ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության» փաստաթուղթը, ինչի հիմնական նպատակն անտառների կայուն կառավարման ապահովումն էր, ինչպես նաև բնապահպանական և հասարակայնության շահերի հավասարակշռումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման համաձայն փաստաթուղթն անվավեր է ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն առաջացել է մշակել անտառային քաղաքականության և ռազմավարության նոր փաստաթուղթ։
Վերջինիս հիման վրա մշակված ՀՀ անտառի ազգային ծրագիրը, ինչը հաստատվել էր ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ, միտված էր օրենսդրության վերանայմանը, անտառային տարածքների վերականգնմանը, անտառների պահպանման ու ոլորտի զարգացման բազմաբնույթ հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ծրագիրը սահմանում էր առաջնային կարևորության միջոցառումները և դրանց իրականացման 10-ամյա ժամանակացույցը, ինչը գործել է մինչև 2015 թվականը ներառյալ և անհրաժեշտություն է առաջացել հաստատելու անտառային ոլորտի նոր գործողությունների ազգային ծրագիրը առ 2030 թվականը։
2022 թվականի հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք իրավական ակտերում: Այնուհետև 2022 թվականի հուլիսի 22-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» Վարչապետի 861-Ա որոշումը, որի հավելվածով հաստատվել են մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջից։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել անտառների կայուն կառավարման նպատակով քաղաքականության և ռազմավարության հիմնական ուղղությունները, իրականացվող գործողությունները, ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքներն ու իրականացման ցուցանիշները։
Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտը հանդիսանում է էկոլոգիական, սոցիալական և տնտեսական անվտանգության ազգային համակարգի կարևոր բաղադրիչը, որի հիմնախնդիրները պետք է դիտարկվեն որպես համազգային ռազմավարական գերակայություններ, որի երկարաժամկետ խնդիրներ են հանդիսանում`
- առկա անտառների պահպանության ուժեղացումը` անտառների դեգրադացիայի և անտառազրկման կանխարգելումը,
- անտառային լանդշաֆտների վերականգնումը, ներառելով հատված, այրված, հիվանդությունների և վնասատուների հետևանքով չորացած և այլ պատճառներով վնասված անտառային տարածքները, ինչպես նաև անտառածածկի հետագա ընդլայնումը անտառապատման լայնածավալ աշխատանքների միջոցով,
- անտառների կայուն և բազմանպատակ օգտագործման արդյունքում անտառային ոլորտի ֆինանսատնտեսական վիճակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը, որը չպետք է հանգեցնի հետագայում անտառային ռեսուրսների պոտենցիալի անկմանը,
- անտառային կենսաբազմազանության՝ հատուկ պահպանության ենթակա բուսական և կենդանական տեսակների և նրանց կենսամիջավայրերի պահպանությունը, անտառների հողապաշտպան, ջրապահպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ, սանիտարապահպան և այլ էկոհամակարգային ծառայությունների, ինչպես նաև սոցիալական, այդ թվում ռեկրացիոն և զբոսաշրջային գործառույթի ապահովումը,
- կլիմայի փոփոխության հետևանքով անտառների խոցելիության և կլիմայական ռիսկերի գնահատումը, անտառների դիմակայունության և հարմարվողականության բարձրացումը, անտառտնտեսվարման և հողօգտագործման արդյունքում ածխածնի կլանման կարողությունների ավելացումը և անտառային ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը,
- միջոլորտային համագործակցության խթանումը և ռեսուրսների մոբիլիզացումը:
Ոլորտի կայունության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ապահովել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված բոլոր ռեսուրսների մոբիլիզացում, ինչպես նաև տեղական, ոլորտային և ազգային զարգացման պլաններում անտառկառավարմանն առնչվող համակարգված գործողությունների նախատեսում և ինտեգրում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և լրամշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի իրականացման հիմնական արդյունքը անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման, կայուն և բազմանպատակ օգտագործման ապահովումն է։
Սույն փաստաթղթի իրականացումից ակնկալվող արդյունքները կնպաստեն՝
- անտառներին էկոհամակարգերին սպառնացող հիմնական վտանգների, դեգրադացիայի և անտառազրկման կանխարգելմանը, անտառային կենսաբազմազանության պահպանության բարելավմանը,
- անտառների արտադրողականության բարձրացմանը,
- ՀՀ անտառային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ արդիական տարածական տվյալների ստացմանը,
- կայուն անտառօգտագործման միջոցով անտառների դերի և նշանակության բարձրացմանը, անտառամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը,
- անտառային ոլորտի վերաբերյալ բնակչության լայն շերտերի իրազեկվածության բարձրացմանը, որոշումներ ընդունելու գործընթացներին ներգրավմանը,
- անտառների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով միջոլորտային համագործակցության բարելավմանը,
- անտառային ոլորտում երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում։
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի «է8» կետից և նպաստում է երկրի կողմից շրջակա միջավայրի բնագավառում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի, ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների կատարմանը։