Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռևս 2005 թվականի մայիսի 19–ին և վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը.

գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի «Ազդեցության չարաշահումը» վերտառությամբ 18-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) պաշտոնատար անձին կամ որևէ այլ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի այլ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը` այդպիսի գործողություններ սկզբնապես նախաձեռնողի կամ ցանկացած ուրիշ անձի համար Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով.

բ) պաշտոնատար անձի կամ ցանկացած այլ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձամբ իր կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի ուրիշ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը՝ Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով։»:

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան իր հերթին նախատեսում է պաշտոնեական դիրքի վրա ազդեցության շահարկումը հանցակազմը: Այսպես, նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածն ամրագրում է առ այն, որ յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը ցանկացած անձի, որը հայտարարում է կամ հաստատում է, որ ինքը կարող է նշյալ կոնվենցիայի 2-րդ, 4-6-րդ և 9-11-րդ հոդվածներում նշված անձանց որոշում կայացնելու վրա աղդեցություն գործել` անկախ այն բանից` այդ անհիմն օգուտը իր, թե ուրիշի համար է, ինչպես նաև նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ այդ օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը` այդպիսի ազդեցություն գործելու նպատակով, անկախ այն բանից` այդ ազդեցությունն իրագործվել է, թե ոչ, կամ ենթադրվող ազդեցությունը հանգեցրել է արդյոք նախատեսված արդյունքին, թե ոչ:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան վավերացնելիս կատարել են վերոբերյալ վարքագծի քրեականացմանն առնչվող վերապահումներ: Այդ երկրներից են Անդորրան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան:

Հայրենական օրենսդիրը 2008 թվականի ապրիլի 30-ին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով քրեականացրել է իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը հանցակազմը: Նշյալ հանցակազմն ամրագրող 3112-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելու համար` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության նպատակով:

Խնդրո առարկա հանցակազմի առումով անհրաժեշտ է նշել, որ  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) շրջանակներում ձևավորված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցն իր 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ընդունել է «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ ներկայացված են Ստամբուլյան Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքները:

Վերոնշյալ զեկույցի թիվ 5 հանձնարարականի 2-րդ մասում, մասնավորապես, նշված է, որ անհրաժեշտ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

ՏՀԶԿ մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքում ընդունված և Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների (ԳՐԵԿՈ) խմբի կողմից 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կայացած լիագումար նիստում ընդունված «Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի՝ կոռուպցիայի քրեականացման վերաբերյալ» գնահատման զեկույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից ունի հետևյալ թերությունները.

1) հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն շահադիտական նպատակով իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար, և իրավական կարգավորման չեն ենթարկվում այլ նպատակներով իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դեպքերը.

2) հոդվածը քրեական պատասխանատվություն չի նախատեսում դիսպոզիցիայում թվարկված գործողություններն ի շահ երրորդ անձանց կատարելու համար.

3) հոդվածը չի պարունակում կարգավորումներ ենթադրյալ ազդեցության իրագործման կամ չիրագործման, այդ ազդեցության վերջնարդյունքի առկայության կամ բացակայության առումով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:

Ինչ վերաբերում է «Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի՝ կոռուպցիայի քրեականացման վերաբերյալ» գնահատման զեկույցի 3-րդ եզրահանգմանը, ապա հարկ է նշել, որ իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը ներպետական օրենսդրությամբ իրենից ներկայացնում է ձևական հանցակազմ: Այլ կերպ՝ հանցագործությունն ավարտված է համարվում ենթադրյալ հանցագործի կողմից դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթուղթ կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ դրանք պահանջելու կամ ստանոլւ խոստման կամ առաջարկն ընդունելու պահից, անկախ նրանից՝ հաջողվել է նրան նպաստել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն կամ ծառայության գծով հովանավորչությանը կամ թողտվությանը (իրական ազդեցություն), թե ոչ (ենթադրյալ ազդեցություն): Ուստի, կարելի է փաստել, որ քննարկվող հանցակազմը ձևական դիտարկելը բխում է Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականությունից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Արդյունքում՝ կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորության կատարումը:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    24.01.2017 - 08.02.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11518

Принт