Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
14.06.2023
Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ Այսպես, Ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո'չ ընտրական հանձնաժողովներում, ո'չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազհային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։ Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո'չ ընտրական հանձնաժողովների, ո'չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի կողմից ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը: Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով այս պահին զուգահեռ ընթացող հանրային քննարկումները և ելնելով գործընթացի առավելագույն արդյունավետության շահից՝ առաջարկում ենք երկարաձգել E-draft-ում առաջարկներ ներկայացնելու ժամկետը, ինչը հնարավորություն կտա արձագանքելու բոլոր խնդիրներին՝ հաշվի առնելով նաև նշված քննարկումների արդյունքերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ