Добавить в избранное

В стадии разработки

«Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի և հարակից օրենքներ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.

Ընդհանուր դրույթներ ..............................................................................

 

 3-12 էջ

2.

Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը ..................

12-13 էջ

 

3.

Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական գույքի լիազոր մարմնի իրավասությունները....................................................................

 

 

13-20 էջ

4.

Պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները և սկզբունքները............................................................................................

 

21-23 էջ

 

5.

Պետական գույքի հաշվառումը.................................................................

23-26 էջ

 

6.

Պետական գույքի մշտադիտարկումը (մոնիթորինգ)...............................

26-27 էջ

 

7.

Պետական գույքի գնահատումը...............................................................

    28 էջ

 

8.

Պետական գույքի գույքագրումը...............................................................

 28-30 էջ

 

9.

Պետական անշարժ գույքի գրանցման աշխատանքների կազմակերպումը.......................................................................................

 

30 էջ

 

10.

Պետական գույքի կառավարման ծրագիրը..............................................

31-34 էջ

 

11.

Պետական գույքի օտարումը....................................................................

34-40 էջ

 

12.

Պետական գույքի վաճառքը.....................................................................

40-45 էջ

 

13.

Պետական գույքի նվիրատվությունը........................................................

46 էջ

 

14.

Պետական գույքի նվիրաբերությունը......................................................

46-48 էջ

 

15.

Պետական գույքի փոխանակությունը.....................................................

48-49 էջ

 

16.

Պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը և ներդրումը.......................................................................

 

49 էջ

 

17.

Պետական գույքի օգտագործումը...........................................................

50-51 էջ

 

18.

Պետական գույքի վարձակալությունը.....................................................

51-54էջ

 

19.

Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրումը...............

54-56 էջ

 

20.

Պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցումը...................

56-57 էջ

 

21.

Պետական գույքի ամրացումը և հետ վերցնումը ...................................

57-59 էջ

 

22.

Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերումը...............................

 

 

59-60 էջ

23.

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի կառավարումը................................................................................

 

 

60-63 էջ

24.

Պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը .....................

63-65 էջ

25.

Պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը

 

65-66 էջ

26.

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը...........................................................................................

 

66-74 էջ

27.

Պետական գույքի պահպանումը և օգտագործման պայմանների բարելավումը.............................................................................................

 

74-76 էջ

28.

Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունը..................................................................................

 

76 էջ

 

29.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.............................................

 

 76-77 էջ

 


 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

  1. Սույն օրենքով կարգավորվում են պետական գույքի նպատակային և ծրագրային կառավարման, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման կազմակերպման, մշտադիտարկման, պետական գույքի շրջանառության և այդ ընթացքում ծագած պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգման, ինչպես նաև պետական գույքի պահպանվածության ապահովման ու պետական գույքի կառավարման ընդհանուր գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն օրենքով չեն կանոնակարգվում`

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ՝ շենքերով և շինություններով զբաղեցրած և դրանց սպասարկման համար հատկացված   հողամասերի, այդ թվում կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, պետական մարմիններին ամրացված և օտարման առաջարկվող պետական հողամասերի), ընդերքի, անտառային, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների (բացառությամբ՝ օտարման ենթակա հուշարձանների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրված գույքի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված կամ ստեղծված գույքի և նրա մասնակցությամբ ստեղծված կազմակերպությունների գործունեության կառավարման հետ կապված հարաբերությունները.

2) քաղաքացիական պաշտպանության, սահմանային, պաշտպանական,  ինչպես նաև ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանման բնագավառների պետական կառավարման լիազորված մարմիններին ամրացված՝ իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված գույքի կառավարման հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված 2. Պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

  1. Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, սույն օրենքը և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերը:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
  3. Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող լիազորությունները պետական գույքի կառավարման լիազոր մարմնի և այլ պետական մարմինների միջև բաշխվում են սույն օրենքին և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Հոդված 3. Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը

  1. Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը ներառում է՝

1) պետական գույքային հարաբերությունների կարգավորման բարեփոխման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը.

2) պետական գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառի հիմնախնդիրների լուծումը, պետական գույքային հարաբերությունների կարգավորման բարեփոխման ծրագրերի իրականացումը.

3) պետական գույքային հարաբերությունները կարգավորող օրենքի և այլ իրավական ակտերի ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) պետական գույքի հաշվառման բնագավառում միասնական սկզբունքների սահմանումը և պետական գույքի հաշվառման գրանցամատյանում ամբողջ պետական գույքի ընդգրկումը, ինչպես նաև այդ բնագավառում արդիական տեխնոլոգիաների կիրառումը և հաշվառման տվյալների ճշգրտության բարձր մակարդակ ապահովելու նպատակով ընտրանքային ուսումնասիրությունների իրականացումը.

5) պետական անշարժ գույքի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մշտադիտարկման իրականացումը, սահմանված կարգերին  համապատասխան պետական գույքի արդյունավետ օգտագործման և պահպանման ապահովումը.

6) պետական գույքի, այդ թվում նաև պետությանը սեփականության իրավունքով  պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) իրական արժեքն որոշելու նպատակով պարբերաբար շուկայական գնահատման իրականացումը.

7) պետության գույքային շրջանառության բարեփոխման բնագավառում քաղաքականության մշակումը և իրականացումը.

8) պետական գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքի փոխանցման հետ կապված գործարքների նախապատրաստումը և իրականացումը.

9) պետական մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, այդ թվում նաև մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի ամրացման գործընթացների կազմակերպումը և իրականացումը.

 10) պետության գույքային շրջանառության ընթացքում ծագած պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

11) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման բնագավառում բարեփոխումների մշակումը և իրականացումը.

12) պետական գույքի կառավարման լիազոր մարմնի և պետական գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման այլ մարմինների գործունեության համակարգումը։

 

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական գույք` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող  անշարժ և շարժական գույք, այդ թվում Հայաստանի Հանրապետության սեփականություն իրավունքով պատկանող շենքեր և շինություններ ու դրանց  սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասեր, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասեր, պետական մարմիններին ամրացված և օտարման առաջարկվող պետական սեփականություն համարվող հողամասեր, առևտրային կազմակերպություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը), սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտներ և դրանց նկատմամբ պետությանը պատկանող գույքային իրավունքներ, նվիրաբերության և նվիրատվության միջոցով օրենսդրությամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գույք, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույք (բացառությամբ շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող գույքի).

 2) պետական գույքի կառավարում՝ պետական գույքային հարաբերությունների կարնոնակարգող իրավական ակտերի հիման վրա պետական գույքի գույքագրման, հաշվառման, գնահատման, պետական սեփականության իրավունքի գրանցման կազմակերպման, մշտադիտարկման, պետական գույքի շրջանառության և այդ ընթացքում ծագած պարտավորություննեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակրպությունների գործունեության համակարգման, ինչպես նաև պետական գույքի պահպանվածության ապահովման կազմակերպված գործընթաց.

3) պետական գույքի կառավարման լիազոր պետական մարմին՝ պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություն ունեցող և պետական գույքի կառավարումն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

4) պետական գույքային հարաբերություն՝ պետական գույքի գույքագրման,  հաշվառման, գնահատման, մշտադիտարկման, պետության գույքային իրավունքների գրանցման կազմակերպման,  պետական գույքի շրջանառության և այդ ընթացքում ծագած պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև պետական գույքի պահպանվածության ապահովման գործընթացի հետ կապված հարաբերություններ.

5) պետական գույքային շրջանառություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, սույն օրենքի համաձայն պայմանագրերի կնքման միջոցով պետական գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքի փոխանցումն է պետական գույքի օտարման և օգտագործման սուբյեկտներին, այդ թվում պետական գույքի օգտագործմամբ ծառայությունների մատուցումն է, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացումն է ու հետ վերցնումը, պետական գույքի ամրացման կամ հետ վերցնելու մասին իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ պետական սեփականություն համարվող գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման գործընթացների իրականացումն է.

6) պետական գույքի օտարման սուբյեկտներ` իրավաբանական և ֆիզիկական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա), համայնքներ, հիմնադրամներ, հասարակական և կրոնական կազմակերպություններ.

7) պետական գույքի օգտագործման սուբյեկտներ` իրավաբանական և ֆիզիկական անձինք, օտարերկրյա անձինք, համայնքներ, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնադրամներ, հասարակական, միջազգային և այլ կազմակերպություններ.

8)  պետական գույքի օտարում` պետական գույքի, այդ թվում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է օտարման սուբյեկտներին.

9) հատուկ նշանակության պետական գույք` պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանությունն ապահովող, ինչպես նաև հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների պետական գույք.

10) պետական գույքի օգտագործման տրամադրում՝ պայմանագրի կնքման միջոցով պետական գույքի վարձակալությամբ, ինչպես նաև կանոնադրական գործառույթների իրականացման կամ որոշակի պայմանների կատարման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում.

11) օտարման ոչ ենթակա պետական գույք՝ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված օտարման ոչ ենթակա ոլորտների գույք և հատուկ նշանակության պետական գույք.

 12) պետական գույքի ամրացում՝  պետական կառավարման մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման համար իրավական ակտ(եր)ի համաձայն պետական գույքի ամրացումն է պետական կառավարման մարմնիններին, որը արտացոլվում է համապատասխան մարմնի հաշվեկշռում՝ ընդունման-հանձնման ակտի հիման վրա.

 13) պետական գույքի ամրացման մասին իրավական ակտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, իսկ մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շարժական գույքի դեպում՝ նաև պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրաման.

14) պետական գույքի հաշվառման գրանցամատյան` տեղեկատվական դինամիկ գործող համակարգ, որը ներառում է պետական գույքի անվանացանկը և գերատեսչական պատկանելությունը, գտնվելու վայրը, բնութագրիչ գծերի նկարագիրը, օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը և օգտագործման իրավունքի տեսակը.

15) պետական գույքի կառավարման ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող պետական գույքի առանձին ոլորտների հնգամյա կտրվածքով իրականացվող միջոցառումների, գործարքների, արտադրական ցուցանիշների կատարումն, ինչպես նաև զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող պետական գույքի հնգամյա զարգացման հեռանկարային ծրագիր.

16) պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչ`  համապատասխան որակավորում և փորձ ունեցող, մրցութային եղանակով ընտրված, ինչպես նաև աշխատանքային պայմանագիր կնքած անձ, որը պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում իրականացնում է պետությանը որպես սեփկանատիրոջ (բաժնետիրոջը) վերապահված իրավասություններ և գործում է ի շահ պետության (բաժնետիրոջ).

17) պետական գույքի պահպանում և օգտագործման պայմանների բարելավում` պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև բարձր արժեք ունեցող և բազմակի անգամ օգտագործվող շարժական գույքի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման ապահովմանն ուղղված վերականգնողական (հիմնանորոգման) աշխատանքների իրականացում.

18) պետական գույքի սպասարկում` պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների ու դրանցից առանձնացված տարածքների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման  իրականացում, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում նաև նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ և այլ  պայմանների ապահովում ու աղբահանության իրականացում, ինչպես նաև պահակային ծառայության մատուցում նախապես սահմանված որոշակի վճարի դիմաց.

19) պետական կարիքների բավարարման համար պահանջվող գույք՝ գույք, որն անհրաժեշտ է պետության հանրային գործառույթների իրականացման համար և կոչված է ապահովելու հասարակության հանդեպ պետության սոցիալ-մշակութային պարտավորությունների կատարումը։

20) թանկարժեք մետաղներ՝ պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի:

21) պետական մարմիններ՝ սույն օրենքի իմաստով պետական մարմիններ համարվում են պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը,  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության  սահմանադրական դատարանի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենքտի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կոռուպցիային կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակազմը.

22) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ՝ կազմակերպություններ, որոնցում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսի) չափը կազմում է 50 տոկոս և ավելի.

23) պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններ՝ կազմակերպություններ, որոնցում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսի) չափը կազմում է մինչև 50 տոկոս.

24) պետական գույքային գործարքներ՝ պետական գույքի օտարման, օգտագործման տրամադրման և պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան պետական գույքի օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման գործարքների և դրանց հետ կապված աշխատանքների իրականացում՝ պայմանագրերի կնքման միջոցով.

25) պետական գույքի գնահատում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում գնահատման ենթակա գույքի շուկայական արժեքի մեծության որոշմանն ուղղված գործողություների ամբողջություն՝ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն.

26) պետական գույքի վաճառքի գին՝ պետական գույքի վաճառքը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքի հիման վրա գույքի ազատ շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության արդյունքում ձևավորված գին.

27) հաշվառման ենթակա պետական գույք՝ հաշվառման ենթակա գույք են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը, միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, մարզպետի աշխատակազմին, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը.

28) օտարերկրյա անձինք՝ օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք և իրավաբանական անձինք ու միջազգային կազմակերպություններ.

29) պետական գույքի օգտագործման տրամադրման միջոցով ծառայությունների մատուցում՝ պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների տանիքներում արևային/ֆոտովոլտային կայանների, բջջային կապի սարքավորումներ տեղադրելու, թույլտվություն տալու և առանձին տարածքների չօգտագործվող ժամանակահատվածում ժամավճարով օգտագործման տրամադրելու միջոցով որոշակի վճարի դիմաց ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում.

30) պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաներ՝ պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող տրանսպորտային միջոցներ։

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Հոդված 5. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքով սահմանվում է կարգավորման ենթակա պետական գույքի շրջանակը, ներառյալ՝

1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերը, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված հողամասերը, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական կառավարման մարմիններին օտարման կամ կառավարման նպատակով ամրացված հողամասերը.

2) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը).

3) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մտավոր սեփականության օբյեկտները և դրանց նկատմամբ իրավունքները.

4) Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքային իրավունքները.

5) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույք (բացառությամբ՝ շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող գույք, ինչպես նաև նվիրաբերության և նվիրատվության միջոցով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված անշարժ գույք).

6) պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի:

  1. Սույն օրենքի առարկան համարվում է նաև պետական գույքային հարաբերությունների կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ պետական գույքի կառավարման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, մասնավորապես, պետական գույքի հաշվառման, գնահատման, մշտադիտարկման, պետական գույքի շրջանառության կազմակերպման, այդ ընթացքում կնքված գործարքներով ստանձնված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգման և պետական գույքի պահպանման գործընթացներում հարաբերությունների կարգավորումը։

Հոդված 6. Սույն օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքի գործողության ոլորտը ներառում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական գույքի հաշվառման, գույքագրման, մշտադիտարկման, գնահատման, օտարման (բացառությամբ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածում նշված օտարման ոչ ենթակա գույքի), օգտագործման տրամադրման, պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, պետական գույքի պահպանվածության ապահովման գործընթացների իրականացումը։

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

  1. Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է պետական գույքային շրջանառության, պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և առանձին տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցման, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ.

2) հաստատում է պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը.

3) հաստատում է պետական գույքի կառավարման հնգամյա ծրագիրը.

4) հաստատում է պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը.

5) սահմանում է պետական գույքի վաճառքի կարգը.

6) հաստատում է պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը.

7) սահմանում է պետական գույքի նվիրատվության կարգը.

8) սահմանում է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և  պայմանները.

9) սահմանում է պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և նշանակման կարգը.

10) սահմանում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության և ատեստավորման կարգը.

11) սահմանում է պետական գույքի գրավադրման պայմանները.

12) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.

13) հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.

14) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.

15) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման կարգը և ժամկետները.

16) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում արևային կայանների, կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը.

17) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.

18) հաստատում է պետական գույքի փոխանակության կարգը.

19) հաստատում է պետական բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող առևտրային  կազմակերպությունների կառավարման կարգը.

20) հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետի աշխատակազմին, ՀՀ ազգային ժողովին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը (այդ թվում՝ լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող) հետ վերցնելու և այլ պետական կառավարման մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը.

21) հաստատում է պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման կարգը.

22) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը.

23) հաստատում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները.

24) հաստատում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի, ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը.

25) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը ամրացվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները.

26) իրականացնում է նաև օրենքներով նախատեսված այլ լիազորություններ։

 

Հոդված 8. Պետական գույքի կառավարման ոլորտում պետական գույքի կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

  1. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինն՝

1) իրականացնում է իրեն ամրացված պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը.

2) համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, համապատասխան նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ.

4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը.

5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ.

6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումային ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.

7) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման հնգամյա ծրագիրը, ինչպես նաև դրա կատարման արդյունքների մասին կազմված տարեկան հաշվետվություն, ամփոփում է պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերջնական արդյունքները.

8) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծեր.

9) կազմակերպում է օտարման ենթակա պետական գույքի շուկայական գնահատման աշխատանքների իրականացումը.

10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և համապատասխան նախարարության միջոցով դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

11) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման ծրագրում ընդգրկված առևտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները.

12) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն.

13) իրականացնում է լիազոր մարմնի կառավարմանը հանձնված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը.

14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդնումը և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում պետական գույքի համակարգված հաշվառում.

15) պետական գույքի վաճառքի գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ.

16) ապահովում է պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որի իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին.

17) մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրելու գործընթացը.

18) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում համապատասխան նախարարին, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը.

19) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման կարգը և ժամկետները հաստատելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում համապատասխան նախարարին, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելուց հետո սահմանված ժամկետներում իրականացնում է Կորպորատիվ կառավարման գործընթացը.

20) իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, ամփոփում է վերլուծության արդյունքները, որոշում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կատարում է գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքի գնահատում, որի արդյունքների հիման վրա՝ խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ.

21) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով որոշում է կայացնում պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ու կազմակերպություններին ամրացնելու կամ տրամադրելու մասին.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին հրամաններ.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովումը կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը.

27) մշակում է պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության մասին իրավական ակտերի նախագծեր և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նվիրատվության և նվիրաբերության գործընթացը.

28) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր.

29) իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ընդունումը, հաշվառումը, պահպանումը, օտարումը.

30) մշակում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները։

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 9. Պետական գույքի կառավարման նպատակները

  1. Պետական գույքի կառավարման նպատակներն են՝

1) պետական գույքի միասնական կառավարման արդյունավետ գործող համակարգի ստեղծում.

2) պետական գույքի օգտագործման արդյունավետության շարունակական բարձրացում.

3) պետական գույքի արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի ավելացում.

4) պետության կարիքների պատշաճ մակարդակով բավարարման համար անհրաժեշտ պետական գույքի կազմի սահմանում և պետական մարմինների բնականոն գործունեության իրականացման և պետության սոցիալ-մշակութային պարտավորությունների կատարման համար բավարար գույքային նախադրյալների ստեղծում.

5) պետական գույքի պարբերաբար գույքագրման, հաշվառման և օգտագործման վիճակի մշտադիտարկման ու օգտագործման արդյունավետության գնահատման միջոցով՝ տնօրինման և օգտագործման առավել արդյունավետ ուղիների բացահայտում, պետական գույքի օպտիմալ ծավալի և կազմի սահմանում, ինչպես նաև օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգի մշակում և ներդնում.

6) վաճառքի ենթակա բարձր արժեք և իրացվելի պետական գույքի ներգրավման ու կառավարման նոր գործիքակազմի կիրառման շնորհիվ, տնտեսության նախընտրելի ոլորտներում, խոշոր ներդրումային ծրագրի իրականացման ապահովում և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծում.

7) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետ կառավարման համակարգի ներդրման շնորհիվ կազմակերպությունների շահույթի ծավալի շարունակական ավելացում և շահութաբերության մակարդակի բարձրացում։

 

Հոդված 10. Պետական գույքի կառավարման խնդիրները

  1. Պետական գույքի կառավարման խնդիրներն են՝

1) պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտի  պարզեցում, վարչարարության կրճատում, գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում.

2) պետական գույքի գրավչության բարձրացում, վաճառքի իրականացման ու օգտագործման տրամադրման առավել արդյունավետ գործիքակազմի կիրառում, ներդրումների ներգրավման խթանում.

3) չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքի բացահայտում և տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացում.

4) պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և նախընտրելի կառուցվածքի սահմանում.

5) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության գնահատման գործուն համակարգի ներդրման հիման վրա աշխատանքի խրախուսում և պատասխանատվության նոր գործիքակազմի կիրառում։

 

Հոդված 11. Պետական գույքի կառավարման սկզբունքները

  1. Պետական գույքի կառավարման սկզբունքներն են՝

1) որոշակիության սկզբունք, որը նախատեսում է կառավարման յուրաքանչյուր միավոր(ներ)ի նկատմամբ կառավարման նպատակի սահմանում, այդ նպատակին հասնելու քայլերի ծրագրավորում, կառավարման մասին որոշումների ընդունման հիմնավորվածության ապահովում, պարտավորությունների սահմանում, ինչպես նաև հաշվետվողականության և հսկողության համակարգի ներդնում.

2) թափանցիկության և անընդհատության սկզբունք, որը նախատեսում է պետական գույքային շրջանառության վերաբերյալ թափանցիկության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվության հրապարակայնության ապահովում.

3) շահերի հավասարակշռության ապահովման սկզբունք, որը նախատեսում է մի կողմից գույքի օտարման կամ օգտագործման դեպքում պետական և համայնքային  բյուջեների մուտքերի ավելացման և գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացում, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրների լուծման և ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից հիմնավորված որոշումների ընդունում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանում.

  1. ծրագրային մոտեցման սկզբունք, որը նախատեսում է կառավարման նպատակներին հասնելու և խնդիրների լուծման համար պետական գույքի երկարաժամկետ՝ հնգամյա ծրագրի կազմում և այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի և ռեսուրսների վերջնական արդյունքների սահմանում։

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 12. Պետական գույքի հաշվառման նպատակները

1.Պետական գույքի հաշվառման նպատակներն են`

  • պետական գույքի արդյունավետ կառավարման համար հաշվառման ենթակա պետական գույքի յուրաքանչյուր միավորի բնութագրիչների վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկությունների հավաքագրում և հաշվառման դինամիկ համակարգի բազայի ստեղծում.
  • պետական գույքի արդյունավետությունը գնահատելու համար պետական գույքի յուրաքանչյուր միավորի օգտագործման վիճակի և ձևերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում.
  • պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրում և հանրությանը հաշվառման տվյալների հասանելիության ապահովում.
  • պետական գույքի հաշվառման բնագավառում միասնական սկզբունքների սահմանում և հաշվառման բազայում ամբողջ պետական գույքի ընդգրկում։

 

Հոդված 13. Պետական գույքի հաշվառման համակարգը

  1. Պետական գույքի հաշվառման համակարգ է համարվում պետական սեփականություն համարվող անշարժ գույքի գտնվելու վայրի, գերատեսչական պատկանելության, օգտագործման վիճակի և ֆիզիկական բնութագրիչների, արժեքի, նպատակային նշանակության, օգտագործողների և օգտագործման ձևերի, շարժական գույք համարվող տրանսպորտային միջոցների, մեկ մլն դրամը գերազանցող հիմնական միջոցների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, առևտրային կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այդ կազմակերպություններին պատկանող շենք, շինությունների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը և հաշվառման գրանցամատյանում գրանցումը։
  2. Հաշվառման համակարգն ապահովում է հաշվառման ենթակա գույքի և դրա փոփոխությունների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և հաշվառման գրանցամատյանում պարունակող տվյալների համադրելիությունը՝ հաշվառման և վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։
  3. Պետական գույքի հաշվառման համակարգի տեղեկությունները օգտագործվում են անշարժ գույքի մշտադիտարկման և պետական գույքի կառավարման բարեփոխման համար։
  4. Պետական գույքի հաշվառման տվյալների հավաստիության բարձր մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացվում է պետական գույքի գույքագրում, որի արդյունքների հիման վրա կատարվում է հաշվառման ընթացքում թույլ տրված սխալների ուղղում։

 

Հոդված 14. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանը

  1. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանն ավտոմատացված ու ինտեգրացված տեղեկատվական համակարգ է, որը ներառում է հաշվառման ենթակա գույքի մասին միասնական թվայնացված տեղեկատվություն:
  2. Գրանցամատյանը համակցված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման էլեկտրոնային համակարգի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի և տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային համակարգի հետ:
  3. էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանի վարման պատասխանատու օպերատոր հանդես է գալիս պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Հոդված 15. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա գույքը

  1. Պետական հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը, միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, մարզպետի աշխատակազմին, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը։
  2. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։

 

Հոդված 16. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանը վարող մարմինը և վարման կարգը

  1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը.
  2. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հաշվառման գրանցամատյանում հաշվառված պետական գույքի վերլուծություններ և հաշվառման տվյալների ճշգրտության բարձր մակարդակ ապահովելու նպատակով իրականացնում է հաշվառման տվյալների ընտրանքային ուսումնասիրություններ։
  3. Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական գույքի միասնական գրանցամատյանում գրանցելու, պետական գույքի գրանցամատյանը վարելու և շահագրգիռ անձանց պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու կարգը և այդ տեղեկանքների ձևերը։

Գ Լ ՈՒ  Խ 6

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ)

Հոդված 17. Պետական գույքի մոնիթորինգը

1.Պետական գույքի մոնիթորինգի նպատակներն են՝

1) վերլուծել պետական անշարժ գույքի օգտագործման վիճակը և իրականացնել պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում.

2) բացահայտել պետական գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից թույլ տված շեղումները և գնահատել դրանց հետևանքով պատճառված վնասները,

3) ավելացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը,

4) նպաստել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի ծանրաբեռնվածության նվազմանը.

5) նպաստել պետական մարմիների և դրանց ենթակա կազմակերպությունների կանոնադրական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գույքի ծավալի և նախընտրելի կառուցվածքի սահմանմանը։

  1. Մոնիթորինգի ենթակա գույք են համարվում՝

1) սույն օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ամրացված անշարժ գույքը.

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքը։

 

Հոդված 18. Պետական գույքի մոնիթորինգի ծրագիրը

  1. Պետական գույքի մոնիթորինգի ծրագրի կազմումը և իրականացումը՝

1) պետական գույքի մոնիթորինգն իրականացվում է տարեկան կտրվածքով կազմված ծրագրի համաձայն։ Ընդ որում մոնիթորինգի տարեկան ծրագրում ընդգրկվում է մոնիթորինգի ենթակա պետական գույքի առնվազն 1/3 մասը.

2) մոնիթորինգի ենթակա պետական գույքը պարբերաբար ենթարկվում է մոնիթորինգի երեք տարին մեկ անգամ.

3) մոնիթորինգի տարեկան ծրագիրը հաստատվում է մինչև նախորդ տարվա դեկտեբերի 20-ը՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.

4) մոնիթորինգի տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ պետական գույքի կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն։

 

Հոդված 19. Պետական գույքի մոնիթորինգ իրականացնող մարմինը և իրականացման կարգը

  1. Պետական գույքի մոնիթորինգն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  2. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը պետական գույքի մոնիթորինգի արդյունքում պետական գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
  3. Պետական գույքի մոնիթորինգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը։

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 20. Պետական գույքի գնահատում

  1. Պետական գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն գնահատվում է պետական գույքի իրական արժեքի որոշման, ինչպես նաև պետական գույքի օտարման և օգտագործման տրամադրման դեպքում։
  2. Պետական գույքի օտարումը (բացառությամբ անշարժ գույքի և սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերի) գնահատումն օգտագործման տրամադրման ժամանակ պարտադիր իրականացվում է շուկայական  գնահատմամբ՝ գնահատման օրենսդրությանը համապատասխան պատվիրատուի կողմից ներկայացված պատվերի հիման վրա։
  3. Վաճառքի ենթակա անշարժ գույքի գնահատումը, հրապարակային սակարկությունների միջոցով վաճառքի դեպքում՝ կարող է իրականացվել նաև տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։
  4. Պետական գույքի շուկայական գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գույքի գնահատման օրենսդրությամբ սահմանված կարգով։
  5. Պետական գույքի իրական արժեքն որոշելու համար պարբերաբար վերագնահատումը կատարվում է հինգ տարին մեկ անգամ։
  6. Պետական գույքի իրական արժեքն որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական գույքի գնահատման կարգ։

                                       

                                                       Գ Լ ՈՒ Խ  8

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

Հոդված 21.  Պետական գույքի գույքագրման նպատակը

  1. Պետական գույքի փաստացի առկայության (մնացորդների) մասին գույքագրման ընթացքում ձեռք բերված տվյալների և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված տվյալների համեմատության միջոցով ապահովել հաշվապահական հաշվառման տվյալների արժանահավատությունը։
  2. Բացահայտել պետական գույքի փաստացի վիճակը և պահպանության աստիճանը, աշխատանքներ տանել այդ բնագավառում տեղ գտած թերությունները վերացնելու, ինչպես նաև արդյունքում բարձրացնել պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանի հավաստիության մակարդակը։

 

Հոդված 22. Պետական գույքի գույքագրման կազմակերպումը

  1. Պետական գույքը պարտադիր գույքագրման ենթակա է երեք տարին մեկ անգամ։
  2. Պարտադիր գույքագրման ենթակա են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և հիմնական միջոցներ համարվող շարժական գույքը, բացառությամբ համակարգչային տեխնիկայի, գրասենյակային կահույքի և հեռախոսների, որոնք պարտադիր գույքագրման են ենթարկվում յուրաքանչյուր տարի։
  3. Պետական կառավարման մարմինները գույքագրման արդյունքում հաշվապահական հաշվառման տվյալներում փոփոխությունների իրականացման դեպքում պարտավոր են 15 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել պետական գույքի հաշվառման միասնական գրանցամատյան վարող մարմնին։

 

Հոդված 23. Պետական գույքի գույքագրման արդյունքում պետական գույքի դուրս գրումը

1.Գույքագրման արդյունքում կատարվում է նաև շահագործման ոչ ենթակա պետական գույքի դուրս գրում։ Ընդ որում հաշվեկշռային բարձր արժեք ունեցող (մեկ մլն դրամից ավելի) գույքի դուրս գրումը կատարվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ դրա կազմում պարտադիր ընդգրկելով պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչին։

 

 Հոդված 24. Պետական գույքի գույքագրումը կազմակերպող և համակարգող մարմինը

  1. Պետական գույքի գույքագրումն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության համապատասխան։
  2. Յուրաքանչյուր պետական մարմնին ամրացված պետական գույքի գույքագրումը կազմակերպում և անցկացնում է համապատասխան պետական կառավարման մարմինը։
  3. Յուրաքանչյուր պետական կառավարման մարմնին ամրացված պետական գույքի գույքագրման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն, համակարգում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ 9

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 25. Պետական անշարժ գույքի նկատմամբ  սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպումը

  1. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքն ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  2. Յուրաքանչյուր տարի պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքի գրանցման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար պետական գույքի կառավարման լիազոր մարմնին և պետական այլ մարմիններին իրենց կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են դրամական միջոցներ։
  3. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ և պատասխանատու համարվում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  4. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը պարտավոր է բացահայտել և հստակ ժամկետում ավարտել պետական գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքի գրանցման աշխատանքները։

 

Գ Լ ՈՒ Խ  10

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 26. Պետական գույքի կառավարման ծրագիրը

  1. Պետական գույքի կառավարման ծրագիրը պարբերաբար մշակվում է պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Ծրագիրը մշակվում և հաստատվում է 5 տարվա կտրվածքով։
  2. Պետական գույքի կառավարման հնգամյա ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված միջոցառումների իրականացմանը և խնդիրների լուծմանը։
  3. Պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրի հիմնական նպատակներ են՝

1) ապահովել պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունը.

2) սահմանել պետական գույքի կառավարման ոլորտների գերակայությունը և պետական գույքի կառավարման ոլորտներում իրականացնող միջոցառումները և այդ միջոցառումներն իրականացման մասնակից  պետական կառավարման մարմինները.

3) ավելացնել պետական և համայնքային բյուջենների մուտքերը՝ պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումների ծրագրային իրականացման շնորհիվ.

4) նպաստել ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծմանը և պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացմանը.

5) նպաստել մրցակցային միջավայրի բարելավմանը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբերության մակարդակի բարձրացմանը։

  1. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը պետական գույքի կառավարման հնգամյա ծրագիրը մշակում է ելնելով նաև այլ պետական մարմինների առաջարկություններից և ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գործող հնգամյա ծրագրի վերջին տարվա մինչև սեպտեմբերի 15-ը։
  2. Նոր հնգամյա ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետք է հաստատվի գործող հնգամյա ծրագրի վերջին տարվա մինչև նոյեմբերի 15-ը։
  3. Հնգամյա ծրագրում բավարար հիմնավորվածության դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մայիսի 5-ը։
  4. Հնգամյա ծրագրում նախատեսված միջոցառումների կատարման և նախատեսված ցուցանիշների ապահովման համար պատասխանատու են պետական գույքի կառավարման լիազոր մարմինը և այլ պետական մարմինները։
  5. Պետական գույքի հնգամյա ծրագրով սահմանված հիմնական նպատակներին հասնելու և ծրագրավորված միջոցառումների կատարման արդյունքների մասին, պետական գույքի կառավարման լիազոր մարմինը, հնգամյա ծրագրի յուրաքանչյուր տարվա համար մինչև հաշվետու տարվա հաջարդող տարվա հունիսի 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հնգամյա ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվություն։

 

Հոդված 27. Պետական գույքի կառավարման ծրագրի բովանդակությունը

  1. Պետական գույքի կառավարման ծրագիրը բովանդակում է՝

1) պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

2) պետական գույքի կառավարման առանձին ոլորտների կառավարման գերակայությունները, նպատակները և այդ նպատակներին հասնելու ուղիները.

3) պետական գույքի հաշվառման, մշտադիտարկման բնագավառում իրականացվող միջոցառումները

4) օտարման ենթակա պետական բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող առևտրային կազմակերպությունների անվանացանկը.

5) պետական սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման ժամանակացույցը.

6) օտարման ենթակա 500 մլն և ավելի դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք կամ հաշվռկշռային արժեք ունեցող անշարժ գույքի անվանացանկը.

7) օտարման ենթակա 500 մլն և ավելի դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք կամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի օտարման բնագավառում սպասվելիք արդյունքները՝ մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեներ և իրականացվող ներդրումների սպասվելիք ծավալները.

8) պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ անշարժ գույքի անվանացանկը.

9) պետական գույքի օգտագործման և ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող միջոցառումները և դրանցից սպասվելիք արդյունքները.

10) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքները, այդ թվում նաև երկրի համար ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող խոշոր կազմակերպություններում ծրագրավորվող միջոցառումները և այդ կազմակերպությունների ծրագրային ցուցանիշները.

11) տնտեսության այն ոլորտները, որոնցում օտարում չի նախատեսվում, ինչպես նաև  այն անշարժ գույքը, որը օտարման ենթակա չէ.

12) պետական գույքի գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունքները.

13) ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները և կառավարման ձևերի նկարագրությունը.

14) պետական գույքի կառավարման ծրագրի իրականացման շրջանակներում պետական մարմինների լիազորությունները և պարտավորությունները.

15) այլ իրականացվող միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրի իրականացման համար:

 

Հոդված 28. Պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

  1. Պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը բովանդակում է՝

1) հաշվետու ժամանակաշրջանում ծրագրով նախատեսված նպատակների իրականացման աստիճանը և միջոցառումների կատարման արդյունքները, այդ թվում ամբողջությամբ կատարված, մասամբ կատարված և չկատարված միջոցառումները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարեփոխումների բնագավառում իրականացրած միջոցառումների նկարագրությունը, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման ծրագրի կատարմանը.

3) տեղեկություններ հաշվետու տարում պետական գույքի շրջանառության ոլորտում իրականացված գործարքների վերաբերյալ.

4) քանակային ցուցանիշներ, որոնք վերաբերում են պետական գույքի առանձին ոլորտների և առանձին խոշոր կազմակերպությունների  գործունեության ադյունքներին.

5) տեղեկություններ պետական գույքի օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման միջոցով ձեռք բերված արդյունքների, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային  բյուջեներ մուտք եղած միջոցների մասին.

6) տեղեկություններ գույքային գործարքներով ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման արդյունքների մասին.

7) պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրով նախատեսված պետական գույքի օտարմանը վերաբերող միջոցառումներն ամբողջությամբ չկատարելու դեպքում՝ չկատարված օտարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները։

 

Գ Լ ՈՒ Խ  11

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 29. Օտարման ենթակա պետական գույքը

  1. Օտարման ենթակա պետական գույք է համարվում պետական գույքի կառավարման գործող ծրագրում ընդգրկված պետական գույքը։
  2. Պետական գույքը կարող է օտարվել միայն պետական գույքի կառավարման ծրագրում ընդգրկվելուց հետո, բացառությամբ մինչև 50 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք կամ հաշվեկռային արժեք ունեցող գույքի, որը կարող է օտարվել գործող կառավարման ծրագրում ընդգրկված չլինելու դեպքում։
  3. Պետական գույքի օտարումը սույն օրենքով սահմանված կարգով պետական գույքի վաճառքի, նվիրատվության, նվիրաբերության և ոչ պետական գույքի հետ փոխանակության ճանապարհով (եղանակներով), ինչպես նաև պետական ոչ առևտրային և 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ստեղծման և առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրման միջոցով պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին և օտարերկյա անձանց։

 

Հոդված 30. Օտարման ոչ ենթակա պետական գույքը

  1. Սույն օրենքով սահմանված օտարման կարգը չի տարածվում՝

1) քարտեզագրության, երկրաբանության, հիդրոօդերևութաբանության ոլորտների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող պետական բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող կազմակերպությունների վրա.

2) հատուկ նշանակության պետական գույքի վրա.

3) պետական ռեզերվների և զորահավաքային պաշարների պահեստային տնտեսության օբյեկտների վրա.

4) ստանդարտացման և չափագրության ծառայություններ մատուցող՝ պետական սեփականության բաժնետոմսերը (բաժնեմասերը) ունեցող կազմակերպությունների վրա.

5) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիների (Երևանի մետրոպոլիտենի) և ավտոճանապարհների, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություններին ամրացված պետական գույքի վրա.

6) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումները) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքի վրա.

7) պետական սեփականություն համարվող օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված օտարման ոչ ենթակա պետական գույքի վրա:

  1. Օտարման ենթակա պետական մասնակցությամբ կազմակերպությունների գույքի կազմում առկա տարածքները չեն օտարվում, և դրանք առանձնացվում են օտարման ենթակա կազմակերպության գույքի կազմից, եթե տվյալ տարածքները տեղաբաշխված են՝

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիակական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային օբյեկտներում).

2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի օտարումը չի թույլատրվում, ապա այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալությամբ։
  2. Պետության կարիքների բավարարման համար կոչված գույքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գույքն օտարվում է ժամանակակից պահանջներին բավարարող պետական գույքով փոխարինելու նպատակով։
  3. Պետական սեփականություն հանդիսացող և քաղաքացիներին պաշտոնական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակելի տարածքների վրա։

 

Հոդված 31. Պետական գույքի օտարման պայմանները

  1. Պետական գույքի օտարումը պետք է լինի հիմնավորված, ապահովի որոշակի խնդրի արդյունավետ լուծում և չպետք է խաթարի պետական կառավարման մարմնի և կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
  2. Պետական անշարժ և շարժական գույքը ենթակա է օտարման, եթե այն՝

1) չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և դրա օտարումը կնպաստի գույքի հանրային օգտակարության մակարդակի նշանակալի բարձրացմանը.

2) օգտագործվում է պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան.

3) լիազոր մարմնի կողմից իրականացվող անշարժ գույքի օգտագործման մշտադիտարկման արդյունքներով առաջարկվել է ներկայացնել օտարման.

4) ներկայացվել է օտարման վերադաս կառավարման պետական մարմինների առաջարկությամբ.

5) ներկայացվել է օտարման Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականով։

  1. Օտարման ենթակա է նաև այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետության պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը), որոնց կառավարումն իրականացվում է ոչ արդյունավետ, դրանք տարեց տարի աշխատում են վնասով և ունեն կուտակված վնասի ավելացում, ինչպես նաև ոչ մրցունակ են։
  2. Պետական գույքը կարող է օտարվել, եթե այն պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ։
  3. Ռազմավարական ոլորտներում գործող և անվտանգություն ապահովող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարումը չի հանգեցնում այդ կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցում է դրանց գործունեության հանրային օգտակարությունը։
  4. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի (բացառությամբ չկառուցապատված հողամսերի և սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի) արժեքը պարտադիր որոշվում է գնահատման շուկայական մոտեցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող գույքի գնահատման օրենսդրության համապատասխան։ Չկառուցապատված հողամասերի և սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում պետական գույքի արժեքը կարող է հաշվարկվել շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։
  5. Պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի մաս կազմող տարածքների սույն օրենքի համաձայն օտարման դեպքերում՝ օտարվող տարածքների առանձնացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համաձայն։
  6. Եթե կառուցապատված հողամասի շենք, շինությունների սպասարկման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են անհրաժեշտ սահմանները, ապա ոչ անհրաժեշտ մասը սահմանված կարգով առանձնացնելուց հետո, այն կարող է օտարվել սույն օրենքով սահմանված կարգով։
  7. Պետական գույքը (բացառությամբ՝ մինչև 50 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք կամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի) կարող է օտարվել միայն գործող պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրում ընդգրկվելուց հետո։

 

Հոդված 32. Պետական գույքի օտարման եղանակները (տեսակները)

  1. Պետական գույքի օտարման եղանակներն են՝

1) պետական գույքի վաճառքը՝ սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմաված  ձևերի.

2) պետական գույքի նվիրատվությունը.

3) պետական գույքի նվիրաբերությունը.

4) պետական գույքի փոխանակությունն ոչ պետական գույքի հետ.

5) պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը՝ պետական ոչ առևտրային և 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ստեղծման դեպքում՝ համապատասխանաբար սեփականության իրավունքով գույք փոխանցելու և կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով.

6) ներդրում՝ ներառյալ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում։

  1. Պետական գույքի օտարման եղանակներով իրականացման կարգերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով։

 

Հոդված 33. Պետական գույքի օտարման ժամանակ օգտագործվող վճարման միջոցները

  1. Պետական գույքի վաճառքի եղանակով օտարման դեպքում որպես վճարման միջոց կարող են ծառայել Հայաստանի Հանրապետության արժույթը, ինչպես նաև ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթը։
  2. Պետական գույքի վճարման միջոց կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված նոր բաժնետոմսերի բաց կամ փակ թողարկման ձևով վաճառքի դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի գնին համարժեք կազմակերպությունում անհրաժեշտ ներդրումների կատարման նպատակով շուկայական արժեքով գնահատված գույքը։

 

Հոդված 34. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

  1. Պետական անշարժ գույքի և բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքից ստացված դրամական միջոցները, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքի, օտարման գործարքների հետ կապված ծախսերը, որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գնի 25%-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով փոխհատուցվելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական և համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված համամասնություններով։
  2. Պետական շարժական գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
  3. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում վաճառքից ստացված դրամական միջոցները փոխանցվում են համապատասխան առևտրային կազմակերպության հաշվին։
  4. Կառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում, եթե հողամասը համարվում է համայնքային սեփականություն և համայնքը տվել է իր համաձայնությունը անշարժ գույքն օտարելու համար, ապա հողամասի վաճառքի գինն ամբողջությամբ փոխանցվում է համապատասխան համայնքային բյուջե։
  5. Ոչ պետական գույքի հետ պետական գույքի փոխանակությամբ օտարման դեպքում՝ պետական գույքի արժեքն ոչ պետական գույքի արժեքի գերազանցող մասի չափով գումարը բաշխվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  12

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԸ

 

Հոդված 35. Պետական գույքի վաճառքի ձևերը

  1. Պետական գույքի վաճառքի ձևերն են՝

1) աճուրդային ձևով վաճառք, այդ թվում էլեկտրոնային աճուրդ.

2) մրցութային ձևով վաճառք, այդ թվում մասնակիցների նախավորակավորմամբ.

3) ուղղակի ձևով վաճառք.

4) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխմամբ վաճառք.

5) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.

6) բաժնետոմսերի վաճառք ֆոնդային բորսայի կանոններով։

  1. Պետական գույքի վաճառքի ձևի մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով կարող է կիրառվել ինչպես վաճառքի ձևերից մեկը, այնպես էլ դրանց համակցությունը։
  2. Մինչև 50 մլն դրամ գնահատված շուկայական կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող անշարժ և շարժական գույքի յուրաքանչյուր միավորի և մինչև 30 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ համապատասխանաբար 50 մլն և ավելի դրամ անշարժ և շարժական գույքի ու 30 մլն և ավելի դրամ պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Պետական գույքի վաճառքի ձևերի ընտրությունը կատարվում է ելնելով՝

1) գույքի բնութագրիչ հատկանիշներից.

2) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի առաջնահերթ ավելացման պահանջից.

3) պետական գույքի օգտագործման արդյունավետության և հանրային օգտակարության բարձրացման անհրաժեշտությունից.

4) պետական գույքի բարելավման պահանջից.

5) կազմակերպության գործունեությունը պահպանելու, ներդրումներ ներգրավելու և արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից.

6) կազմակերպության ֆինանսական վիճակից և արժեթղթերի շուկայի զարգացման անհրաժեշտությունից.

7) խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և նպաստավոր ներդրումային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունից։

 

Հոդված 36. Պետական գույքի աճուրդային վաճառքը

  1. Պետական գույքի աճուրդով վաճառքի դեպքում այդ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը փոխանցվում է աճուրդի այն մասնակցին, որը աճուրդի ընթացքում աճուրդի այլ մասնակիցների համեմատությամբ առաջարկել է առավելագույն գին։ Պետական գույքն աճուրդով վաճառքի է ներկայացվում այն դեպքում, երբ պետական գույքի վաճառքի հիմնական նպատակը գույքի առավելագույն գնով վաճառքի շնորհիվ բյուջետային մուտքերի ավելացումն է։ Ընդ որում, աճուրդի մեկ մասնակցի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել։
  2. Աճուրդով պետական գույքի վաճառքի դեպքում վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և պետական գույքի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում են աճուրդի տեսակը՝ դասական կամ հոլանդական, աճուրդի անցկացման ձևը (էլեկտրոնային աճուրդի դեպքում), վաճառվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի անցկացման ժամկետները։ Ընդ որում, բաժնետոմսերի (բաժնեմասերի) աճուրդով վաճառքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են՝ նաև գույքի գնահատման պահի դրությամբ պարտավորությունների մեծությունը, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները։
  3. Պետական գույքի աճուրդով, այդ թվում նաև էլեկտրոնային վաճառքը կազմակերպում է պետական գույքի լիազոր մարմինը՝ պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտերով սահմանված ժամկետներում։
  4. Պետական գույքի աճուրդի միջոցով վաճառքի դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում։
  5. Պետական սեփականություն համարվող շարժական գույքը պարտադիր վաճառվում է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

 

Հոդված 37.  Պետական գույքի մրցույթով վաճառք

  1. Պետական գույքի մրցույթով վաճառքի ձևը ընտրվում է, եթե գնորդը սեփականության իրավունքի ձեռք բերման հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ներդրումային ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ։
  2. Պետական գույքը մրցույթով վաճառվում է մրցույթի այն մասնակցին, որը ներկայացրել է նախօրոք սահմանված մրցութային պայմաններին առավելագույն չափով բավարարող առաջարկ։
  3. Պետական գույքի մրցույթով վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և պետական գույքի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են սահմանվել հետևյալ պայմանները՝

1) գինը.

2) ներդրումների չափը.

3) գույքի առանձնահատկություններից կախված այլ պայմաններ։

  1. Պետական գույքի մրցույթով վաճառքի մասին իրավական ակտերով կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը և իրավասությունները, ինչպես նաև վճարման ժամկետները։ Ընդ որում, վաճառքի մասին իրավական ակտերով կարող է սահմանվել նաև մրցույթի հաղթողին որոշելու կշռային գործակիցները, իսկ իրավական ակտերով մրցութային հանձնաժողով չստեղծելու դեպքում՝ լիազոր մարմնի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը, մրցույթի մասին հայտարարությամբ պարտավոր է սահմանել կշռային գործակիցները։
  2. Մրցույթի արդյունավետ կազմակերպման նպատակով մրցութային հանձնաժողովի առաջարկությամբ լիազոր մարմինը կարող է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել փորձագետներ։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախնական որակավորմամբ։
  4. Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել։

 

Հոդված 38.  Պետական գույքի ուղղակի ձևով վաճառքը

  1. Պետական գույքն ուղղակի ձևով վաճառվում է՝

1) գործարար կամ ներդրումային ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին.

2) տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալները պետական գույքի օտարման դեպքում ունեն գնման նախապատվության իրավունք, եթե ներկայացրել են գործարար կամ ներդրումային ծրագիր.

 3) առևտրային կազմակերպության դեպքում՝ ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջը (սեփականատերերին).

 4) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վաճառված ոչ պետական սեփականություն համարվող գույքը ձեռք բերող գնորդին, եթե պետական գույքը սահմանակից է վաճառված գույքին և անհրաժեշտ է տվյալ գույքի գնորդի նպատակի իրագործման և վաճառքի հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար, կամ պետական գույքը չվաճառելու դեպքում կորցնելու է իր տնտեսական կամ գործառույթային նշանակությունը, որն ուներ մինչև սահմանակից ոչ պետական գույքի վաճառքը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում պետական գույքի ուղղակի վաճառքի մասին որոշում ընդունում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վաճառքի մասին գործառույթների իրականացումը կարող է պատվիրակվել տվյալ համայնքի ղեկավարին։
  2. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտերում պետք է մասնավորապես նշվեն՝ վաճառքի ձևը, գնորդի անվանումը կամ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, վաճառքի ենթակա գույքի գնահատված արժեքը, վաճառքի գինը, վճարման ժամկետները և վճարման առանձնահատկությունները։
  3. Պետական գույքն ուղղակի ձևով վաճառքի համար հիմք կարող են հանդիսանալ հայտնի գնորդի, վարձակալի, ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջ (սեփականատերերի) հայտը և ըստ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գնորդի դիմումը։ Ընդ որում, հայտի ձևը, ներկայացման, քննարկման և մերժման կարգն ու ժամկետները սահմանվում են պետական գույքի վաճառքը կանոնակարգող իրավական ակտով:
  4. Պետական գույքի ուղղակի ձևով վաճառքն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ վաճառքի մասին իրավական ակտերում սահմանված ժամկետներում։

 

Հոդված 39. Նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխմամբ վաճառքը

  1. Պետական գույքի վաճառքը նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի ավելացման ճանապարհով։
  2. Պետական գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի վաճառքի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի գնահատված արժեքը, բաժնետոմսերի տեղաբաշխման ձևը (բաց կամ փակ), բաժանորդագրության ժամկետները, կանոնադրական կապիտալի ավելացման ծավալը, թողարկվող բաժնետոմսերի տեսակները, անվանական արժեքները, վաճառքի գինը և մասնակցության սահմանափակումները։
  3. Պետական գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն նոր բաժնետոմսերի վաճառքն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

 

Հոդված 40. Պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով 

  1. Պետական գույքի վաճառքը բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական բաժնտոմսեր (բաժնեմասեր) ունեցող առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի տեղաբաշխման ժամկետները և ծավալը, թողարկվող փոխարկելի պարտատոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական բաժնտոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում փոխարկելի պարտատոմսերի փոխարկելու և տեղաբաշխելո մասին:

 

Հոդված 41. Բաժնետոմսերի վաճառք ֆոնդային բորսայի կանոններով

  1. Պետական բաժնետոմսերի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն ֆոնդային բորսայի առևտրի կանոններին համապատասխան։
  2. Ֆոնդային բորսայում բաժնետոմսերի վաճառքի գնի սահմանման համար հիմք է հանդիսանում «Գնահատման գործունեության մասին» օրենքի համաձայն բաժնետոմսերի գնահատված արժեքը։

 

 

Գ Լ ՈՒ Խ  13

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 42. Պետական գույքի նվիրատվության նպատակը

  1. Պետական գույքի նվիրատվությունը նպատակ ունի՝

1) խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության,   մշակույթի, պաշտպանության, անվտանգության ապահովման և երկրի կառավարման ոլորտում հայ ժողովրդի մշակույթի պրոպագանդման ասպարեզում նշանակալի ավանդ ուեցող անհատներին.

2) նպաստել երկրի հանրային կյանքի առաջնահերթ զարգացման կարիք ունեցող ոլորտների կայուն առաջընթացին,

3) բարելավել հանրության նպաստառու, խիստ կարիքավոր խավի և բազմազավակ ընտանիքների կենսապայմանները։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է պետական գույքի նվիրատվության կարգը, նվիրատվության ենթակա գույքի կազմը։
  2. Պետական գույքի նվիրատվության համար առաջարկություններ և դիմումներ կարող են ներկայացնել պետական մարմինները, համայնքները, հասարակական կազմակերպությունները, մշակույթային միությունները, գիտական, կրթական, սոցիալական և այլ ոլորտներում գործող կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիական խմբերը և քաղաքացինները։
  3. Պետական գույքի նվիրատվության կողմ կարող են հանդիսանալ քաղաքացինները, իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա քաղաքացինները։
  4. Պետական գույքի նվիրատվության գործընթացն իրականացնում և նվիրատվության պայմանագրերը կնքում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  5. Պետական գույքի նվիրատվության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Գ Լ ՈՒ Խ  14

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված  43. Պետական գույքի նվիրաբերության նպատակը

  1. Պետական գույքի նվիրաբերությունը նպատակ ունի.
  • բարձրացնել պետական գույքի հանրային օգտագործման արդյունավետության մակարդակը.
  • որոշակի պայման(ներ)ի սահմանումով նպաստել հասարակական կյանքի առանձին ոլորտների՝ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սոցիալական այլ ոլորտների և բարեգործության, ինչպես նաև համայնքային զարգացմանը.
  • հավանության արժանացած գործարար ծրագրի հիման վրա նվիրաբերության կատարման միջոցով ապահովել տնտեսության առանձին ոլորտների զարգացումը.
  • հասարակական կյանքի զարգացման գործընթացին մասնակից դարձնել քաղաքացիների խմբերին և առանձին քաղաքացիններին։
  1. Նվիրաբերության դեպքում պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված սուբյեկտներին՝ որոշակի պարտավորությունների կատարման պայմանով։
  2. Նվիրաբերության պայմանագրով սահմանված նվիրաբերության պայմանների կատարման համար ժամկետը չի կարող 10 տարուց պակաս սահմանվել։
  3. Պետական գույքի նվիրաբերությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  4. Պետական գույքի նվիրաբերության կողմ կարող են հանդես գալ առողջապահության, գիտության, կրթության և սոցիալական այլ ոլորտերի իրավաբանական անձինք, հասարակական և կրոնական կազմակերպությունները, հիմնադրամները, պետական գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնող այլ կազմակերպությունները, ինչպես նաև կրոնական գործունեություն իրականացնող կազմակերպությունը, բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունները, քացաքացիները, համայնքները։
  5. Պետական գույքի նվիրաբերության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են նվիրաբերության ենթակա գույքի կազմը և շահառուները։
  6. Պետական գույքի նվիրաբերության գործընթացի իրականացնումը, պայմանագրերի կնքումը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը ու պարտավորությունների սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

 

Գ Լ ՈՒ Խ  15

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 44. Պետական գույքի փոխանակության նպատակը

  1. Պետական գույքի փոխանակությունը ոչ պետական գույքի հետ նպատակ ունի՝
  • փոխանակության միջոցով բարելավել պետական սեփականություն համարվող գույքի վիճակը.
  • նպաստել ոչ համարժեք փոխանակության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացմանը.
  • փոխանակության միջոցով ապահովել ներդրումային ծրագրերի կամ հանրային կյանքի առանձին ոլորտների զարգացմանն ուղղված որոշակի պարտավորությունների կատարումը։
  1. Սույն օրենքի իմաստով պետական գույքի փոխանակությունը դիտարկվում է որպես պետական գույքի վաճառք ոչ պետական գույքի հետ և  փոխանակության նկատմամբ կիրառվում է գույքի որպես սույն օրենքով սահմանված վաճառքի կանոնները։
  2. Պետական գույքի փոխանակությունն ոչ պետական սեփականություն համարվող գույքի հետ կատարվում է համարժեքության սկզբունքով կամ այն չապահովելու դեպքում պետական գույքի արժեքը պետք է միշտ գերազանցի ոչ պետական գույքի արժեքից։
  3. Պետական գույքի փոխանակության դեպքում պետական և ոչ պետական գույքն ենթակա են միաժամանակյա գնահատման «Գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
  4. Փոխանակության ընթացքում պետական գույքի արժեքի գերազանցող մասը բաշխվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն։
  5. Պետական գույքի փոխանակության կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  6. Պետական գույքի փոխանակության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում, պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը բովանդակում է՝ փոխանակվող գույքերի գտնվելու վայրերը, հասցեները, մակերեսները, գնահատված արժեքները, պետական գույքի գերազանցող արժեքի վճարման ժամկետները, փոխանակող կողմ հանդիսացող ոչ պետական գույքի սեփականատիրոջ պարտավորությունները։
  7. Պետական գույքի փոխանակության կազմակերպումը և իրականացումը, գործարքի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  16

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 45. Պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

Պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետական ոչ  առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, դրանց ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Հոդված 46. Պետական գույքն որպես ներդրում

Պետական գույքն որպես ներդրում իրավաբանական անձի  բաժնեհավաք կապիտալում իրականացվում է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Գ Լ ՈՒ Խ  17

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 47. Պետական գույքի օգտագործման տրամադրման նպատակները և եղանակները

  1. Պետական գույքի օգտագործման տրամադրումը նպատակ ունի.
  • բարձրացնել պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը.
  • ավելացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը.
  • բարելավել պետական գույքի վիճակը, այդ ուղղությամբ ներդրումներ կատարելու շնորհիվ.
  • բարձրացնել պետական գույքի հանրային օգտագործման մակարդակը։
  1. Պետական գույքի օգտագործման տրամադրման եղանակներն են.
  • որոշակի վճարի դիմաց՝ վարձակալությամբ.
  • որոշակի գործարար ծրագիր կամ գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր իրականացնելու պայմանով՝ անհատույց օգտագործման տրամադրմամբ.
  • որոշակի կանոնադրական գործառույթների իրականացման համար անհատույց օգտագործման տրամադրման միջոցով՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին, ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին։
  1. Սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրի հիման վրա պետական գույքը տրվում է օգտագործման միայն պետական գույքի օգտագործման տրամադրման չափով պարտադիր սահմանված կարգով առանձնացնելուց հետո։
  2. Պետական գույքն օգտագործման է տրամադրվում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

2) մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝  պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։ Ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանի մեջ պարտադիր նշվում է դրույթ պետական գույքի առանձնացման մասին։

  1. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ի և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում պետական գույքի օգտագործման տրամադրման կարգերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  2. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում պետական գույքը օգտագործման է տրամադրվում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  3. 7. Պետական գույքի օգտագործման տրամադրման գործընթացը և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  18

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 48. Պետական գույքի վարձակալությունը և տրամադրման պայմանները

  1. Պետական գույքը վարձակալության տրամադրվում է որոշակի հատուցման դիմաց պայմանագրերի հիման վրա վարձատուի կողմից վարձակալին պետական գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման հանձնելու միջոցով։
  2. Վարձակալության տրամադրման ենթակա պետական գույք են համարվում անշարժ գույքը, այդ թվում՝ շենք, շինություններում առանձնացված տարածքները, առանձին շենք, շինությունները և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը։
  3. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում, եթե՝

1) չի խաթարվի պետական մարմինների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը.

2) ապահովում է պետական գույքի լավագույն օգտագործումը՝ նպաստում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացմանը կամ ներդրումների կատարման շնորհիվ բարելավում է գույքի վիճակը։

  1. Վարձակալական վճարի չափը սահմանվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
  2. Առանձին շենք, շինությունների վարձակալության տրամադրման դեպքում պարտադիր վարձակալությամբ տրվում է նաև շենք, շինությունների սպասարկման համար հատկացված հողամասը, որի վարձակալական վճարը ընդգրկվում է շենք, շինությունների վարձակալական վճարի ընդհանուր մեծության մեջ։
  3. Վարձակալական վճարներն ամբողջությամբ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի։
  4. Վարձակալի կողմից ներդրումների շնորհիվ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման և հիմնանորոգման դեպքում՝ վարձակալության տրամադրման ամբողջ ժամանակահատվածում որպես սահմանված կարգով հաշվարկված վարձակալական վճար կարող է հանդիսանալ հուշարձանի պահպանման և հիմնանորոգման վրա կատարված ծախսերի փաստացի մեծությունը, որը չի կարող պակաս կամ ավել լինել վարձակալության ամբողջ ժամկետում հաշվարկված վարձակալական վճարի ընդհանուր մեծությունից։

 

Հոդված  49. Պետական գույքի վարձակալության տրամադրման ձևերը

  1. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում՝
  • ուղղակի ձևով.
  • մրցույթի անցկացման ձևով.
  • աճուրդի անցկացման ձևով, այդ թվում էլեկտրոնային.
  1. Պետական գույքն ուղղակի ձևով տրվում է վարձակալության՝
  • պետական գույքի այն վարձակալին, ով բարեխիղճ կատարել է իր պայմանագրային պարտավորությունները և վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմել է նոր ժամկետով պայմանագիր կնքելու համար։ Ընդ որում վարձակալության ժամկետն երկարաձգվում է մեկ անգամ նախկին պայմանագրով սահմանված ժամկետով.
  • պետական գույքի բարելավման համար ներդրումային ծրագիր ներկայացնող հավանական վարձակալին.
  • լիցենզավորման հիման վրա ֆորմալ կրթական գործընթաց իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություններին։
  1. Պետական գույքն աճուրդով վարձակալության է տրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով և աճուրդի միակ պայմանը՝ տարածքի ամսական վարձավճարի մեկնարկային մեծությունն է։
  2. Պետական գույքը մրցույթով վարձակալության է տրվում պետական գույքի բարելավման նպատակով և մրցույթի պայմանը բացի տարածքի մեկնարկային գնից կարող է սահմանվել նաև ներդրումներ կատարելու պահանջ։
  3. Աճուրդի հաղթող է համարվում վարձավճարի առավելագույն առաջարկություն ներկայացնող աճուրդի մասնակիցը, իսկ մրցույթում հաղթող է համարվում մրցույթի պայմաններն առավելագույն բավարարող մրցույթի մասնակիցը։

 

Հոդված 50. Պետական գույքի վարձակալության կազմակերպումը և անցկացումը

  1. Պետական գույքն աճուրդով վարձակալության տրամադրման դեպքում վարձակալության ժամկետ սահմանվում է մինչև հինգ տարի, իսկ մրցույթով և սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև տաս տարի ժամկետով։
  2. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և մինչև հինգ տարի ժամկետով՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համաձայն։
  3. Պետական գույքի վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերում պարտադիր նշվում են՝

1) ուղղակի տրամադրման դեպքում՝ վարձակալության ենթակա գույքի հասցեն, տարածքի մակերեսը, վարձակալի անվանումը, վարձավճարի չափը, պարտավորությունների ստանձնման դեպքում՝ ներդրումային պարտավորությունները, վարձակալության ժամկետը.

2) աճուրդի դեպքում՝ նշվում է նաև աճուրդում վարձավճարի մեկնարկային գինը, աճուրդի կազմակերպման ժամկետը,

3) մրցույթի դեպքում՝ բացի մեկնարկային վարձավճարի մեծությունից նշվում է նաև բարելավման ուղղությամբ ներդրումների իրականացման պահանջը, մրցույթի կազմակերպման ժամկետը։

  1. Պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։
  2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Գ Լ ՈՒ Խ  19

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 51. Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման նպատակը.

  1. Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրումն անուղղակի ճանապարհով նպատակ ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ավելացումից և պետական գույքի վիճակը բարելավելուց բացի նպաստել հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների առաջնահերթ զարգացմանը և ազգային փոքրամասնությունների շահերի իրացմանը։
  2. Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրումը պետք է բխի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից և առանձին ոլորտների հեռանկարային ծրագրերի պահանջներից։

 

Հոդված 52. Որոշակի պայմանների կատարման դիմաց անհատույց օգտագործման տրամադրման ենթակա պետական  գույքը և դրանից օգտվող սուբյեկտները

  1. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա են պետական սեփականություն համարվող շենք, շինություները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը, ինչպես նաև կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված և պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) հողամասերը և հիմնական միջոցներ հանդիսացող շարժական գույքը,
  2. Պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝

1) համայնքներին.

2) հասարակական կազմակերպություններին.

3) հիմնադրամներին, որոնց հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունը չէ.

4) միջազգային կազմակերպություններին.

5) ոչ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին.

 6) քաղաքացիներին։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված անհատույց օգտագործման սուբյեկտներ հադիսացող քաղաքացիների խումբը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Հոդված 53. Պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման դեպքերը և պայմանները.

  1. Պետական գույքն անհատույց օգտագործման սուբյեկտներին տրամադրվում է որոշակի ժամկետով և որոշակի պայմանների բավարարման դեպքում, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված հիմնադրամներին կանոնադրական գործառույթների իրականացման դեպքում։
  2. Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  3. Պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, որով սահմանվում են նաև տրամադրման ընթացակարգը և ժամկետները։
  4. Պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամներին տրամադրվում է անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն։

 

Հոդված 54. Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կազմակերպումը և իրականացումը

  1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը կազմակերպում և իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  2. Պետական գույքն անհատույց օգտագործման սուբյեկտներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, որում պարտադիր նշվում է տարածքի գտնվելու վայրը, մակերեսը, գնահատված արժեքը, սուբյեկտի անվանումը, տրամադրման ժամկետը, ինչպես նաև տեղեկատվություն պայմանների կատարման մասին։
  3. Անհատույց օգտագործման սուբյեկտների հետ կնքվում է անհատույց օգտագործման տրամադրման պայմանագիր և իրականացվում է պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հոկողություն։
  4. Պետական գույքի անհատույց օգտագործման սուբյեկտները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կնքում են ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագրեր։

 

Գ Լ ՈՒ Խ  20

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 55. Պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցումը

  1. Պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցում համարվում է պետական սեփականության շենք, շինությունների տանիքներում և ձեղնահարկերում արևային/ ֆոտովոլտային կայանների, կապի սարքավորումների տեղակայման և պետական գույքի ժամավճարով օգտագործման նպատակով թույլատվություն տալու մասին ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը։
  2. Պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցումն իրականացվում է Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով, որով կանոնակարգվում է ծառայությունների մատուցման գործընթացը, մատուցման ժամկետը, ծառայությունների մատուցման վճարի հաշվարկման կարգը, ծառայությունների վճարի գանձումից առաջացած միջոցների տնօրինման կարգը, ծառայությունների մատուցման գործընթացի իրականացնողները։
  3. Արևային/ֆոտովոլտային կայանների, կապի սարքավորումների տեղադրումից գանձված վճարն ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ ժամավճարով տարածքի օգտագործումից գանձված վճարը թողնվում է պետական ոչ առևտրային կազմակերպության, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված հիմնադրամների տնօրինմանը։
  4. Արևային/ ֆոտովոլտային կայանների, կապի սարքավորումների տեղադրման թույլտվություն տալու գործընթացն իրականացվում և ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը, իսկ ժամավճարով տարածքների տրամադրման գործընթացն իրականացնում և ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքում է պետական ոչ առևտրային կազմակերպությունը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծած հիմնադրամները։
  5. Պետական գույքի օգտագործման միջոցով ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով։

Գ Լ ՈՒ Խ  21

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՄՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆՈՒՄԸ

 

Հոդված 56. Պետական գույքի ամրացման և հետ վերցնելու նպատակը.

  1. Պետական գույքը պետական կառավարման մարմիններին ամրացվում է իրենց կանոնադրական գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
  2. Պետական գույքի ամրացումը և հետ վերցնումը պետք է ապահովի պետական գույքի արդյունավետ օգտագործումը և այդ նպատակով ամրացվող գույքի օպտիմալ կազմի սահմանումը։

 

Հոդված 57. Պետական գույքի ամրացման և հետ վերցնելու գործընթացի կազմակերպումը 

  1. Պետական գույքը պետական մարմիններին ամրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համաձայն։
  2. Պետական մարմիններին ամրացվող պետական գույքի կազմում ներառվում են շենք, շինությունները և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը, շենք, շինությունների առանձին տարածքները, չկաոռւցապատված հողամասերը և շարժական գույքը։
  3. Պետական մարմիններին շենք, շինությունները և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը, շենք, շինությունների առանձնացված տարածքները, չկառուցապատված հողամասերը և 5 մլն դրամից ավել հաշվեկշռային արժեք ունեցող շարժական գույքն ամրացվում և հետ է վերցվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  4. Պետական մարմիններին մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շարժական գույքն ամրացվում և հետ է վերցվում պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։
  5. Պետական գույքը պետական մարմիններին ամրացվում է իրավական ակտերի հիման վրա՝ ընդունման-հանձնման ակտի կազմման և պետական մարմնի հաշվապահական հաշվեկշռում արտացոլման միջոցով։
  6. Ամրացված պետական գույքի հաշվապահական հաշվառման պատշաճ վարման պատասխանատվությունը կրում են պետական մարմինները։
  7. Պետական մարմինները պետական գույքի էլեկտրոնային հաշվառման միասնական գրանցամատյանի տվյալների հավաստիությունն ապահովելու համար պարտավոր են սահմանված կարգի համաձայն ներբեռնել տեղեկություններ ամրացված պետական գույքի և դրա կազմի փոփոխությունների մասին։

 

Հոդված 58. Պետական գույքի ամրացման և հետ վերցնելու գործընթացի կազմակերպման և իրականացման պետական մարմինը

  1. Պետական մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու գործընթացը կազմակերպում և իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է պետական մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու կարգը։

 

Գ Լ ՈՒ Խ  22

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ

 

Հոդված 59. Ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման կազմակերպումը

  1. Ոչ պետական գույքը վարձակալությամբ ձեռք է բերվում պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ գույքով ապահովելու անհրաժեշտության դեպքում։
  2. Ոչ պետական գույքը վարձակալությամբ ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
  3. Ձեռք բերվող գույքի վարձակալական վճարի մեծությունն որոշվում է շուկայական գնահատմամբ «Գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
  4. Վարձակալությամբ ոչ պետական գույքի ձեռք բերման գործընթացը կազմակերպում և իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  5. Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ոչ պետական գույքի ձեռք բերման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

   

Գ Լ ՈՒ Խ  23

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 60. Բռնագանձման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող կառավարման ենթակա գույքը.

  1. Բռնագանձման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող կառավարման ենթակա գույքի կազմում ներառվում են՝ շենք, շինությունները և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը, առանձին հողամասերը, շենք, շինություններում առկա առանձին տարածքները և շարժական գույքը, բացառությամբ շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող գույքի։
  2. Ապօրինի ծագում ունեցող անշարժ և շարժական գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը համապատասխանաբար գրանցելուց կամ ճանաչելուց հետո այն ամրացվում է պետական գույքի կառավարման լիազոր մարմնին։

 

Հոդված 61. Բռնագանձված գույքի կառավարման կազմակերպումը

  1. Ամրացված գույքը պետական գույքի կառավարման լիազոր մարմինը դասակարգում է պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույքի, օտարման և օգտագործման տրամադրման ենթակա գույքի։
  2. Օտարման և օգտագործման համար առանձնացված գույքի կառավարումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան։

 

Հոդված 62. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինումը

  1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով հանձնված գույքը տնօրինում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ բացառությամբ «Պետական արարողակարգի մասին» օրենքով նախատեսված դեպքերի:
  2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը տնօրինվում է հետևյալ եղանակներով.
  • գույքն որպես նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելով՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավել, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելով.
  • պետական կամ համայնքային թանգարաններին հանձնել պատմական, հուշային, գեղարվեստական կամ գեղագիտական արժեք ունեցող այն գույքը, որի որակական կամ հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում հասարակության համար, այդ գույքի պահպանումը, ուսումնասիրումը, հետազոտումն ու հրապարակումը.
  • շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելով.
  • գույքը սույն օրենքով սահմանված կարգով հրապարակային սակարկություններով վաճառելով.
  • գույքը սույն օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով:
  1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձած գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով կամ այն նվիրաբերելով «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով: Շուտ փչացող գույքը, պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն վաճառվում են անհապաղ:
  2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի տեսակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները և նշված գույքի տնօրինման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված եղանակների ընտրության մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները տնօրինվում են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 63. Պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ծառայողական ավտոմեքենաների հատկացումը և սպասարկումը

  1. Պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, ինչպես նաև առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների քանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  2. Պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Հոդված 64. Պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների կառավարումը

  1. Պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի, ընդունման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերի որոշելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  2. Պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների կառավարումն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  24

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 65. Պետական գույքի գրավադրման պայմանները

  1. Պետական գույքի վաճառքի և նվիրաբերության գործարքներով ստանձնված պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով վաճառված և նվիրաբերված պետական գույքն ենթակա է գրավադրման մինչև պարտավորությունների ամբողջական կատարումը։
  2. Պետական գույքը պարտադիր ենթակա է գրավադրման, եթե՝

1) պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից ցածր գնով.

2) պետական գույքի վաճառքի գնի վճարումը կատարվելու է տարաժամկետության պայմանով.

3) պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով կամ ներդրումային ծրագրով նախատեսված է քանդել վաճառված գույքը։ Տվյալ դեպքում գրավի առարկա է դառնում գնորդի սեփականությունը հանդիսացող պետական գույքին համարժեք այլ գույքը կամ երրորդ անձին պատկանող համարժեք գույքը՝ սեփականատիրոջ համաձայնությամբ.

4) պետական գույքի հետ ոչ պետական գույքի փոխանակության դեպքում պայմանագրի համաձայն ստանձնվել է նաև ներդրումային և այլ պարտավորություններ։

  1. Պետական գույքի նվիրաբերություն կատարելու դեպքում՝ գրավադրումը գործում է նվիրաբերության պայմանագրով ստանձնված պարտավորությունների պահպանման և կատարման ամբողջ ժամանակահատվածում։
  2. Պետական գույքը գրավադրման ենթակա չէ, եթե՝

1) պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով կամ դրանից բարձր գնով.

2) պետական գույքը վաճառվել է շուկայական կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից ցածր գնով և գնորդը պետական գույքի կառավարման լիազոր մարմնին ներկայացրել է պետական գույքի գնահատված շուկայական և շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և վաճառքի գնի տարբերության չափով բանկային երաշխիք.

3) պետական գույքի հետ ոչ պետական գույքի համարժեք փոխանակության գործարքով ստանձնված պայմանագրային պարտավորությունների դեպքում գնորդը ներկայացնում է պետական գույքի գնահատված շուկայական կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք։

 

Հոդված 66. Պետական գույքի գրավադրման իրականացումը

  1. Պետական գույքի գրավադրումն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  2. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը գրավադրման ենթակա գույքի վերաբերյալ գործարքն իրականացնելուց հետո պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի գրավադրումը։
  3. Պետական գույքի գրավադրման գործընթացը, այդ թվում պայմանների սահմանումը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով։

Գ Լ ՈՒ Խ  25

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 67. Պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման նպատակը.

  1. Պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը նպատակ ունի՝

1) ապահովել ստանձնված պայմանագրային պարտավորությունների սահմանված ժամկետում և ծավալով կատարումը.

2) նպաստել պետության և մասնավորի միջև արդյունավետ համագործակցության իրականացմանը՝ պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության հստակ, պարզ և ներդրումային գործընթացին չխոչնդոտող կանոնակարգում.

3) օժանդակել ներդրումային ծրագիր իրականացնող գնորդին իր պարտավորությունները ժամանակին և որոկով կատարելու հարցում։

 

Հոդված 68. Պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության կազմակերպումը և իրականացումը.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը։
  2. Գնորդն իր պարտավորությունների կատարումը հաստատելու համար պարտավոր է ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման հավաստող փաստաթղթերը։
  3. Գնորդն իր պարտավորությունները սահմանված ժամկետում և ծավալով չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով հաստատված կարգի համաձայն ենթարկվում է պատասխանատվության։
  4. Պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը կազմակերպում և իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  5. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը պայմանագրային պարտավորությունը կատարելու դեպքում պարտավոր է գնորդին տրամադրել տեղեկանք գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու և գրավադրումից (եթե գրավադրված է պետական գույքը) հանելու վերաբերյալ։

 

Գ Լ ՈՒ Խ  26

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 69. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կառավարումը

  1. Պետական մասնակցությամբ առևտրային բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարումն իրականացնում են վերադաս կառավարման մարմինները, իսկ համակարգումը պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  2. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։
  3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումն իրականացնում է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջնեին համապատասխան։
  4. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը և կիրառման կարգը ու ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Հոդված 70. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման նպատակները և խնդիրները

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման նպատակներ են՝

1) իրականացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում միասնական պետական քաղաքականություն.

2) կենտրոնացված ձևով համակարգել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից.

3) բարձրացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության մակարդակը՝ հնարավորինս բացառել վնասով աշխատող կազմակերպությունների գործունեությունը, բարելավել կազմակերպությունների շահույթի և շահույթաբերության ցուցանիշները.

4) ավելացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծավալը.

5) սահմանել ըստ ոլորտների պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օպտիմալ կազմը և կառուցվածքը՝ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական ոլորտներում պետության կողմից գործառույթների իրականացման անհրաժեշտությունը.

6) արմատապես բարեփոխել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրային կառավարումը՝ կազմակերպությունների հեռանկարային զարգացման իրատեսական ծրագրի մշակման և դրան համապատասխան գործունեություն ծավալելու միջոցով։

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման խնդիրներն են՝

1) բարձրացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործում մշտադիտարկման և վերլուծության արդյունքների կիրառելության մակարդակը.

2) կառավարման բնագավառում կարևորել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման արդյունքների նշանակությունը.

3) ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման արդյունքների և ղեկավար անձնակազմի խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու միջև ուղղակի կապի ստեղծումը.

4) ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման  բնագավառում  արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառումը՝ մասնավորապես հավատարմագրային կառավարման հանձնումը  ու պետության կողմից պետական բաժնետոմսերի կառավարման լիազոր ներկայացուցիչների նշանակումը.

5) ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը և վերջնական ձեռք բերված արդյունքների մասով  հրապարակայնությունը։

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունն իր գործունեությունն պարտադիր իրականացնում է նախապես վերադաս կառավարման մարմնի կողմից հաստատված հեռանկարային զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա։
  2. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների զարգացման հնգամյա ծրագրով պարտադիր նախատեսվում են յուրաքանչյուր տարվա կտրվածքով իրականացվող միջոցառումները և դրանց արդյունքները, հիմնական ֆինանսատնտեսական և ոչ ֆինանսատնտեսական ցուցանիշները։

 

Հոդված 71. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման կազմակերպումը

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման կարգով։
  2. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության վերադաս կառավարման մարմինը պետական գույքի կառավարման լիազոր մարմնին ներկայացնում է կազմակերպության հնգամյա հեռանկարային զարգացման ծրագրերի առաջին չորս տարվա համար տարեկան հաշվետվություններ, իսկ վերջին տարվա համար ամփոփիչ հաշվետվություն։
  3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացման ծրագրերով նախատեսված միջոցառումները և ծրագրային ցուցանիշները կազմում են պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրի մաս և այդ ծրագրային միջոցառումների կատարման արդյունքները ներկայացվում է պետական գույքի կառավարման ծրագրի ընդհանուր հաշվետվությամբ։
  4. Գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները կարող են միացվել կամ միաձուլվել ոչ պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող կազմկերպության հետ, եթե առկա է վերակազմակերպումը հիմնավորող գործարար ծրագիր։ Ընդ որում, միացման կամ միաձուլման արդյունքում պետական մասնակցության չափը պետք է կազմի առնվազն 51 տոկոս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
  5. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և արդյունավետության գնահատման արդյունքների հիման վրա պետական գույքի կառավարման լիազոր մարմինը կազմակերպությունների գործունեության բարելավման նպատակով յուրաքանչյուր հաշվետու տարի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնետոմսերի վաճառքի, կազմակերպությունների լուծարման, վերակազմակերպման, կանոնադրական կապիտալի փոփոխության և հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ, նախապես համաձայնեցնելով համապատասխան վերադաս մարմնի հետ։

 

Հոդված 72. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումը և վերլուծության արդյունքների ամփոփումը

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների հիմնական նպատակներն են՝

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման համար կազմակերպությունների գործունեության բազմակողմանի վերլուծությունը և արդյունքների ամփոփումը.

2) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) տնտեսական և սոցիալական ոլորտներում պետության կողմից իրականացվող գործառույթների անհրաժեշտությունից ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օպտիմալ թվաքանակի սահմանումը.

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

5) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկութայն ապահովումը՝ հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար։

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մշտադիտարկումը վերադաս կառավարման մարմինների մասնակցությամբ իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը, այդ մարմիններից համապատասխան տեղեկատվություններ ստանալու միջոցով։
  2. Պետական մասնակցությամբ միջին և խոշոր կազմակերպությունները մշտադիտարկում իրականացնելու համար համապատասխան տեղեկատվություններ ներկայացնում են հաշվի առնելով նաև պարտադիր անցկացվող աուդիտի եզրակացության արդյունքները։
  3. Մշտադիտարկման ենթակա չեն այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի կամ լուծարման մասին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտել սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը, ինչպես նաև կառավարումն իրականացվում է հավատարմագրային կամ կոնցեսիոն կառավարման կամ այլ պետություն-մասնավոր համագործակցության պայմանների հիման վրա, մինչև պայմանագրերով սահմանված ժամկետը։
  4. 5. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
  5. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մշտադիտարկման ամփոփված արդյունքների մասին եզրակացությունները, վերադաս կառավարման մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կազմակերպությունների գործունեության բարելավման վերաբերյալ։

 

Հոդված 73. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշումը և գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքների գնահատումը

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման հիմնական նպատակներն են՝

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության մակարդակի գնահատումը և զարգացման միտումների բացահայտումը.

2) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ղեկավար անձնակազմի աշխատանքի խրախուսման և պատասխանատվության ենթարկելու բնագավառում հիմնավորված և արդարացի որոշումների ընդունումը.

3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գուծունեության բարելավման բնագավառում արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը.

 4) կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ կառավարման մեթոդների ներդրումը։

  1. Պետական մասնակցությամբ առևտրային ազմակերպությունների գործունեության արդյունավետությունն որոշվում է շահութաբերության սահմանային (կողմնորոշիչ) շեմ սահմանելու և ֆինանսատնտեսական ցուցանիշների համակարգի ներդրման միջոցով։
  2. Պարտադիր գնահատման ենթակա է ֆինանսատնտեսական դիտարկման ենթակա բոլոր առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեությունը։
  3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունն որոշելու, գործադիր մարմինների ղեկավար անձնակազմի աշխատանքը գնահատելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
  4. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետությունն որոշում, գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքը գնահատում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Հոդված 74. Պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչները

  1. Պետական մասնակցությամբ միջին և խոշոր առևտրային կազմակերպություններում պետական գույքի կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ կարող են նշանակվել լիազոր ներկայացուցիչներ։
  2. Լիազոր ներկայացուցիչների նշանակման, գործունեության իրականացման աշխատանքի գնահատման վարձատրության, որակավորման ներկայացվող պահանջների, պայմանագրային հարաբերությունների կանոնակարգումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
  3. Լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման գործընթացը կազմակերպում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  4. Լիազոր ներկայացուցիչը ընտրվում է մրցույթով՝ համապատասխան որակավորում և հավաստագիր ունեցող անձանցից։
  5. Լիազոր ներկայացուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
  6. Լիազոր ներկայացուցիչների աշխատանքը պարտադիր ենթակա է գնահատման, որի արդյունքներով խրախուսվում կամ պատասխանատվության է ենթարկվում լիազոր ներկայացուցիչը։
  7. Լիազոր ներկայացուցիչների վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։

 

Հոդված 75. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնումը

  1. Առևտրային կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով։
  2. Առևտրային կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացն իրականացնում և Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը կնքում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։
  3. Հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել պետական գույքի կառավարման հնգամյա ծրագրում վաճառքի նպատակով չընդգրկված առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերը։
  4. Առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում ուղղակի ձևով կամ մրցույթով։
  5. Առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների մրցութային կարգով հավատարմագրային կառավարման հանձնելու կանոնակարգը և պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի հանրապետության կառավարույան որոշմամբ։
  6. Բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման են հանձնվում Հայաստանի Հանրապետության որոշմամբ, որը պարտադիր պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

1) առևտրային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը, պետական բաժնեմասի չափը, հավատարմագրային կառավարման հանձնվող բաժնետոմսերի թիվը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.

2) հավատարմագրային կառավարման ժամկետը.

3) կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները՝ ըստ ուղղությունների և ծավալի.

4) հավատարմագրային կառավարման հանձնելու դիմաց պահանջվող ներդրումների չափը, ուղղությունները և դրանց իրականացման ժամկետները.

5) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.

6) հավատարմագրային կառավարման հանձնելու ձևը.

7) ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը։

  1. Պետական գույքի կառավարման լիազոր մարմնի և հավատարմագրային կառավարչի միջև կնքված հավատարմագրային պայմանագրում պետք է պարտադիր սահմանվի, որ հավատարմագրային կառավարիչն առանց պետական գույքի կառավարման լիազոր մարմնի համաձայնության հավատարմագրային կառավարման ընթացքում իրավունք չունի՝

1) վաճառելու հավատարմագրային կառավարման հանձնված բաժնետոմսերը.

2) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների կատարումը վերապահելու երրորդ անձանց.

3) սահմանելու կազմակերպության ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության չափը.

4) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոշոր գործարքների մասին ընդունված որոշումները։

  1. Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  27

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

Հոդված 76. Պետական գույքի պահպանումը

  1. Պետական գույքի պահպանում համարվում է այդ գույքի տեխնիկական, սանիտարահիգենիկ և հակահրդեհային անհրաժեշտ պայմանների և պահանջվող վիճակում պահպանվածության ապահովումը։
  2. Պետական գույքի պահպանման պատասխանատվությունը կրում են՝

1) պետական մարմինները, որոնց սահմանված կարգով ամրացվում է պետական գույքը.

2) պետական ոչ առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված հիմնադրամները, որոնց կանոնադրական գործառույթների իրականացման համար անհատույց  օգտագործման պայմանագրերի հիման վրա տրամադրվել է պետական գույքը.

3) սույն օրենքով սահմանված կարգով որոշակի պայմանների կատարման դիմաց անհատույց օգտագործման պայմանագրերի հիման վրա տրամադրված պետական գույքի փոխառուները։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գույքը պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
  2. Յուրաքանչյուր տարի պետական մարմիններն առանձնացնում են իրենց ամրացված և պահպանման ենթակա պետական գույքի անվանացանկը, կազմում գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով պահանջվող ծախսերի մեծությունը սահմանելու համար։

 

Հոդված 77. Պետական անշարժ գույքի բարելավումը

  1. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը կենտրոնացված ձևով պետական անշարժ գույքի բարելավումներն իրականացնելու համար, պետական մարմինների մասնակցությամբ, մշակում է պետական գույքի կառավարման լիազոր մարմնին ամրացված բարելավման կարիք ունեցող պետական գույքի հիմնանորոգման հեռանկարային ծրագիր։
  2. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է պետական հիմնանորագման ծրագրային աշխատանքների կատարումը։
  3. Անհրաժեշտությունից ելնելով պետական գույքի կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի տեխնիկական վիճակի գույքագրման աշխատանքները։
  4. Անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման անցկացման ընթացքում, փորձագետ ընդգրկելու միջոցով իրականացնում է անշարժ գույքի օբյեկտների տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքներ։
  5. Կազմակերպում է վթարային և քանդման ենթակա պետական գույքի օբյեկտների լիկվիդացման աշխատանքները՝

1) ընդունում է որոշում պետական գույքի քանդման վերաբերյալ.

2) կազմակերպում է պետական գույքի քանդման թույլտվություն ստանալու աշխատանքները.

3) կազմակերպում է պետական գույքի քանդման աշխատանքները։

 

Գ Լ ՈՒ Խ   28

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 78. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1.Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացվում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության  պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից պետական գույքի կառավարման և պահպանման ուղղված օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։

  1. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող մարմինները և դրանց կողմից իրականացվող գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

 

Գ Լ ՈՒ Խ  29

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 79. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Հոդված 80. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող օրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին։
  2. Մինչև սույն օրենքի պահանջներին գործող օրենսդրական ակտերի համապատասխանության ապահովումը՝ դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքով սահմանված ժամկետային պահանջին։
  3. Պետական գույքի մասնավորեցման գործընթացը կանոնակարգող օրենսդրական ակտերը գործում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ պետական գույքի կառավարման ծրագրի մասին և պետական գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները գործողության մեջ դնելը։
  4. ՆԱԽԱԳԻ
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Հոդված 171. Պետական գույքի օտարումը

    1. Պետությունն իր սեփականությունը համարվող գույքը կարող է օտարել ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիներին և համայնքներին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։»։

    Հոդված 2. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «3. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիներին և համայնքներին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։»։

    Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

    Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնավորեցվել» բառը փոխարինել «օտարվել» բառով։

    Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

     

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 

    ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «դ» կետում  «մասնավորեցումից (սեփականաշնորհումից) բառերը փոխարինել  «վաճառքից» բառերով։

    Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում  «մասնավորեցում» բառը փոխորինել «վաճառք» բառով իրենց՝ համապատասխան հոլովաձևերով։

    Հոդված 3. Օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում՝

    • 1-ին պարբերության «պետական մասնակցության մասնավորեցումից» բառերը փոխարինել «պետական մասնակցության վաճառքից» բառերով, իսկ «մասնավորեցումից և» բառերը փոխարինել «վաճառքից և» բառերով․
    • 2-րդ և 3-րդ պարբերություններում՝ «մասնավորեցումից և» բառերը փոխարինել «վաճառքից և» բառերով։

    Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 2.1-րդ մասից «մասնավորեցումից» բառը փոխարինել «վաճառքից» բառով։

    Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասում  «մասնավորեցման» բառը փոխարինել  «օտարման» բառով։

    Հոդված 2. Օրենսգիրքի 61-րդ հոդվածում՝

     1)  վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Հոդված 61. «Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այդ թվում կառուցապատված) օտարումն իրականացնող պետական մարմինները»,

    2)  1-ին մասից հանել «մասնավորեցումն ու» բառերը,

    3) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «2) Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի, կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական մարմիններին ամրացված հողամասերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, սույն օրենսգրքով և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

    Հոդված 3. Օրենսգիրքի 62-րդ հոդվածի  վերնագրում և հոդվածի առանձին մասերում «մասնավորեցում» բառը փոխարինել «վաճառք» բառով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով։

    Հոդված 4. Օրենսգիրքի 63-րդ հոդվածում՝

    1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Հոդված 63. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ձևերը»,

    2) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման ձևերն են՝

    1) սեփականության իրավունքի անհատույց փոխանցումը.

    2) ուղղակի վաճառքը.

    3) աճուրդով վաճառքը.

    4) այլ սեփականատիրոջ հողամասի հետ փոխանակությունը.

    5) «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված այլ ձևերը։»։

    Հոդված 5. Օրենսգիրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասում  «մասնավորեցման» բառը փոխարինել  «օտարման» բառով։

    Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

     

    «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև» բառերը։

    Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել  «օտարերկրյա անձինք, այդ թվում քաղաքականություն ունեցող և չունեցող» բառերով։

    Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամով» բառից հետո լրացնել «ինչպես նաև առանձին օրենքներով կարող է սահմանվել այլ փոխարկելի օտարերկրյա արժույթ» բառերով։

    Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «տոկոսը» բառից հետո լրացնել «կամ առանձին օրենքներով է սահմանվել վարձատրության այլ կարգ» բառերով։

    Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

    «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

     

    Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, իրավական վիճակի, բաժնետոմսերի կառավարման, այդ թվում վաճառքի առանձնահատկությունները սահմանվում են «Պետական գույքի կառավարման մասին»  օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով։»։

    Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

    «5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման առանձնահատկությունները (լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով) սահմանվում են «Պետական գույքի կառավարման մասին»  օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով:

    Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

    «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի, կառուցապատված հողամասերի, այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական մարմիններին ամրացված պետական հողամասերի) կամ անհատույց օգտագործման է տրամադրում համանքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (բացառությամբ կառուցապատված հողամասերի, այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական մարմիններին ամրացված հողամասերի) անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

    «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով.

    «Հոդված  8.1. Հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված գույքը

    1. Հիմնադիրը կարող է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրի հիման վրա տրամադրել ցանկացած գույք.
    2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը
    3. Հիմնադրամն իրավունք չունի իրեն տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները օտարել, գրավադրել և երրորդ անձին հանձնել անհատույց օգտագործման
    4. Հիմնադրամն իրավունք ունի իրեն տրամադրված գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն հանձնել վարձակալության, եթե այն արգելված չէ հիմնադիրի որոշմամբ կամ հիմնադրամի կանոնադրությամբ։ Հիմնադրամին տրամադրված գույքի վարձակալությունից գանձված միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
    5. Տրամադրված գույքի օգտագործման ընթացքում իրականացված անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են։
    6. Հիմնադրի կողմից գույքը հիմնադրամին տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երկրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար։
    7. Հիմնադրի կողմից հիմնադրամին տրամադրված անշարժ գույքի կամ պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ հիմնադրամի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից։

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

     

    «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

    ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի.

    1) 5-րդ մասում «նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից» բառերը փոխարինել «նրա տիրապետման ու օգտագործման համար  ամրացված  գույքից» բառերով,

    2) 6-րդ մասում «Պետական մարմնի գույքը հանձնվում է» բառերը փոխարինել  «Պետական մարմնին, ենթակա պետական մարմնին գույքն ամրացվում է» բառերով,

    3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնին, ենթակա պետական մարմնին ամրացված գույքը և այն ամրացնել պետական այլ մարմնին, ենթակա պետական այլ մարմնին կամ Կառավարությանը։»։

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

     

     

     

    ՆԱԽԱԳԻԾ

     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Օ Ր Ե Ն Ք Ը

    «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

    Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի.

     1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Հոդված 5. Պետական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը»,

    2)  1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանը պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ցանկացած գույք։ Ընդ որում, պետական գույքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,

    2) 2-րդ, 3-րդ, 4-դ և 5-րդ մասերում «ամրացված» բառը փոխարինել «տրամադրված» բառով, իրենց համապատասխան հոլովաձևերով։

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

     

  • Обсуждалось

    04.04.2024 - 21.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1826

Принт

Связанные документы / ссылки