Добавить в избранное

В стадии разработки

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1. 2024 թվականի փետրվարի 28-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման համար ի թիվս սահմանված չափի գուգանքի գումարի, սահմանվել է 0.25 միավոր տուգանային միավոր կիրառում, սակայն գործող Օրենսգրքի 25.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր։

1.2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Նշված կարգավորման խմբագրման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրիքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), որտեղ բացակայում են «քրեական գործ հարուցել» և «քրեական գործ հարուցելը մերժել» հասկացությունները:

Նոր օրենսգրքի համաձայն՝ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում քննիչը նախաձեռնում է քրեական վարույթ, այսինքն՝ բացակայում է նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կամ, ինչպես ընդունված էր ասել, քրեական գործի հարուցման փուլը, որի արդյունքում կայացվում էր քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու և այլնի մասին որոշում:

Բացի այդ, գործող խմբագրությամբ վարչական մարմինը վարչական վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար ունի ոչ ավել քան մեկ ամիս՝ հաշված նախաքննության մարմնի որոշումները կայացնելու օրվանից, սակայն որպես կանոն այդ որոշումները վարչական մարմնում ստացվում են որոշումները կայացվելուց հետո տևական ժամանակ անց, իսկ հաճախ նաև մեկ ամիսն անց, ինչը վարչական մարմնին հնարավորություն չի տալիս ապահովել վարչական ավարույթի նախաձեռնման և վարչական ակտ կայացնելու գործողությունների՝ օրենսդրությամբ սահմանված կագով և ժամկետներում իրականացնելը։

1.3. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելու (նմանեցնելը) համար, սակայն դիսպոզիցիայից դրուս է մնացել այն իրավիճակը, երբ տրանսպորտային միջոցիվարորդը շարժման ընթացքում օգտագործում է կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները։ 

1.4. Օրենսգիրքի 123.5-րդ հոդվածի 3‑րդ մասը պատասխանատվություն է սահմանում ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելու համար, այնինչ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի տերմինաբանության տեսանկյունից ճիշտ է ասել ոչ թե «Ժամանակավոր համարանիշ», այլ ««Ժամանակավոր» տեսակի հաշվառման համարանիշ»։

1.5. Օրենսգիրքի 123.5-րդ հոդվածի 4‑րդ մասը պատասխանատվությունը նախատեսում միայն՝

1) առանց հաշվառման համարանիշի.

2) կեղծված.

3) փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար։

Սակայն հաճախ հանդիպում են դեպքեր, երբ երթևեկության մեջ է գտնվում հաշվառում չունցող (այսինքն համարանիշեր չունեցող, համարանիշ չհատկացված) տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված են լինում որևէ այլ տրանսպորտային միջոցին հատկացված համարնիշեր։

Արդյունքում ստացվում է, որ արարքը կատարողի գործողություններում բացակայում է Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4‑րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները, քանի որ այդ արարքը չի կարող որակվել որպես փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարում, այն պատճառով, որ որևէ համարանիշ չի փոխարինվել տրանսպորտային միջոցի վրա և ՀՀ ոստիկանությունը ստիպված է լինում անձի արարքը գնահատել միայն որպես Օրենսգրքի 123.4-րդ հոդվածով նախատեսված օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարել և խախտողին ենթարկել վարչական պատասխանատվության 20.000 ՀՀ դրամի չափով, ինչը համարժեք չէ կատարված արարքի վնասակարության աստիճանին։

Միաժամանակ վերը նկարագրված արարքն իր վնասկարության բնույթով համապատասխանում է Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4‑րդ մասով նախատեսված իրավախախտման բնույթին ու վտանգավորությանը։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4‑րդ մասով սահմանել պատասխանատվություն այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար։ 

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով։

Միաժամանակ այդ արարքների համար պատասխանատվություն նախետեսող հոդվածների սանկցիաներով նախատեսվել է, որ Օրենսգիրքի 123.1-րդ, 123.5-րդ, 124-րդ և 124.4-րդ հոդվածների համապատասխան մասերով նախատեսված արարքները տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 ՀՀ դրամի չափով։

Սակայն այդ կարգավորումից դուրս է մնացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17‑րդ մասը, քանի որ 17-րդ մասով նկարագրված արարքը հանդիսանում է նույն հոդվածի 16‑րդ մասով նախատեսված արարքի կրկնակիությունը և հաշվի առնեվ, որ մինչև 01.07.2022 թվականը գործող ՀՀ քրեկան օրենսգրքի 243.1-ին հոդվածի 1.1-ին մասով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված էր քրեական պատասխանատվություն, վերացել էր անհրաժեշտությունը Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17‑րդ մասի սանկցիայով նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու դեպքում 200.000 ՀՀ դրամի չափով տուգանք, այն հաշվառմամբ, որ հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելուց հետո նույն անձի կողմից նույն արարքը մեկ տարվա մեջ կրկին կատարելու դեպքում կառաջացներ քրեկան պատասխանտվություն։     

Հաշվի առնելով, որ ներկայիս գործող ՀՀ քրեկան օրենսգրքով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված էր քրեական պատասխանատվությունն ապաքրեկանացվել է, բաց են մնացել այն իրավիճակները, երբ Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17‑րդ մասով նախատեսված արարքը (արարքիհամար  համար նախատեսվում զրկում տուժի տեսակը) կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փակել օրենսդրական բացը՝ Օրենսգրքի 123.5‑րդ հոդվածի 17‑րդ մասի սանկցիայով նախատեսելով պատասխանատվություն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար։

1.6. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 13.1-ին մասերում հիշատակվում է «Համարանիշ» եզրույթն, այնինչ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251‑Ն որոշման տերմինաբանության տեսանկյունից ճիշտ է ասել ոչ թե «Համարանիշ», այլ «Հաշվառման համարանիշ», քանի որ հակառակ դեպքում վիճելի կարող լինել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված թվերի և տառերի համադրություն պարունակող վահանակի հաշվառման համարնիշ լինելը և որոշ դեպքերում մեկնաբանել, որ տեղադրված վահանակը համարնիշ է։

1.7. Իրական կյանքում հաճախ են հանդիպում այն իրավիճակները, տրանսպորտային միջոցը վարում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված անձը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հանցանք, սակայն այդ գործողությամբ միաժամանակ կատարում է մեկ այլ վարչական իրավախախտում, որի համար Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասով, 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով, 124-րդ հոդվածի 31‑րդ մասով և 124.4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է վարչական տույժ զրկման ձևով, ինչը հնարավոր չի լինում կիրառել իրավախախտում կատարած անձի նկատմամբ, քանի որ վերջինս արդեն իսկ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

1.8. 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգրիքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), որի 344-րդ հոդվածով ապաքրեկանացվեց նախորդ խմբագրությամբ գործող օրենսգրքով նախատեսված 243.1-ին հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի պատասխանատվություն էր նախատեսված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում։

Ավելին, այդ կարգավորման ապաքրեականացումից հետո այն չի ներառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և ստացվում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի տրանսպորտային միջոցը պարբերաբար վարելու համար ավելի խիստ հետևանք, քան Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվություն է, նախատեսված չէ։

1.9. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է սահմանում առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, սակայն դիսպոզիցիայով կարգավորված չէ այն վիճակը, երբ, օրինակ, անձը տրանսպորտային միջոցը վարում է իր մոտ ունենալով վարորդական վկայական, սակայն  չի օգտագործում վարորդական վկայականի մեջ նշված այն պարագան, որի կրման (օգտագործման) դեպքում միայն այդ վարորդական վկայականը համարվում վավեր։

1.10. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասն ի թիվս դիսպոզիցիայով նկարագրված այլ արարքների պատասխանատվություն է սահմանում ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար, սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանկ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են ՀՀ և ՀՀ-ում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։

Նման կարգավորումը զրկում է վերը նշված կարգավիճակում գնտնվող ՀՀ քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու հանարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով ՀՀ այցելելու հնարավորությունից։  

1.11. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Նշված կարգավորումից դուրս են մնացել նաև այն դեպքերը, երբ անձն ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն դա հավաստվում է ոչ թե վարորդական վկայականով, այլ ժամանակավոր վարորդական վկայականով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն։

Բացի այդ, արդի թվային զարգացման արդյունքում որպես կանոն հնարավոր է դարձել տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո անմիջապես պարզել վարորղի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունենալու կամ չունենալու հարցը, հետևաբար անտրամաբանական է դառնում վարորդի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունենալու հարցը տեղեւմ պարզելու դեպքում վերջինիս առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելը։

1.12. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասն ի թիվս այլ պահանջների պատասխանատվություն է սահմանում տեխնիկական անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելու համար, սակայն հարկ է նկատել, որ տեխնիկական անսարքությունն ըստ էության նույնանում և ամբողջությամբ ներառվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմանների ցանկում։

1.13. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելու կամ գովազդ տեղադրելու, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելու համար, սակայն հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ թեև վերը նշված գործողություն իրականացնողի մոտ առկ է համապատասխան թույլտվության կամ համաձայնեցումը, սակայն այդ աշխատանքներն իրականացվում են համապատասխան թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ։

1.14. Հաճախ Օրենսգրքի 1246-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հնարավոր է լինում հայտնաբերել բացառապես փորձաքննության արդյունքում (առողջության պատճառված վնասի մասով դատաբժշկական, իսկ սթափության դեպքում արյան կամ մեզի փորձանմուշներ վերցնելու արդյունքում կատարված փորձաքննության եզրակացությամբ)։

Նշված դեպքերում վարչական իրավախախտման մասին տեղում արձանագրություն կազմելը հնարավոր չի լինում, քանի որ իրավախախտումը հայտնաբերլու և դրա հիմնավորվածության փաստի հաստատման ժամանակագրությունների մեջ առկա է լինում տևական խզում։

Բացի այդ, հետագայում վարչական վարույթի իրականացման ժամկետների սղության արդյունքում հիմնականում հնարավոր չի լինում ապահովել իրավախախտում կատարած անձի՝ այլ վայրում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ներկա գտնվելու, իսկ հետագայում էլ գործի քննությանը ներկա գտնվելու հարցը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

1) Օրենսգրքի 25.1-ին հոդվածի 6-րդ մասը լրացնել՝ նախատեսելով նաև 0.25 տուգանային միավոր հանելու հնարավորություն,

2) Օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթին վերաբերող կարգավորումների տերմինաբանությանը, ինչպես նաև նախատեսել, որ վարչական ամրմինը մեկ ամսյա ժամկետում վարչական ակտ կայացնելու իրավունք է ձեռք բերում ոչ թե նախաքննության և դատական մարմինների քրեական վարույթի համապատասխան գործողությունների իրականացման, այլ դրանց մասին տեղեկանալու պահից,

3) Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով որպես զանցավոր արարք դիտարկել ոչ միայն առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու, այլ նաև այդ սարքավորումները տեղադրված վիճակում օգտագործելու կամ այդ սարքավորումները տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար,

4) Օրենսգիրքի 123.5-րդ հոդվածի 3‑րդ մասի դիսպոզիցիայում «Ժամանակավոր համարանիշի» բառերը փոխարինել  ««Ժամանակավոր» տեսակի հաշվառման համարանիշի» բառերով,

5) Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4‑րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ այն ձևակերպմամբ, որ ի թիվս առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելուն, համարժեք պատասխանատվություն լինի նաև այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, 

6) Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17‑րդ հոդվածի մասի սակցիաում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտման համար, որը որպես վարչական տույժ առաջ են բերում վարելու իրավունքից զրկում, իսկ առաջարկվող լուծման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն,

7) Օրենսգրքի Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 13.1-ին մասերի դիսպոզիցիաներում համապատասխանաբար առանց «հաշվառման» բառի գրառված «համարնիշ» բառերից առաջ լրացնել «հաշվառման» բառը,

8) Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ, 123.5-րդ հոդվածի 4-րդ, 124-րդ հոդվածի 31‑րդ և 124.4-րդ հոդվածի 5-րդ մասերի սանկցիաներում լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը,

9) Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով՝ վերացնելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի տրանսպորտային միջոցը պարբերաբար վարելու համար պատասխանատվության բացակայության իրավական բացը,

10) Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել այն խմբագրությամբ, որով արգելված կլինի ի թիվս առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի նաև տրանսպորտային միջոց վարել առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների,

11) Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա ապահովել հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարում, ըստ էության՝  ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների կողմից ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ՀՀ-ում տրանսպորտային միջոցը վարել ոչ ՀՀ կողմից տրված վարորդական վկայականով,

12) Օրենսգրքի 128-րդ հոդվածի 8‑րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ այն ձևակերպմամբ, որի արդյունքում հնարավոր կլինի անձին համարել առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարող անձ, եթե իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձն էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն չունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը,

13) Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասում որպես տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող խախտումները պարբերաբար կատարելու դեպքերի շարքում ավելացնել նաև 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը, քանի որ այդ արարքի համար ևս հոդվածի սանկցիայով նախատեսվում է տուգանային միավորի հանում,

14) Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական անսարքություններ» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմաններ» բառերով,

15) Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասում «համաձայնեցման» բառից հետո լրացնել «կամ թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ» բառերով։

16) այն դեպքերում, երբ Օրենսգրքի 1246-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել առանց իրավախախտում կատարած անձի ներկայության՝ վերջինիս հնարավորություն տալով իրացնելու՝ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իր իրավունքները (այդ թվում՝ մինչև գործի քննությունը սկսելը, արձանագրությունում նշելու իր դիտողությունները, բացատրությունները, ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության վերաբերյալ, ստորագրելու արձանագրությունը, ինչպես նաև շարադրելու արձանագրությունը ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները)։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է խուսափել ՀՀ իրավական անվտանգության խաթարումից և ապահովել իրավական որոշակիությունը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    11.04.2024 - 26.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Конституционное и административное законодательство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2195

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետից հանել << կամ վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների>> բառակապակցությունը։ ՀՀ Վարորդական վկայականում փաստաթղթեր և պարագաներ չեն նշվում։ Եվ առհասարակ՝ ի՞նչ պարագաների մասին է խոսքը։ Չարաշահումների հերթական առիթ եք ստեղծում

Узнать больше