Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է՝

1) ՀՀ վարչապետի 11.07.2023 N 746-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջը կատարելու անհրաժեշտությամբ, որը բխում է այն հանգամանքից, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածի փոփոխությունների արդյունքում որոշակի փոփոխություններ է ենթադրվում կատարել նաև Որոշման մեջ,

2) ֆինանսական համակարգի կազմակերպությունների, ինչպես նաև մետրոպոլիտենի որոշակի աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

1) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 164-րդ հոդվածում։

Նշվածով պայմանավորված՝ որպես «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում՝ ՀՀ վարչապետի 11.07.2023 N 746-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը։

2) Օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նշված ցանկը սահմանված է Որոշմամբ։

Հարկ է նշել, որ.

ա. Որոշման 23-րդ կետով ՀՀ կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատողների համար նախատեսված է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը։ Նույն հոդվածի այլ կետերով սահմանված են նաև ֆինանսական համակարգի այլ կազմակերպություններ։

Հետևաբար, հաշվի առնելով այն, որ բանկային համակարգի աշխատողները համարվում են ֆինանսական համակարգի կազմակերպությունների աշխատողներ, սույն նախագծով առաջարկվում է ֆինանսական համակարգի մյուս կազմակերպությունների աշխատողների համար ևս սահմանել ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ միևնույն ոլորտում աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքներ նախատեսելու համատեքստում։

բ. Նախագծով առաջարկվում է Որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 31.1-ին կետով, որով «մետրոպոլիտենի թունելային հատվածում թունելային գծային ուղեմասի գծի աշխատողները» ևս կունենան ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, քանի որ մետրոպոլիտենի թունելային հատվածում գծային ուղեմասի գծի աշխատողներն աշխատում են մետրոպոլիտենի՝ լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող բանվորների հետ նույն առանձնապես վնասակար աշխատանքային պայմաններում: Տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի կողմից ներկայացվել է, որ մետրոպոլիտենի թունելային հատվածում թունելային գծային ուղեմասի գծի բոլոր աշխատողներն աշխատում են առանձնապես վնասակար պայմաններում, գիշերային ժամերին, փոխարինում են արատային ռելսեր, որոնցից յուրաքանչյուրի քաշը 1,3 տ. է, փոխարինում են գծի վերին շինությանը պատկանող տարբեր դետալներ, ինչպես նաև ապահովում են հպակային ռելսի ընթացիկ սպասարկումը: Հետևաբար, վերջիններիս համար ևս նախատեսվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի օրեր՝ նման աշխատանքային գործառույթներ և միևնույն աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցող աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքներ սահմանելու համատեքստում: Տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի կողմից առաջարվել է նաև ամենամյա լրացուցիչ արձակուրդի համար նախագծով առաջարկվող օրերի տևողությունները՝ հնգօրյա և վեցօրյա աշխատանքային շաբաթների համար, որոնք նույնական են ինչ վկայակոչված բանվորներինը։

 Նշենք նաև, որ վերը նշված «ա» և «բ» կետով փոփոխությունը և լրացումը նախապես քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 26.05.2023 նիստի ընթացքում և ստացել է հանձնաժողովի դրական դիրքորոշումը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագիծը մշակվել է օրենսդրական միասնական կարգավորումներ ամրագրելու և ֆինանսական համակարգի կազմակերպությունների կամ մետրոպոլիտենի որոշակի աշխատողներին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար միասնական աշխատանքային երաշխիքներ նախատեսելու նպատակով։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1) սույն նախագծով կարգավորվող հարաբերությունն ուղղված է ապահովելու «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթի գործողության «04-Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ...» լուծումների իրացումը։

2) Կառավարության 05.12.2019 N 1753-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարությամբ նախատեսվել է «աշխատանքային պայմանների և հարաբերությունների շարունակական բարելավում» 4-րդ նպատակը, որով առանձնացվել է «Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման և վերահսկողության բարելավում» 1-ին խնդիրը։ Մասնավորապես, 1-ին խնդրի համար առանձնացվել է նաև 1.2-րդ գործողությունը, որով նախատեսվել է՝ աշխատանքային օրենսգրքի  և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի վերանայումը, փոփոխությունների ներկայացումը  և ընդունումը։ Նշվել է նաև, որ աշխատանքային հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը Աշխատանքային օրենսգիրքն է, որը թեպետ պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, սակայն, պայմանավորված հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ՝ գործող իրավական դաշտի վերլուծության և ըստ այդմ՝ փոփոխությունների ներկայացման անհրաժեշտություն կա, որի արդյունքում աշխատանքային իրավունքները կդառնան ավելի պաշտպանված՝ միաժամանակ չնվազեցնելով աշխատանքային հարաբերությունների ճկունությունը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի փոփոխությունները ՀՀ պետական բյուջեի ծախսերում կամ եկամուտներում փոփոխություններ չեն առաջացնի։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Աշխատանքային օրենսդրության կարգավորումներում միասնական եզրույթների կիրառման ապահովում, ինչպես նաև միևնույն ոլոտի աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքների սահմանում։

  • Обсуждалось

    11.09.2023 - 26.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1946

Принт