«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) և հարակից օրենսդրության առանձին կարգավորումներ կամ ինստիտուտներ տնտեսական հարաբերությունների և մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, շուկայի արդի պահանջներին համապատասխանեցնելու հրամայականով: Մասնավորապես, Օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ պարտավորությունների կատարման ապահովման իրավական կարգավորումները և դրանցում համապատասխան փոփոխությունների կատարումը կարիք ունեն ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության՝ վերանայման։ Ընդ որում, նշվածի հաշվառմամբ հատկապես կարևորվում է 2014 թվականին ներդրված ապահովված իրավունքի ինստիտուտի վերանայումը, մասնավորապես, դրա և գրավի ինստիտուտների հարաբերակցության տեսանկյունից, ինչը, ինքնին, ազդում է ապահովված իրավունքի կիրառման արդյունավետության վրա, և բնականաբար իրավական միջազգային զարգացումների համատեքստում տեղի ունեցած փոփոխությունների լույսի ներքո:
Օրենսգրքի 15-րդ գլուխը կարգավորում է գրավի ինստիտուտին վերաբերող հարաբերությունները: Մասնավորապես, Օրենսգրքի 226-րդ հոդվածով տրվում է գրավի իրավունքի հասկացությունը, որի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Համաձայն նույն հոդվածի՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
Օրենսգրքի 230-րդ հոդվածով տրվում է գրավի առարկայի հասկացությունը, համաձայն որի գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: Միաժամանակ, նույն հոդվածի համաձայն, այն գույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման (անբաժանելի գույք), չի կարող գրավ դրվել մաս առ մաս: Նույն հոդվածով սահմանվում են նաև այն դեպքերը, երբ գրավը չի թույալտրվում, մասնավորապես դրանք են՝ առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը և գույքի առանձին տեսակների գրավը, որոնց վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում և կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով:
Մինչ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 17-ին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-264-Ն օրենքի ընդունումը, Օրենսգրքի 15-րդ գլխի կանոնները կիրառելի էին անշարժ և շարժական գույքի (այդ թվում` գույքային իրավունքների) բոլոր տեսակների նկատմամբ: 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կատարված լրացումների արդյունքում Օրենսգիրքը լրացվեց նոր՝ «Ապահովված իրավունք» գլխով, որի 225.1-ին հոդվածի 1-ին մասով տրվում է ապահովված իրավունքի հասկացությունը, համաձայն որի՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, թե գույքի որ տեսակի նկատմամբ կիրառելի չեն ապահովված իրավունքին վերաբերող կարգավորումները, իսկ 3-4-րդ մասերով սահմանվում է ապահովված իրավունքի առարկան, ըստ որի՝ ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: Միաժամանակ նախատեսվում է, որ ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի։
Այսպես, համաձայն Օրենսգրքի 225.1-ին հոդվածի 2-րդ մասի` անշարժ գույքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենսգրքի 15-րդ («Գրավի իրավունք») գլխով: Այսինքն, ստացվում է, որ 2014 թվականի դեկտեմբերին Օրենսգրքում կատարված լրացումների արդյունքում նախատեսվել էր հստակ սահմանազատում անշարժ և շարժական գույքերի ապահովման կառուցակարգերի միջև: Կատարված լրացումներին զուգահեռ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է նաև «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքը, որը ուղղված էր կարգավորելու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները։ Մասնավորապես, այս օրենքը սահմանում է շարժական գույքի գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պայմաններն ու կարգը:
Հարկ է նկատել, որ վերը քննարկված օրենսդրական փոփոխությունները հիմնավորվել են հետևյալ փաստարկներով.
1) տվյալ պահին առկա իրավական դաշտը չի ապահովել վարկատուների վստահությունը և կանխատեսելիությունը, որոնք հարկավոր են փոքր և միջին ձեռնարկատիրություններին տրամադրվող վարկերի մեծացման ու խրախուսման համար,
2) ընթացիկ իրավական համակարգը չի տրամադրել վստահելի կենտրոնացված ռեգիստրի համակարգ գրավի իրավունքը գրանցելու համար: Արդյունքում պարզ է դարձել, որ հայաստանյան ներդրողները ավելի քիչ են հակված գրավով ապահովված վարկեր տրամադրելուն,
3) պարտավորությունների կատարման ապահովման (գրավին վերաբերող) հիմնական դրույթները գտնվում են Օրենսգրքի 15-րդ գլխում՝ Գրավի իրավունք (հոդվածներ 226-259), սակայն շարժական գույքի հանդեպ պարտավորությունների կատարման վերաբերյալ հավելյալ դրույթները ցրված են օրենսդրական դաշտում: Միաժամանակ, շարժական գույքի տեսակների, ինչպիսիք են արժեթղթերը, մտավոր սեփականությունը և այլնին վերաբերող գրավի հետ կապված դրույթները կարելի է գտնել տարբեր օրենքներում,
4) շարժական գույքի գրանցումը կարգավորվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, ըստ որի, իրավունքները գրանցվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Միաժամանակ, եղել են յոթ այլ ռեգիստրներ, որոնց նպատակն է գրանցել այլ հատուկ տեսակների գույքային իրավունքները: Այս ռեգիստրներից յուրաքանչյուրը գործել և գործում է անձնական կարգի համաձայն, շատ դեպքերում առանց հանրային մատչելիության և թափանցիկության:
Ըստ այդմ, նշված հիմնավորումներից կարելի է հետևություն անել, որ փոփոխությունների կատարման հիմնական խնդիրը եղել է շարժական գույքի գրավի գրանցման միասնական թափանցիկ ռեգիստրի բացակայությունը:
2016 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման արդյունքում Օրենսգրքի 225.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվեց նոր խմբագրությամբ: Մասնավորապես, փոփոխության արդյունքում սահմանվեց, որ Օրենսգրքի 14.1-ին գլխի կանոնները կիրառելի չեն ինչպես անշարժ գույքի, այնպես էլ տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունների նկատմամբ:
Խնդրի քննարկման տեսանկյունից հետաքրքրական է միջազգային և օտարերկրյա փորձի ուսումնասիրությունը.
1) Լատվիայի Հանրապետությունում գրավի իրավունքին վերաբերող հարաբերություննեը կարգավորվում են Լատվիայի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, համաձայն որի՝ շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքը կոչվում է տիրապետման գրավ (գրավական), եթե գույքը որպես գրավ հանձնելիս դրա տիրապետումը անցնում է պարտատիրոջը: Անշարժ գույքի գրավադրումն առանց սեփականության իրավունքի փոխանցման կոչվում է հիփոթեք: Միաժամանակ սահմանվում է, որ գրավի իրավունքի առարկա կարող է լինել այն ամբողջ գույքը, որի օտարումը հատուկ արգելված չէ, այդ թվում՝ գրավի առարկա կարող է լինել ոչ միայն արդեն գոյություն ունեցող, այլև ապագայում ստեղծվելիք, ինչպես նաև նյութական (շարժական կամ անշարժ), և ոչ նյութական գույքը:
Միաժամանակ սահմանվում է, որ գրավի իրավունքի առարկա կարող է լինել այն ամբողջ գույքը, որի օտարումը հատուկ արգելված չէ, այդ թվում՝ գրավի առարկա կարող է լինել ոչ միայն արդեն գոյություն ունեցող, այլև ապագայում ստեղծվելիք, ինչպես նաև նյութական (շարժական կամ անշարժ), և ոչ նյութական գույքը:
2) Վրաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 6-րդ գլուխը վերնագրված է «Սեփականությունը որպես պարտավորության ապահովման միջոց», որի 1-ին ենթագլուխը կարգավորում է շարժական գույքի և ոչ նյութական սեփականության, իսկ 2-րդ ենթագլուխը՝ անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքին վերաբերող հարաբերությունները: Մասնավորապես, Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ պարտապանի կամ երրորդ անձի շարժական գույքը և (կամ) ոչ նյութական սեփականությունը, որը կարող է փոխանցվել այլ անձի, կարող է օգտագործվել որպես դրամական կամ ոչ դրամական պահանջի ապահովում այնպես, որ պարտատերը (գրավառուն) իրավունք ձեռք բերի բավարարել պահանջը գրավ դրված գույքի (գրավի առարկայի) իրացման միջոցով կամ կողմերի համաձայնությամբ' պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այն որպես սեփականություն ստանալու միջոցով: Նույն օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանվում են շարժական գրավի տեսակները՝ տիրապետվող գրավը կամ գրանցված գրավը:
3) Ղազախստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն գրավը հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից մեկը և գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, ներառյալ իրերը և գույքային իրավունքները (պահանջները), բացառությամբ շրջանառությունից հանված իրերի, պարտատիրոջ անձի հետ անքակտելիորեն կապված պահանջների, մասնավորապես՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: Գրավի իրավունքը կարող է պայմանագրով տարածվել այն գույքի նկատմամբ, որը հետագայում կդառնա գրավատուի սեփականությունը կամ կանցնի նրա տնտեսական կառավարմանը:
Ղազախստանի քաղաքացիական օրենսգրքով սահմանվում են գրավի տեսակները, մասնավորապես դրանք են՝ հիփոթեքը, գրավականը, իրավունքները, բանկային ավանդը, արժեթղթերը, դրամական միջոցը: Այսպես, Ղազախստանի օրենսդրությամբ նույնպես առանձված չեն ապահովված իրավունքին վերաբերող առանձին դրույթները և ցանկացած պարտավորության կատարման ապահովման դեպքում, անկախ գույքի շարժական կամ անշարժ լինելուց կիրառելի են Ղախաստանի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված գրավի իրավունքին վերաբերող իրավակարգավորումները: Բացառություն են կազմում միայն արժեթղթերի գրավադրմանը վերաբերող կարգավորումները, որոնք, համաձայն նույն օրենսգրքի, իրականացվում են արժեթղթերի շուկայի մասին օրենսդրությանը համապատասխան:
4) Մոլդովայի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը հնարավորինս մանրամասն է կարգավորում գրավին վերաբերող հարաբերությունները, այդ թվում՝ անշարժ և շարժական գույքի գրավի իրավունքին վերաբերող հարաբերությունների առանձնահատկությունները: Մոլդովայի քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, նյութական կամ ոչ նյութական, ներկա կամ ապագա, անհատապես կամ տեսականիշով որոշվող, կամ գույքային ամբողջություն, բացառությամբ քաղաքացիական շրջանառությունից հանված գույքի, անօտարելի գույքի և գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում: Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույքային իրավունք, ներառյալ գրավատուի պահանջի իրավունքը գրավառուի նկատմամբ, ինչպես նաև՝ ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների նկատմամբ իրավունքը: Գրավի իրավունքը տարածվում է գրավադրված իրի պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Միաժամանակ սահմանվում է, որ Մոլդովայի Հանրապետության բանկերի բաժնետոմսերի էական մասը կարող է գրավի առարկա լինել միայն Մոլդովայի Ազգային բանկի նախնական համաձայնության առկայության դեպքում: Իսկ այն իրերը, որոնք, ըստ օրենքի, չեն կարող առանձին-առանձին օտարվել, չեն կարող առանձին ծանրաբեռնվել գրավով: Գրավի առարկա չի կարող լինել գույքի անբաժանելի մասը։
Նույն օրենսգրքով սահմանվում են գրավի տեսակները, ըստ որի՝ գրավը սահմանվում է շարժական կամ անշարժ գույքի կամ շարժական գույքի ամբողջության նկատմամբ: Շարժական գույքի գրավով ծանրաբեռնվածությունն իրականացվում է այդ գույքի տիրապետումից զրկելով կամ առանց դրա: Շարժական գույքի գրավն այդ գույքի տիրապետումից զրկելով կոչվում է գրավական:
5) Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն շարժական գույքի գրավը և հիփոթեքը հանդիսանում են պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ, իսկ նույն օրենսգրքի մեկ այլ սահմանվում է շարժական գույքի գրավի առարկան, ըստ որի՝ պահանջի ապահովման համար շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ պարտատերն իրավունք ունենա պահանջելու գույքից (գրավի առարկայից) բավարարում: Օրենսգրքի կարգավորումներից բխում է նաև, որ գրավի առարկա կարող են լինել նաև իրավունքները: Ինչ վերաբերում է անշարժ գույքի գրավին, ապա Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգմանը, որ հիփոթեքի առարկա կարող են լինել Գերմանիայի տարածքում գտնվող հողամասերը, կամ Գերմանիայի տարածքում գտնվող հողամասերի համար տրվող հողային կամ անուիտետային վճարները:
6) Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն գրավը պարտավորությունների ապահովման եղանակներից մեկն է: Օրենսգրքի համաձայն գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունքները, բացառությամբ այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում տարածել չի թույլատրվում, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
7) Լիտվայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գրավի առարկա կարող են լինել միայն շարժական գույքը և իրական իրավունքները, մասնավորապես՝ գրավի առարկա կարող է լինել շարժական գույքը և իրական իրավունքները։ Միաժամանակ, գրավի առարկա չեն կարող լինել այն իրերը, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարող լինել բռանգանձման առարկա, ինչպես նաև անշարժ գույքի հետ միասին սահմանված կարգով գրավ դրված շարժական իրերը։ Իսկ հիփոթեքի առարկա կարող է լինել պետական գրանցամատյանում գրանցված և հրապարակային հարկադիր աճուրդի ներկայացվող քաղաքացիական շրջանառությունից չհանված անհատականացված անշարժ գույքը:
8) Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն` գրավը հադիսանում է պարտավորություններ կատարման ապահովման եղանակներից մեկը, մասնավորապես օրենսգրքով սահմանվում է, որ գրավի ուժով պարտատերը (գրավառուն) իրավունք ունի պարտապանի (գրավատուի) կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում գրավ դրված գույքի հաշվին փոխատուցում ստանալու, նախապատվություն ունենալով այդ պարտապանի այլ պարտատերերի առջև, եթե օրենքով այլ բան սահմանված չէ (գրավի իրավունք): Որպես գրավի առանձին տեսակներ նախատեսվում են.
ա) հիփոթեքը, որը գրավատուի կամ երրորդ անձի մոտ մնացած անշարժ գույքի, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի, ապագա անշարժ գույքի գրավն է: Անավարտ շինարարության բաժանելի օբյեկտը կարող է գրավադրվել միայն օրենքով սահմանված դեպքերում:
բ) գրավականը, որը շարժական գույքի գրավն է, որը փոխանցվում է գրավառուի տնօրինությանը կամ նրա պահանջով երրորդ անձի տնօրինությանը:
Ուկրաինայի քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է նաև, թե ինչը կարող է լինել գրավի առարկա, մասնավորապես՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք (մասնավորապես՝ իր, արժեթղթեր, գույքային իրավունքներ), որը կարող է օտարվել գրավատուի կողմից, և որը կարող է բռնագանձվել, ինչպես նաև այն գույքը, որը գրավատուն ձեռք կբերի և (կամ) կարող է ձեռք բերել գրավն առաջանալուց հետո (ապագա բերք և այլն):
9) Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրի իրավուքի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ապահովված գործարքների մասին» մոդելային օրենքը (այսուհետ՝ մոդելային օրենք) ուղղված է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական շարժական գույքի նկատմամբ իրավունքների ապահովման կառուցակարգերի նախատեսմանը: Մոդելային օրենքի նպատակն է լուծելու ամբողջ աշխարհում ապահովված իրավունքով գործարքների մասին օրենսդրության հիմնական խնդիրները:
Մոդելային օրենքի գործունեության շրջանակը սահմանվում է դրա 1-ին հոդվածով, մասնավորապես՝ հոդվածի 1-ին մասի համաձայն մոդելային օրենքը տարածվում է շարժական գույքի ապահովման գործընթացի վրա, որից որպես բացառություն սահմանված են անկախ երաշխիքով կամ ակրեդիտիվով վճարումներ պահանջելու կամ դրանցից եկամուտներ ստանալու իրավունքների ապահովումը, մտավոր սեփականության վրա այնքանով, որքանով այն կհակասի մոդելային օրենքը կիրառող պետության մտավոր սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը, անուղղակիորեն պահվող արժեթղթերը, վճարման իրավունքները, որոնք ծագում կամ բխում են ֆինանսական պայմանագրերից, բացառությամբ վճարման իրավունքի, որը ծագում է բոլոր չմարված գործարքների դադարեցումից հետո, օրենք ընդունող պետության կողմից սահմանվող ցանկացած այլ տեսակի ակտիվները, օրինակ՝ մասնագիտացված ապահովված գործարքների առարկա հանդիսացող ակտիվների և գրանցման հատուկ ռեժիմների ներքո գտնվող ակտիվների' այլ օրենսդրության համաձայն, այնքանով, որքանով այդպիսի այլ օրենսդրությունը կարգավորում է Մոդելային օրենքում քննարկվող հարցերը:
Մոդելային օրենքում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ առկա են գրեթե նույն կարգավորումները, ինչ Օրենսգրքում: Համընկնում է նաև սուբյեկտային կազմը: Մասնավորապես՝ գրավատուի և գրավառուի իրավունքները և պարտականությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով և կողմերի միջև կնքված պայմանագրով, գրավատուն կամ գրավառուն պարտավոր են ողջամտորեն հոգ տանել գրավի առարկա գույքի մասին, գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքի դադարումից հետո գրավառուն պարտավոր է գրավի առարկան վերադարձնել գրավատուին կամ վերջինիս կողմից նշված անձին, գրավառուն, ով տիրապետում է գրավի առարկա գույքը, ունի իրավունք՝
ա) Պահանջել փոխհատուցում ողջամիտ ծախսերի համար, որոնք նա կատարել է գույքը պահպանելու համար:
բ) Ողջամտոներ օգտագործելու գրավի առարկա գույքը և դրա օգտագործումից ստացված եկամտուտները ուղղել ապահովված պարտավորության մարմանը:
Գրավառուն, ով չի տիրապետում գրավի առարկա գույքը, ունի իրավունք ստուգելու գրավի առարկա գույքը, որը գտնվում է ապահովատուի տիրապետման տակ:
Մոդելային օրենքի 5-րդ գլուխը կարգավորում է նախապատվության իրավունքը։ Համաձայն մոդելային օրենքի` նախապատվության իրավունքն ծագում է գրանցման պահից, սակայն շարժական գույքի գրավի իրավունքը կարող է ծագել նաև այն ժամանակ, երբ գրավատուն սկսում է փաստացի տիրապետել գույքը: Այն կարգավորում է նյութական ակտիվի այլ գույքի զանգվածին միախառնվելու կամ այլ գույքի փոխարկվելու, գրավի իրավունքի առարկայի գնորդի կամ այլ ստացողի, վարձակալի իրավունքների մրցակցությունը գրավի իրավունքների հետ, գրավատուի անվճարունակության ազդեցությունը նախապատվության իրավունքին, դատական ակտով ձեռք բերված իրավունքների նախապատվությունը գրավի իրավունքով ձեռք բերված իրավունքների նկատմամբ, ինչպես նաև գույքի տեսակին բնորոշ առանձնահատկություններով պայմանավորված նախապատվության իրավունքը։
Ընդ որում, ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նախապատվության իրավունքների միջև մրցակցության պարագայում առաջնահերություն տրամադրվում է ավելի շուտ գրանցված իրավունքին:
Ըստ էության Մոդելային օրենքի նախապատվության իրավունքը համընկնում է Օրենսգրքով նախատեսված նախապատվության իրավունքին, սակայն վերջինս չի կարգավորում բավարարում ստանալու հաջորդականությունը, ինչպես նաև գրանցված և չգրանցված շարժական գույքի գրավի նախապատվության իրավունքների միջև մրցակցությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավային պարտավորությունը կրում է օժանդակ բնույթ, կարող ենք արձանագրել, որ գրավը ինքնաբերաբար դադարում է հիմնական պարտավորության դադարման պահից (այս դեպքում հիմնական պարտավորության դադարման հիմքերը նշանակություն չունեն): Այսինքն՝ գրավային պարտավորությունը հետևում է հիմնական պարտավորության ճակատագրին։
Ինչպես արդեն նշվեց, Օրենսգրքի 225.1-ին հոդվածով սահմանվում է, որի ապահովված իրավունքը ծագում ու գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Օրենսգրքի 247-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ գրավը դադարում է, մասնավորապես.
1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով.
2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հետևաբար՝ շարժական գույքի գրավի դեպքում ևս պետք է գործեն գրավի դադարման ընդհանուր կանոնները:
Ապահովված իրավունքի և գրավի ծագման Օրենսգրքով նախատեսված հիմքերի նույնությամբ շարժական գույքի գրավի հիմք պետք է դիտարկել պայմանագիրը՝ միաժամանակ սահմանելով, որ շարժական գույքի գրավը կարող է ծագել նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Նույն տրամաբանությամբ համընկնում են նաև շարժական գույքի գրավի և Օրենսգրքում ապահովված իրավունքի/գրավի դադարման հիմքերը: Հետևաբար, որպես շարժական գույքի գրավի դադարման հիմքեր պետք է սահմանվեն ապահովված պարտավորությունները ամբողջությամբ մարելը կամ այլ կերպ բավարարելը, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող գույքի ոչնչացման կամ իրացման դեպքերը:
Բացի այդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրենսդրությամբ ապահովված իրավունքի առարկայի իրացման/բռնագանձման վերաբերյալ կարգավորումները բխում են գրավի առարկայի իրացման/բռնագանձման վերաբերյալ կարգավորումներից, մասնավորապես Օրենսգրքի 225.1-ին հոդվածում հղում է կատարվում Օրենսգրքի 249-250-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներին, և դրանք հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին, շարժական գույքի գրավի դեպքում գործող կարգավորումները կպահպանվեն և կշարունակեն գործել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ առկա կարգավորումները, միջաջազգային համեմատական փորձը և Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրի իրավուքի հանձնաժողովի (UNCITRAL) կողմից 2016 թվականին հաստատված «Ապահովված գործարքների մասին» մոդելային օրենքը՝ գրավի և ապահովված իրավունքին վերաբերող իրավակարգավորումները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չտվող և միասնական կարգավորումներ ունենալու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 14.1-ին՝ «Ապահովված իրավունք» գլուխը, և առանձին հոդվածով սահմանել շարժական գույքի գրավի առանձնահատկությունները:
Համաձայն առաջարկվող կարգավորման՝ Օրենսգրքի 15-րդ՝ գրավի իրավունքի գլուխը ամբողջությամբ կկարգավորի ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի գրավի նկատամամբ կիրառելի իրավակարգավորումները՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները:
Հաշվի առնելով Օրենսգրքում իրականացվող փոփոխությունները, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է նշված օրենքում «ապահովված իրավունքներ» բառերը փոխարինել «գրավի իրավունք» բառերով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել Օրենսգրքում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվող կարգավորումները և սահմանել միասնական կարգավորումներ անշարժ չհամարվող գույքի նկատմամբ գրավի իրավունքի վերաբերյալ: Օրենսգրքում հստակ կնախատեսվեն շարժական գույքի գրավի առանձնահատկությունները:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որտեղ «Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում» ռազմավարական ուղղության շրջանակում նախատեսվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և հարակից օրենսդրության առանձին կարգավորումներ կամ ինստիտուտներ համապատասխանեցնել տնտեսական հարաբերությունների և մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, շուկայի արդի պահանջներին, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման իրավական կարգավորումների ուսումնասիրությունը և ըստ անհրաժեշտության՝ վերանայումը։
Ըստ այդմ, Կառավարության վերը նշված որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 3-րդ գործողությամբ նախատեսվել է ուսումնասիրել պարտավորությունների կատարման ապահովման իրավական կարգավորումները և դրանցում համապատասխան փոփոխությունների կատարման կարիքները և ըստ անհրաժեշտության մշակել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագիծ։
-
Обсуждалось
13.12.2023 - 28.12.2023
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Гражданское и коммерческое законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2334
Принт