Добавить в избранное

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որին պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիրը: Դիմումին կից ներկայացվում է Կառավարության սահմանած՝ պետական լիազոր մարմնի տրամադրած՝ ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը, որում նշվում են ապրանքների ոչնչացման վայրի, եղանակի, ոչնչացման հետևանքով առաջացող հնարավոր թափոնների վերաբերյալ տեղեկություններ: Նույն օրենքի 168-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերի համաձայն՝ ապրանքների ոչնչացումը կատարվում է Կառավարության սահմանած մարմնի (հանձնաժողովի, անձի կամ պետական կառավարման համակարգի մարմնի) հսկողության ներքո: Ապրանքների փաստացի ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման վերաբերյալ ակտ՝ Կառավարության սահմանած ձևով, որում նշվում են նույն օրենքով սահմանված տեղեկությունները։ Ոչնչացման ակտն ստորագրում են մաքսային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) և հայտարարատուն: Այն կազմվում է Կառավարության սահմանած քանակով և բաշխվում Կառավարության սահմանած բաշխման կարգով: «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Ապրանքների ոչնչացման հետ կապված համապատասխան դրույթները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ, որոնք նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։
Միաժամանակ, նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշման համաձայն (ուժը կորցրել է 25.10.2021թ.) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելուց հետո հայտարարագիրն ընդունող մաքսային մարմնի ղեկավարը հայտա­րարագրի ընդունումից հետո գրավոր դիմում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման  համաձայն (ուժի մեջ է մտել 25.10.2021թ.)՝ մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը՝ հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է ներկայացնում մաքսային մարմին՝ կցելով պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը: Հետևաբար, մինչև 25.10.2021 թվականն ընկած ժամանակահատվածում «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացը չի կարող կազմակերպվել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.2000թ. N 901 որոշմամբ, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. թիվ 1681-Ն որոշմամբ սահմանված կարգերով, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.2000թ. N 901 որոշումն արդեն ուժը կորցրած է և դրանով նախատեսված  հանձնաժողովն այլևս չի կարող գործել, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման համաձայն անհրաժեշտ է մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրելը դիմում ներկայացնել մաքսային մարմին, սակայն տվյալ դեպքում  համապատասխան ապրանքներն արդեն իսկ հայտարարագրված են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով։
 
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ոչնչացման հետ կապված առանձին նորմերը համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նշյալ որոշման N7 hավելվածի 1-ին կետը համապատասխանեցնել նույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:


Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:


Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
 

  • Обсуждалось

    07.07.2023 - 22.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2542

Принт