Добавить в избранное

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

              «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով Նախագծով նաև նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

                «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ի թիվս այլոց, առանձնահատկություններ են սահմանվում պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների համար:

                «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում՝ պայմանագրային աշխատողներ, որոնք ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում։

                Վերոգրյալից ստացվում է, որ 2020թ. փետրվարի 22-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի թիվ ՀՕ-12-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով առանձնահատկություններ են սահմանվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պաշտոնների մասով և վերջիններս հանդիսանում են հարկային կամ մաքսային ծառայողներ, սակայն 2020թ. փետրվարի 22-ից ուժի մեջ մտած «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի թիվ ՀՕ-67-Ն օրենքով սահմանվել է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում քաղաքացիական ծառայողներ են, ինչի հետևանքով հակասություն է առաջացել «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքների միջև:

                Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծով նախատեսվել է, որ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները հանրային ծառայողներ են:

             Միաժամանակ, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն  ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`

             1) պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ.

 

             2) պաշտոնի նշանակման պահին կամ դրան նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպության կամ կազմակերպության համակարգի կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք են:

             Վերոգրյալից ստացվում է, որ կազմակերպության կամ կազմակերպության համակարգի, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավարի պաշտոն վերջին երկու տարվա ընթացքում զբաղեցրած անձը, ինչպես նաև այդ անձի հետ փոխկապակցված անձինք, չեն կարող նշանակվել ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար: Այսինքն` օրինակ, կազմակերպության ցանկացած ստորաբաժանման ղեկավար երկու տարվա ընթացքում չի կարող նշանակվել ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, մինչդեռ այդ ստորաբաժանման ղեկավարի տեղակալը կամ բաժնի պետը, որոնք համակարգել են կոնկրետ ոլորտներ, կարող են նշանակվել ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար:

             Ժամկետի առումով երկու տարվա սահմանափակումը և ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ այդ ընթացքում ներդրված արգելքը կազմակերպության ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից արդարացված ու հիմնավոր չեն, հետևաբար Նախագծով նախատեսվում է վերանայել այդ ժամկետը՝ լավագույն կադրերի մասով ընտրության և նշանակման գործընթացը ճկուն դարձնելու համար։ Կազմակերպության ներսում կարող են լինել այնպիսի ստորաբաժանումներ, որոնք իրենց գործառույթներով մոտ են և ունեն ընդհանրություններ ներքին աուդիտի ստորաբաժանման գործառույթներին: Օրինակ, կազմակերպությունում ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում բազմակողմանի և խորությամբ տիրապետում է կազմակերպությունում առկա ռիսկերին, խնդիրներին, բացթողումներին և նպատակահարմար է, որ կազմակերպության ղեկավարը իրավասություն ունենա այդ անձին ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակելու, ինչն ավելի կարող է նպաստել կազմակերպության ռիսկերի կառավարմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը, քան այն դեպքում, երբ աուդիտի ստորաբաժանման ղեկավար պետք է նշանակվի տվյալ կազմակերպությունում չաշխատող կամ տվյալ կազմակերպությունում ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ չունեցող այլ անձ: Կազմակերպության ռիսկերին, խնդիրներին, բացթողումներին և գործունեությանը գործառույթային առանձնահատկություններից ելնելով՝ ներքին հսկողական կամ վերահսկողական ստորաբաժանումների ղեկավարները առավել շատ ու բազմակողմանիորեն են տիրապետում, քանի որ նրանք հսկողություն կամ վերահսկողություն են իրականացնում կազմակերպության բոլոր կամ մի քանի ստորաբաժանումների նկատմամբ, համակարգում են այդ ստորաբաժանումների աշխատանքները, հետևաբար ծառայության ընթացքում առավել լայն շրջանակների հարցերի հետ են առնչվում դրանցից բխող խնդիրներով, քան բնականաբար, մեկ ուղղվածության կամ շրջանակի աշխատանք կատարող ստորաբաժանման ղեկավարը։

                Ելնելով վերոգրյալից` Նախագծով նախատեսվում է կազմակերպության ղեկավարին հնարավորություն ընձեռել համեմատաբար ավելի կարճ ժամանակ անց ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակելու կազմակերպության ցանկացած ստորաբաժանման ղեկավար կազմից, դրա հետ կապված որոշման իրավասությունն ու հիմնավորվածությունը թողնելով նրա հայեցողությանը և պատասխանատվությանը, քանի որ ներքին աուդիտի ստորաբաժանումը գործում է կազմակերպության ղեկավարի անմիջական ենթակայության և անմիջականորեն հաշվետու է նրան։ Միաժամանակ, նշված սահմանափակման մասով բացառություն է նախատեսվել ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների համար:

                Այս փոփոխությունների արդյունքում կազմակերպության ղեկավարին հնարավորություններ կտրվեն ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը առավել հմուտ, բանիմաց,  կազմակերպությունում առկա ռիսկերին, խնդիրներին, բացթողումներին խորությամբ տիրապետող և առավել վստահելի անձի նշանակման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի որակյալ կադրերի գծով արդյունավետ, ճկուն ու նպատակամետ կառավարման իրականացմանը և կազմակերպության ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետության բարձրացմանը:

Այսպիսով, Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական առկա հակասությունների վերացման, ինչպես նաև որակյալ կադրերի գծով առավել արդյունավետ ու ճկուն ընթացակարգերի ներդրմամբ՝ կազմակերպության ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
  2. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է վերացնելու «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար նախատեսելու որոշակի բացառություններ՝ գործընթացն ավելի արդյունավետ, հոսուն, ճկուն, ինչպես նաև նպատակամետ դարձնելու համար:   

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ռազմավարական փաստաթղթերի հետ ուղղակի կապ չկա:

  1. Այլ տեղեկություններ.

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  • Обсуждалось

    15.05.2023 - 30.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2010

Принт