«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Պետական գաղտնիքի մասին օրենքով նախատեսված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման, ինչպես նաև մինչդատական վարույթում վարութային գործողությունների էլեկտրոնային եղանակով ամրագրման առավել հստակեցված կարգավորումներ նախատեսելու հրամայականով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին, այսուհետ՝ Օրենսգիրք) 483-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից::
Պետական գաղտնիքի մասին օրենքի (2023 թվականի մարտի 1-ին ընդունված) (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական գաղտնիք (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ)` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք, սույն օրենքի համաձայն, պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
(…)
4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,
5) հրապարակում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ցանկացած ձևով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,
(…)
13) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և դրանք օգտագործելու նպատակով Կառավարության սահմանած կարգով տրված թույլտվություն,
(…) :
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են փոխանցել միայն այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, իրավաբանական անձանց, որոնք Կառավարության սահմանած կարգով ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն::
Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով::
Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ պետական գաղտնիք համարվող տեղեկությունները չի թույլատրվում տարածել, դարձնել հրապարակային և որևէ կերպով փոխանցել այլ՝ երրորդ անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեն: Պետական գաղտնիք համարվող տեղեկությունները գտնվում են պետության պահպանության և պաշտպանության ներքո: Այդ մասին է վկայում ոչ միայն Պետական գաղտնիքի մասին օրենքը, այլև նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսվում է քրեական պատասխանատվություն պետական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար:
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածներով քրեական պատասխանատվություն է նախատեսվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն ինչպես դիտավորյալ, այնպես էլ անզգուշությամբ հրապարակելու համար:
Հարկ է նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից անցում կատարել էլեկտրոնային ամրագրման եղանակին, համաձայն որի՝ մինչդատական վարույթում վարութային գործողություններն անհրաժեշտ է ամրագրել էլեկտրոնային եղանակով: Այլ կերպ՝ ձևավորվելու է միասնական էլեկտրոնային հարթակ, որն ապահովելու է փաստաթղթաշրջանառության թվայնացումը և հասանելիություն էլեկտրոնային արդարադատությանը։ Էլեկտրոնային արդարադատության հարթակի միջոցով փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ կատարվելու է էլեկտրոնային եղանակով։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ Օրենսգրքով որևէ բացառություն նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով: Ստացվում է գործող կարգավորումների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պետք է էլեկտրոնային ամրագրում ստանան և պահպանվեն էրեկտրոնային համակարգում:
Միասնական էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, ինչ խոսք, նպաստելու է փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կատարելուն և ապահովելու է առավել օպերատիվ կերպով տվյալների փոխանցումը: Սակայն, հարկ է նշել, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով առանձնահատուկ կարգավորում չնախատեսելը և առանց Օրենքով սահմանված անվտանգության միջոցների ու երաշխիքների նախապես ապահովման այդ տեղեկությունները էլեկտրոնային համակարգ ներբեռնելը լի է մի շարք վտանգներով: Ըստ էության, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների էլեկտրոնային հարթակում շրջանառությունը պետք է իրականացվի Օրենքով սահմանված պահանջների խիստ պահպանմամբ, ինչի հնարավորությունը Էլեկտրոնային արդարադատության հարթակն այս պահին չի տալիս։ Մասնավորապես՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները նման հարթակում ընդգրկելը կարող է հիմք հանդիսանալ տարբեր արտահոսքերի, բացի այդ այն որևէ կերպով պաշտպանված չէ տարբեր հարձակումներից և հնարավոր չէ վստահաբար նշել, որ այդ տեղեկությունները առհասարակ հասանելի չեն լինի այնպիսի անձանց, որոնք չունեն նման տեղեկություններին առնչվելու թույլտվություն: Այնինչ, Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ <<4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պահպանության և պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցներն ապահովելուց հետո>>:
Հարկ է նկատել, որ Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում մանրամասն սահմանված են հստակ պահանջներ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների համակարգչային եղանակով կազմելու, թվայնացնելու, պահպանելու և փոխանցելու համար։ Համապատասխան մասնագետների հետ քննարկումները հիմք են տալիս եզրահանգելու, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին գործարկվող էլեկտրոնային հարթակը չի ապահովում այդ պահանջների պահպանումը։
Ուստի, Նախագծով առաջարկվում է Օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն, որով <<Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով մինչդատական վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրումը կիրականացվի ավելի ուշ՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, և որը թույլ կտա մինչ այդ ապահովել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության համար Օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները։
Օրենսգրքի 483-րդ հոդվածի 12․1-րդ մասով արդեն իսկ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը հետաձգված է դատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելը։ Սույն Նախագծով առաջարկվում է այդ ժամկետում էլեկտրոնային եղանակով քննությանն ամբողջությամբ անցնելու աշխատանքների հետ լուծել նաև գաղտնիության պահպանման կապակցությամբ վերը բարձրացված խնդիրները։
- Օրենսգրքի 483-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից::
Հարկ է նշել, որ սույն նորմի վերլուծությունից ուղղակիորեն չի երևում, թե որ վարույթների մասին է խոսքը՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը նախաձեռնված և դեռևս նախաքննությունը շարունակվող, թե միայն այն վարույթների, որոնք նախաձեռնվելու են սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո: Այսինքն՝ ստացվում է, որ նորմը գործող կարգավորմամբ մնալու պարագայում իրավակիրառ պրակտիկայում կառաջանա շփոթմունք առ այն, թե որ վարույթներին է այն վերաբերվում:
Կարծում ենք, այս առումնով անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն, որը կհստակեցնի, որ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվում են միայն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
Հարկ է նկատել, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ն արդեն իսկ նախաձեռնված վարույթներով կազմված վարութային փաստաթղթերի թվայնացումը չի կարող համարվել Օրենսգրքի իմաստով վարութային գործողությունների էլեկտորնային եղանակով ամրագրում։ Բացի այդ նման թվայնացման պահանջը քննիչների համար կառաջացնի աշխատանքային աննախադեպ ծանրաբեռնվածություն, ինչը էապես կվնասի նրանց վարույթում քննվող վարույթներով նախաքննության արդյունավետությանը և ժամկետների պահպանմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող վարույթներով վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերելի դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:
Բացի այդ, Նախագծով նաև առաջարկվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող մինչդատական վարույթում վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվեն միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանությունը և միաժամանակ էլեկտրոնային եղանակով ամրագրումն իրականցնել միայն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախաձեռնված վարույթներով:
- Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
-
Обсуждалось
11.09.2023 - 26.09.2023
-
Тип
Закон
-
Область
Электронная юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2809
Принт