ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ ի թիվս այլ դեպքերի, սահմանված է այն դեպքը, երբ երրորդ և ավելի երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)` նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ երեխայի համամայր քույրերի կամ եղբայրների ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել:
Հարկ է նկատի ունենալ, որ հոր մասին տեղեկությունը լրացված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն առկա է ծննդյան վկայականում, ուստի խնդրո առարկա ձևակերպումը հստակեցման կարիք ունի։
Բացի դրանից, Որոշման N 1 հավելվածի 8.1-ին կետով սահմանված է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում:
Այսինքն, ի տարբերություն Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի («զ» պարբերություն), հավելվածի 8.1-ին կետով կարգավորված չէ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաներին և զավակներին հաշվի առնելու հնարավորություն այն դեպքում, երբ նոր ծնված երեխան և նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխաները համամայր են, իսկ հոր մասին տեղեկությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն, լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել։ Այս դեպքում նոր ծնված երեխան չի կարող ունենալ իր ծնողներից սերված հարազատ քույրեր, եղբայրներ և, փաստորեն, քաղաքացու վրա դրվում է այնպիսի տեղեկատվություն ներկայացնելու պահանջ, որը հնարավոր չէ կատարել ։
Ըստ այդմ, դրույթը հստակեցման կարիք ունի:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի առնել նաև մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած համամայր քույրերին և եղբայրներին՝ հարազատ քույրերի և եղբայրների համար սահմանված կարգով, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված կամ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ այդ երեխայի (զավակի) ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունը չի լրացվել:
Ընդ որում, այս դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։ Այս կարգավորումը նախատեսվում է տարածել այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։
Այս անցումային դրույթը սահմանվել է նաև ՀՀ կառավարության 18.05.2023 N 768-Ն որոշման 4-րդ կետով, իսկ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այդ որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով կատարված փոփոխության հստակեցմանը:
Նախագծով հստակեցվու է նաև Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերության ձևակերպումը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կկանոնակարգվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն և 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ծախսերի էական ավելացում չի նախատեսվում։
Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս մահացած երեխաներին հաշվառելու դեպքերը, ըստ շահառուների բանավոր և գրավոր դիմումների, խիստ սահմանափակ են, ուստի լրացուցիչ ծախսերը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ծախսերի համար հատկացված միջոցների հաշվին։
-
Обсуждалось
14.07.2023 - 31.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2253
Принт