Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագությամբ․

«Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

 

Օրենքի կիրառման ոլորտը

  1. Սույն օրենքով`

1) սահմանվում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի բովանդակության, մշակման կարգի, հրապարակման, ընդունման ու կիրառման նկատմամբ պարտադիր պահանջներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը.

2) կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում իրականացվող գործունեության հարաբերությունները.

3) սահմանվում են պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին մասնակից շահագրգիռ կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

  1. Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո:
  2. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների վրա:
  3. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահամաճարակային և հիգիենիկ կանոնների և նորմերի, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների, անասնաբուժասանիտարական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի լիազոր մարմին` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտների պետական կառավարում․

2) տեխնիկական կանոնակարգում` արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ զննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, կիրառման և կատարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում հարաբերությունների իրավական կարգավորում.

3) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր) համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքին և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ.

4) անհետաձգելի տեխնիկական կանոնակարգ` սույն օրենքին համապատասխան մշակված փաստաթուղթ, որն ընդունվել է պաշտպանության, առողջապահության, ազգային անվտանգության, մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, բնական և էներգետիկ պաշարների պահպանության ոլորտներում, հանգամանքների բերումով՝ անհապաղ մշակման կամ ընդունման պահանջի դեպքում․

5) սահմանված պահանջներ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման փաստաթղթերով և տեխնիկական մասնագրերով սահմանված պահանջներ.

6) այլ պահանջներ` ցանկացած պահանջներ (բացառությամբ տեխնիկական մասնագրերի), որոնք սահմանվում են արտադրանքի նկատմամբ, մասնավորապես` սպառողների կամ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված, ինչպես նաև ազդում են արտադրանքի շուկայահանումից հետո դրա հետագա ընթացքի վրա, ինչպիսիք են օգտագործման, կրկնակի օգտագործման կամ ոչնչացման պայմանները, եթե այդ պայմանները կարող են էապես ազդել արտադրանքի բաղադրության, բնույթի կամ վաճառքի վրա.

7) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմեր` պարտադիր կատարման համար պահանջներ և ընթացակարգեր, որոնք սահմանվում են վնասակար օրգանիզմների, հիվանդությունների, հիվանդություններ փոխանցողների կամ հիվանդածին օրգանիզմների ներթափանցման, ամրապնդման կամ տարածման հետ կապված, այդ թվում` կենդանիների և (կամ) բույսերի կողմից, արտադրանքի, բեռների, նյութերի, տրանսպորտային միջոցների, հավելումների, այդ թվում` սննդամթերքի կամ կերերի հետ աղտոտիչ նյութերի, տոքսինների, վնասատուների, մոլախոտերի, հիվանդածին օրգանիզմների փոխանցման և տարածման հետ կապված առաջացող ռիսկերից պաշտպանելու նպատակով, ինչպես նաև պարտադիր կատարման և կիրառման համար պահանջներ և ընթացակարգեր վնասակար օրգանիզմների տարածման հետ կապված այլ վնասները կանխելու նպատակով.

8) տեխնիկական մասնագրեր (առանձնահատկություն)` փաստաթղթում առկա պայմաններ, որոնցով սահմանվում են արտադրանքի պահանջվող բնութագրերը (այդ թվում՝ որակի մակարդակը, կատարողականը, անվտանգությունը կամ չափերը, ներառյալ` արտադրանքի նկատմամբ կիրառվող պահանջները), ինչպես նաև պահանջները տերմինաբանության, փորձարկումների և փորձարկման մեթոդների, փաթեթավորման, մակնշման, պիտակավորման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ: Տեխնիկական մասնագրերում ընդգրկվում են նաև արտադրանքի արտադրության մեթոդները և գործընթացները.

9) արտադրանք` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում` կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք: Արտադրանք են համարվում նաև սպառման համար մատակարարվող էլեկտրական և ջերմային էներգիան, բնական և հեղուկ գազը, ջուրը, քաղաքաշինության բնագավառի շենքերը և շինությունները և դրանց հետ կապված գործընթացները.

10) արտադրանքի նույնականացում` գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը որոշակի տեխնիկական կանոնակարգին, և սահմանվում է այդ արտադրանքի համապատասխանությունը այդ արտադրանքի տեխնիկական փաստաթղթերին.

11) արտադրանքի խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի, դիստրիբյուտորի, ներմուծողի) կողմից արտադրության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

12) արտադրանքի խմբաքանակի նույնականացում` ստանդարտներին համապատասխան իրականացվող գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին.

13) արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ օտարերկրյա, որն իր սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով իրականացնում է արտադրանքի արտադրություն և իրացում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար.

14) ներմուծող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ շուկայահանման նպատակով․

15) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու և այն շրջանառության մեջ դնելու գործընթացներում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար.

16) դիստրիբյուտոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն արտադրող կազմակերպությունների (ֆիրմաների) հետ կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա իրականացնում է որոշակի ապրանքների մեծածավալ գնումներ՝ դրանց հետագա իրացումն ապահովելու նպատակով․

17) որակ` արտադրանքի բնութագրերի ամբողջություն, որը վերաբերում է դրա հատկությանը` բավարարելու իր նշանակությանը համապատասխանող` սահմանված կամ ենթադրվող պահանջները.

18) արտադրանքի շուկայահանում (շուկայում հասանելի դարձնելը)` գործողություն, որն ուղղված է շուկայում արտադրանքի առկայության ապահովմանը, պահպանմանը` տարածման, արտադրանքի վճարովի կամ անհատույց փոխանցման նպատակով.

19) արտադրանքի շրջանառության մեջ դնել (այդ թվում` իրացում)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում` արտադրանքը պահեստից բաց թողնելը կամ առանց պահեստավորման առաքելը) Հայաստանի Հանրապետության տարածքում.

20) համապատասխանության գնահատում` արտադրանքին, համակարգին, գործընթացին, ծառայությանը, անձին կամ մարմնին ներկայացվող սահմանված պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, համապատասխանության հավաստմամբ (սերտիֆիկացմամբ կամ հայտարարագրմամբ), հսկողությամբ, պետական գրանցմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.

21) պարենային և ոչ պարենային արտադրանքի պետական գրանցում` տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման ձև, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման հավատարմագրված և նշանակված մարմինների կողմից պետական գրանցման մասին վկայականի տրամադրման միջոցով.

22) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որը կանոնակարգվող ոլորտում համապատասխանության գնահատման գործունեություն է իրականացնում.

23) համապատասխանության հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված փաստաթուղթ, որով հայտատուն հավաստում (փաստում) է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.

24) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է (փաստում է) արտադրանքի, անձանց և կառավարման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին.

25) համապատասխանության գնահատման ընթացակարգ` համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջություն, որոնք դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց.

26) երրորդ կողմ` տվյալ արտադրանքի շահագրգիռ կողմերից (արտադրող, վաճառող, արտադրանք սպառող) որպես անկախ ճանաչված կազմակերպություն կամ անձ, որն իրականացնում է համապատասխանության գնահատում.

27) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման ապահովումը.

28) համապատասխանության գնահատման նշանակված մարմին (այսուհետ` նշանակված մարմին)` մարմին, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում.

29) կանոնակարգվող ոլորտ` տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր.

30) կանոնակարգող մարմին` պետական կառավարման մարմին, որն իրեն վերապահված գործունեության հիմնական ոլորտներում իրականացվող իրավասությունների սահմաններում պատասխանատու է ոլորտային տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ վերանայման կազմակերպման համար.

31) համակարգող մարմին` կանոնակարգող մարմին, որն իր իրավասության սահմաններում համակարգում է տեխնիկական կանոնակարգման բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

32) նշանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահում (լիազորում)՝ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան.

33) ռիսկ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում արտադրանքի բացասական ազդեցության հետևանքների ի հայտ գալու հնարավորություն և տարածման հնարավոր ծավալներ.

34) փոխկապակցված ստանդարտ` ստանդարտ, որի կատարումից բխում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության կանխավարկածը.

35) ներդաշնակեցված եվրոպական ստանդարտ` Եվրահանձնաժողովի մանդատի ներքո մշակված և եվրոպական ստանդարտացման կազմակերպության կողմից ընդունված եվրոպական ստանդարտ, որի հերթական համարը և դիրեկտիվին հղումը հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում` սահմանելով պահանջ, որի կատարումը պարտադիր չէ.

36) հավասար բարենպաստության ռեժիմ` ռեժիմ, որը գործում է ներմուծված ապրանքների համար և ոչ պակաս բարենպաստ է, քան նմանատիպ հայրենական ապրանքի համար գործող ռեժիմը.

37) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ՝ արտադրանքը կամ արտադրանքը և արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացները.

38) պետական վերահսկողություն` տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանմանը, խախտումների հայտնաբերմանը, կանխարգելմանը և վերացմանը՝ սույն օրենքի իմաստով․

39) hամապատասխանության նշան` նշան, որի զետեղմամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանք ձեռք բերողներին և սպառողներին տեղեկացվում է տվյալ արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

40) մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, պատկերների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում կամ ամրացվում կամ դրոշմվում կամ տպվում է արտադրանքի կամ դրա փաթեթվածքի, պիտակի, ներդիր թերթիկի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկագրի այլ տեսակի վրա՝ արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին սպառողին տեղեկացնելու համար.

41) հայտատու` Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ-պետությունների տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմին։ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հայտատուների շրջանակը սահմանվում է տեխնիկական կանոնակարգին համապատասխան․

42) համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտ՝ տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար գործում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր․

43) նշանակման ոլորտ՝ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն, որի իրականացման համար կատարվել է նշանակումը՝ համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահմամբ (լիազորմամբ).

44) նշանակման կասեցում՝ նշանակման ոլորտի (լրիվ կամ մասնակի) ժամանակավոր սահմանափակում․

45) նշանակման դադարեցում՝ նշանակման ամբողջ ոլորտի դադարեցում․

46) նշանակման վերականգնում՝ նշանակման կասեցման համար նախատեսված ժամանակահատվածում և անհամապատասխանությունների վերացման արդյունքում՝ նշանակման վերականգման գործընթաց․

47) նշանակման ոլորտի ընդլայնում՝ նշանակման ոլորտում համապատասխանության գնահատման գործունեության ավելացում, որի համար նախատեսվում է նշանակման նոր գործընթաց.

48) նշանակման ոլորտի կրճատում՝ նշանակման ոլորտի որոշակի մասի դադարեցման գործընթաց.

49) նշանակման ոլորտի արդիականացում՝ նշանակման փաստաթղթերի խմբագրական փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի պահանջով՝ նշանակման ոլորտում վկայակոչված իրավական ակտի նոր անվանման կամ հավատարմագրման ոլորտի արդիականացման կամ հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրում կամ համակարգող մարմնի կողմից նշանակման հաստատված ոլորտում վրիպակներն ուղղելու դեպքերում և չի նախատեսում լրացուցիչ նշանակման գործընթացի իրականացում ու նշանակման վկայականի վերաձևակերպում․

50) բողոքարկում` համապատասխանության գնահատման մարմնի դիմում՝ նշանակման կարգավիճակի վերաբերյալ համակարգող մարմնի կողմից կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ․

51) կամավոր սերտիֆիկատ՝ ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին համապատասխանության հավաստում։

Հոդված 3.

Տեխնիկական կանոնակարգման նպատակները և սկզբունքները

  1. Սույն օրենքը նպատակաուղղված է`

1) մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովմանը ․

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային, տարածաշրջանային (այդ թվում՝ միջպետական) պահանջներին.

3) միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

  1. Հայաստանի Հանրապետությունում շուկայանահված տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:
  2. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար.

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունման պատճառները կամ հանգամանքներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռնարկել առևտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ:

 

Հոդված 4.

Տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը

  1. Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

 

Հոդված 5.

 

Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերի ընդհանուր սկզբունքները

  1. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը մշակվում են առևտրում ավելորդ խոչընդոտներ չստեղծելու կամ դրանց ստեղծմանը չհանգեցնելու, ինչպես նաև մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովման սկզբունքով:
  2. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը պետք է մշակվեն միջազգային, տարածաշրջանային (այդ թվում՝ միջպետական) և եվրոպական ստանդարտների հիման վրա (բացառությամբ, երբ դրանք անարդյունավետ կամ անհամապատասխան են` հաշվի առնելով պաշտպանվածության (պաշտպանության) ոչ բավարար մակարդակը կամ պետության հիմնական կլիմայական, աշխարհագրական պայմանները, տեխնիկական խնդիրներն ու պայմանները), իսկ նշված ստանդարտների բացակայության դեպքում` ազգային ստանդարտների հիման վրա:
  3. Տեխնիկական կանոնակարգերը պետք է լինեն հստակ, ճշգրիտ և ունենան կառուցվածքային միասնականություն, իսկ պահանջները հնարավորության սահմաններում պետք է վերաբերեն ոչ թե արտադրանքի կառուցվածքին կամ նկարագրությանը, այլ բնութագրերին:
  4. 4. Արտադրանքի համապատասխանության գնահատումը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ իրականացվում է մինչև տվյալ արտադրանքի շրջանառության մեջ դնելը։

5․ Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի շուկայահանումը թույլատրվում է (պահպանվում է) արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։»։

  1. 6. Տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի նախագծերի վերաբերյալ ազգային կամ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները քննարկում է տեխնիկական կանոնակարգեր կամ համապատասխանության գնահատման ընթացակարգեր մշակող համապատասխան աշխատանքային խումբը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

Հոդված 6.

Տեխնիկական կանոնակարգերը

  1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերը, որոնցով սահմանված են արտադրանքին և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր։
  2. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է հանդիսանում օգտագործման մեջ չեղած արտադրանքը, բացառությամբ որոշակի տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերի։

3․ Տեխնիկական կանոնակարգերի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`

1) տեխնիկական կանոնակարգերը առևտրի վրա չպետք է թողնեն առավել սահմանափակող ազդեցություն, քան դա անհրաժեշտ է հետևյալ նպատակների իրականացման համար`

ա. ազգային անվտանգության ապահովում,

բ. մարդու կյանքի և առողջության, անվտանգության պահպանություն,

գ. նյութական արժեքների պահպանում,

դ. կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,

ե. շրջակա միջավայրի պահպանություն,

զ. բնական և էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործում, էներգախնայողության և էներգաարդյունավետության կիրառում,

է. արտադրանքի անվտանգությանը, որակին, բաղադրությանը, ծագմանը, նշանակությանը վերաբերող հարցերում սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների մասին նախազգուշացում.

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է`

ա. այն երկրներից ներմուծված արտադրանքի համար, որոնց հետ առկա են համապատասխան պայմանագրեր, ապահովեն ոչ պակաս բարենպաստության ռեժիմ, քան տրամադրվում է նմանատիպ հայրենական արտադրանքի համար,

բ. մշակվեն և կիրառվեն այնպես, որ չստեղծեն տեխնիկական խոչընդոտներ այն երկրների հետ առևտրում, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր,

գ. մշակվեն գիտական տվյալների հիման վրա,

դ․ պարունակեն դրանում սահմանված պահանջների կիրարկումը և տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական պահանջներին համապատասխանության կանխավարկածը ապահովող ստանդարտների ցանկ, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերում դրանց բացակայության դեպքում՝ ապահովեն ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտների ցանկի հրապարակում համակարգող մարմնի հանձնարարությամբ։ Տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք կարող են օգտագործվել ազգային, ինչպես նաև ազգային մակարդակում կիրառվող միջազգային, եվրոպական և տարածաշրջանային (այդ թվում՝ միջպետական) կամ, ըստ անհրաժեշտության, այլ պետության ազգային ստանդարտները, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան փաստաթղթերը բացակայում են կամ չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի ընդունման նպատակներին, այդ թվում՝ կլիմայական և աշխարհագրական գործոնների կամ տեխնոլոգիական ու այլ առանձնահատկությունների հետևանքով․

3) տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել`

ա. կանոնակարգվող ոլորտի սահմանում` նկարագրվում է արտադրանքը կամ արտադրանքի խումբը, որի վրա տարածվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգը, անհրաժեշտության դեպքում նաև` արտադրանք կամ արտադրանքի խումբ, որի վրա չեն տարածվում տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները,

բ. համապատասխանության գնահատման ընթացակարգերին, այդ թվում՝ համապատասխանության գնահատման ձևերին, հայտատուների շրջանակին, համապատասխանության գնահատման փաստաթղթերին վերաբերվող պահանջներ,

գ. համապատասխանության նշանի կիրառման պահանջներ, որոնք սահմանվում են գործող օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի դրույթների համաձայն,

դ. չափումների միասնականության ապահովմանը ներկայացվող պահանջներ` անհրաժեշտության դեպքում նշվում են կիրառվող չափանմուշները, չափման միջոցները, նյութերը, չափումներ իրականացնելու ձևերը` չափումների սխալանքի հետ միասին և այլն,

ե. կանոնակարգվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող պահանջներ,

զ. տեսչական մարմինների և (կամ) մաքսային հսկողություն իրականացվող մարմինների կողմից վերահսկողական/հսկողական գործառույթներին ներկայացվող պահանջներ,

է. կենսաբանական անվտանգությունն ապահովող նվազագույն անհրաժեշտ սանիտարահամաճարակային, հիգիենիկ, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, առանձին երկրներից և (կամ) վայրերից ծագած ապրանքների հանդեպ, այդ թվում` ներմուծման, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և վերամշակման սահմանափակումներ,

ը․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ պահանջներ․

5) արտադրանքի պետական գրանցման ապահովումը:

 

Հոդված 7.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման համապատասխանության գնահատման ոլորտը համակարգող (այսուհետ` համակարգող մարմին) և կանոնակարգող մարմինների (այսուհետ` կանոնակարգող մարմին) գործունեությունը.

2) հաստատում է`

ա․ տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմինը և կանոնակարգող մարմինների ցանկը,

բ. տեխնիկական կանոնակարգերը և դրանցով նախատեսված իրավական ակտերը,

գ. արտադրանքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինները գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցման գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով,

դ․ համապատասխանության գնահատման ընթացակարգերը,

ե․ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գրանցման, գրանցման մերժման, դրանց գործողության կասեցման և դադարեցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով,

զ․ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների նշանակման դեպքերը, նշանակման ընթացակարգը և չափանիշները,

է․ Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը,

ը․ Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը և դրա ներկայացման կարգը,

թ․ որակի ենթակառուցվածքի համակարգի կամ դրա առանձին ոլորտների ռազմավարությունը,

ժ․ արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության իրականացման շրջանակներում փորձանմուշի լաբորատոր փորձարկման իրականացման անհրաժեշտության դեպքերը,

ի. արտադրանքի համապատասխանության գնահատում, այդ թվում՝ պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինների նշանակման, նշանակման ոլորտի ընդլայնման, կրճատման, նշանակման ոլորտի արդիականացման, նշանակման գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման հայտարարման կարգը։

3) կնքում է համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման և տեխնիկական կանոնակարգերի համարժեքության միջազգային պայմանագրերը.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 8.

Համակարգող մարմնի լիազորությունները

  1. Համակարգող մարմինն իր իրավասության սահմաններում`

1) ապահովում է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) համակարգում է տեխնիկական կանոնակարգերի մշակման և վերանայման աշխատանքները.

3) իր իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով մշակում և վերանայում և (կամ) կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

4) ապահովում է գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկի հրապարակումը և արդիականացումը.

5) իր իրավասության շրջանակներում, որպես համակարգող կամ կանոնակարգող մարմին, օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեխնիկական կանոնակարգերի (ներառյալ անհետաձգելի) նախագծերը.

6) նշանակում է համապատասխանության գնահատման մարմիններին և օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու կամ նշանակման կասեցման համար նախատեսված ժամանակահատվածում անհամապատասխանությունները վերացնելու կամ չվերացնելու արդյունքում ընդունում է նշանակումը կասեցնելու կամ կասեցումը վերացնելու կամ դադարեցնելու որոշում, ինչի վերաբերյալ պատշաճ ծանուցում է իր պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում և «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ․

7) վարում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը.

8) հաստատում է՝

ա․ համապատասխանության գնահատման նշանակման համար սահմանված փաստաթղթերի ձևերը, համապատասխանության գնահատման մարմինների նշանակման աշխատանքային խմբերը և դրանց աշխատակարգը, համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը,

բ․ համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար համակարգող մարմին ներկայացվող հայտի ձևը,

գ․ համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի և դրան կից հավելվածների ձևերը,

դ․ համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը.

9) սահմանում է՝

ա․ համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը,

բ․ համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերի ձևերը (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն տարբերակները) և դրանց լրացման կանոնները (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն տարբերակները), եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

10) իր իրավասության շրջանակներում, ըստ անհրաժեշտության, իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում՝ ըստ անհրաժեշտության, արդյունքների մասին իրազեկելով համապատասխան տեսչական մարմնին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

11) իրականացնում է նշված ոլորտներում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9.

 

Կանոնակարգող մարմինների լիազորությունները

  1. Կանոնակարգող մարմինները`

1) իրենց իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում են տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակումը և (կամ) դրանց վերանայումը․

2) տեխնիկական կանոնակարգերի մշակման և/կամ վերանայման համար, ըստ անհրաժեշտության, ձևավորում են փորձագետներից և (կամ) ոլորտային շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային խմբեր):

Հոդված 10.

Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

  1. Տեխնիկական կանոնակարգի նախագիծ մշակող մարմինը, մշակման աշխատանքներին զուգընթաց, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հրապարակում է տեղեկատվություն` ներառյալ տեխնիկական կանոնակարգի նախագիծը (նշելով նախագծի վերաբերյալ կարծիքի ներկայացման վերջնաժամկետը)՝ ապահովելով դրան հանրային իրազեկումը, թափանցիկությունը, դրա վերաբերյալ կարծիքների ներկայացման հնարավորությունը՝:

 

Հոդված 11.

Տեխնիկական կանոնակարգի (ներառյալ՝ անհետաձգելի) նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը կամ ընդունման մերժումը

  1. Տեխնիկական կանոնակարգի նախագիծ մշակող մարմինը տեխնիկական կանոնակարգի (ներառյալ՝ անհետաձգելի) նախագիծը ներկայացնում է շահագրգիռ մարմիններին՝ համաձայնեցման:
  2. Շահագրգիռ մարմիններից կարծիքները ստանալուց և ամփոփելուց հետո տեխնիկական կանոնակարգի նախագիծ մշակող մարմինը տեխնիկական կանոնակարգի (ներառյալ՝ անհետաձգելի) լրամշակված նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ իրավական ակտի նախագծի պետական փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։

3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտի (ներառյալ՝ անհետաձգելի) նախագծի պետական փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո տեխնիկական կանոնակարգի նախագիծ մշակող մարմինը տեխնիկական կանոնակարգի (ներառյալ՝ անհետաձգելի) նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ համապատասխան որոշում կայացնելու համար:

4․ Անհամաձայնությունների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում հաստատել տվյալ տեխնիկական կանոնակարգը (ներառյալ՝ անհետաձգելի)։

  1. Կանոնակարգող մարմինների միջև էական տարաձայնությունների առկայության դեպքում ևս տեխնիկական կանոնակարգի (ներառյալ՝ անհետաձգելի) նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն էլ, անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում հաստատել տվյալ տեխնիկական կանոնակարգի նախագիծը կամ մերժել դրա հաստատումը:
  2. Տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից առնվազն 6 ամիս հետո, բացառությամբ անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 12 Գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայումը

  1. Գործող տեխնիկական կանոնակարգերը, ըստ անհրաժեշտության, վերանայվում են համակարգող մարմնի կամ կանոնակարգող մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
  2. Համակարգող մարմինը կամ կանոնակարգող մարմիններն իրենց պաշտոնական կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակում են գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու հասցեն: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:
  3. Գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը քննարկվում է համակարգող մարմնի կամ համապատասխան կանոնակարգող մարմնի կողմից ձևավորված աշխատանքային խմբի նիստում։
  4. Աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:

5․ Աշխատանքային խմբի նիստում ձևավորված նախագծի վերջնական տարբերակը ներկայացվում է տեխնիկական կանոնակարգի նախագիծ մշակող համակարգող կամ կանոնակարգող մարմնին։

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 13.

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մարմնի նշանակումը

  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխանության գնահատումը իրականացնում են նշանակված մարմինները:
  2. 2. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակման համար համակարգող մարմին է ներկայացնում համակարգող մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան հայտ, որին կցվում են համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը:

3․ Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար համակարգող մարմին ներկայացվող հայտը, իսկ նշանակվելուց հետո՝ նշանակման վկայականը և դրան կից հավելվածների ձևերը ներկայացվում են համակարգող մարմնի կողմից հաստատված ձևերին համապատասխան։

  1. 4. Նշանակված մարմինները գրանցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որը վարում է համակարգող մարմինը՝ վերջինիս կողմից սահմանված ձևին և կարգին համապատասխան:
  2. 5. Նշանակված մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի է հասարակության համար, համակարգող մարմնի կողմից հրապարակվում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում և ապահովվում է դրա արդիականացումը:

6 Վիճահարույց հարցերի ծագման դեպքում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի դիմելու համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով:

7․ Սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգերին և պահանջներին չհամապատասխանելու կամ նշանակման կասեցման համար նախատեսված ժամանակահատվածում և անհամապատասխանությունների վերացման արդյունքում համակարգող մարմինն ընդունում է նշանակումը կասեցնելու (լրիվ կամ մասնակի) կամ վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշում։

  1. 8. Համապատասխանության գնահատման նշանակման համար հայտ ներկայացրած մարմիններից պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն, որը, անկախ համակարգող մարմնի կողմից կայացված որոշման արդյունքից, ենթակա չէ վերադարձման:

 

Հոդված 14

 

 

Նշանակված մարմինների պարտականությունները

  1. Նշանակված մարմինները համապատասխանության գնահատման ծառայություն են մատուցում միայն այն տեխնիկական կանոնակարգերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխան, որոնցով սահմանված գնահատման ձևերով ու ընթացակարգերով նրանք նշանակվել են։
  2. Նշանակված մարմնի անձնակազմը պարտավոր է պահել առևտրային գաղտնիքը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

3.Նշանակված մարմինն իր գործունեության մասին կանոնավոր կերպով հաշվետվություն է ներկայացնում համակարգող մարմին` վերջինիս սահմանած ձևին համապատասխան:

  1. Նշանակված մարմինը պետք է`

1) ապահովի արտադրողների համար համապատասխանության գնահատման ընթացակարգերի և համապատասխանության նշանի ստացման հավասար իրավունքներ.

2) օպերատիվ կերպով ուսումնասիրի հետաքրքրված կողմի (հայտատուի) հարցումը, ինչպես նաև հայտարարի կամ հայտատուին տեղեկացնի փաստաթղթերի ամբողջականության և յուրաքանչյուր համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման ժամանակահատվածի մասին, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում լիարժեք ու մատչելի կերպով հայտատուին տեղեկացնի բոլոր հայտնաբերված թերությունների մասին.

3) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ավարտից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին հայտնի համապատասխանության գնահատման արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում շտկող գործողություններ ձեռնարկելու նպատակով.

4) ապահովի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման ընթացքում տեղեկատվության գաղտնիությունը.

5) ապահովի միանման արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար գանձվող վճարների միևնույն մակարդակը բոլոր արտադրողների (մատակարարների) համար` հաշվի առնելով տեղափոխման, կապի և այլ ծախսերը՝ պայմանավորված հայտատուի արտադրական տարածքի և համապատասխանության գնահատման մարմնի գտնվելու վայրով:

  1. Նշանակված մարմինները պետք է սահմանեն համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգ:
  2. Բողոքների քննարկման ընթացակարգերը պետք է նախատեսեն շտկող գործողություններ, որոնք կիրառվում են բողոքի հիմնավորվածությունն ապացուցելու դեպքում:
  3. Նշանակված մարմինը պատասխանատվություն է կրում․

1) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ համապատասխանության հայտարարագրի, որի համար պատասխանատվությունը կրում է հայտատուն․

2) համապատասխանության գնահատման նշանակման կասեցման ժամանակահատվածում կամ համակարգող մարմնի կողմից նշանակումը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո այն տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու համար, որոնցով նշանակումը կասեցված կամ դադարեցված է:

  1. Մաքսային մարմինները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են համակարգող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
  2. Նշանակված մարմինները համակարգող մարմին են ներկայացնում տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

Հոդված 15.

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչումը

  1. Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող փաստաթղթերը, որոնք տրվում են սույն օրենքի 17-րդ հոդվածում նշված պահանջների համաձայն նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, եթե դրանք ապահովում են անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին համապատասխանության նույն մակարդակը, որը նախատեսված է համապատասխանության գնահատման ազգային ընթացակարգերով, և չեն պահանջում ճանաչման հավելյալ ընթացակարգ, ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
  2. Օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչվում են դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի առկայության դեպքում։

 

Հոդված 16.

Համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկումը

  1. 1. Համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձը կարող է նշանակված մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկել՝ դիմելով համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով:
  2. Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

3․ Բողոքարկման հետ կապված ծախսերն իրականացնում է նշանակված մարմինը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից՝ հօգուտ համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում բոլոր ծախսերը փոխհատուցում է բողոք բերող (դիմող) կողմը:

  1. Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը սահմանում է համակարգող մարմինը:

 

Հոդված 17.

Համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության հայտարարագիր և պետական գրանցում

  1. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերով և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված դեպքերում և դրանցով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն ու ընթացակարգերը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով:
  3. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն են` սերտիֆիկացումը, հայտարարագրումը և պետական գրանցումը:
  4. Համապատասխանության սերտիֆիկատը, համապատասխանության հայտարարագիրը և պետական գրանցման վկայականը ունեն հավասար իրավաբանական ուժ:
  5. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայտատուի կողմից շրջանառվող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համապատասխանությունը հավաստելու նպատակով, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:
  6. Համապատասխանության հայտարարագիրը գրանցվում է այն մարմինների կողմից, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված է համապատասխանության հայտարարագիր գրանցելու իրավասություն, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
  7. Համապատասխանության սերտիֆիկատով հավաստվում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը, որը տրվում է հայտատուին նշանակված սերտիֆիկացման մարմնի կողմից, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ:

8․ Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատը չի կարող փոխարինվել ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը հավաստող կամավոր սերտիֆիկատով:

9․ Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

 

Հոդված 18.

 

Համապատասխանության նշանը

1․ Տեխնիկական կանոնակարգերի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով։

2․ Տեխնիկական կանոնակարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված համապատասխանության նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխանող և կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար:

  1. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը համապատասխանում է այդ արտադրանքի վրա տարածվող տեխնիկական կանոնակարգին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին և անցել է տեխնիկական կանոնակարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերը, շրջանառության մեջ է դրվում համապատասխանության նշանով։
  2. Տեխնիկական կանոնակարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված համապատասխանության նշանը կիրառում է տվյալ տեխնիկական կանոնակարգի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի իրականացման համար դիմած հայտատուն:
  3. Արգելվում է համապատասխանության նշանի կիրառումը, եթե.

ա․ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը չի անցել տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերը,

բ․ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի նկատմամբ համապատասխանության գնահատման գործընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ (այդ թվում՝ չնշանակված, նշանակումը կասեցված կամ դադարեցված համապատասխանության գնահատման մարմնի կողմից), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում չներառված սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով,

գ․ արտադրանքը տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չի հանդիսանում:

 

Հոդված 19.

Տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունները

  1. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են շուկայահանել հայրենական կամ օտարերկրյա ծագման այնպիսի արտադրանք, որն անվտանգ է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության համար, կանխարգելում է սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ապահովում է բնական ռեսուրսների պահպանությունը:
  2. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապահովել համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջների կատարումը՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը շուկայահանելուց առաջ:
  3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է շտրիխ կոդով, հայերեն և միջազգային պայմանագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի հայերեն և միջազգային պայմանագրերով նախատեսված լեզվով մակնշմամբ, համապատասխանության նշանով կամ համապատասխանության ազգային նշանով:

4․ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ ներկայացնել նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը (եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ արտադրանքը հանդիսանում է՝

1) արտադրանքի այնպիսի նմուշ (փորձանմուշ), որը ներմուծվում է հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար՝ հայտատուի մոտ համապատասխան տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ համապատասխանության գնահատման այդպիսի մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրությունների առկայության դեպքում, որոնցով հաստատվում է արտադրանքի՝ այդ նպատակով ներմուծված նմուշի (փորձանմուշի) անհրաժեշտ քանակը.

2) այնպիսի նմուշ (նմուշ-չափանմուշ, օրինակներ), որը ներմուծվում է գործարքով նախատեսված քանակությամբ, կշռով կամ ծավալով (հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) և օգտագործվելու է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման նպատակով.

3) այնպիսի նմուշ (օրինակներ), որը ներմուծվում է գործարքով նախատեսված քանակությամբ, կշռով կամ ծավալով (հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ այդպիսի նմուշների (օրինակների) տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) և որպես հուշանվեր կամ գովազդային նյութ օգտագործվելու է ներկայացուցչական նպատակներով.

4) պահեստամաս, որը ներմուծվում է պատրաստի արտադրանքի սպասարկման և (կամ) վերանորոգման համար, ինչպես նաև ավելի վաղ ներմուծված կամ շրջանառության մեջ դրված այնպիսի պատրաստի արտադրանքի սպասարկման և (կամ) վերանորոգման համար, որի մասով համապատասխանությունը պարտադիր պահանջներին հաստատվել է սպասարկում և (կամ) վերանորոգում պահանջող պատրաստի արտադրանքի (այդ թվում՝ լրացած գործողության ժամկետով) համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը և (կամ) այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմին ներկայացնելու պայմանով․

5) արտադրանքի արտադրման (պատրաստման) համար լրակազմող տարրեր, բաղադրիչներ, հումք և (կամ) նյութեր․

6) ապրանք, որը ներմուծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, այն միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հասցեով, որոնք պայմանագրերին համապատասխան, օգտվում են արտոնություններից և (կամ) իմունիտետներից, մաքսային մարմին հիմնավորված դիմում ներկայացվելու պայմանով.

7) մարդասիրական կամ տեխնիկական օգնություն.

8) ապրանք, որը անհրաժեշտ է տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի ու արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից մաքսային մարմին գրավոր հաստատում ներկայացնելու պայմանով.

9) արտադրանք, որն եղել է օգտագործման (շահագործման) մեջ (եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան տեխնիկական կանոնակարգով).

10) հատիկով արտադրանքի առանձին օրինակ (այսուհետ` եզակի օրինակ) կամ հատիկով արտադրանքի օրինակի՝ համատեղելի կամ մեկ նշանակություն ունեցող տարրերի ամբողջություն՝ դրանցից եզակի օրինակ պատրաստելու համար (այսուհետ՝ դետալների լրակազմ), որոնք ներմուծվում են գործարքին համապատասխան (դետալների լրակազմի ներմուծման դեպքում՝ գործարքով նախատեսված քանակով) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության պայմանով, բացառապես սեփական կարիքների համար՝ առանց այն իրացնելու, տարածելու, փոխանցելու կամ այլ եղանակներով օտարելու պայմանով։

  1. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կամ, դրանց բացակայության դեպքում, արտադրանք շուկայահանող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է՝

1) սպառողներին ապահովել արտադրանքի հետ կապված ակնհայտ և թաքնված ռիսկերի գնահատման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ և միջոցներ ձեռնարկել նման ռիսկերը կանխելու ուղղությամբ,

2) արտադրանքը հանել շրջանառությունից, եթե այն չի բավարարում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները,

3) պահպանել համապատասխանության հայտարարագիրը և (կամ) համապատասխանության սերտիֆիկատը, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը հավաստող այլ տեխնիկական փաստաթղթերը արտադրանքի շուկայահանման ողջ ընթացքում և այդ տեղեկատվությունը ներկայացնել շուկայի վերահսկողության մարմինների պահանջի դեպքում,

4) փոխհատուցել արտադրանքի և գործընթացի սպառողների վնասները, եթե ապացուցված է դրանց անհամապատասխանությունը համապատասխանության հայտարարագրում և (կամ) համապատասխանության սերտիֆիկատում նշված տեխնիկական կանոնակարգերին:

ԳԼՈՒԽ 4

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 20.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

  1. Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21.

Պետական վերահսկողության նպատակը

  1. Պետական վերահսկողության նպատակն է տեխնիկական կանոնակարգման ենթակա շուկայահանված արտադրանքի անվտանգության ապահովումը խախտումների կանխարգելման, բացահայտման ու վերացման միջոցով։

 

Հոդված 22.

Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմինը։
  2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը։
  3. Շուկայահանված արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական տեսչական մարմինը կարող է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձարկում, որի առաջացման անհրաժեշտության դեպքերը, ինչպես նաև այդ գործընթացի նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 23.

Խախտումների վերացումը

  1. Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 24.

Ֆինանսավորումը

  1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ դրանց մշակման կազմակերպումը, ինչպես նաև նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

 

 

  • Обсуждалось

    28.03.2024 - 17.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1644

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

29.03.2024

Էկոլոգյապես մաքուր առանց արգելված թունանյութերի եվրոստանդարտներին համապատասխան սնունդ արտադրելն ու արտահանելը և լիարժեք սպառումը կնպաստի գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրության աճին ներդրումը նվազեցրեք որ մարդիք տեղում արտադրանք ստեղծեն որ կախում չունեցանք Թուրքիան աշխարհին պամիդորովա սանձոմ մեր տնտեսությունն էլ ներկրումովա թուլացնում Հիշեք որ թուրքը չի մոռանում որ հայը կեղտոտ արյուն կրողնա

Узнать больше