ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «ժե» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի 2023 թվականի
“______” “_____________” N –--- հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման տարեկան ծրագրերի մշակման ընդհանուր սկզբունքները, դրանց հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ մարման փոստային դրոշմակների (այսուհետ` նաև Դրոշմակ) կիրառման հետ կապված գործառույթները:
2.Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) փոստային նամականիշ` փոստային վճարման պետական նշան, որի վրա հայերենով և լատինատառ նշվում են «Հայաստան» ու «ARMENIA» բառերը, անվանագինը ու հրատարակման տարեթիվն արաբական թվանշաններով: Փոստային նամականիշի ուղղահայաց և հորիզոնական չափսերը պետք է համապատասխանաբար լինեն 15 մմ-ից ոչ պակաս և 60 մմ-ից ոչ ավել.
2) նույնատիպ փոստային նամականիշ` փոստային նամականիշ, որը հրատարակվում է զանգվածային տպաքանակով` փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ծառայությունների վճարման համար.
3) գեղարվեստական փոստային նամականիշ` գեղարվեստորեն ձևավորած փոստային նամականիշ, որը հրատարակվում է որոշակի թեմաներին կամ հոբելյանական և հիշարժան տարեթվերին նվիրված.
4) փոստային գեղաթերթիկ` փոստային նամականիշերի հրատարակման հատուկ ձև: Գեղաթերթիկն իր մեջ պարունակում է մեկ կամ մի քանի գեղարվեստական փոստային նամականիշեր, որոնք տպված են մեկ կամ մի քանի շարքով՝ եզրերով առանձին թերթի վրա` նամականիշի թեմային համապատասխան գրառումներով կամ պատկերով.
5) մանրաթերթ` 2-16 նույնատիպ կամ տարատեսակ գեղարվեստական փոստային նամականիշեր, տպված համապատասխան գրառումներով, գեղարվեստական ձևավորումով, կամ մաքուր եզրերով առանձին թերթի վրա.
6) նամականիշով ծրար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափսերին համապատասխան հրատարակված փոստային ծրար, որի վրա տպված է փոստային նամականիշ.
7) նամականիշով փոստային բացիկ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափսերին համապատասխան հրատարակված փոստային բացիկ, որի վրա տպված է փոստային նամականիշ.
8) «Առաջին օրվա» ծրար` հատուկ ծրար, որը նիշավորվում և դրոշմավորվում է փոստային նամականիշերի նոր շարքը գործողության մեջ դնելու ժամանակ.
9) hատուկ մարման փոստային դրոշմակ` դրոշմակ նախատեսված փոստային նամակագրության հատուկ մարման համար:
10) անվանագին` փոստային նամականիշի վրա նշված արժեք, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, որն իրենից ներկայացնում է փոստային կապի ծառայությունների սակագներին համապատասխան փոստային կապի ծառայությունների վճար:
- Փոստային վճարման պետական նշանները որպես պետական նշան արտացոլում է պետության անկախությունը, և կոչված է խթանելու հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության և նրա նվաճումների նկատմամբ, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության հիշարժան տարելիցներին նվիրված միջոցառումների ու մշակութային ժառանգության քարոզչության միջոց:
- Փոստային վճարման պետական նշանների թեմատիկան պետք է համապատասխանի Համաշխարհային փոստային միության Կոնվենցիային ու միության մարմինների ընդունած որոշումներին:
- Փոստային վճարման պետական նշանները իրենց թեմատիկ ուղղվածությամբ պետք է արտացոլեն Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքը, հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը, արվեստը, ճարտարապետությունը, հոգևոր արժեքները, գիտության և տեխնիկայի բնագավառներում ունեցած նվաճումները, հանրապետության բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը, ներքին ու միջազգային կյանքի, ֆիլատելիայի և սպորտի հիմնական իրադարձությունները:
- ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) յուրաքանչյուր տարի մշակում է փոստային վճարման պետական նշանների հրատարակման ծրագիրը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, հաստատություններից և այլ անձանցից ստացված առաջարկությունների հիման վրա: Առաջարկությունները Նախարարությանն են ներկայացվում ոչ ուշ քան պլանավորվող տարվան նախորդող տարվա օգոստոսի 1-ը:
- 7. Յուրաքանչյուր տարի փոստային վճարման պետական նշանների հրատարակման ծրագրի մշակման գործընթացին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից ստեղծված խորհրդակցական մարմինը` փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ): Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, Հայաստանի ֆիլատելիստների միության, ինչպես նաև մշակույթի, գրականության, սպորտի, արվեստի, գիտության և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձիք: Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հաստատված աշխատակարգի համաձայն:
- Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից փոստային վճարման պետական նշանների տարեկան թեմաների վերաբերյալ ստացված առաջարկությունների ամփոփված թեմատիկ տարեկան ծրագրի նախագիծը ներկայացվում է Խորհրդի քննարկմանը` ոչ ուշ քան պլանավորվող տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը:
- Փոստային վճարման պետական նշանների տարեկան թեմատիկ ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով` ոչ ուշ քան պլանավորվող տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը:
- ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Փոստային վճարման պետական նշանների հրատարակման հիմնական սկզբունքներն են.
1) փոստային վճարման պետական նշանների հրատարակումները չեն կարող նվիրված լինել ողջ անձանց, քաղաքական կուսակցություններին, կրոնական, հասարակական կազմակերպություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք օլիմպիական չեմպիոններ, տիեզերագնացներ, բարձրաստիճան հոգևորականներ և գիտության ասպարեզում համաշխարհային ներդրում ունեցող բացառիկ անձինք են.
2) պետական, գիտության, մշակույթի, արվեստի և այլ ականավոր գործիչները փոստային վճարման պետական նշանների վրա կարող են պատկերվել ոչ շուտ, քան մահվանից տասը տարի անց և կյանքի հոբելյաններին, որոնք 25-ի բազմապատիկն են: Թեմատիկ շարքերի հրատարակման դեպքում թույլատրվում է շեղում սույն դրույթից.
3) պատմական նշանակություն ունեցող իրադարձությունների, քաղաքների, այլ բնակավայրերի, կազմակերպությունների, հիմնարկների, կրթական հաստատությունների հոբելյանները փոստային վճարման պետական նշանների վրա կարող են պատկերվել 50-ի բազմապատիկ տարեթվերի առիթով:
- Ելնելով փոստային կապի ազգային օպերատորի պահանջարկից, նույնատիպ նամականիշերի հրատարակումն իրականացվում է մասսայական տպաքանակով` ոչ պակաս 5 տարին մեկ:
- ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ
- Օրացուցային տարվա ընթացքում հրատարկման ծրագրով հրատարակման ենթակա փոստային վճարման պետական նշանների թեմաների քանակը չպետք է գերազանցի 40-ը:
- Փոստային վճարման պետական նշանների անվանագները սահմանվում են գործող փոստային կապի ծառայությունների սակագներին համապատասխան:
- Փոստային վճարման պետական նշանների տպաքանակները սահմանվում են Նախարարության կողմից՝ փոստային կապի ազգային օպերատորի առաջարկի հիման վրա: Այն պետք է բավարարի փոստային կապի ծառայությունների մատուցման, կոմերցիոն, ինչպես նաև փոստային վճարման պետական նշաններ հավաքորդների պահանջարկը:
- ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ
- Նախարարության կողմից հաստատված փոստային վճարման պետական նշանների հրատարակման տարեկան ծրագրի հիման վրա փոստային կապի ազգային օպերատորը իրականացնում է փոստային վճարման պետական նշանների հրատարակման գործընթացը: Այդ նպատակով յուրաքանչյուր թեմայով փոստային վճարման պետական նշանների համար մշակվում են նմուշները, որոնց բարձրորակ նախապատրաստման նպատակով ներգրավվում են համապատասխան փորձ ունեցող մասնագետներ: Փոստային կապի ազգային օպերատորը կարող է բնակչության մեջ անցկացնել մրցույթ՝ փոստային վճարման պետական նշանների նմուշների մշակման համար:
- Փոստային կապի ազգային օպերատորի կողմից 15-րդ կետին համապատասխան մշակված յուրաքանչյուր թեմայով փոստային վճարման պետական նշանի նմուշը Նախարարություն է ներկայացվում առնվազն երեք տարբերակով:
- Խորհրդի կողմից հավանության արժանացած փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով:
- Փոստային նամականիշերի վրա պատկերված երկրի զինանշանը, անվանումը, պաշտոնական ծառայողական նշումները, պետական կազմակերպությունների լոգոտիպերը պաշտպանվում են 1883թ. մարտի 20-ի Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան համաժողովի կանոնակարգին համապատասխան:
- Որպես ինտելեկտուալ սեփականության օբյեկտ փոստային նամականիշերը կարող են պարունակել`
1) հեղինակային իրավունքը` © հեղինակային նշանի կիրառմամբ, նշելով հեղինակին և թողարկման տարեթիվը.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային մակնիշը` ® առևտրային մակնիշի խորհրդանիշից հետո առևտրային մակնիշի կիրառումը:
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փոստային վճարման պետական նշանների վրա պատկերվող ստեղծագործությունների վերարտադրությունների հետ կապված գույքային հեղինակային իրավունքը կարող է փոխանցվել հեղինակի կամ հեղինակային իրավունք ունեցող այլ անձանց կողմից` հեղինակային պայմանագրի հիման վրա:
- Փոստային վճարման պետական նշանների հրատարակման տարեկան ծրագրում ներառված փոստային վճարման պետական նշանների տպագրման համար փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրեր է կնքում հատուկ պաշտպանվածություն ապահովող և համապատասխան լիցենզիա ունեցող տպարանների հետ: Պայմանագրերում պետք է նախատեսվեն հետևյալ դրույթները`
1) փոստային վճարման պետական նշանները տպվում են միայն տպարանային նմուշը փոստային կապի ազգային օպերատորի կողմից հաստատվելուց հետո.
2) փոստային վճարման պետական նշանների տպագրությունից հետո կլիշեի, խոտանված արտադրանքի և թափոնի ոչնչացման վերաբերյալ ակտի կազմում:
- ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ
- Փոստային վճարման պետական նշանները տպագրվելուց հետո գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով:
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի համաձայն փոստային կապի ազգային օպերատորը կազմակերպում է տպված փոստային վճարման պետական նշանները փոստային գործողության մեջ դնելու, ինչպես նաև ծառայություններից օգտվողներին, ֆիլատելիստներին, բնակչությանը դրանց գործողության մեջ դնելու վերաբերյալ տեղեկացման գործընթացը:
- Յուրաքանչյուր նոր փոստային վճարման պետական նշանների հրատարակման վերաբերյալ փոստային կապի ազգային օպերատորը տեղեկացնում է Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյին:
- Փոստային կապի ազգային օպերատորը Նախարարությանն է տրամադրում փոստային վճարման պետական նշանների և «առաջին օրվա ծրար»-ի երեք օրինակ, որից մեկը կցվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հաստատվող փոստային գործողության մեջ դնելու մասին հրամանին, երկրորդը` Նախարարության նամականիշերի ալբոմի համար, երրորդը փոստային վճարման պետական նշանների հրատարակման գործընթացի համար պատասխանատու Նախարարության համապատասխան ստորաբաժանման նամականիշերի ալբոմի համար:
- Նոր փոստային վճարման պետական նշանները փոստային շրջանառության մեջ դնելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարության տեսքով տեղադրվում է փոստային բաժանմունքներում, զանգվածային լրատվական միջոցներում, տրամադրվում է ֆիլատելիստական կազմակերպություններին:
- Փոստային վճարման պետական նշանները փոստային շրջանառության մեջ դնելու օրը կարող են հանդիսավոր ձևով մարվել «առաջին օրվա» հատուկ մարման փոստային դրոշմակով:
- Փոստային շրջանառության մեջ դրված փոստային վճարման պետական նշանների մարումն իրականացվում է ծրարների, փոստային բացիկների վրա Համաշխարհային փոստային միության կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան:
- Ազգային ժառանգության պահպանման, Համաշխարհային փոստային միության անդամ հանդիսացող փոստային վճարման պետական նշաններ հրատարակող լիազորված մարմինների հետ փոխանակման, շնորհանդեսների և ցուցահանդեսների կազմակերպման համար փոստային կապի ազգային օպերատորի կողմից ստեղծվում է արխիվ, թանգարանային և պահուստային ֆոնդեր:
- Փոստային վճարման պետական նշանների արխիվի մեջ մտնում են`
- Հայաստանի փոստային կապի ադմինիստրացիային փոխանակման նպատակով Համաշխարհային փոստային միության անդամ հանդիսացող փոստային վճարման պետական նշաններ հրատարակող լիազորված մարմինների կողմից ուղարկվող փոստային նամականիշերը,
- փոստային վճարման պետական նշանների մշակման և հրատարակման համար օգտագործված նյութերը, դրանց գեղարվեստական բնօրինակները (ինչպես ընդունվածները, այնպես էլ չընդունվածները):
- Փոստային վճարման պետական նշանների թանգարանային ֆոնդը ապահովում է փոստային վճարման պետական նշանների, Հայաստանի Հանրապետության համար պատմական նշանակություն ունեցող այլ ֆիլատելիստական արտադրանքի պահպանումը: Թանգարանային ֆոնդի համար փոստային վճարման պետական նշանների օրինակների քանակը որոշվում է փոստային կապի ազգային օպերատորի կողմից` ելնելով արտադրանքի տեսակից և բովանդակությունից:
- Փոստային վճարման պետական նշանների պահուստային ֆոնդը ստեղծվում է փոստային վճարման պետական նշանների հետագա իրացման համար, այդ թվում ցուցահանդեսների և աճուրդների միջոցով:
- Շնորհանդեսների կազմակերպումը, գովազդային միջոցառումների անցկացումը իրականացվում է փոստային վճարման պետական նշանների հիմնական պահուստի հաշվին, բայց կարող է օգտագործվել նաև փոստային վճարման պետական նշանների պահուստային ֆոնդը:
- ՀԱՏՈՒԿ ՄԱՐՄԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐ
- Հատուկ մարման փոստային դրոշմակները իրենցից ներկայացնում են օրացուցային Դրոշմակների տարատեսակ: Դրանք ստանդարտ օրացուցային Դրոշմակներից տարբերվում են արտաքին տեսքով (լրացուցիչ գրառում. պատկեր), ուղղվածությամբ և կիրառման մեթոդով:
- Դրոշմակները նախատեսված են առաքման ենթակա փոստային թղթակցության հատուկ մարման (հատուկ դեպքերում) համար:
- Դրոշմակները կարող են լինել հաստատուն կամ փոփոխվող օրացուցային ամսաթվով:
- Դրոշմակների թեմատիկ պլանները կազմվում է յուրաքանչյուր տարի փոստային կապի ազգային օպերատորի կողմից` հանրային մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Հատուկ մարման փոստային դրոշմակների թեմատիկ առաջարկներն ընդունվում են մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը:
- Դրոշմակները չեն կարող կիրառվել գործողությունից հանված փոստային նամականիշերի, արտասահմանյան ֆիլատելիստական արտադրանքի մարման համար:
- Փոստային բաժանմունքներում սարքավորվում է հատուկ տեղ, որտեղ պետք է իրականացվի հատուկ փոստային դրոշմակներով թղթակցության մարումը:
- Դրոշմակները հատուկ մարման օրվան հաջորդող երրորդ օրը վերադարձվում են փոստային կապի ազգային օպերատորի ֆիլատելիստական բաժին:
- Ֆիլատելիստական արտադրանքի մարումից հետո դրոշմակները պահպանվում են փոստային կապի ազգային օպերատորի արխիվում:
-
Обсуждалось
12.10.2023 - 27.10.2023
-
Тип
Приказ
-
Область
Почтовая связь
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 2024
Принт