Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2024 թվականի   N   - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը,  «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հաստատել՝
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի։
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
 -ի         N     -Լ որոշման

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովմանը և գյուղատնտեսական մշակաբույսերից որակյալ և առողջ բերքի ստացմանը։
  2. Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականից անդամակցել է «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիային՝ ընդունելով բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վտանգվող տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։
  3. Բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի պարենային անկախության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Կենսապես կարևորագույն սննդամթերքների տեղական արտադրության և պետական պարենային պահուստի ծավալների ապահովման համար կարևոր է բարձրորակ և առողջ բերքի ստացումը։
  4. Հաշվի առնելով բույսերի առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջազգայնորեն ճանաչված սկզբունքները և պահանջները բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման տեսանկյունից՝ օր օրի ավելանում է բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման կարևորությունը։
  5. Բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների տարածումը կանխարգելող ընդհանուր և արդյունավետ միջոցառումներ ապահովելու, նրանց հսկողության համար համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն և բույսերի պաշտպանության միջոցառումներ։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Ծրագրի նպատակներն են՝
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների, մորեխների, ծղրիդների, ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների (լվիճներ, տզեր, վահանակրեր, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկույզակեր, ոստայնատիզ), բանջարաբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ) և հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման սահմանների (արեալների) և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքների իրականացում.
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մշտադիտարկման և պայքարի աշխատանքների իրականացում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների և այլ վնասատուների ու հիվանդությունների դեմ.
  • գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների տարածման սահմանների (արեալների) նվազեցում, զանգվածային բազմացման ու հետագա տարածման կանխարգելում.
  • գյուղատնտեսական մշակաբույսերից անկորուստ, բարձր որակի և առողջ բերքի ստացում.
  • գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի ավելացում.
  • Հայաստանի Հանրապետության պարենային անկախության ապահովում ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացում։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

  1. «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի, անհրաժեշտ չափաքանակներով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ձեռք են բերվում բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ և ագրոքիմիկատներ)՝ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով։
  2. «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ բույսերի վնասակար օրգանիզմների դեմ չնախատեսված պայքարի միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով գնման անհետաձգելի պահանջի առաջացման դեպքում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ձեռք են բերվում բույսերի պաշտպանության միջոցներ։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ կազմակերպությանը վերապահված է բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, հաշվառման, տարածման սահմանների (արեալների) և վնասակարության տնտեսական շեմերի ճշտման, տարածման կանխարգելման աշխատանքների ու այդ աշխատանքներին մասնագիտական աջակցության ցուցաբերման իրականացումը։
  4. Տեղական ինքնակառավարման մարմինները «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ աջակցում են համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին։
  5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին հարող անտառներում վնասակար օրգանիզմների բռնկումների դեպքում գրավոր իրազեկում է նախարարությանը։
  6. Միջոցառումներն իրականացվում են հետևյալ բաղադրիչներով`
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով կազմակերպության կողմից գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մշտադիտարկման իրականացում․
  • արևելյան պտղակեր, խնձորի պտղակեր, խաղողի ողկույզակեր, լոլիկի հարավամերիկյան ցեց և այլ վնասակար օրգանիզմների մշտադիտարկման իրականացման նպատակով ֆերոմոնային թակարդների ձեռքբերում և կազմակերպության մասնագետների միջոցով տեղադրում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում և պտղատու այգիներում․
  • պայքարի աշխատանքներ մկնանման կրծողների դեմ` այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանը հանձնած մկնասպան թունանյութը անհատույց հատկացնել մարզպետարաններին՝ համայնքներին բաշխելու և մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով․
  • պայքարի աշխատանքներ մորեխների և ծղրիդների դեմ` այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանը հանձնած միջատասպան թունանյութը անհատույց հատկացնել մարզպետարաններին՝ համայնքներին բաշխելու և գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտավայրերում և այլ հողատեսքերում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կենտրոնացված պայքարի դեպքում աշխատանքները իրականացվում են կազմակերպության մասնագետների աջակցությամբ, իսկ ձեռքի սրսկիչներով պայքարի աշխատանքները կազմակերպում են համայնքապետարանները, սակայն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մորեխներով և ծղրիդներով վարակվածության հետևանքով բուսասանիտարական վիճակի ապակայունացման դեպքում կարող են իրականացվել կենտրոնացված ծառայություններ ավիացիայի միջոցով․

  • պայքարի աշխատանքների իրականացում հունիսյան բզեզի, օկնոգինա թրթուրների և այլ վնասատուների դեմ՝ այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանն հանձնած միջատասպան թունանյութը անհատույց հատկացնել մարզպետարաններին՝ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։
  1. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տարածաշրջանում բուսասանիտարական կայուն վիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համար պարենային անկախության և անվտանգության կարևորությունը։
  2. Ծրագրում ներառված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծավալները կախված են հարևան երկրներում արձանագրված դեպքերից, Հայաստանի Հանրապետության մարզերում բույսերի վնասակար օրգանիզմների տարածվածությունից և յուրաքանչյուր տարի կատարվող բուսասանիտարական ուսումնասիրության արդյունքներից, հետևաբար ծրագրի բաղադրիչներում հնարավոր են փոփոխություններ:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

 

  1. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝
  • բույսերի պաշտպանության միջոցների գների բարձրացումը՝ կապված անկանխատեսելի գնաճի հետ․
  • ֆինանսավորման նվազումը, որը կհանգեցնի ձեռքբերվող բույսերի պաշտպանության միջոցների քանակական նվազմանը․
  • աշխատավարձի ոչ մրցունակ լինելը աշխատաշուկայում․
  • բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման ժամանակահատվածի խախտումը։
  1. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
  • յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանվող ֆինանսական միջոցների ավելացումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները․
  • բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման ապահովումը՝ առաջնահերթությունից ելնելով գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթների կազմակերպումը․
  • նախարարությունների, մարզպետարանների, համայնքապետարանների և գիտական ու կրթական կազմակերպությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
  2. Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տարեկան փաստացի բյուջեով նախատեսված կամ առկա ֆինանսական միջոցների չափով տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։
  3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝
  • Հայաստանի Հանրապետությունում կայուն բուսասանիտարական վիճակի ապահովում․
  • գյուղատնտեսական մշակաբույսերին պատճառած վնասների նվազեցում․
  • գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր, անկորուստ ու որակով բերքի ստացումը․
  • գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում․
  • Հայաստանի Հանրապետության պարենային ապահովվածության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
 -ի         N -Լ որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

հ/հ

Միջոցառումը

Պատասխանատու կառույցները

Կատարման ժամկետները

1.

Բյուջետային հայտերի կազմում և ներկայացում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

յուրաքանչյուր տարի
1-ին և 2-րդ եռամսյակ

2.

Բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

տարեկան

3.

Ծառայությունների մատուցման մասին դրամաշնորհային պայմանագրի կնքում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն,

 «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

յուրաքանչյուր տարի 1-ին եռամսյակ

4.

Մարզային մասնագետների հետ ծառայության մատուցման պայմանագրերի կնքում

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպություն

յուրաքանչյուր տարի 1-ին եռամսյակ

5.

Բուսասանիտարական ուսումնասիրություն,

Բույսերի պաշտպանության միջոցների հանձնում մարզպետարաններին

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպություն

տարեկան

6.

Բույսերի պաշտպանության միջոցների բաշխում համայնքապետարաններին

Մարզպետարաններ

տարեկան

7.

Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում

Համայնքապետարաններ

տարեկան

8.

Հաշվետվությունների ներկայացում

Համայնքապետարաններ,

Մարզպետարաններ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանված ժամկետներում

 

  • Обсуждалось

    11.06.2024 - 30.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2011

Принт