Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեն մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։
Պետական կառավարման մարմինների տեխնիկական հագեցվածության մակարդակները էականորեն տարբերվում են, ինչը խոչընդոտում է ընդհանուր կառավարման համակարգի հավասարաչափ և արդյունավետ զարգացմանը։ Սա իր հերթին թույլ չի տալիս երկրի մակարդակով լուծել թվայնացման հետ կապված խնդիրները։
Պետական կառավարման մարմիններում լրջագույն խնդիր է տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում որակյալ կադրերի ներգրավման գրեթե անհնարինությունը և առկա կադրերի արտահոսքը, ինչը նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնավոր հատվածի աշխատաշուկայի համեմատությամբ վարձատրության անհամեմատ ցածր մակարդակի հետևանքն է։ Ինստիտուցիոնալ կարողությունների ներկայիս վիճակը խոչընդոտ է վերը շարադրված մարտահրավերները հաջողությամբ լուծելու հարցում, որպես խնդրի լավագույն լուծում առաջարկվում է ստեղծել, հավաքագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ թիմ, որն ունակ կլինի իրականացնելու այդ առաքելությունը:
Որոշ դեպքերում պետական կառարավարման կողմից իրականացվող գործառույթները զուգակցվում են՝ հավաքագրվում և մշակվում են նույն տեղեկությունները, կատարվում են նույն տեսակի վերլուծություններ, կազմվում են նույնատիպ հաշվետվություններ։ Սրա հետևանքով վատնվում են ինչպես մարդկային և ժամանակային, այնպես էլ ֆինանսային ռեսուրսներ։
Վերը նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն): Սա հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։
Կազմակերպության գործունեության նպատակն է լինելու պետական կառավարման համակարգի մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների հասանելիության ընդլայնումը և դյուրացումը:
Կազմակերպության ստեղծման առաջին քայլ կարող է լինել պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության շրջանակներում նախատեսվող Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդնում (ԿՖԿՏՀ/GFMIS): Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված ԿՖԿՏՀ կոչված է ապահովելու պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը:
Հավելենք, որ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության որոշակի գործառույթների համընկնումը և կրկնությունը՝ Կազմակերպության ստեղծումը հնարավորություն կընձեռի կրճատել մարդկային ռեսուրսի գործադրումը, ինչպես նաև սարքավորումների քանակը։
Այդ նպատակով հնարավոր տարբերակ է դիտարկվում դադարեցնելու Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունները և վերջիններիս հենքի վրա ստեղծել վերը նշված Կազմակերպությունը:
Նախատեսվում է Կազմակերպությանը հնարավորություն է տալ իրականացնել իր կանոնադրությամբ սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման՝ մշակման, ներդրման և սպասարկման հետ կապված աշխատանքների և ծառայությունների վճարովի իրացում (մատուցում):
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ներգրավել ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված նեղ մասնագիտացում պահանջող պրոֆեսիոնալների, ինչը հնարավորություն կտա ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պետական եկամուտներին հաղթահարելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
««Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշում «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 5.5-րդ կետով, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կշարունակի կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը: