В стадии разработки
ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով Վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 10-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) ցանկը, կարգը և պայմանները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով նոր խմբագրությամբ է սահմանվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածը («Կացարանով ապահովելը»):
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումը
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝
- օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով կացարան տրամադրվում է.
- բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում.
- հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).
- կացարան տրամադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)՝ բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով.
- կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը, բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը հաստատում է կառավարությունը:
Համապատասխան սոցիալական խմբին պատկանող անձանց (ընտանիքներին) սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով: Հարկ է նկատի ունենալ, որ նշված որոշման մեջ կատարվել են բավականին ծավալուն փոփոխություններ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը այժմ նույնպես գտնվում է շրջանառության մեջ։ Ընդ որում, «Բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) չափորոշիչները, հատուցման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փոխկապակցված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա չեն բավարար թվով կացարաններ, իսկ շահառուների թիվն ավելին է՝ ներկայացված Նախագծով առաջարկվում է որպես կացարանով ապահովման այլընտրանք եղանակ կիրառել բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցումը։
- Կարգավորման առարկան
Նախագծի համաձայն՝ բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում (այսուհետ՝ Հատուցում) կարող են ստանալ՝
- հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձինք (ընտանիքները)։ Ընդ որում, նշված ընտանիքներին վարձավճարի հատուցում տրամադրվում է, եթե բավարարում են Նախագծով նախատեսված պայմաններին և համապատասխան հանգամանքներից (տեղահանում և այլն) դեռևս չի անցել 6 ամիս, իսկ եթե 6 ամիսն անցել է, ապա կարող են դիմել ՄՍԾ-ին՝ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվելու համար՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ․
- Որոշմամբ սահմանված կարգով արտահերթ տեղավորման ենթակա անձը (ընտանիքը), որը ազատ կացարանի բացակայության պատճառով դեռևս չի տեղավորվել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Ընդ որում, նշված դեպքում անձը (ընտանիքը) հանվում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի հերթացուցակից և կորցնում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարան ստանալու իր իրավունքը և հետագայում կարող է նորից դիմել ընդհանուր հիմունքներով։ Քանի որ սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանների թիվն ավելի քիչ է, քան շահառուների, ուստի, եթե, սահմանված հանգամանքները հաշվի առնելով, արդեն իսկ կայացվել է ընտանիքին սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման մասին որոշում և ազատ կացարան առկա չէ, ուրեմն նշված ընտանիքին անհրաժեշտ է տրամադրել այլընտրանքային տարբերակ, տվյալ դեպքում նախատեսվում է տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում․
- Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրսգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտները։ Ընդ որում, նշված անձանց բնակարանի վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները այժմ կարգավորվում է Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշմամբ, սակայն նախատեսվում է ՄՍԾ—ի կողմից տրամադրվող բնակարանի վարձավճարի հատուցման բոլոր դեպքերը ընդգրկել մեկ որոշման մեջ, ուստի, սահմանվել է նաև, որ սույն փաթեթի ընդունման դեպքում Կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն որոշման մանկատան շրջանավարտներին բնակարանի վարձակալության հատուցմանը վերաբերող դրույթները կճանաչվեն ուժը կորցրած․
- Որոշման N 1 հավելվածով նշված անձին (ընտանիքին), ում հետ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է ժամկետից շուտ՝ ընտանիքի՝ նշված հավելվածով սահմանված սոցիալական խմբի (կարգավիճակի) կորցնելու դեպքում։ Սույն կետով նախատեսված դեպքում հատուցումը տրամադրվում է այն անձին (ընտանիքին), ով Որոշմամբ սահմանված կարգով կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելուց հետո սահմանված ժամկետում դուրս է եկել կացարանից։ Այսինքն, նախատեսվում է սոցիալական բնակարանային ֆոնդում կարգավիճակը կորցնելու դեպքում կացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը ժամկետից շուտ լուծվելու դեպքում ընտանիքին տրամադրել 3 ամիս ժամկետով բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում, որպեսզի ընտանիքը նշված ժամկետում լուծի իր բնակարանային խնդիրները, իսկ սոցիալական բնակարանային ֆոնդում ազատ կացարանները տրամադրվեն ըստ կարիքի՝ համապատասխան սոցիալական խմբին պատկանող ընտանիքներին․
- Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը (ընտանիքը)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՆԳՆ կողմից շրջանառվող օրենսդրական փաթեթում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ փախստականների սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված պետական ծրագրերը իրականացվելու են ՄՍԾ-ի կողմից, ուստի նշված անձինք Նախագծի շրջանակում նույնպես դիտարկվել են որպես բնակարանի վարձավճարի հատուցման շահառու, որի արդյունքում սահմանվել են նաև որոշ անցումային դրույթներ Նախագծում։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները պետք է ինքնանպատակ չլինեն, և յուրաքանչյուր դեպքում, երբ ընտանիքն ընդգրկվում է սոցիալական աջակցության ոլորտի որևէ սոցիալական ծառայություն ստանալու ծրագրում, պետությունից աջակցություն ստանալու ընթացքում պետք է դրսևորի ակտիվ վարքագիծ, մասնավորապես աշխատունակ անձինք պետք է ձեռքբերեն մշտական զբաղվածություն, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից և այլևս չհայտնվի այդ իրավիճակում։ Նշվածի արդյունքում օրենսդրական փաթեթներում մեծ դեր է տրվել անհատական սոցիալական ծրագրին՝ կացարանով ապահովման պետական ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես, Նախագծով սահմանվում է, որ հատուցումը վճարելու համար նաև կազմվելու է նաև շահառուի անհատական սոցիալական ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե ընտանիքի անդամը կարգի իմաստով համարվում է աշխատունակ անձ։ Ընդ որում, անհատական սոցիալական ծրագրի պայմանների չկատարման դեպքում, վարձավճարի հատուցման վճարումը դադարեցվում է, իսկ կատարման դեպքում հատուցման գումարը կարող է վճարվել ևս 3 ամիս։ Այսինքն, կացարանով ապահովման ծրագրերի շրջանակում մեծ դեր է ունենալու անհատական սոցիալական ծրագիրը, որի նպատակներից է նաև ակտիվացնել աշխատունակ անձանց և զարգացնել նրանց՝ իրենց հիմնական պահանջմունքների ինքնուրույն լուծելու ունակությունը։
Նախագծով կարգավորվում են նաև բնակարանի վարձավճարի հատուցման կարգը, հատուցումը նշանակելու, մերժելու, դադարեցնելու, հատուցման վճարման ժամկետների և չափի հետ կապված իրավահաբերությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ժամանակավորապես կացարանով ապահովել համապատասխան շահառուներին։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման պարագայում 2024 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
-
Обсуждалось
30.11.2023 - 18.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2296
Принт