В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ա. Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանվում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթները։ Ընդ որում, նույն հոդվածով որպես հիմնադրույթ է հռչակված ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Օրենսգրքում առկա է հպարարակայնությանը վերաբերող միայն մեկ հոդված՝ 9-րդ հոդվածը, որի համաձայն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ (15.22.2008թ. թիվ 654-Ն որոշում) որպես նախարարության գործառույթ է նախատեսված քննարկվող ոլորտի հրապարակայնության ապահովումը: Հարկ է նկատի ունենալ սակայն, որ ընդերքօգտագործման ոլորտում հրապարակայնության կարգավորմանն ուղղված որևէ այլ դրույթ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Ուստի, պարզ չէ, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է ենթակա հրապարակման, ինչ սկզբունքով է իրականացվում նշված հրապարակումը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեպետև ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաև առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն: Բացի այդ, չի հրապարակվում տրամադրված պաշարների քանակի, արդյունահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը: Հաճախ որպես նշված տեղեկատվության չհրապարակման հիմնավորում բերվում է համապատասխան տեղեկատվության՝ առևտրային գաղտնիք հանդիսանալու հանգամանքը: Նշված մոտեցման համար հիմք է հանդիսանում այն, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ և սպառիչ ամրագրված չեն առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության շրջանակները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կամ այն տեղեկատվությունը առևտրային գաղտնիք համարելու իրավասությունը՝ որպես կանոն վերապահված է տնտեսվարող սուբյեկտին, այսինքն տեղեկատվությանը տիրապետողն ինքն է որոշում ինչպիսի տեղեկատվությունը համարել առևտրային գաղտնիք և ինքն էլ սահմանում է դրա պահպանության կանոնները: Սակայն, քննարկվող իրավազորությունը անսահմանափակ չէ: Ցանկացած պետություն իրավունք ունի պետական և հանրային շահերի պաշտպանության նպատակով պետական և ռազմական անվտանգության ապահովման համար, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցությունը կանխելու և սպառողների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանել տեղեկատվության այն տեսակները, որոնք առևտրային կամ այլ գաղտնիք համարվել չեն կարող: Սակայն, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ընդերքօգտագործման ոլորտում հրապարակայնության շրջանակներ նախատեսված չեն, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ փաթեթով կարգավորել նաև այն տեղեկատվության հետ կապված հարցերը, որոնք փաթեթի իմաստով չբացահայտվող տեղեկատվություն կամ առևտրային գաղտնիք հանդիսանալ չեն կարող:
Այս առումով, նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում են 51 երկրներ: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդամակցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման համար կառավարությունը համագործակցել է միջազգային գործընկերների՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:
Վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով:
ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներից է հանդիսանում նաև հարկային մարմնի կողմից ընդերքօգտագործողների կողմից հարկերի վճարման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը (ընդ որում՝ տեղեկատվությունը պետք է հրապարակվի ապաագրեգացված, այսինքն՝ յուրաքանչյուր հարկատեսակի մասով առանձին): Հաշվի առնելով նշվածը՝ փաթեթում ներառվել է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է՝
Ա. ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ.
- Փոփոխություններ կատարել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները.
- Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար պարտավորություն սահմանել իրենց պաշտոնական կայքում, մամուլում կամ էլեկտրոնային այլ եղանակով հրապարակել արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն:
- Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների և համապատասխան տեղեկության տիրապետող պետական մարմինների (մասնավորապես, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) համար պարտավորություն սահմանել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության և նրանց կողմից ըստ յուրաքանչյուր հարկատեսակի պետությանը վճարված գումարների վերաբերյալ լիազոր մարմին և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հրապարակային հաշվետվություններ, որոնց ներկայացման կարգերը, ժամկետները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն պարտադիր հրապարակման է ենթակա նաև ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Համայնքների արտաբյուջեների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքներով: «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի ավագանու որոշմամբ արտաբյուջետային միջոցները ենթակա են ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով: Նույն Օրենքի համաձայն համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային հաշիվները տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները: Հայաստանի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը: Չնայած ՀՀ օրենսդրության վերոնշյալ կարգավորումներին՝ ՀՀ օրենսդրությամբ համայնքների արտաբյուջեների թափանցիկության վերաբերյալ որևէ դրույթ առկա չէ: Մասնավորապես, եթե օրինակ պետական մարմինների անվամբ բացված արտաբյուջեների և դրանց նախահաշիվների հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներն ընդունվում են նորմատիվ իրավական ակտի տեսքով և պարտադիր ենթակա են հրապարակման, ապա պարզ չէ համայնքի արտաբյուջեների դեպքում համայնքի ավագանու որոշումների բնույթը և հրապարակման աստիճանը:
Հարկ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ գործող օրենքը նախատեսում է համայնքի ավագանու որոշումների պարտադիր հրապարակման պահանջ, սակայն այս պահանջը վերաբերում է միայն ավագանու նորմատիվ որոշումներին: Հաշվի առնելով այն, որ համայնքի արտաբյուջեների՝ որպես նորմատիվ ակտ հրապարակման պահանջ ամրագրված չէ, նախագծով առաջարկվում է քննարկվող օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով նախատեսել համայնքի ավագանու արտաբյուջեների վերաբերյալ որոշումները համապատասխան բնագավառի լիազոր մարմնի կայքում հրապարակելու պարտադիր պահանջ: Պարզ է, որ լիազոր մարմնի կայքում հրապարակումը չի հանդիսանա ակտի պաշտոնական հրապարակում, սակայն ֆորմալ առումով կապահովի ԱՃԹՆ-ի ստանդարտներին համապատասխանեցում:
- Նախորդ տարվա ֆինասնական հաշվետվությունների հրապարակման արդյունքում ընկերությունների համար հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար նույն օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ նախորդ տարվա հաշվետվությունների հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից ընկերություններում ստուգումներ իրականացնելու և լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:»:
Բ. ՀՀ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ.
Հարկային օրենսգրքով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պարտավորությունը և տեսակները նախատեսված են Օրենսգրքի 308-րդ հոդվածով:
Այս հոդվածի համաձայն հարկային մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝
- մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ`
ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,
բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը,
գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,
դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,
ե. Օրենսգրքի 384-րդ հոդվածի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը,
զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:
Այսինքն, եթե ընդերքօգտագործող հանդիսացող ընկերությունը չի բավարարում վերոնշյալ ցանկերում ընդգրկվելու որևէ պայմանի, ապա հարկային մարմինը վերջինիս մասով տեղեկատվություն հրապարկելու որևէ պարտավորություն չունի:
Մինչդեռ ԱՃԹՆ-ի ստանդարտով, ինչպես արդեն նշվեց, պահանջվում է ընդերքօգտագործողների վերաբերյալ հարկերի մասով տեղեկատվության հրապարակման պարտադիր պահանջ: Ուստի, նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից հրապարակման ենթակա վերոնշյալ ցանկում լրացնել նաև ընդերքօգտագործող հանդիսացող հարկ վճարողների ցանկերի հրապարակման պարտադիր պահանջ: Ընդ որում, հրապարակումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ինչը ամրագրված է նաև Հարկային օրենսգրքով:
Դ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացում.
Այս օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է չբացահայտված տեղեկատվության վերաբերյալ որոշակի կարգավորումներ, որոնք լայն և տարակարծիք մեկնաբանելու արդյունքում կարող են առնչվել ընդերքօգտագործողների կողմից հրապարակվող տեղեկատվությանը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի իմաստով համարվել չբացահայտվող տեղեկատվություն: ՀՀ տարբեր օրենքների միջև հակասություններից և տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է սույն փաթեթում ներառված նախագծով սահմանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում ընդերքօգտագործման ոլորտի հրապարակայնությանն հետ կապված հարաբերությունների վրա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից` Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի պատասխանատուների մասնակցությամբ:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանցեում ԱՃԹՆ-ի ստանդարտին Հայաստանի Հանրապետությանում ԱՃԹՆ-ի ստանդարտի սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում հանրային զեկույց: Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր:
-
Обсуждалось
06.12.2017 - 26.12.2017
-
Тип
Закон
-
Область
Энергетика и природные ресурсы
Просмотры 8422
Принт