Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Ներկայիս խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:

Այսինքն՝ օրենսդիրը, գործերի առավել արագ և արդյունավետ լուծումն ապահովելու հրամայականից ելնելով, նախատեսել է հնարավորություն միացնելու մի քանի միատեսակ գործեր` պայմանով, որ դրանք պետք է լինեն մեկ դատավորի վարույթում: Հետևաբար՝ միմյանց հետ փոխկապակցված, սակայն տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը միացնելու օրենսդրական հնարավորությունը բացակայում է:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) կարգավորումների համաձայն՝ եթե միմյանց հետ փոխկապակցված անձանց (այդ թվում՝ միևնույն ընտանիքի անդամների) վերաբերյալ առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեկից ավելի վարույթներ, դրանցից յուրաքանչյուրով ՀՀ հակակոռուպցիոն դատարան են ներկայացվում առանձին հայցադիմումներ: Հայցադիմումները մակագրման ավտոմատացված համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին՝ առանց հաշվի առնելու դրանց միջև առկա փոխադարձ կապը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների առանձնահատկությամբ պայմանավորված.

  • գործերը քննվում են բացառապես ՀՀ հակակոռուպցիոն դատարանում,
  • գործերը միշտ միատեսակ են՝ իրենցից ներկայացնում են հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջներ,
  • որպես հայցվոր միշտ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, այսինքն, նշված գործերով հայցվորը միշտ համընկնում է,
  • հետազոտման ենթակա փաստերի ծավալը տասնյակ կամ հարյուրավոր անգամ գերազանցում է այլ քաղաքացիական գործերով հետազոտման ենթակա փաստերի ծավալին,
  • տարբեր վարույթներում որպես պատասխանող հանդես եկող անձանց միջև հաճախ առկա է Օրենքի իմաստով փոխկապակցվածություն կամ այլ փոխադարձ կապ (օրինակ՝ ենթակայություն, արտամուսնական կապ և այլն),
  • տարբեր վարույթներով հետազոտման ենթակա փաստերը կարող են մեծապես (որոշ դեպքերում նաև ամբողջապես) նույնանալ կամ փոխադարձաբար իրար լրացնել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործող կարգավորումների պայմաններում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մեկից ավելի դատավորներ պետք է իրարից անկախ հետազոտեն միևնույն կամ իրար հետ փոխկապակցված փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները և դրանց կապակցությամբ տան իրավական գնահատականներ:

Նշվածը խնդրահարույց է ինչպես դատավարության շրջանակներում ռեսուրսների օգտագործման արդյունավետության, այնպես էլ նույն դատարանի (ՀՀ հակակոռուպցիոն դատարան) տարբեր դատավորների կողմից միևնույն փաստերի կապակցությամբ տարբեր (որոշ դեպքերում նաև իրարամերժ) գնահատականներ տալու անթույլատրելիության տեսանկյունից:

Այսպես, ներկայիս կարգավորումների պայմաններում միմյանց հետ փոխկապակցված վարույթների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, որպես հայցվոր, և պատասխանողները (նաև երրորդ անձինք) ստիպված են յուրաքանչյուր վարույթով ներկայացնել և հիմնավորել միևնույն փաստական հանգամանքները (կամ միջնորդությունները), իսկ դատավորները՝ քննարկել և հետազոտել դրանք: Այսինքն` միմյանց հետ փոխկապակցված վարույթների շրջանակներում և՛ դատավարության կողմերը, և՛ դատարանը ծախսում են կրկնակի ռեսուրսներ՝ առաջին հերթին՝ ժամանակ, ինչն արդյունավետության տեսանկյունից արդարացված չէ, նաև չի բխում արդարադատության շահերից:

Ինչ վերաբերում է նույն դատարանի (տարբեր դատավորների) կողմից միևնույն փաստերի կապակցությամբ տարբեր գնահատականներ տալուն, ապա նման իրավիճակների առաջ գալու հնարավորությանն ինքնին խնդրահարույց է դատական ակտերի հեղինակության և հետագա բողոքարկման տեսանկյունից: Այդպիսի իրավիճակների առաջ գալն օբյեկտիվորեն հավանական է բոլոր փոխկապակցված վարույթներով, քանի որ դժվար է պատկերացնել, որ հազարավոր փաստական հանգամանքներից յուրաքանչյուրին տարբեր դատավորներ կարող են տալ համանման (կամ առնվազն միմյանց չհակասող) իրավական գնահատականներ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեկից ավելի վարույթների առանձին քննությունը նպատակահարմար չէ դրանց միջև այնպիսի փոխկապակցվածության պայմաններում, երբ, օրինակ, տարբեր վարույթներով փաստական հանգամանքները և ապացույցները մեծամասամբ նույնանում են: Այդպիսի իրավիճակներ կարող են առկա լինել միևնույն ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վերաբերյալ վարույթներով՝ հատկապես, երբ տվյալ անձինք վարել են համատեղ տնտեսություն:

Որպես առանձին օրինակ՝ կարելի է դիտարկել նաև այն իրավիճակը, երբ միևնույն գույքն Օրենքի իմաստով պատկանում է մեկից ավելի անձանց՝ մեկին որպես իրական շահառու, մյուսին որպես տիտղոսային սեփականատեր, և նշված երկու անձանց պատկանող գույքերի առնչությամբ առկա են առանձին վարույթներ: Այսպես, հնարավոր է առաջին ուսումնասիրվող անձին (օրինակ՝ պաշտոնատար անձի վարորդ) պատկանող (որպես տիտղոսային սեփականատեր) կոնկրետ գույքի իրական շահառուն Օրենքի իմաստով հանդիսանա մեկ այլ ուսումնասիրվող անձ (օրինակ՝ պաշտոնատար անձ), և տվյալ գույքի ձեռքբերումը չհիմնավորվի ո՛չ առաջինի և ո՛չ էլ երկրորդի օրինական եկամուտներով, ինչը հիմք է դրա բռնագանձման համար՝ ինչպես գույքի տիտղոսային սեփականատիրոջից, այնպես էլ դրա իրական շահառուից: Նման իրավիճակներում կարող է միևնույն գույքի բռնագանձման պահանջ ներկայացվել միաժամանակ երկու անձանց դեմ՝ տարբեր հայցադիմումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր վարույթները միատեսակ են և բոլոր դեպքերում գործին մասնակցող անձինք առնվազն մասնակի համընկնում են՝ (հայցվորը միշտ ՀՀ գլխավոր դատախազությունն է) նախագծով առաջարկվում է որպես տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու չափանիշներ սահմանել վարույթների միջև փոխադարձ կապը և դրանց համատեղ քննության նպատակահարմարությունը՝ գործերի առավել արագ և արդյունավետ լուծման տեսանկյունից:

Նախատեսվում է, որ մի քանի գործերը մեկ վարույթում միացնելու հարցը պետք է քննարկվի կողմի միջնորդության հիման վրա, որով պետք է հիմնավորվի ինչպես այլ փոխկապակցված վարույթի (վարույթների) առկայությունը, այնպես էլ դրանց համատեղ քննության նպատակահարմարությունը: Հաշվի առնելով կողմերի հավասարության սկզբունքը՝ նախատեսվում է նման միջնորդություն ներկայացնելու իրավունք ընձեռել ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմին: Միջնորդությունը պետք է ներկայացվի այն գործով, որով հայցադիմումն ավելի վաղ է ընդունվել վարույթ:

Նախագծով առաջարկվում է, որ ներկայացված միջնորդությունը քննվի դատական նիստում, որպեսզի ապահովվի կողմերի լսված լինելու իրավունքը, ինչը ևս մեկ լրացուցիչ երաշխիք կհանդիսանա կողմերի հավասարության սկզբունքի ապահովման համար:

Միջնորդության քննարկման արդյունքում դատավորը գնահատում է մեկից ավելի վարույթների համատեղ քննության հիմքերի առկայությունն ու նպատակահարմարությունը և բավարարում է միջնորդությունը՝ թույլատրելով մեկ վարույթում միացնել տարբեր դատավորների վարույթներում գտնվող մեկից ավելի գործերը կամ մերժում է այն:

Միջնորդության քննարկման և որոշման կայացման համար նախագծով նախատեսվել է սահմանել մեկամսյա ժամանակահատված (ստանալու պահից), ինչը, գտնում ենք, ողջամիտ ժամկետ է՝ հաշվի առնելով մի կողմից հարցի հրատապությունը, մյուս կողմից քննարկման ենթակա հանգամանքների ծավալը, քանի որ մեկից ավելի գործերի փոխկապակցվածության և դրանց համատեղ քննության նպատակահարմարության հարցերով դիրքորոշման հանգելու համար դատարանն առնվազն պետք է ծանոթանա նաև իր վարույթում չգտնվող գործով հայցադիմումին և դրանում ներկայացված փաստական հանգամանքներին:

Առաջնորդվելով դատարանների անկախության սկզբունքով՝ նախագծով նախատեսվում է մեկ վարույթում միացնել միայն այն դատավորների վարույթներում գտնվող գործերը, ովքեր կթույլատրեն իրենց վարույթում գտնվող գործի միացումը այլ դատավորի վարույթում գտնվող գործին: Ուստի նախատեսվում է, որ ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին որոշումն ուղարկվում է մյուս դատավորներին, ովքեր ևս պետք է դիրքորոշում արտահայտեն (կայացնեն համապատասխան որոշում) գործերը մեկ վարույթում միացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Այսինքն, երկու վարույթներ կարող են միացվել, եթե առավել վաղ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունած դատավորը կայացրել է գործերը մեկ վարույթում միացնելու թույլատրելու մասին միջնորդությունը բավարարելու մասին որոշում և տվյալ որոշումը ստանալուց հետո միացվող գործը քննող մյուս դատավորը ևս կայացրել է համանման որոշում:

Նախագծով առաջարկվում է, որ գործերը միացվեն այն վարույթում, որն առավել վաղ է ընդունվել: Նախագծի մշակման փուլում քննարկվել է նաև գործերն ավելի մեծ հայցագին ունեցող վարույթում միացնելու հնարավորությունը, ինչը, սակայն գործնականում կարող էր խնդրահարույց լինել: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ոչ միայն դրամական միջոցներ, այլև շարժական և անշարժ գույքեր, ինչպես նաև իրավաբանական անձանց մասնակցություններ, որոնց շուկայական արժեքները միշտ չէ, որ կարող է պարզված լինել (որոշ դեպքերում կարող է նաև անհնար լինել): Այսինքն, շատ դեպքերում գործնականում անհնար է պարզել առավել մեծ հայցագին ունեցող վարույթը: Հաշվի առնելով նշվածը՝ ընտրվել է այնպիսի օբյեկտիվ չափանիշ, որը բացառում է հայեցողական մոտեցումը:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կարող է թույլատրել մեկ վարույթում միացնելու տարբեր վարույթներում քննվող մի քանի գործեր, եթե նման միջնորդություն ներկայացնող կողմը հիմնավորում է, որ դրանց միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը: Գործերը միացվում են հայցադիմումը ներկայացնելու պահին առավել մեծ հայցագին ունեցող վարույթում:

Այսինքն՝ առաջարկվում է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանին կընձեռվի հնարավորություն միավորելու տարբեր դատավորների վարույթներում գտնվող և միմյանց հետ փոխկապակցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը:

Նախագծով առաջարկվում է վարույթները միավորելու օբյեկտիվ չափանիշ՝ այն է՝ գործերը միացվում են այն վարույթում, որը վարույթ է ընդունվել ավելի վաղ: Նշված կարգավորման արդյունքում՝ կբացառվի համապատասխան գործերը որևէ դատավորի վարույթում միացնելու կամայական ընտրությունը և հետևաբար՝ լայն հայեցողություն դրսևորելու հնարավորությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված վարույթները միավորելու եղանակով գործերի առավել արդյունավետ քննության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը և արդյունավետ լուծմանը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված չէ ռազմավարական որևէ փաստաթղթի հետ:

 

  • Обсуждалось

    26.01.2024 - 10.02.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1996

Принт

Предложения

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

03.02.2024

Քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով քննվող գործերով նույնպես անհրաժեշտ է սահմանել նման իրավունք: Չկա տրամաբանություն առանձնացնել ապօրինի գույքի բռնագանձման վարույթը:

Hayk Hwvsepyan

26.01.2024

Լրացնել դատախազի բողոքարկման իրավունքը հոդվածով։

Узнать больше