Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունումը պայմանավորված է  քրեական և վարչական վարույթներն իրարից հստակ տարանջատելու, քրեական վարույթում որևէ հանգամանքի պարզման համար հատուկ գիտելիքների անհրաժեշտության դեպքում քրեական վարույթից դուրս` վարչական գործիքակազմի օգտագործումը բացառելու, քրեական վարույթը տվյալ վարույթի համար ելակետային համարվող վարչական ակտից և դրանց` այլ դատավարության կարգով վիճարկման հանգամանքից կախվածության մեջ չդնելու հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքը պարզելու նպատակով, մասնավորապես, չկատարած հարկային պարտավորությունների չափը հաշվարկելու համար վարույթ իրականացնող մարմինը (քննիչը) կայացնում է հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու մասին որոշում: Այդ որոշմամբ քննիչը առաջադրում է հարցեր ու մատնանշում ելակետեր, որոնք պայմանավորում են ստուգման ծավալները ու հիմք ընդունվում հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար: Որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ստուգում իրականացնող անձինք ընդունում են որպես ապացուցված փաստեր (ելակետեր) և ստուգման վարույթում դրանք ստուգելու ուղղությամբ չեն ձեռնարկում համապատասխան միջոցներ` պարզելու այդ ելակետերի` իրականությանը համապատասխան լինելը:

Հարկային ստուգման (վերստուգման) արդյունքում կայացված ակտը` որպես վարչական ակտ քրեական վարույթին զուգահեռ վիճարկվում է վարչական ու դատական կարգով:

Քննիչի որոշմամբ նշանակված ստուգման արդյունքում կայացված վարչական ակտերի բողոքարկման գործերով դատարանները, վկայակոչելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, արձանագրում են, որ ստուգում իրականացնելիս ստուգող պաշտոնատար անձինք պարտավոր են միջոցներ ձեռնարկել գործը բազմակողմանի վերլուծելու նպատակով, այսինքն` որևէ փաստի ապացուցման համար ստուգող պաշտոնատար անձինք կաշկանդված չեն այլ ապացույցներ ձեռք բերելու հարցում, հետևաբար նշված քրեական գործի նախաքննությամբ պարզված հանգամանքները չեն կարող նախադատելի կամ միանշանակորեն պարզված հանգամանք դիտվել և զերծ պահել ստուգող պաշտոնատար անձանց նշված փաստի ապացուցման համար չձեռնարկելու այլ միջոցներ:

Նմանատիպ փաստական հանգամանքների առկայության դեպքերում հաճախ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ստուգող պաշտոնատար անձանց նշված գործողությունները դատարանների կողմից (ՎԴ/0687/05/19,  ՎԴ/4960/05/19) դիտվում են ոչ թե որպես ստուգում, այլ քննիչի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա կատարված հաշվարկ, ինչը չի բխում ստուգմանը  ներկայացվող պահանջներից և նպատակներից:

Ավելին, դատական ակտերով արձանագրվում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննությամբ պարզված հանգամանքները շատ հաճախ վկաների կողմից տրված ցուցմունքներով փոփոխվում են և հետևաբար բոլոր դեպքերում անհրաժեշտ է որևէ փաստի ապացուցման համար չսահմանափակվել միայն նախաքննությամբ ձեռք բերված տեղեկություններով:  Ճիշտ է, ստուգում իրականացնելու հիմք է հանդիսանում քրեական վարույթ իրականացնող քննիչի համապատասխան որոշումը, սակայն նախաքննությամբ պարզված հանգամանքները ևս անհրաժեշտ են ստուգող պաշտոնատար անձանց կողմից գնահատման և բազմակողմանի վերլուծման:

Մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի կարգավորումների համաձայն՝ քննիչի կողմից կայացված համալիր հարկային ստուգում նշանակելու մասին որոշումը հարկ վճարողի մոտ ստուգում նախաձեռնելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է, որի հիման վրա տրամադրվում է ստուգման հանձնարարագիր: Հետևաբար քննիչի կողմից կայացրած՝ ստուգում նշանակելու մասին որոշումն ըստ էության համալիր հարկային ստուգում նախաձեռնելու հիմք է և չի կարող փոխարինել կամ լրացնել ստուգման շրջանակներում ձեռք բերվող ապացույցները:

Միաժամանակ, համաձայն դատական ակտերի, քննիչի մատնանշած  ելակետերը հանդիսանում են քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված փաստաթղթեր և դրանցում նշված հանգամանքները ստուգումն իրականացնող վարչական մարմնի կողմից ենթակա են պարտադիր գնահատման, ինչպիսի նպատակով էլ պայմանավորված՝ քննիչի որոշմամբ հանձնարարվում է կատարել համապատասխան ստուգում:

Վերոշարադրյալի արդյունքում դատարան ակտերով փաստվում է, որ իրականացվել է թերի վարչարարություն, իրականացված ստուգման շրջանակներում չեն բացահայտվել գործի բոլոր հանգամանքները, ավելին, իրականացվել է վարույթ, որի շրջանակներում անտեսվել են վարույթի մասնակցի առարկությունները, ինչը վկայում է այն մասին, որ ստուգմամբ խախտվել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացման սկզբունքը։

Իսկ թիվ ՎԴ/4960/05/19 վարչական գործով Դատարանը արձանագրել է, որ քրեական դատավարությունն ու դրա շրջանակներում իրականացվող գործողություններն առանձին ինստիտուտ են, իսկ հարկային հարաբերությունների հետ դրանք առնչվում են այնքանով, որքանով սահմանված են օրենքով: Իրապես օրենսդիրը սահմանափակել է վերստուգման վարույթը քննիչի սահմանած հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում, սակայն այն չի բացառում փաստացի ՀՀ հարկային օրենսգրքով  վերագրված պարտականությունների կատարումը: Մասնավորապես՝ ՊԵԿ-ը պարտավոր է քննիչի պատճառաբանված որոշմամբ սահմանած հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում իրականացնել վերստուգման ուղղված փաստացի գործողությունները, որոնց կատարման պարտականությունն ունի օրենքի ուժով:

Վերոգրյալ հիմնավորումներով քննիչի որոշման հիմքով իրականացված ստուգման (վերստուգման) արդյունքում կայացված ակտերը դատարանների կողմից ճանաչվում են անվավեր, ինչով պայմանավորված հարց է առաջանում՝ վարչական դատավարության կարգով անվավեր ճանաչված վարչական ակտերը կարող են արդյոք քրեական վարույթում ճանաչվել որպես թույլատրելի ապացույց և դրվել անձի մեղադրանքի հիմքում:

Թեև ներկայիս նախաքննական մարմինների պրակտիկան ընթացել է այն ճանապարհով, որ հարկային ստուգման արդյունքում կայացված վարչական ակտերը, այսպես ասած, ստուգելու նպատակով, նշանակվում է դատահաշվապահական փորձաքննություն, և փորձագետին առաջադրվում է հարցադրում` ստուգման ակտը ճիշտ կազմած և հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրիտ հաշվարկած լինելու վերաբերյալ, այնուհանդերձ որպես սկզբնական ապացույց հանդես է գալիս այդ ակտը և վարչական դատավարության կարգով դրա ոչ իրավաչափ (անվավեր) ճանաչվելը «Թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» կանոնի համաձայն, փորձագետի եզրակացության` որպես ինքնուրույն ապացույցի թույլատրելիությունը հայտնվում է կասկածի տակ:

Այս կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջանում քրեական և վարչական վարույթներն իրարից հստակ տարանջատելու, քրեական վարույթում որևէ հանգամանքի պարզման համար հատուկ գիտելիքների անհրաժեշտության դեպքում քրեական վարույթից դուրս` այլ վարչական գործիքակազմի օգտագործումը բացառելու, քրեական վարույթը կախվածության մեջ չդնելու տվյալ վարույթի համար ելակետային համարվող չկատարված հարկային պարտավորության բնույթն ու չափը բովանդակող ապացույցի` ստուգման ակտի` այլ դատավարության կարգով վիճարկման հանգամանքից:

Այսինքն, անհրաժեշտ է արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթում սուբյեկտի կողմից չկատարված հարկային պարտավորությունների բնույթի ու չափի պարզումն իրականացնել բացառապես քրեադատավարական գործիքակազմի օգտագործմամբ` առանց վարչական գործիքն օգտագործելու:

Այս առումով նպատակահարմար է.

1)  տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով, չկատարած հարկային պարտավորությունների բնույթի ու չափի հաշվարկման համար նշանակել ոչ թե հարկային ստուգում, այլ այդ հարցը քրեական վարույթում պարզել բացառապես փորձաքննություն նշանակելու ճանապարհով,

2) հարկային մարմնի աշխատակցին ճանաչել փորձագետ և փորձաքննության կատարումը հանձնարարել վերջինիս,

3) հարկային մարմնի աշխատակցին` որպես փորձագետ, օժտել լիազորությամբ փորձաքննության որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու նպատակով քննիչի թույլտվությամբ անձամբ ստանալու և ուսումնասիրելու հարկ վճարողի հարկային պարտավորություններին վերաբերող տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային համակարգերում պահպանվող,

4) որպես հարկային պարտավորությունների առաջացման հիմք նախատեսել դատարանի դատավճիռը կամ այլ եզրափակիչ դատավարական ակտը, օրինակ` վարույթը կարճելու մասին որոշումը:Նախագծերով սահմանվում են հետևյալ կանոնակարգումները:

Ելնելով վերոգրյալից` Նախագծերով նախատեսվում են հետևյալ կանոնակարգումները.

  1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա համալիր հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու վերաբերյալ դրույթները:
  2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվել է, որ որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը (այդ թվում՝ հարկային ծառայողը), ուստի քրեական վարույթի շրջանակներում  հարկային պարտավորությունների բնույթը և չափը կարող են հաշվարկվել փորձաքննություն նշանակելու միջոցով` դրա իրականացումը հանձնարարելով փորձագետին, այդ թվում՝ հանրային ծառայողին  (հարկային ծառայողին):
  3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է փորձագետին իրավունք վերապահել նաև՝ օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ: Բացի այդ, նախատեսվում է, որ փորձաքննության կատարման հիմքի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնակարգումները հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման դեպքում կիրառվում են վերջինիս ներգրավման կարգի վերաբերելի մասով (mutatis mutandis)։
  4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը պետք է իրականացվի` հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։

Որպես կարգավորման ենթակա իրավահարաբերությունների օրինակ ուսումնասիրվել է  Ղազախստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես` քրեական վարույթում որպես փորձագետ (մասնագետ) ներգրավելու վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումները:

Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես փորձագետ (մասնագետ) քրեական վարույթում կարող է ներգրավվել գործով չշահագրգռված անձը, ով տիրապետում է անհրաժեշտ հատուկ գիտելիքների, որոնք անհրաժեշտ են վարույթի մասնակիցներին իր հատուկ իրավասության մեջ գտնվող հարցերը բացատրելու, ինչպես նաև գիտատեխնիկական միջոցներ կիրառելու միջոցով ապացույցների հավաքագրմանը, հետազոտմանը և գնահատմանը աջակցելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն որպես փորձագետ (մասնագետ) հետազոտություններ կատարելու և եզրակացություն տալու համար կարող է ներգրավվել նաև լիազոր իրավապահ մարմինների ստորաբաժանման կամ Ղազախստանի Հանրապետության հատուկ պետական մարմնի  աշխատակիցը։

Որպես փորձագետ (մասնագետ) ներգրավված պետական մարմնի ներկայացուցիչը օժտված է Օրենսգրքով փորձագետի (մասնագետի) համար սահմանված իրավունքներով և պարտականություններով՝ որոշ առանձնահատկություններով։

Նույն հոդվածի 4-րդ մասով փորձագետի (մասնագետի) համար սահմանված են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` փորձագետն (մասնագետ) իրավունք չունի բանակցությունների մեջ մտնել կողմերի հետ հարցերով, որոնք կապված չեն ուսումնասիրության իրականացման հետ, առանց վարույթն իրականացնող մարմնի գիտության,  ինքնուրույն ուսումնասիրության նյութեր հավաքել։

Միաժամանակ, նույն մասով սահմանվում է նաև, որ վերոնշյալ սահմանափակումները չեն տարածվում լիազոր իրավապահ մարմինների ստորաբաժանման կամ Ղազախստանի Հանրապետության հատուկ պետական մարմնի  աշխատակիցների վրա։

Օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի համաձայն անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելուց հետո փորձագետն (մասնագետ) իր անունից կազմում է գրավոր արձանագրություն և վավերացնում այն իր ստորագրությամբ:

Իրավապահ մարմնի իրավասու ստորաբաժանման կամ պետական հատուկ մարմնի աշխատակցի կողմից կազմված գրավոր արձանագրությունը վավերացվում է նաև համապատասխան ստորաբաժանման կնիքով։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

           Նախագծերի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

       6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում  պետական մարմնի հանրային ծառայողը կարող է ներգրավվել որպես փորձագետ, ինչը հնարավարություն կտա քրեական և վարչական վարույթներն իրարից հստակ տարանջատել, քրեական վարույթում որևէ հանգամանքի պարզման համար հատուկ գիտելիքների անհրաժեշտության դեպքում քրեական վարույթից դուրս` վարչական գործիքակազմի օգտագործումը բացառել, քրեական վարույթը կախվածության մեջ չդնելու տվյալ վարույթի համար ելակետային համարվող վարչական ակտից և դրանց` այլ դատավարության կարգով վիճարկման հանգամանքից:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    03.04.2023 - 18.04.2023

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3036

Принт