Հիմնավորում
«Ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից) ս.թ. հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների բացառությամբ անչափահասների եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված, մասնավորապես, առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ սոցիալական ծախսերը ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանում է Կառավարությունը:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ՝
1.Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները՝ Կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:
2․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով, հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են՝
1) Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,
2) Օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,
3) Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները։
3.Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով։
4․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում, Կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` Օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:
4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերություններն են:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ինչպես ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, հաշվի առնելով այն, որ ՀՀ պետական բյուջեում անհրաժեշտ է լինելու նախատեսել սոցիալական ծախսերի գծով գումարներ:
7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում: