Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է միգրացիոն հոսքերի ուսումնասիրությամբ բարձրացված որոշակի խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Մասնավորապես, վերջին շրջանում միգրացիոն հոսքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կտրուկ աճել է ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր մուտք են գործում ՀՀ և շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:

Որոշակի աճ  է  արձանագրվել նաև  Եգիպտոսի   քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց  են  նաև Իրաքի  քաղաքացիների  մուտքերի ծավալները, չնայած  նրան,  որ  այս  դեպքում  մուտքի ծավալնեը չեն աճել, սակայն  աճել  է  այս  երկրի քաղաքացիների կողմից  ներկայացվող  ապաստանի հայցերի  թիվը։

 Համաձայն առկա վիճակագրության՝ 2022թ. Եգիպտոսի քաղաքացիներին տրվել է 3260 մուտքի արտոնագիր, իսկ 2023թ.` 6246, Իրաքի քաղաքացիներին 2022թ. տրվել է 10.884, իսկ 2023թ.՝ 10.564 մուտքի արտոնագիր, էական աճ է գրանցվել Հնդակաստանի քաղաքացիների մասով՝ 2022թ. նրանց տրվել է 25.062 մուտքի արտոնագիր, իսկ 2023թ. այս ցուցանիշն էական աճ է գրանցել՝ կազմելով 67.609: Մուտքի վիզաների մի մասը տրամադրվել է էլեկտրոնային տարբերակով (E-VISA): Կտրուկ աճել է Հնդկաստանից ՀՀ ժամանող և էլեկտրոնային տարբերակով մուտքի վիզա ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, 2022թ. էլեկտրոնային տարբերակով տրամադրված մուտքի վիզաներից մուտքերը կազմել են (20.585 հատ) 64.252.000 ՀՀ դրամ, իսկ 2023թ.` (53.829 հատ) 192.483.000 ՀՀ դրամ:

Այս  իրավիճակը  բերում  է  մի շարք  բացասական հետևանքների, մասնավորապես.

  • ձևավորվում է  անօրինական  միգրանտների հոսք՝ արտաքսման ռեալ մեխանիզմների  բացակայության պատճառով,
  • աճել է անօրինական միգրանտների կողմից կատարվող հանցագործությունների թիվը,
  • առկա է  թրաֆիքինգի  ենթարկվելու  բարձր ռիսկ,
  • առկա է  ՀՀ  տարածքից  դեպի  եվրոպական երկրներ  տեղաշարժվելու տեսնակյունից  տարանցիկ գոտու վերածվելու հավանականություն, ինչը խիստ բացասաբար կարող  է անդրադառնալ վիզաների ազատականացման գործընթացի վրա:
  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով), մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում, որպես գնահատման չափանիշ, կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։

     Վերադարձով ավիատոմսի պահանջն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում նույնիսկ այն օտարերկրացիների համար, ովքեր իրավունք ունեն մուտքի վիզա ստանալ տվյալ երկրի պետական սահմանին։

      Հաջորդ  պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն  է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։

Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), որը ոչ միայն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, այլև տվյալ դեպքում էական նշանակություն է ունենալու, քանի որ խնդրահարույց դիմումների պարագայում նման ապացույցներ ներկայացնելը հիմնականում հնարավոր չի լինելու, ինչը դիմումների արժանահավատությունը գնահատելու համար որոշիչ չափանիշ է։

  Առաջարկվում  է նաև  որպես  էլեկտրոնային վիզա  ստանալու  նախապայման սահմանել նաև  առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։

       Այս կարգավորումների համատեքստում որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ կառավարության 04․10․2007թ-ի թիվ 1268-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 2-րդ կետում սահմանված փաստաթղթերում՝ հիմք ընդունելով միջազգային պրակտիկան։

Առաջարկվում է սահմանել, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների դեպքում, ՀՀ պետական սահմանին վիզա ստանալու համար բավարար հիմք հանդիսանա ոչ թե այդ երկրների մուտքի վիզան, այլ միայն կացության կարգավիճակի փաստաթուղթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված երկրների, մասնավորապես ԱՄԷ, մուտքի վիզա (այդ թվում՝ էլեկտրոնային) ստանալը բավականին դյուրին է և չունի դիմումների գնահատման այն խորությունը և ընթացակարգերը, ինչպիսիք օրինակ առկա  են  շենգենյան կամ ԱՄՆ վիզաների տրամադրման դեպքում։

Բացի այդ, վիզայի դիմումը բավարարելու համար հրավերի առկայությունը շատ կարևոր հիմք է, հետևաբար, առաջարկվում է, որ E-VISA համակարգով դիմելու համար հրավերի առկայությունը տվյալ երկրների պարագայում հանդիսանա անհրաժեշտ պայման։ Միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել հրավերների գնահատման որոշակի չափանիշներ, որոնք առաջարկվում է սահմանել նոր լրացումով (նախագծի 13.1 կետ):

Ներկայումս տրամադրվող E-VISA-ի PDF ձևաչափով փաստաթուղթը դեռևս չի պարունակում փաստաթղթի իսկությունը ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը և QR կոդը։ Այս բաղադրիչներն ավելացվելուց հետո, մեծ հավանականությամբ, իսկության ստուգումը կիրականացվի հենց E-VISA համակարգում, հետևաբար, առաջարկվում է www.e-verify.am հղումը կարգում չնշել։   

     ՀՀ մուտքի այցելության վիզայով ՀՀ ժամանող օտարերկրացիների գերակշիռ մասը հետագայում դիմում են ուսման, աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար։ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար լրացվող դիմում-հարցաթերթիկում առաջարկվող փոփոխությունները՝ այցելության նպատակը դաշտում այս կատեգորիաները շեշտադրելը, որոշակի նշանակություն կարող է  ունենալ կացության կարգավիճակ տալու վարույթների ուսումնասիրության պրոցեսում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    ՀՀ ներքին գործերի նախարարություն:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է նվազեցում։

  1. Ակնկալվող արդյունքը.

        Նախագծով կխստացվի ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Նախագծի ընդունումը թույլ կտա վերահսկելի դարձնել վերոնշյալ երկրներից միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

                                                                              ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    03.06.2024 - 18.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Паспорта и визы, Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1082

Принт