ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝
1) «եկամուտների» բառից հետո լրացնել «և սույն կետով սահմանված դեպքի։» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հաշվետու տարվա ընթացքում ստացված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2020-2023 թվականների հաշվետու տարիների համար։
2. Սույն օրենքը կիրառվում է, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտները հարկվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Սույն օրենքը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։
4. Սույն օրենքը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից: