Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները:

Համաձայն Օրենքի գործող կարգավորումների` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողներին հատուցման գումարները վճարվում են զինծառայողի համար սահմանված հաշմանդամության խմբին կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան: Ըստ այդմ, հաշմանդամության խմբի կամ սահմանափակման աստիճանի յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերահաշվարկվում են նաև հատուցման գումարները:

Իսկ եթե հիմնադրամի շահառուն ճանաչվում է 3-րդ խմբի կամ  ֆունկցիոնալության միջին կամ թեթև աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ապա հատուցման գումարների վճարումը դադարեցվում է, իսկ զինծառայողը սկսում է պետական բյուջեից ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:

Միաժամանակ, այս դեպքում, հիմնադրամը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շարունակում է զինծառայողին վճարել դրամական աջակցություն՝

1) սպայական կազմի զինծառայողին՝ ամսական 75 000 դրամի չափով.

2) պայմանագրային և զորահավաքային կազմերի շարքային զինծառայողին և կամավորականին` ամսական 50 000 դրամի չափով.

3) պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին՝ ամսական 25 000 դրամի չափով:

Վերը նշվածը մի կողմից դժվարացնում է համապատասխան վարչարարության իրականացումը, իսկ մյուս կողմից` առաջացնում է շահառուների դժգոհությունը, ինչը անհրաժեշտ է դարձնում խնդրի կարգավորման նպատակով Օրենքում փոփոխություններ կատարելը։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և սահմանել, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում են վճարվել նախկին չափով` մինչև 20-ամյա ժամկետը լրանալը:

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը:

Հստակեցվում է նաև, որ հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաև հիմնադրամի նախկին շահառուների համար:

Լուծումներ են առաջարկվում նաև անցումային շրջանի խնդիրներին` սահմանելով, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից վճարվող դրամական աջակցությունը և նրանք համարվում են Հիմնադրամի շահառու, հստակեցվում է նախորդ ժամանակահատվածի համար չվճարված ամսական հավասար վճարների վճարման կարգը: Ըստ այդ կարգի՝ չվճարված ամսական հավասար վճարների գումարները վճարվում են օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում և հաշվարկվում է վճարման ենթակա ամսական հավասար վճարների հանրագումարը նվազեցնելով դրամական աջակցության փաստացի վճարված գումարների, պետական բյուջեից վճարված գումարների (կենսաթոշակի և պարգևավճարի) հանրագումարով։

Հարկ է նկատի ունենալ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը սահմանող 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք չունենալը (շահառու չհանդիսանալը) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայման է։ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում։

Նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են պարգևավճարների համար՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման 2-րդ կետով, հավելվածի 22-րդ կետի 4-րդ ենթակետով։

Ըստ այդմ, նախագիծն ընդունվելու դեպքում 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող և Հիմնադրամի կողմից դրամական ստացող աջակցություն զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը։

Բացի այդ, Պաշտպանության նախարարության առաջարկով Օրենքից հանվում է հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը։Նախագիծը մշակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մասնագետների աջակցությամբ։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվի հատուցման գումարների վճարման պայմաններն ու կարգը` ապահովելով շահառուների իրավունքների իրականացումը և կարգավորումների իրավական որոշակիությունը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ կետից՝ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և  լինելու է զինծառայողների և  նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և  սոցիալական ապահովման երաշխիքները:

 

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը կնվազեն՝ ի հաշիվ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող զինծառայողների՝ հիմնադրամի շահառու հանդիսանալու հիմքով կենսաթոշակ և պարգևավճար  ստանալու իրավունքը դադարեցնելու։

Հաշվարկները հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան տվյալների առկայությամբ։

  • Обсуждалось

    04.03.2024 - 19.03.2024

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1504

Принт