В стадии разработки
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - За
-
8 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Սահմանադրաիրավական նշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրությունը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը վերապահել է միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, ընդ որում, նշյալ մարմինները կարող են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունել միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն, լինեն բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը և սահմանները հասկանալու համար:
ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում և չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
Նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով և զարգացնելով իր իրավական դիրքորոշումները, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արձանագրել է, որ իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ։
Որոշակիության սկզբունքն իր արտացոլումն է ստացել ոչ միայն Սահմանադրության 79-րդ հոդվածում` որպես հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակող օրենքներին ներկայացվող բովանդակային պահանջ, այլև՝ որպես օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչ, ըստ որի` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին (Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն)։
Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավական ակտ ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեսված այս կամ այն մարմնի լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:
Ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված ներկայումս առկա են գործող մի քանի իրավական ակտեր, որոնք նախատեսում են լիազորող նորմեր Կառավարության կողմից ներդրումային ծրագրերին հավանություն տալու համար:
Մասնավորապես՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով հաստատում է պետական օժանդակության և աջակցության ծրագրեր: Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ արդյունաբերության զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում է լիազոր մարմինը` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի և այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ է, որ ՊՄԳ ծրագիրը բավարարի հետևյալ բոլոր չափանիշները.
«գնահատված և ընտրված լինի որպես իրականացման ենթակա ծրագիր, հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան, և հաստատված լինի Կառավարության կողմից:»։
ՀՀ Կառավարության կողմից ներդրումային ծրագրերին հավանություն տալու մասին լիազորող նորմեր նախատեսված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ N 1343-Ն որոշմամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվարկված ոլորտներից բացի այլ ոլորտներում ևս ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որի ժամանակ լիազորող նորմի հետ կապված առաջանում են խնդիրներ, ուստի նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախատեսել Կառավարության՝ ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու համապատասխան լիազորությունը (լիազորող նորմ):
Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասում լրացնել դրույթ, որի բովանդակության համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրեր:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան՝ սահմանել Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորությունը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կամրագրվի Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու իրավունքը՝ դրանով սահմանելով ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու պարագայում իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորող նորմ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Обсуждалось
21.03.2024 - 05.04.2024
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1580
Принт