսաբանական վտանգներով պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն համայնքների կայացմանն ու զարգացմանը: Այն մշակվել է հիմք ընդունելով Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը, Սենդայի (Ճապոնիա) երրորդ համաշխարհային համաժողովում ընդունված աղետների ռիսկի նվազեցման 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը, Կայուն զարգացման նպատակներն ու թիրախները, հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը և հանդիսանում է աղետների ռիսկի կառավարման ազգային մշակույթի ձևավորման ու ներդրման ուղղությամբ ձեռնարկվող կարևորագույն քայլերից մեկը:

Ուղեցույցի կիրառման անհրաժեշտությունն ու արդիականությունը պայմանավորված են տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, համայնքին սպառնացող աղետների ռիսկի բացահայտման ու գնահատման, համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառումն ապահովելու, աղետների ռիսկի կառավարման գործառույթների ապակենտրոնացմանը նպաստելու, դիմակայուն երկրի կառուցման և կայուն զարգացման անհրաժեշտությամբ:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աղետների ռիսկի կառավարման գերակա խնդիրներից է պետության, համայնքների և բնակավայրերի, ենթակառուցվածքների, տնտեսության ամենատարբեր ճյուղերի, բնակչության անվտանգության և պաշտպանության ապահովումը։ Աղետների հետևանքների երկարամյա հետազոտությունների և վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վտանգավոր երևույթների աղետալի հետևանքներն ավելի են խորացնում կանանց և տղամարդկանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի անհավասարությունը՝ ավելի վատթարացնելով նրանց ապրելու և կենսագործունեության պայմանները։ Այս առումով, ուղեցույցը հնարավորինս անդրադառնում է նշված խնդրին, ռիսկերի բացահայտման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և վերլուծության իր ողջ գործիքակազմում հաշվի առնելով բնակչության հատկապես խոցելի խնբերի առանձնահատկություններն ու կարիքները, ներգրավված կողմերի դերերը և պատասխանատվության աստիճանը։

Հայաստանի մեծ թվով բնակավայրերում դեռևս իրականացված չեն դրանց սպառնացող աղետների վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման, ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները, ինչը թույլ չի տալիս համայնքներին ռիսկի նվազեցման և կանխարգելման հստակ գործողություններ մշակելու, դրանք ներառելու իրենց զարգացման 5-ամյա ծրագրերում և ապահովելու համապատասխան միջոցառումների իրականացումը։

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Տեղական մակարդակում ռիսկի կառավարման ուղեցույցն իրենից ներկայացնում է տեղական մակարդակում աղետների, կլիմայական և կենսաբանական ռիսկերի կառավարման գործիքների և գործառույթների ամբողջական փաստաթուղթ, որի կիրառումն ուղղված է վերը նշված խնդիրների լուծմանը։ Վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացը բաղկացած է մի շարք բաղադրիչներից, որոնց հաջորդական կիրառումը հնարավորություն է տալիս նպաստել համայնքային մակարդակում աղետների, կլիմայական և կենսաբանական ռիսկերի բացահայտմանը, գնահատման ու աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Դրանք են.

ա) բնական, տեխնածին և մարդածին վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտում և գնահատում,

բ) աղետներին դիմակայելու ուղղությամբ բնակչության ուսուցում և իրազեկում,

գ) աղետների, կենսաբանական վտանգների կանխարգելիչ ծրագրերի և կլիմայի հարմարվողականության միջոցառումների պլանավորում և իրականացում,

դ) զարգացման ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներառում, մոնիթորինգ և գնահատում:

առաջնահերթությունը։

2․ Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցն է, որը, ի կատարումն ՀՀ կառավարության 05․10․2023թ․ թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2030 թվականների գործողությունների ծրագրի 1․5․1 ՛՛Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» միջոցառման, առաջարկվում է հաստատել Կառավարության որոշմամբ։

Ուեցույցը պատասխանատու բոլոր դերակատարներին տրամադրում է տեղական մակարդակում աղետների, կենսաբանական և կլիմայական ռիսկերի կառավարման ընդհանուր հենք, միասնական մոտեցում և գործառույթն իրականացնելու համար անհրաժեշտ գործելակերպի ու գործիքների ամբողջություն։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառումը թույլ կտա՝ 

ա) ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ ռիսկերի բացահայտման և կառավարման նպատակով,

բ) ապահովել  մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողություններին նպաստելու համար, 

գ) ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ համայնքի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման և նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումներ, օգտագործելով դրանք որպես համայնքի զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք,

դ) կատարել ներդրումներ, ապահովելով ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևոր ենթակառուցվածքների (ինչպիսիք են, օրինակ, հեղեղատարները, ջրատարները, կոյուղիները և այլն) անխափան շահագործումը, այդ թվում, նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, 

ե) գնահատել դպրոցների և առողջապահական հաստատությունների անվտանգությունը և բարձրացնել դրանց դիմակայունության մակարդակը,

զ) հետևողականորեն կիրառել առկա ռիսկերին համապատասխան շինարարական նորմերն ու հողօգտագործման պլանավորման սկզբունքները,

է) պաշտպանել էկոհամակարգերն ու բնական պաշտպանական միջավայրը, որոնց օգնությամբ հնարավոր է մեղմել կամ նվազեցնել համայնքին սպառնացող ջրհեղեղների, փոթորիկների, կարկտահարության, հիվանդությունների և այլ վտանգավոր երևույթների ազդեցությունը,

ը) հիմնել վաղ ազդարարման համակարգեր և ստեղծել ճգնաժամային կառավարման համապատասխան կարողություններ,

թ) երաշխավորել աղետներին արձագանքելիս և հետաղետային վերականգնման փուլում տուժած բնակչության կարիքների ապահովման։

Արդյունքում, բացահայտվում են համայնքին և բնակավայրերին սպառնացող վտանգները, խոցելիությունը, առկա կարողությունները և վերջիններիս համադրությունից բխող աղետների ռիսկը: Ձևավորվում են համայնքի համար առաջնային, կենսական նշանակության միջոցառումների սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, համապատասխան միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են «Աղետների ռիսկի

նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, միջազգային կազմակերպություններ և փորձագետներ։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

1․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»․  Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»։

         2․ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլուխ 1-ի «Աղետներին դիմակայունության բարձրացում» բաժին՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից»:

 3․ «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման Հավելված 2-ի 1․5․1․ «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» միջոցառում։

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

      Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

8․ Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության և դրան համապատասխանեցման վերաբերյալ

Իրավական ակտի վերնագիրը․

COMMUNICATION FROM THE COMMISSION TO THE EUROPEAN PARLIAMENT,    THE COUNCIL, THE EUROPEAN ECONOMIC AND SOCIAL COMMITTEE AND THE COMMITTEE OF THE REGIONS

European Union Disaster Resilience Goals:

Acting together to deal with future emergencies

(Հանձնաժողովից հաղորդակցություն Եվրոպական խորհրդարանին, Խորհրդին, Եվրոպական տնտեսական և սեցիալական կոմիտեին և տարածաշրջանների կոմիտեին

Եվրոպական միության աղետներին դիմակայելու նպատակներ. Գործել միասին ապագայի արտակարգ իրավիճակներին առերեսվելուց)

համարը․ COM(2023) 61,

ընդունման տարին, ամիսը ամսաթիվը․ 2023թ․, փետրվարի 8։

 

Ներկայացված նախագիծը համապատասխանում է վերը նշված իրավական ակտի հիմնական դրույթներին՝ ռիսկերի գնահատման, կանխատեսման և աղետների ռիսկի կառավարման պլանավորման բարելավում, բնակչության ռիսկերի իրազեկման և պատրաստվածության մակարդակի բարձրացում, վաղ նախազգուշացման և արձագանքման կարողությունների հզորացում, բնակչության պաշտպանության կայուն համակարգի ապահովում, քանի որ տեղական մակարդակում ռիսկի կառավարումը հանդիսանում է պետության կողմից աղետների ռիսկի կառավարման գործընթացի անբաժանելի մասը։

 

  • Обсуждалось

    19.06.2024 - 04.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2217

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում անդրադառնալ այն համայնքների առանձնահատկություններին, որտեղ առկա են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (մանկատուն, խնամքի կենտրոն, փոքր խմբային տուն և այլն)։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում սահմանել աղետների և կլիմայի ռիսկերի գնահատման գործընթացներում տվյալներ մշակելիս հաշմանդամության և սեռի ներառումը, այդ թվում՝ ցուցիչների առկայությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում սահմանել տարհանման և ենթակառուցվածքների մատչելիության գնահատման և ապահովման մասին դրույթ՝ նկատի ունենալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունը։

Узнать больше