Добавить в избранное

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է մի շարք բնագավառներում առանձին վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց իրավունքների իրացման խոչընդոտների, հիվանդության բնույթով պայմանավորված խտրականության դռսևորումների վերացման, ինչպես նաև իրավական ակտերում առկա ձևակերպումները ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններ» ձևակերպմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող անձանց իրավունքները կանոնակարգվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածով, որի 1-ին մասը նախատեսում է, որ այդպիսի հիվանդություններ ունեցող անձն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում, իսկ հիվանդությունների ցանկը հաստատելու լիազորությունները վերապահված են ՀՀ կառավարությանը:

Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկումն իրականացվում է առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:

Հարկ է նշել, որ օրենքում բացակայում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների սահմանումը, որի արդյունքում բացակայում են ցանկում ընդգրկվելու չափանիշները, որոնք էլ կիրառական դաշտում առաջացնում են քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լայնորեն կիրառվում է «վարակիչ հիվանդություն» ձևակերպումը, որի սահմանումը օրենքում տրված չէ և բացակայում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ձևակերպումը: Վերոնշյալի հետ մեկտեղ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության «Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության մասին» օրենքում առկա է վարակիչ հիվանդությունների երեք սահմանում. ինֆեկցիոն հիվանդություն, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն և զանգվածային ինֆեկցիոն հիվանդություն (թունավորում):

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է մեկ այլ ձևակերպում՝ «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններ», որոնց տարածման կանխումը հիմք է հանդիսանում մարդուն ազատությունից զրկելու համար:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 27.12.2001թ. թիվ 1286 որոշմամբ, որտեղ ներառված է 34 հիվանդություն, այդ թվում գրիպ, Կովիդ-19, ցանկացած աղիքային վարակ, ՄԻԱՎ վարակ և այլն: Ընդ որում, ցանկում ներառված են նաև այնպիսի հիվանդություններ, որոնք մարդուց մարդու չեն փոխանցվում, օրինակ՝ փայտացում, կատաղություն և այլն:

Վերոնշյալ հիվանդությունների, այդ թվում նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անվճար բուժման իրավունքի իրագործման նպատակով՝ առողջապահության բնագավառի ֆինանսավորումը կանոնակարգող ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված N 2-ի 12-րդ կետի 1-ին ենթակետի «դ.» պարբերությունը սահմանում է, որ աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններնանվճար են բնակչության բոլոր խմբերի համար:

Այսպիսով, չնայած տարբեր իրավական ակտերում առկա ձևակերպումների ակնհայտ տարբերություններին, ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկը, բացի համաճարակաբանական նշանակությունից, ունի նաև ֆինանսական նշանակություն՝ երաշխավորելով անվճար բուժման իրավունքի իրացումը:

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրությունից չբխող «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» ձևակերպումը հանդիպում է նաև մի շարք այլ իրավական ակտերում: Մասնավորապես.

1) ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն մեկ ուրիշին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ վարակելու համար, օրինակ՝ գրիպով կամ արդեն էնդեմիկ դարձած Կովիդ-19-ով․

2) «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով․

3) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածի կարգավորումների համաձայն «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:», իսկ 31-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում, այդ թվում նաև եթե ունեն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն․

4) Նշված ձևակերպումն առկա է նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում, օրինակ՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 5- թիվ 492-Ն որոշման 20-րդ կետի համաձայն՝ անձը չի կարող ընդունվել կացարան, եթե տառապում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:

Այսպիսով, ներկայում գործում են մի շարք իրավական ակտեր, որոնք այս կամ այն սահմանափակումներ են նախատեսում այն անձանց համար, ովքեր ունեն «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ», թեև հիվանդությունների ցանկում ներառված են լայնորեն տարածված բազմաթիվ հիվանդություններ, որոնց առկայության դեպքում մարդու հանդեպ սահմանափակումների կիրառումը հիմնավորված չէ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից բխող՝ վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց անվճար բժշկական օգնությամբ և սպասարկմամբ ապահովելու պահանջը:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ՝ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական, ներառյալ` մանկական վիրաբուժական, ծառայություններին ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների սահմանելու համար։

 2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Վերոնշյալ տվյալները վկայում են, որ գործող իրավական ակտերում առկա ձևակերպումներն կարող են առաջացնել քաղաքացիների իրավունքների և ազատությունների չհիմնավորված սահմանափակումներ: Հետևաբար, առաջարկվում է դրանք վերացնելու և զուգահեռաբար վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, ինչպես նաև հարակից իրավական ակտերում սահմանել ՀՀ Սահմանադրությունից բխող ձևակերպում՝ «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների», որով ցանկը կհաստատի ՀՀ կառավարությունը և որոնք հիմք կհանդիսան անձի ազատությունները սահմանափակելու համար: Զուգահեռաբար քաղաքացիների անվճար բժշկական օգնության իրավունքը պահպանելու համար առաջարկվում է նույն օրենքում սահմանել վարակիչ հիվանդության սահմանումը, որոնց առկայության դեպքում անձանց բժշկական օգնություն և սպասարկումը կիրականացվի անվճար:

Ինչ վերաբերում է նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացմանը, ապա վերջինիս պայմանավորված է մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին` ըստ մակարդակների ներկայացվող պահանջները` առողջապահության նախարարի հրամանով հաստատելու համար լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ, հաշվի առնելով, որ վերոհիշյալ ծառայություններին` ըստ մակարդակների, ներկայացվող պահանջները ներառում են գնահատման չափանիշների ավելի լայն շրջանակ, քան ներկա կարգավորումներում առկա չափանիշները։

3Ակնկալվող արդյունքը.

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է անձանց իրավունքների պաշտպանության բարելավում, հիվանդությունների հիմքով խտրականության դռսևորումների համար առկա իրավական հիմքերի վերացում:

Բացի այդ, հնարավորություն կստեղծվի Առողջապահության նախարարի հրամանով սահմանել մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և հիմք կհանդիսանա նպատակային և արդյունավետ ֆինանսավորման համար` տարանջատված ըստ մակարդակների:

4Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերը կապված չեն ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Обсуждалось

    06.10.2023 - 21.10.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3441

Принт