Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների պաշտպանությունը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը: Նրանց գործունեության արդյունքում հնարավոր է դարձել վերականգնել տարբեր պետություններին հասցված զգալի չափերով գույքային վնասները: Օրինակ՝ ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության՝ ԱՄՆ-ում 1986-2013 թվականների ընթացքում հենց ազդարարների գործունեության արդյունքում վերականգնվել է 35 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով հասցված վնասը: 2009 թվականի հոկտեմբերի 17-18 կայացած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ երկրների տարեկան ժողովն ընդունել է ազդարարների վճռական նշանակությունը: Ճանաչվելով որպես խոսքի ազատության կարևոր բաղադրիչ՝ ազդարարումն ապահովում է կոռուպցիայի կանխարգելումը և հասարակության մասնակցությունն այդ գործում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է, որ գործնականում կարող են ծագել ազդարարմանն առնչվող մի շարք ռիսկեր: Ուստի, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց կապահովեն նաև ազդարարների պաշտպանությունը: Նշված կառուցակարգերի ներդրման նպատակով էլ ընդունվեց «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, հանրային նշանակության կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Ի թիվս այլ կարգավորումների՝ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում մշակել «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ մի շարք երկրներ ևս կոռուպցիոն բնույթի և այլ հանցագործությունները բացահայտելու նպատակով ստեղծել են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակներ։ Միջազգային փորձի վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել ազդարարման էլեկտրոնային հարթակների հետևյալ տեսակները.

  • ազդարարման էլեկտրոնային հարթակ, որը գործում է առանձին կայքի տեսքով, և
  • Կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված մարմնի կայք, որտեղ գործում է առանձին պատուհան:

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՅՔԻ ՏԵՍՔՈՎ: Միացյալ ազդարարման կենտրոնը մասնավոր ոլորտում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ապահովում է թափանցիկությունը, տեղեկատվության ազատությունը, խոսքի ազատությունը, ազդարարումը և հետաքննական լրագրողությունը: Կենտրոնն իր գործառույթների լիարժեք իրականացման համար ստեղծվել է ազդարարման էլեկտրոնային հարթակ[1], որը կազմված է կենտրոնական և տեղական էլեկտրոնային հարթակներից: Յուրաքանչյուր տեղական հարթակ հնարավորություն է ընձեռում տվյալ երկրի քաղաքացիներին անանուն եղանակով ազդարարելու կոռուպցիոն բնույթի, պաշտոնի չարաշահման և այլ դեպքերի մասին: Կայքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ազդարարման տեղեկատվությունը ներկայացվում է կայքի հետ համագործակցող լրատվամիջոցներին: Ընդ որում՝ անձն ինքն է ընտրում, թե որ լրատվամիջոցին է ցանկանում ուղարկել ազդարարման տեղեկատվությունը, այդ թվում՝ ազդարարումը հիմնավորող փաստաթղթերը:

Տեղական հարթակները գործում են հետևյալ երկրներում՝ Իսլանդիա[2], Իսպանիա[3], Էկվադոր[4], Մեքսիկա[5] և Պերու[6]:

ԿԱՅՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Կայքի գլխավոր էջը բաղկացած է հետևյալ անվանումներով առանձին պատուհաններից՝

  • Կայքի մասին - այս բաժնում ներկայացվում է կայքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնավորապես՝ ինչ նպատակ է հետապնդում կայքը, ովքեր կարող են օգտվել կայքից, կայքի կազմի մեջ մտնող հարթակները.
  • Ծառայություններ - ազդարարման հարթակների պահպանումից և հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության հրապարակումից զատ՝ Կայքն առաջարկում է անհատներին և կազմակերպություններին ծառայություններ, որոնք ներառում են իրավաբանական խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն և այլն.
  • Նվիրաբերել - կայքի բնականոն գործունեությունն իրականացնելուն և պահպանելուն ուղղված նվիրատվություններ, որը կարող է իրականացնել ցանկացած անձ.
  • Հայտարարություններ - այս բաժնում ներկայացվում են բացահայտված կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին հայտարարություններ:
  • Ազդարարել - այս կոճակի միջոցով անձին հնարավորություն է ընձեռվում ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքի, պաշտոնի չարաշահման և այլ դեպքերի մասին: Ազդարարում կատարելու համար պետք է ներբեռնել TOR համակարգը՝ անանունությունն ապահովելու համար: Այնուհետև՝ անձը մուտք է գործում կայքէջ TOR համակարգի միջոցով, որտեղ հայտնվում է ուղարկել փաստաթղթեր պատուհանը:
  • Ընտրել լրատվամիջոցը - այս պատուհանի միջոցով անձը ընտրում է այն լրատվամիջոցը, որին ցանկանում է ուղարկել իր ազդարարումը, այսինքն՝ ուղարկված ողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ փաստաթղթերը ուղարկվում են տվյալ լրատվամիջոց, որն էլ հետագայում հրապարակում է այն:

Լրատվամիջոցն ընտրելուց հետո հայտնվում է մեկ այլ պատուհան,որը բաղկացած է երկու մասից:

Առաջին մասը ներառում է հետևյալ բաժինները՝

  • Ազդարարման նկարագրություն - այս բաժում անձը հակիրճ ներկայացնում է ազդարարվող դեպքը.
  • Տեղադրված ազդարարման մասին ընդհանուր մեկնաբանություն - այս բաժնում անձը կարող է մանրամասն նշել դեպքի ժամանակը, առաջարկել նախազգուշական միջոցներ և այլն.
  • Ներբեռնել փաստաթղթեր - այս բաժնում անձը կարող է ներբեռնել ազդարարվող դեպքի հետ կապված փաստաթղթեր:

Երկրորդ մասը կազմված է հետևյալ բաժնից՝

  • Ընդհանուր դրույթներ և պայմաններ - այս բաժնում ներկայացվում է Կայքից օգտվելու ընդհանուր կանոնները, ինչպիսին օրինակ՝ կեղծ ազդարարման հետևանքներն են: Ընդհանուր պայմաններ և դրույթներին համաձայնություն տալուց հետո Կայքը տրամադրում է անհատական 16 նիշից բաղկացած կոդ, որի միջոցով անձը կարողանում է հետևել ազդարարման ընթացքին և կապ հաստատել իրավասու մարմնի հետ:

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ: Ամերիկայի  Միացյալ Նահանգների ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը անկախ պետական գործակալություն է, որը կարգավորում է արժեթղթերի շուկան, ներառյալ՝ ֆյուչերսը, պարտավորությունների փոխանակումը և այլն: Շուկայի պարզ և թափանցիկ վերահսկողությունն իրականացնելու համար ստեղծվել է ազդարարման - պարգևատրման կայք: Կայքը հիմքում ընկած է Միացյալ Նահանգների ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ազդարարների վերաբերյալ ծրագիրը, որի շրջանակներում անձն ազդարարում է «Ապրանքային փոխանակման մասին» օրենքի հնարավոր խախտումների մասին: Ծրագրի գլխավոր սկզբունքը կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգների ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը տալիս է դրամական պարգևներ այն ազդարարներին, ովքեր կամավոր տեղեկացնում են հանձնաժողովին «Ապրանքային փոխանակման մասին» օրենքի խախտումների մասին և, որի արդյունքում կիրառվում է սանկցիա տուգանքի տեսքով՝ 1 միլիոն դոլարը գերազանցող չափով:

ԿԱՅՔԻ[7] ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Կայքի գլխավոր էջը բաղկացած է հետևյալ անվանումներով առանձին պատուհաններից՝

  • Ազդարարել - այս բաժնում ներկայացվում են ազդարարման ընդհանուր կանոնները, ինչպես նաև ներկայացվում է ազդարարելու եղանակները: Ազդարարումը կատարվում է TCR ֆորմատով, որը ընդգրկում է անձնական, դեպքը մանրամասնող հարցաշար, ինչպես նաև անձը կարող է կցել դեպքի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր (doc, docx, dot, xlsx, xls, jpg, jpeg, pdf, bmp, txt, ppt, pptx, odt, ods, odp, zip, zipx ֆորմատներով).
  • Ազդարարների պաշտպանություն - այս բաժնում ներկայացվում է ազդարարների պաշտպանության մեխանիզմները և սկզբունքները, ինչ դեպքերից և ինչ պայմաններում է ազդարարը պաշտպանվում.
  • Դիմել պարգևատրում ստանալու համար - այս բաժնում նեկայացվում են պարգևատրման համար դիմումի նեկայացման ուղեցույցը, կարգը և պայմանները.
  • Կայքի մասին - այս բաժնում ներկայացվում է կայքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Մասնավորապես՝ ինչ նպատակ է հետապնդում կայքը, ովքեր կարող են օգտվել կայքից, ինչ իրավական ակտեր են հանդիսանում իր հիմքը.
  • Ծրագրի մասին - այս բաժնում ներկայացվում է Կայքի ստեղծման համար հիմք հանդիսացած ծրագրի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ նպատակները, գործողության շրջանակը.
  • Ծանուցումներ - այս բաժնում ներկայացվում են պարգևատրման մասին ծանուցումները.
  • Որոշումներ - այս բաժնում ներկայացվում է Հանձնաժողովի որոշումները կապված պարգևատրման հետ, ինչպես նաև ներկայացվում է պարգևատրման պայմանները և կարգը.
  • Օրենսդրություն - այս բաժնում ներկայացվում են այն իրավական ակտերը, որոնք կարգավորում են Կայքի կողմից իրականացվող գործառույթները.
  • Իրադարձություններ,նորություններ և այլ տեղեկատվություն - այս բաժնում առանձին ներկայացվում է՝

1) Նորություններ - այստեղ ներկայացվում են ազդարարների ծրագրի վերաբերյալ նորությունները, լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածները,

2) Իրադարձություններ - այստեղ ներկայացվում են այն իրադարձությունները, որոնցում մասնակցություն են ունեցել Հանձնաժողովի անդամները,

3) Այլ տեղեկատվություն - այս բաժնում ներկայացվում է Կայքի օգտագործման և մասնավորապես ազդարարման վերաբերյալ ուղեցույցը:

  • Հաշվետվություններ - այս բաժնում ներկայացվում են Հանձնաժողովի հաշվետվությունները ներկայացված ԱՄՆ Կոնգրեսին:

ԱՎՍՏՐԻԱ: ԿԱՅՔԻ[8] ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Կայքի գլխավոր էջը բաղկացած է հետևյալ անվանումներով առանձին պատուհաններից՝

  • Ազդարարել - այս բաժինը ընտրելուց հետո Կայքը բացում է առանձին էջ, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
  • Անվտանգության վերաբերյալ ծանուցում - այս բաժնում ներկայացվում են անանունության պահպանման կանոնները, եթե ազդարարը ցանկանում է հանդես գալ անանուն եղանակով: Կայքի և ազդարարի անվտանգության նկատառումներով հայտնվում է 6 նիշից բաղկացած կոդ, որը պետք է լրացնել համապատասխան դաշտում և մուտ գործել համակարգ.
  • Ընտրել իրավախախտման տեսակը - Համակարգ մուտք գործելուց հետո պետք է նշել այն իրավախախտումը, որը ազդարարման հիմք է հանդիսացել՝
  • Կոռուպցիա,
  • Տնտեսական հանցագործություն,
  • Սոցիալական խաբեություն,
  • Հաշվապահական խաբեություն,
  • Փողերի լվացում (յուրաքանչյուր դաշտի աջ անկյունում տեղադրված կոճակը սեղմելիս հայտնվում է տվյալ դաշտի ճիշտ լրացման բացատրությունը):

Իրավախախտման տեսակն ընտրելուց հետո հայտնվում է ազդարարման մասին հարցաշար, որը բաղկացած է պարտադիր և ոչ պարտադիր դաշտերից՝

  • Ազդարարման առարկան (պարտադիր).
  • Ազդարարի անունը և ազգանունը (ոչ պարտադիր).
  • Ազդարարվող դեպքի մանրամասն բնութագրությունը (4096 տառ), (պարտադիր).
  • Այն պետությունը, որտեղ ազդարարվող դեպքը տեղի է ունեցել, (պարտադիր).
  • Արդյոք իրավապահ մարմինները տեղյակ են ազդարարվող դեպքի մասին(ոչ պարտադիր).
  • Իրավախախտմամբ կատարված վնասի չափը (պարտադիր).
  • Ազդարարվող դեպքի ամսաթիվը (պարտադիր).
  • Ազդարարվող դեպքի վայրը (պարտադիր).
  • Արդյոք Դուք հանդիսանում եք իրավախախտում կատարած ընկերության աշխատակից (ոչ պարտադիր).
  • Արդյոք տվյալ իրավախախտումը արդեն քննվում է ընկերության ներսում (ոչ պարտադիր).
  • Արդյոք Դուք ներգրավված եք տվյալ իրավախախտման մեջ (ոչ պարտադիր).
  • Կարող եք անվանել վկաների, ովքեր ցուցմունք կտան.
  • Արդյոք ազդարարումը հաստատող փաստաթուղթ կարող եք կցել.
  • Փաստաթղթերի կցում (2 մեգաբայթ տարողություն) (ոչ պարտադիր).
  • Ինչպես տեղեկացաք այս կայքի մասին (ոչ պարտադիր):

Համակարգը տրամադրում է ազդարարման կոդ (4 նիշ), որի միջոցով հնարավոր է դառնում հետևել ազդարարման ընթացքին: Այնուհետև՝ ազդարարը դատարկ դաշտերում լրացնում է անուն և գաղտնաբառ, որի միջոցով մուտք է գործում իր անհատական հասցե՝ իրավասու մարմնի հետ կապ հաստատելու, ազդարարման ընթացքին հետևելու, ինչպես նաև նոր ազդարարմամբ հանդես գալու համար:

  • Անձնական գրասենյակ - այս բաժնի միջոցով անձը կարող է արդեն իսկ ստեղծված անհատական հասցեի միջոցով ներկայացնել նոր ազդարարում, իրավասու մարմնի հետ կապ հաստատել, հետևել ազդարարման ընթացքին: Անունը և գաղտնաբառը մուտքագրելուց հետո Կայքի և ազդարարի անվտանգության նկատառումներով հայտնվում է պատուհան՝ պարունակելով 6 նիշից բաղկացած կոդ, որը պետք է լրացնել համապատասխան դաշտում, և մուտք գործել համակարգ.
  • Հաճախ տրվող հարցեր: 

ՀՆԴԿԱՍՏԱՆ: ԿԱՅՔԻ[9] ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Կայքի գլխավոր էջը բաղկացած է հետևյալ անվանումներով առանձին պատուհաններից՝

  • Ես տվել եմ կաշառք.
  • Ես չեմ տվել կաշառք:

Ես տվել եմ կաշառք - այս կոճակը սեղմելուց հետո հայտնվում է պատուհան, որը պարունակում է ազդարարման դեպքի վերաբերյալ հարցեր՝

  • Որ ոլորտին է վերաբերում ազդարարումը.
  • Ինչի համար են պահանջել կաշառք.
  • Ընտրել քաղաքը.
  • Ընտրել ամսաթիվը.
  • Կաշառքի չափը.
  • Ընտրել ազդարարման վերնագիր.
  • Ներկայացրեք ազդարարվող դեպքի մանրամասները.
  • Անանուն մնալ - անանուն եղանակով ազդարարելու դեպքում պետք է ընտրել անանունության կոճակը.
  • Բացահայտել ինքնությունը - ինքնությունը բացահայտելու դեպքում պետք է ընտրել բացահայտման կոճակը.
  • Ես ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականության հետ.
  • Տեղեկացնել իմ ազդարարման պատասխանի և այլ նորությունների մասին:

Ես հանդիպել եմ ազնիվ պաշտոնյայի - այս բաժնում ազդարարումը կատարվում է այն դեպքում, երբ անձն առնչվել է ազնիվ պաշտոնյայի հետ:

Կայքում առկա են նաև Կոռուպցիայի թեժ գիծ, Ազդարարումներ և Նորություններ պատուհանները:

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿԱՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԵՍՔՈՎ:

ՍԻՆԳԱՊՈՒՐ: Սինգապուրի Հանրապետությունում կոռուպցիոն բնույթի դեպքի մասին ազդարարումը կատարվում է Կոռուպցիոն գործունեության քննության բյուրոյի պաշտոնական կայքի միջոցով:

ԿԱՅՔԻ[10] ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Կայքի գլխավոր էջը պարունակում է էլեկտրոնային ծառայությունների վերաբերյալ առանձին պատուհան:

Էլեկտրոնային ծառայություններ պատուհանը բաղկացած է Կոռուպցիոն վարքագծի մասին էլեկտրոնային ազդարարում բաժնից: Այս բաժնում ներկայացվում է էլեկտրոնային ազդարարում իրականացնելու վերաբերյալ ուղեցույցը, ինչպես նաև անանուն մնալու իրավունքը: Այս բաժինը բաղկացած է երկու մասից՝

  • Սկսնակ օգտատեր - այս բաժնում նոր օգտատերերի համար ներկայացվում է անանունության իրավունքը և օրենսդրությամբ ամրագրված հիմքերը: Այնուհետև՝ պետք է լրացնել հետևյալ բաժիններից բաղկացած հարցաշարը՝
  • Անձնական տվյալներ՝
  • Էլեկտրոնային հասցե ( ոչ պարտադիր դաշտ).
  • Անուն, ազգանուն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Ազգություն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Անձնագիր ( ոչ պարտադիր դաշտ).
  • Կոնտակտային համար ( ոչ պարտադիր դաշտ).
  • Ազդարարման մանրամասները:
  • Կոռուպցիայի հետ կապված կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն՝
  • Կազմակերպություն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Հասցե ( ոչ պարտադիր դաշտ).
  • Կազմակերպության հետ առնչվող ունեցող այլ տեղեկատվություն (ոչ պարտադիր դաշտ).
  • Ավելացնել այլ կազմակերպություն ( ոչ պարտադիր դաշտ):
  • Կոռուպցիայի հետ կապված անձի վերաբերյալ տեղեկատվություն՝
  • Անուն, ազգանուն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Անձնագրի համար ( ոչ պարտադիր դաշտ).
  • Աշխատավայր ( ոչ պարտադիր դաշտ).
  • Պաշտոն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Կոնտակտային համար ( ոչ պարտադիր դաշտ).
  • Անձի հետ առնչություն ունեցող այլ տեղեկատվություն ( ոչ պարտադիր դաշտ).
  • Ավելացնել այլ անձի ( ոչ պարտադիր դաշտ):
  • Ազդարարվող դեպքի ամփոփ նկարագրություն (պարտադիր դաշտ).
  • Կցել փաստաթուղթ (TXT, DOCX, DOC, PDF, ZIP, JPG, JPEG ֆորմատներ, ֆայլի ընդհանուր չափը չպետք է գերազանցի 10 մեգաբայթը, հակառակ դեպքում փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել cpib-website-email@cpib.gov.sg Էլեկտրոնային հասցեին).
  • Արդյոք Դուք պատրաստ եք ներկայանալ Կոռուպցիոն գործունեության քննության բյուրո վկայության համար.
  • Արդյոք Դուք համաձայն եք ներկայանալ Կոռուպցիոն գործունեության քննության բյուրոյի կողմից գործի փոխանցումը իրավասու մարմնին, եթե գործը Բյուրոյի ենթակայության տակ չէ.
  • Արդյոք Դուք համաձայն եք Բյուրոյի կողմից Ձեր ինքնության բացահայտումը իրավասու մարմնին.
  • Նշումներ.
  • Ազդարարման վերջնական տեսքի դիտում և ուղարկում.

Այնուհետև համակարգը տրամադրում է անհատական հասցե և անհատական մուտք գործելու համար անհրաժեշտ անուն և գաղտնաբառ:

  • Արդեն գրանցված օգտատեր - այս բաժնում անձնական տվյալներ լրացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Ազդարարման դեպքում անձը հարցաշարն սկսում է լրացնել «Կոռուպցիայի հետ կապված կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» հատվածից:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը.

2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը:

Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության ապահովման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի: Այսպես, համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով: ՏՈՌ (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը:

Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչով (browser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

1) մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան.

2) սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը.

3) բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.

4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:

Նշված գործողությունները կատարելու դեպքում ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով նրա անանունությունը:

 

Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, քննարկվող հարթակի ստեղծմամբ և գործարկմամբ կբարձրանա հանցագործությունների բացահայտման մակարդակը:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

[1] Ազդարարման էլեկտրոնային գլխավոր հարթակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://awp.is/:

[2] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ljost.is:

[3] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://filtrala.org:

[4] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ecuadortransparente.org:

[5] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://mexicoleaks.mx:

[6] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://leaks.pe:

[7] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.whistleblower.gov/:

[8]  Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.bkms-system.net/bkwebanon/report/clientInfo?cin=1at21:

[9] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.ipaidabribe.com/#gsc.tab=0:

[10] Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.cpib.gov.sg/:

  • Обсуждалось

    24.11.2017 - 11.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16204

Принт

Предложения

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակի «Վիճակագրություն» պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Արդյոք սա չի հանգեցնի անձանց IP հասցեների բացահայտմանը:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակն ունի նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհան, որտեղ քայլ առ քայլ ներկայացվելու է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Արդյոք սա նշանակում է, որ այս պատուհանում ներկայացվելու է նաև հաղորդման ներկայացման իրավական հետևանքները կամ տվյալների ներկայացման կամ անանուն եղանակով հաղորդման ներկայացման իրավական հետևանքների միջև առկա տարբերությունը կամ ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումների մասին տեղեկատվություն:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Նախագծի 1-ին հավելվածի համաձայն՝ հարթակն ունի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհան: Նշված պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք այստեղ առկա է լինելու տեղեկատվություն առ այն, թե ով է հանդիսանալու կայքի ադմինիստրատորը, և ով է ստանալու հաղորդումը:

Узнать больше