Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--               2024 թվականի  N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

              -- -ի N           -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2011թվականի

 ապրիլի 28-ի N 700-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

  I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) և օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ընդունելության կարգը և պայմանները։
  2. Սույն կարգի նպատակներն են`

1) Ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը մատչելի դարձնելը.

2) ելնելով ժողովուրդների միջև հարգանքի և փոխըմբռնման ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից` երիտասարդության շրջանում հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության առաջացման նպատակով համապատասխան պայմանների ստեղծումը, հայագիտության զարգացմանը նպաստելը:

  1. Սույն կարգով ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով:

 

 II.ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Օտարերկրացիները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրերով` ուսուցման առկա, հեռակա և հեռավար (դիստանցիոն) ձևերով, հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան (բացի ռազմական ու ոստիկանական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունից):
  2. Օտարերկրացիները կարող են դիմել ուսումնական հաստատություններ նաև ընդհանուր հիմունքներով` դիմորդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև հաշվառելուց, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցելուց հետո:
  3. Դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը կատարվում են Նախարարության կողմից:
  4. Սույն կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով որակավորման աստիճան ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթություն կամ Հայաստանի Հանրապետության առնվազն միջնակարգ կրթության մակարդակին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ, վկայական):
  5. Սույն կարգով մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
  6. Սույն կարգով հետազոտողի կրթական ծրագրով ասպիրանտուրայում ուսանելու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ):
  7. Բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով կրթություն ստանալու համար օտարերկրացի դիմորդների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության և գիտելիքների ստուգման (այդ թվում` նաև հետագա ուսուցման լեզվի իմացության) հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին և ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության ընդունելության համար նախատեսված քննական առարկաներին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցումն անցնեն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում`

1) գիտելիքների ստուգումների արդյունքների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել առաջին կուրս:

2) գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` ուսումնական հաստատության  կողմից սահմանված գիտելիքների ստուգման կարգով և Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթական ծրագրով: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են Նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով):

  1. Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան՝ դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում:
  2. Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև դիմորդի կողմից ներկայացված գիտական ռեֆերատի վերաբերյալ տվյալ ուսումնական հաստատությունների դրական կարծիքի հիման վրա:
  3. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի օգոստոսի 15-ի N 671-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
  4. Օտարերկրացիները ուսումնական հաստատություններում կարող են սովորել`

1) պայմանագրային հիմունքներով (վճարովի).

2) Միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտարերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի սահմաններում.

4) Ուսումնական հաստատությունում դիմորդին հրամանագրելիս կարող է դիտարկվել ուսման վարձի զեղչի կիրառումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում:

  1. Սույն կարգով դիմորդների ընդունելությունն իրականացվում է տվյալ մասնագիտության գծով` լիցենզիայի ներդիրով սահմանված ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի շրջանակում: Սահմանափակ տեղերի պարագայում ընտրությունը կատարվում է բուհի կողմից կազմակերպվող դիմորդների ատեստավորման արդյունքներով:
  2. Սույն կարգով ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով՝ Նախարարության կողմից փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև հաշվառման մասին Նախարարության գրությունը ստանալուց հետո:
  3. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխման ժամանակ նախապատվությունը տրվում է սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններին: Սփյուռքահայերին պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է Նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:
  4. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը տրամադրվում են տվյալ կրթական ծրագրի համար որպես նպատակային` միայն տվյալ ուսումնական հաստատությունում և տվյալ մասնագիտության գծով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:
  5. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

 

III.ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Նախապատրաստական դասընթացների առարկայական ծրագրերը, գնահատման համակարգը մշակվում ու հաստատվում են ուսումնական հաստատությունների կողմից` համաձայնեցնելով Նախարարության հետ, և ներկայացվում են Նախարարություն:
  2. Նախապատրաստական դասընթացում ուսանող օտարերկրացիները համարվում են տվյալ ուսումնական հաստատության ուսանողներ: Նախապատրաստական դասընթացներն իրականացվում են միայն առկա ուսուցման ձևով, և դրանց տևողությունը պետք է կազմի առնվազն 6 ամիս:
  3. Նախապատրաստական դասընթացից հեռացված կամ ազատված ուսանողները նախապատրաստական դասընթացում չեն վերականգնվում: Նախապատրաստական դասընթացից տեղափոխություն այլ բուհի նախապատրաստական դասընթաց չի թույլատրվում:
  4. Նախապատրաստական դասընթացում ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք ներառում են տվյալ մասնագիտության ընդունելության քննություններով նախատեսված առարկաները: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունների վերահանձնում չի թույլատրվում` բացառությամբ հիվանդության պատճառով քննությանը չներկայանալու դեպքերի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:
  5. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է տվյալ ուսումնական հաստատության համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական)` համապատասխան ներդիրով:
  6. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները հրամանագրվում են առաջին կուրս: Նախապատրաստական դասընթացն ավարտելիս «անբավարար» գնահատականներ ստացած ուսանողներին տրվում է համապատասխան տեղեկանք:
  7. Մեկ ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացի վկայականը կարող է հիմք հանդիսանալ մեկ այլ ուսումնական հաստատությունում ուսումն առաջին կուրսում շարունակելու համար` ընդունելության համար սահմանված և նախապատրաստական դասընթացում ուսանած առարկաների համապատասխանության դեպքում և վերջինիս ղեկավարի համաձայնությամբ:

 

IV.ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են Նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
  2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունները Նախարարություն են ներկայացնում ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների մասին տեղեկատվություն։
  3. Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը դիմում է Նախարարություն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջնորդություն ներկայացնելու համար, իսկ ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու նպատակով՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչություն միջնորդություն ներկայացնելու համար:

 

V.ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգին համապատասխան ուսումնական հաստատություններ ընդունվող դիմորդները օտարերկրյա դիմորդների ընդունելության dev-fs.emis.am համակարգում (այսուհետ՝ Համակարգ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում լրացնում են Համակարգում դիմում-հայտը և ներբեռնում են հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով.

1) լուսանկար

2) անձնագրի բոլոր էջերը

3) սփյուռքահայերի համար՝ ծննդյան վկայական կամ մկրտության վկայական

4) կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթ /կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենի թարգմանություն/

5) առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից:

6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով

7) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

  1. Սույն կարգի 30-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են թարգմանված (հայերեն կամ անգլերեն լեզուներով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
  2. Փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում

1) գրանցվել օտարերկրյա դիմորդների ընդունելության dev-fs.emis.am համակարգում՝ լրացնելով անձնական տվյալները, ընտրել ուսումնական հաստատությունը և մասնագիտությունը.

2) լրացնել հայտը և ներկայացնել ընտրած ուսումնական հաստատությանը՝ կցելով պահանջվող փաստաթղթերի PDF տարբերակները

  1. Սույն Կարգի 32-րդ կետի 1)-ին ենթակետի մասով դիմորդները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
  2. Ուսումնական հաստատությունը ապահովում է առկա մասնագիտությունների, կրթական աստիճանների, ուսուցման եղանակների և լեզուների, ուսման վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը dev-fs.emis.am համակարգում:
  3. Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է Նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին:
  4. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե սույն կարգի 30-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել:
  5. Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:
  6. Ուսումնական հաստատությունը ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու միջնորդության նպատակով Նախարարություն է դիմում օտարերկրյա քաղաքացիների հրամանագրումից հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ ուսումնական հաստատությունից ազատվելու կամ հեռացվելու դեպքում ժամանակավոր կացության կարգավիճակից զրկելու նպատակով՝ 5-օրյա ժամկետում:
  7. Ուսումնական հաստատությունում պահվող յուրաքանչյուր օտարերկրացու և սույն կարգով ընդունված ուսանողի անձնական գործում պետք է լինեն նաև հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնառության տարիների ընթացքում քաղաքացիության փոփոխության կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ նոր անձնագրի պատճենը.

2) ուսումնառության տարիների ընթացքում օտարերկրացիներին վերաբերող փաստաթղթերի (որոշումներ, հրամաններ և այլն) պատճենները:

 

VI.ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

40.Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամները (այսուհետ` դիվանագետների ընտանիքների անդամներ) ուսումնական հաստատություններ` բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով, կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար սահմանված ժամկետներում և ծրագրով, դիվանագետների ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք դիվանագիտական ծառայության վերաբերյալ:

41.Բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով որակավորման աստիճան ստանալու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել դիվանագետների ընտանիքների այն անդամները, ովքեր օտարերկրյա պետությունում ավարտել ու ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ):

42.Բակալավրի ու անընդհատ և ինտեգրված որակավորման աստիճան ստանալու համար ուսումնական հաստատություն ընդունվող՝ դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդները օտարերկրյա դիմորդների ընդունելության dev-fs.emis.am համակարգում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում ներբեռնում են հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով.

1) լուսանկար

2) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերը

3) ավարտական փաստաթղթի (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ) բնօրինակը թարգմանված (հայերեն կամ անգլերեն լեզուներով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

4) Առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

5) արական սեռի դիմորդները` փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին:

43.Բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով կրթություն ստանալու համար` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հաշվառումը իրականացվում է Նախարարության կողմից:

44.Գիտելիքների ստուգումն անցկացնում է տվյալ ուսումնական հաստատությունը` իր կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են Նախարարության համաձայնությանը` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետի սկիզբը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

45.Գիտելիքների ստուգման արդյունքում դիմորդներն ընդունվում են առաջին կուրս` Նախարարության գրությունների հիման վրա` ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:

46.Դիվանագետների ընտանիքների անդամների ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (վճարովի)»։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    05.04.2024 - 20.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1653

Принт