Добавить в избранное

«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆՈՒ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարություն բաժնի 9.4-րդ կետի՝ գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման միջոցառումների միջոցով 2 անգամ արտահանման ծավալների ավելացման արդյունքային ցուցանիշի ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Հայաստանի խմիչքների արտադրության ոլորտներում իր ուրույն տեղն է զբաղեցնում գինեգործությունը։ Խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ տնտեսության կարևոր և եկամտաբեր ճյուղերից են: 2016 թվականին գինեգործության ոլորտը Կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ և առկա է մեծ ներուժ հայկական գինեգործական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ու միջազգային շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման համար։ Մյուս կողմից, գինեգործության զարգացումը կբերի խաղողի արժեշղթայի զարգացմանը՝ խաղողի արտադրությունից մինչև պատրաստի արտադրանքի վաճառք, որը պահանջում է ամբողջական ու համապարփակ մոտեցում:

Համաշխարհային գինեգործությունը զարգացում է ապրում և միջազգային շուկաներում առաջարկը գերհագեցած է։ Հայկական գինիները ևս մասնակցում են այս մրցակցությանը՝ ուրույն և որակյալ գինեգործական արտադրանքի շնորհիվ: Արդյունաբերության այս ոլորտը ՀՀ տնտեսության համար ունի առանձնակի նշանակություն, քանի որ մեծապես նպաստում է տնտեսության զարգացմանը՝ ապահովելով արժեղթայում ներգրաված տարրերի զարգացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով՝ խաղողագործությունից մինչև  գինու զբոսաշրջություն և արտահանում։ Արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ զարգանում են հարակից ոլորտները՝ արդյունաբերություն, զբոսաշրջություն, կրթություն և այլն՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Այս ոլորտի զարգացումը նպաստում է նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը և խաղողագործական համայնքների զարգացմանը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով համակարգելու խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականությունը և զարգացման ծրագրերի իրականացումը։ Գինու արտադրության դինամիկայի դիտարկումից պարզվում է, որ մինչև Հիմնադրամի գործունեությունը՝ 2014-2016 թվականներին արտադրությունը 6․7 մլն լիտրից հասել է մինչև 7.5 մլն լիտրի, իսկ 2022 թվականին՝ շուրջ 13.0 մլն լիտրի։ Խաղողի գինու արտահանումը 2014-2016 թվականներին կազմել է տարեկան միջին հաշվով շուրջ 1.8 մլն լիտր, իսկ 2022 թվականին՝ ավելի քան 4.6 մլն լիտր։ Ներքին շուկայում ևս արձանագրվել է գինու սպառման ծավալների աճ։ 1 շնչի հաշվով գինու սպառումը վերջին 4 տարում գրեթե կրկնապատկվել է։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում մինչև 2016 թվականը կատարվել է շուրջ 3․7 մլրդ դրամի ներդրում, իսկ 2016-2022 թվականներին միայն 21 գինեգործական ընկերության կողմից կատարվել է շուրջ 35 մլրդ դրամի ներդրում։ Վերջին տարիներին ոլորտի զարգացմանը մեծապես նպաստել են խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականությունը և Հիմնադրամի գործունեությունը։

Չնայած վերջին 5 տարիների ընթացքում խաղողի հայկական տեղածին սորտերից արտադրված գինիների բարձր պահանջարկի, գրանցված արտահանման ծավալների աճի, այնուամենայնիվ միջազգային մրցունակության հասնելու համար հայկական գինին ճանաչելիության բարձրացման, նոր շուկաների թիրախավորման և առաջմղման կարիք ունի։

Խաղողի և գինու մատակարարման շղթան իր ներկա փոքր ներուժով և կարողություններով սահմանափակում է գինեգործության դինամիկ զարգացումը։ Առկա ենթակառուցվածքներով արժեշղթայում դեռևս հնարավոր չէ ապահովել խաղողի գինեմետ սորտերի բավարար որակ և քանակ։ Շղթայում դեռևս առկա են խաղողագործությանը սպառնացող ռիսկեր՝ ինչպիսիք են ֆիլոքսերա վնասատուի տարածումը, խաղողի հավաստագրված տնկանյութի արտադրության բացակայությունը: Հիմնովին չեն ձևավորվել արդյունավետ կազմակերպման և համագործակցության մեխանիզմները, շուկայահանման ենթակառույցները, ինչպես նաև կառավարման տեղեկատվական համակարգերը:

Վերը ներկայացված բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման և ոլորտների հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորապես՝

  • ՀՀ-ի խաղողի տնկարկների ռեեստրի համակարգի ստեղծում,
  • աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի ներդրում,
  • խաղողի մթերման գործընթացի համակարգման մեխանիզմների ներդրում,
  • խաղողի հայկական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության տնկարանների հիմնում,
  • խաղողի ֆիլոքսերա վնասատուի տարածման կանխարգելման, վերահսկման և մշտադիտարկման մեխանիզմների մշակում,
  • խաղողի հայկական սորտերի գենետիկական ռեսուրսների պահպանում և հետազոտում,
  • հայկական գինու հանրահռչակմանը, ճանաչելիության բարձրացմանը և առաջմղմանը միտված համալիր ծրագրերի իրականացում՝ ներքին և արտաքին սպառման շուկաներում,
  • Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը միտված ծրագրերի իրականացում և այլն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը - Գլոբալ առումով գինեգործության ոլորտն ամենամրցունակներից է ագրոբիզնեսում։ Ավելին, վերջին երկու տասնամյակների ընթացքում այս ոլորտը դարձել է ավելի դինամիկ և գլոբալիզացված։ Հայկական գինեգործության ոլորտը ստիպված է հաղթահարել մի շարք մրցակցային մարտահրավերներ՝ կապված գլոբալացման խնդիրների և ռիսկերի հետ, ինչպիսիք են գերմրցակցային միջավայրերը, գյուղատնտեսական նորարարությունները, գինեգործության նոր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, շուկայավարման և հաղորդակցության միջոցների զարգացումը, ինչպես նաև սպառման և ապրելակերպի փոփոխությունները: Այս մրցակցային մարտահրավերներին արձագանքելու ավանդական ուղիներն են բարձր սպառողական արժեքով բարձրորակ գինու արտադրությունը, ավելի լավ առաջխաղացումը, շուկայավարումը, ինչպես նաև կայուն մրցակցային առավելությունների ստեղծումն և պահպանումը։

Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագրի ընդունման հիմնական նպատակն է ապահովել հայկական գինեգործական արտադրանքի կայուն որակ և բավարար արտադրության ծավալներ, որոնք էլ հնարավորություն կտան իրականացնել երկարաժամկետ զարգացման ծրագրեր, ինչպես նաև դիրքավորել և խթանել հայկական գինիները, որպես բարձրորակ մրցունակ արտադրանք միջազգային և ներքին շուկաներում՝ հենվելով վերհանված մրցակցային առավելությունների վրա։  

Շնորհիվ ոլորտին բնորոշ հատկանիշերի, որոնք կապված են բնության ռիթմի, հողի մշակման գործընթացի, ողջ արժեշղթայի ենթակառուցվածքների պայմանների, պրակտիկ գիտելիքների և կիրառական տեխնոլոգիաների, համաշխարհային սոցիալ-տնտեսական համատեքստի և գինու համաշխարհային շուկայի էվոլյուցիայի հետ՝ զարգացման ծրագրի պլանավորումն ավելի իրատեսական է ոչ պակաս, քան 10 տարի ժամկետի համար: Սույն ծրագիրը մշակվել է 2023-2032 թվականների համար։

Զարգացման ծրագրում նախանշվել են Հայաստանում գինեգործության զարգացման հիմնական խնդիրներից բխող մարտահրավերները, որոնք դասակարգվում են հիմնվելով զարգացման երեք հիմնասյուների վրա.

1. Խաղողագործություն, գինեգործություն։

2. Շուկայավարություն, առաջմղում և զբոսաշրջություն:

3. Հաստատություններ, կրթություն եվ մարդիկ ։

Ըստ հիմնասյուների սահմանվել են կոնկրետ ենթանպատակներ։ Նույն սկզբունքով կազմվել է նաև վերոնշյալ նպատակներին հասնելուն ուղղված 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը։

Այս ժամանակահատվածում նախատեսված են երկու հիմնական ռազմավարական ուղղություններ՝ կենտրոնացված ոլորտի հիմքերի կառուցման և հետագայում էքսպոնենցիալ զարգացման վրա։ Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագրի հաստատման հիմնական առավելություններն են․

  • Մրցունակության բարձրացում. գինու ոլորտի համար առանձին զարգացման ծրագիր մշակելով հնարավոր է նպաստել գործարար միջավայրի բարելավմանը, բարձրորակ գինիների արտադրությանը, որոնք մրցունակ կլինեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
  • Աշխատատեղերի ստեղծում. վերածնվող գինու ոլորտը նոր աշխատատեղեր է ապահովում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղողագործությունը, գինեգործությունը, գինու զբոսաշրջությունը և գինու բիզնեսը։
  • Հայաստանում խաղողագործության զարգացման խթանում․ որպես գինու արտադրության որակի գրավական՝ բարձրացնելով խաղողի գինու մատակարարման շղթայի արդյունավետությունը։
  • Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացում միջազգային ասպարեզում․ առաջնահերթություն դիտարկելով գինու սպառման և արտահանման ծավալների մեծացումը։
  • Մշակութային ժառանգության խթանում. գինու արտադրությունն ու սպառումը խորը արմատներ ունեն երկրի մշակույթի և պատմության մեջ: Գինու ոլորտի զարգացման ծրագիրը կնպաստի այս մշակութային ժառանգության առաջխաղացման ու պահպանման իմիջին, որպես ունիկալ ազգային արժեքային առաջարկի։
  • Հարակայունություն. գինեգործության ոլորտում կայուն պրակտիկաների ընդունումը կհանգեցնի էկոլոգիապես ավելի պատասխանատու արդյունաբերության:
  • Շուկայական միտումների խորքային պատկերացում. գինու ոլորտի վերաբերյալ տվյալների հավաքագրում և հետազոտություններիի անցկացում, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ սպառողների նախասիրությունները, արտադրության միտումներն և շուկայի այլ կարևոր գործոնները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագիրը մշակվել է «Lopez Achem Consulting» խորհրդատվական գործակալության կողմից՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կարիքների համար պլանավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման հրավերի շրջանակում:

5. Ակնկալվող արդյունքը - Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին.

1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի:

2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր:

3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի:

4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը:

5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում:

6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում:

7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում:

8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում:

9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր:

10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա):

11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի):

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Սույն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման միջոցառումների միջոցով 2 անգամ արտահանման ծավալների ավելացում կամ տարեկան 20%-ով աճ» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  227-րդ էջ), Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակի «07 Կայացնենք բարձր ավելացված արժեքով, մրցնակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող, արտաքին շոիկաներում ընդլայնվող և այդ շուկաների փոփոխվող պահանջներին արձագանքող մշակող արդյունաբերություն» և «Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն» մեգանպատակի «10 Կայացնենք նորարարական, արդյնավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայն զարգացող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա ﬕջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքր արտադրանք ստեղծող ֆերﬔրություն» լուծումներից (հղում` https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 61-րդ և 64-րդ էջեր),  ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886 -Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3․ Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի «26․ Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» առաջնահերթությունից (հղում՝ https://mineconomy.am/media/10030/Razmavarutyun.pdf, 36-րդ էջ։

7. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագրի և ծրագրից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոտավոր գնահատականը կազմում է շուրջ 13․2 մլրդ դրամ, որը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի հաշվին։ Պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվող միջոցառումները նախատեսվում է ապահովել համապատասխան տարվա համար ՀՀ պետական բյուջեով ՀՀ գերատեսչություններին առանձնացված հատկացումների ընդհանուր ծավալի շրջանակներում` ելնելով ոլորտի տվյալ տարվա առաջնահերթություններից։ Ծրագրով նախանշված միջոցառումների առավել ճշգրիտ ֆինանսական գնահատականը հնարավոր է տալ կոնկրետ միջոցառումների շրջանակներում:

 

  • Обсуждалось

    30.08.2023 - 18.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4613

Принт

Предложения

Արեգ Խոջոյան

07.09.2023

Հարգելի հեղինակ, Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը` առաջանում է տպավորություն, որ ռազմավարություն գրողը չունի հավատ հայկական գինիների որակի և առանձնահատկությունների վերաբերյալ։ Հայաստանը իրավունք չունի մնալ էժան գինի արտադրողի կարգավիճակում։ Ռազմավարության հիմքում չպետք է լինի ծավալի մեծացումը, այլ պետք է լինի որակի և, համապատասխանաբար, գնի բարձրացումը։ Տարեկան 4% գնաճ հաշվելով` 10 տարում 3,7$-ը կդառնա 5,47$` չհաշված կուրսի տատանումները և անորոշությունը։ Ներկայացված ծրագիրը նման է մանիպուլատիվ կենացի, որտեղ մեծ թվեր են հնչում` առանձ որակական փոփոխությունների։ Կենաց, որի համար չարժի խմել։

Узнать больше