Добавить в избранное

Проект принят

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2023 թվական     N -----Ա

 

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հիմնադրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ:
  2. Սահմանել, որ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
  3. Հաստատել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն Հավելվածի:
  4. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արմեն Վարդգեսի Սիմոնյանին (անձնագիր` AT0316060, տրված` 011-ի կողմից, 2019 թվականի նոյեմբերի 27-ին):
  5. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
  6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ ցանկ:
  7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
  8. Սույն որոշման 6-րդ կետում նշված ցանկը ներկայացնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  9. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պետական գրանցումին հաջորդող ամսվանից սկսած պահպանման ծախսերն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1162 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «11002 Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման շրջանակներում:

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ------- -- -ի

N --- -Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
  2. Հիմնադրամի անվանումն է`
    1. հայերեն լրիվ` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ.
    2. հայերեն կրճատ` «ԱՔ» հիմնադրամ.
    3. ռուսերեն լրիվ` ФОНД «Академический город».
    4. ռուսերեն կրճատ` ФОНД «АГ».
    5. անգլերեն լրիվ` FUND «Academic city».
    6. անգլերեն կրճատ` «AC» FUND:
  3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Գիտավան-2, Աշտարակ 0204, Հայաստանի Հանրապետություն:
  4. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ՝ Հիմնադիր), որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
  5. Հիմնադրամի շահառուները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և նորարարության բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
  6. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան:
  7. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:
  8. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացնող միջոցներ: Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
  9. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:
  10. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  11. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
  12. Հիմնադրամն ունի Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
  13. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
  14. Հիմնադրամն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն:

 

2․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

  1. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը:

 

3․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Հիմնադրամի գործունեության առարկան «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախապատրաստման, իրականացման, մշտադիտարկման և կառավարման ընդհանուր համակարգումն է։
  2. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
    1. ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր.
    2. համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը.
    3. հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները.
    4. մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը.
    5. ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։

 

4․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

  1. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գույք:
  2. Հիմնադրի կողմից հիմնադրամին սեփականության իրավունքով հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:
  3. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
  4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`
    1. հիմնադրի կամավոր ներդրումները.
    2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
    3. ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
    4. հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
    5. դրամաշնորհները.
    6. Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրները:
  5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների, և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

5․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`
    1. անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
    2. հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.
    3. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
    4. ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
    5. ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.
    6. իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն:
  2. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:
  3. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
    1. դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպում,
    2. կրթական ծրագրերի իրականացում,
    3. կառավարման հարցերով ծառայությունների մատուցում,
    4. հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում ու սպասարկում։
  4. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով հիմնադրամը`
    1. ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
    2. համագործակցում է  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,  Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:
  5. Հիմնադրամը պարտավոր է`
    1. գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
    2. յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝ 

      ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից,

      բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 000 000 ՀՀ դրամը.

    3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում․
    4. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
    5. իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

 

 

6․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հիմնադրամի մարմիններն են`
    1. հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
    2. հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:
  2. Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
  3. Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
  4. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների սկիզբը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջի համաձայն:
  5. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
    1. խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
    2. նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն երեք քառորդով․
    3. լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում․
    4. եթե դադարել են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
    5. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
    6. նրա մահվան դեպքում.
    7. նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:
  6. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հիմնադրամի տնօրենը խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
  7. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
    1. հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
    2. հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների հաստատումը.
    3. հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը.
    4. հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
    5. հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
    6. հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
    7. հիմնադրամի տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
    8. սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
    9. տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
    10. հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
    11. տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
    12. իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
    13. հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
    14. հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
    15. հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
    16. հիմնադրամի գործարքների կնքման կարգի հաստատումը.
    17. Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
  8. Խորհրդի նախագահը`
    1. կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
    2. գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
    3. կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
    4. տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
    5. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ.
    6. խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարելու է խորհրդի անդամներից մեկը:
  9. Խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
    1. առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
    2. նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
    3. ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
    4. ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
  10. Խորհրդի անդամները պարտավոր են՝
    1. մասնակցել խորհրդի նիստերին.
    2. իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
  11. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի: Հիմնադրամի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով։ Հիմնադրամի անունից տնօրենի աշխատանքային պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի լիազորված այլ անձ։
  12. Հիմնադրամի տնօրենը`
    1. կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
    2. տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
    3. ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
    4. գործում է առանց լիազորագրի.
    5. տալիս է լիազորագրեր.
    6. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
    7. բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
    8. խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
    9. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    10. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին.
    11. հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
    12. հաշվետու է խորհրդին.
    13. հիմնադրամի գործարքների կնքման կարգի համաձայն ընդունում է որոշում հիմնադրամի անվամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու կամ վերջինիս գույքն օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.
    14. խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշման հիմքով կարող է կատարել հիմնադրամի տարեկան բյուջեով ամրագրված միջոցների վերաբաշխում՝ մինչև 10 տոկոսի չափով:
  13. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

 

7․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան երկու անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ, նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
  2. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
  3. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
  4. Խորհրդի անդամները կարող են խորհրդի նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
  5. Խորհրդի որոշմամբ՝ խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
  6. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
  7. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
  8. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
  9. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

 

8․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ:
  2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
  3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
    1. հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
    2. հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
    3. հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
    4. հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
    5. հիմնադրամը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
    6. հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
    7. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
  4. Հիմնադրամը լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  5. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  6. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
  • Обсуждалось

    27.03.2023 - 12.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

07.04.2023 16:00

Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8042

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Լուսինե Սանասարյան

06.04.2023

Կարծում եմ այս նախագծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ, ես՝ ինքս չեմ պատրաստվում լքել իմ սիրելի քաղաքը՝ Երևանը և տեղափոխվելու արվարձանում սովորելու։

Անի Բարեղամյան

30.03.2023

Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը։ Այս կետում ես կառաջարկեմ գործադիր տնօրեն բառակապակցությունը։ Ըստ իս՝ բացի գործադիր տնօրեններից, պետք է լինեն ֆինանսական տնօրեն, սոցիալական և այլ։

Տաթևիկ Մանուկյան

29.03.2023

Ակադեմիական քաղաքի ստեղծումը իրապես ժամանակի հրամայական է:Նախագծի իրականացումը,վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ:

Узнать больше