В стадии разработки
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------- 2023 թվականի N ----Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 812 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1․ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի (այսուհետ՝ գնդակապարկուճադարան) կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2․ Հայաստանի Հանրապետության հանրապետական գնդակապարկուճադարանը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության կառուցվածքային ստորաբաժանումն է:
3․ Գնդակապարկուճադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4․ Գնդակապարկուճադարանի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
1) ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը, դատական ձգաբանության միջոցներով և մեթոդներով քրեական վարույթների քննության և հանցագործությունների բացահայտման քրեատեխնիկական ապահովումը.
2) դեպքի վայրից վերցված և քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող հրազեններից, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքերից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) կրակված գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հանրապետական գնդակապարկուճային հաշվառումը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող հրազեններից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) (այդ թվում` կորած և հափշտակված) ստուգողական կրակված գնդակների և պարկուճների հաշվառումը.
4) քրեական վարույթներով քննության և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարման արդյունավետության վերլուծությունը, առաջարկություններ ներկայացնելը.
5) իրավապահ մարմիններին, փորձագիտական հիմնարկներին հանցագործությունների դեմ պայքարում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման գործում և գնդակապարկուճադարանի հնարավորությունների օգտագործման հարցում մեթոդական, խորհրդատվական և գործնական օգնության ապահովումն ու մասնագետների ստաժավորումը.
6) քրեական վարույթներով քննության և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման նորմատիվ ակտերի նախապատրաստումը.
7) ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման ու քրեագիտական հաշվառումների արտասահմանյան դրական փորձի ուսումնասիրությունը և ընդհանրացումը, հայրենական ու արտասահմանյան արտադրության ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների փորձարկումը.
8) օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցությունը.
9) զենքի հավաքածուների և տեղեկատուների կազմումը:
5․ Գնդակապարկուճադարանի նպատակներն են`
ա/ հանցագործության կատարման ժամանակ գործադրված կոնկրետ զենքի պարզումը,
բ/ մի քանի հանցագործությունների կատարման ժամանակ միևնույն չպարզված զենքի գործադրման փաստերի բացահայտումը,
գ/ առգրավված, գտնված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքի գործադրմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների փաստերի բացահայտումը:
6․ Հանրապետական գնդակապարկուճադարանում հաշվառումը իրականացվում է հավաքածուներ կազմելու, թղթային և էլեկտրոնային եղանակներով:
7․ Գնդակապարկուճադարանը ներառում է հետևյալ հավաքածուները`
ա) դեպքի վայրից վերցված և քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող զենքերից, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքերից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) կրակված գնդակներ, պարկուճներ և զենքի հետքեր ունեցող փամփուշտներ.
բ) առգրավված, վերցված, գտնված, կամավոր հանձնված ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքերից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) ստուգման նպատակով կրակված պարկուճներ և գնդակներ:
գ) քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) ստուգողական կրակված գնդակներ և պարկուճներ.
դ) քաղաքացիական, ծառայողական և մարտական կորած (հափշտակված) ակոսափող զենքերից (ոչ ավելի քան 12,7մմ տրամաչափ ունեցող) ստուգողական կրակված գնդակներ և պարկուճներ.
ե) գնդակապարկուճադարանի արխիվ:
8․ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ակոսափող զենքից ստուգողական կրակվում է գնդակապարկուճադարանում հաշվառելու, դրա կորստի (հափշտակման) դեպքում հետախուզելու, ինչպես նաև դրա գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու նպատակով:
9․ Ստուգողական կրակման ենթակա են`
ա) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ակոսափող զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների ակոսափող զենքերը.
բ) առգրավված, վերցված, գտնված և կամավոր հանձնված ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված ողորկափող կամ ինքնաշեն զենքը.
գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ակոսափող զենքը` նախքան իրացումը.
դ) Հայաստանի Հանրապետություն վաճառքի համար ներմուծված ակոսափող զենքը` նախքան վաճառքը.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ձեռք բերված ակոսափող զենքը` նախքան զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալը.
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու սեփականությունը հանդիսացող ակոսափող զենքը` այլ անձի փոխանցելու կամ վաճառքի դեպքում.
է) պարգևատրված անձանց ակոսափող զենքը` նախքան պահելու և կրելու թույլտվություն ստանալը.
ը) օտարերկրյա պետություններում զենքով պարգևատրված անձանց ակոսափող զենքը` նախքան պահելու և կրելու թույլտվություն ստանալը.
թ) վերափոխված կամ վերանորոգված (ձգանահարվածային մեխանիզմ, փամփշտանոց, փող և այլն) ակոսափող զենքը` նախքան իրացումը կամ սեփականատիրոջը փոխանցելը.
ժ) կազմակերպություններում պահվող և օգտագործվող ակոսափող զենքը` վաճառքի կամ փոխանցման դեպքում` նախքան այդ:
10․ Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ակոսափող զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների ակոսափող զենքերից ստուգողական կրակվում է դրանց տեղակայման վայրում կամ գնդակապարկուճադարանում:
Ստուգողական կրակելը ձևակերպվում է արձանագրությամբ` երկու օրինակից, որոնցից մեկը կրակված գնդակների և պարկուճների հետ միասին պահվում է գնդակապարկուճադարանում, իսկ երկրորդը` տվյալ կազմակերպությունում:
Ստուգողական կրակման ենթակա զենքի տեղափոխումը և ռազմամթերքի տրամադրումը իրականացվում է ֆիզիկական անձանց, իրավաբանական և պետական ռազմականացված մարմնինների կողմից:
11․ Քաղաքացիական և ծառայողական ակոսափող զենքից կրակվում է գնդակապարկուճադարանում` գնդակապարկուճադարանի աշխատողների կողմից:
12․ Քրեական վարույթ իրականացնող մարմինները դեպքի վայրերից վերցված և քրեական վարույթներով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքերը, կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները հետազոտման և ստուգման են ներկայացնում գնդակապարկուճադարան` համապատասխան որոշմամբ կամ ուղեկցական գրությամբ:
Այլ փորձագիտական հիմնարկ ձգաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում` փորձաքննության ավարտից հետո 10-օրյա ժամկետում դրանք ներկայացվում են գնդակապարկուճադարան` ստուգման և հաշվառման նպատակով:
13․ Ստուգողական կրակման և հաշվառման ենթակա քաղաքացիական, ծառայողական և պարգևատրված ակոսափող զենքերը գնդակապարկուճադարան են ներկայացվում Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից` համապատասխան ուղեկցական գրությամբ կամ ուղեգրով:
14․ Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող կամ ձեռք բերված ակոսափող զենքերը ստուգողական կրակման և հաշվառման են ներկայացվում գնդակապարկուճադարան իրենց կողմից` համապատասխան ուղեկցական գրությամբ:
15․ Ստուգման և ստուգողական կրակման նպատակով գնդակապարկուճադարան ներկայացված զենքերը գրանցվում են համապատասխան հաշվառման մատյաններում և հետազոտվում` կրակելու համար պիտանիությունը պարզելու նպատակով: Ստուգման և հետազոտման արդյունքների մասին հայտնվում է նախաձեռնողին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ շահագրգիռ ծառայություններին:
16․ Զենքը, կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները գնդակապարկուճադարան են ներկայացվում իրեղեն ապացույցների համար սահմանված փոխադրման կարգով:
17․ Գնդակապարկուճադարանում հաշվառման ենթակա զենքից կրակվում է հետևյալ քրեատեխնիկական պահանջներին համապատասխան`
ա) զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) առնվազն 3-ական ստուգողական գնդակ և պարկուճ, իսկ փոխվող պահեստատուփերի առկայության դեպքում` յուրաքանչյուր պահեստատուփից ևս նույն քանակով.
բ) ռևոլվերներից կրակելու դեպքում ստացվում են 2-ական գնդակ և պարկուճ` թմբուկի յուրաքանչյուր խցից: Ռևոլվերներից կրակում են նախ շապիկավոր, ապա նոր կապարե գնդակներ ունեցող փամփուշտներով (այն զենքերից, որոնք չունեն կապարե գնդակներ ունեցող փամփուշտներ, կրակում են մեկական անգամ).
գ) կրակելու մի քանի ռեժիմներ (մենահատ, կրակահերթ) ունեցող զենքերից կրակվում է բոլոր ռեժիմներով.
դ) գործարանային արտադրության զենքի փողի փամփշտանոցի կամ փակաղակի վերափոխման դեպքում հնարավորության դեպքում նախ կրակվում է տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով, ապա` հարմարեցվածներով.
ե) այնպիսի զենքի ներկայացման դեպքում, երբ դրա փամփուշտները վերափոխված են կամ ինքնաշեն, այդ զենքից կրակվում է ինչպես դրանցով, այնպես էլ` տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով.
զ) անսարք զենքից հնարավորության դեպքում կրակվում է կոտրված կամ բացակայող մասերի համալրումից հետո (նմուշային հավաքածուի մեջ առկա), որի մասին պարտադիր նշվում է համապատասխան գրության մեջ.
է) կրակելուց առաջ յուրաքանչյուր զենք պետք է մաքրվի յուղից, իսկ դրա փողն ու փակաղակը պետք է սրբվեն: Զենքից պետք է կրակել հրաձգարանում կամ հատուկ կահավորված այնպիսի վայրերի գնդակապարկուճաորսիչների մեջ, որտեղ կապահովվի հետքերի որակյալ ստացումը.
18․ Գնդակապարկուճադարան ներկայացված զենքից ստուգման նպատակով կրակելու արդյունքում ստացված գնդակները և պարկուճները ստուգվում են գնդակապարկուճադարանով, որից հետո վերցվում են համապատասխան հաշվառման: Ստուգման ամբողջ ժամանակահատվածում տվյալ զենքը պահվում է հանրապետական գնդակապարկուճադարանում:
Ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների գնդակապարկուճադարանում պահպանման ժամկետը 5 տարի է, որից հետո դրանք սահմանված կարգով ոչնչացվում են:
19․ Գնդակապարկուճադարան ներկայացված զենքը, կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները ստուգվում են 30-օրյա ժամկետում (ձգաբանական ավտոմատացված նույնականացնող համակարգի առկայության պայմաններում), իսկ բացառիկ դեպքերում (նախաքննության մարմնի պահանջով)` հնարավոր սեղմ ժամկետում:
20․ Գնդակապարկուճադարանում հաշվառման ենթակա չեն`
ա) ակոսափող ուսումնական զենքը, եթե այն հարմարեցված չէ կրակելու համար.
բ) 12,7 մմ տրամաչափից մեծ տրամաչափ ունեցող զենքը.
գ) անսարք կամ խիստ ժանգոտված մասեր (դետալներ) ունեցող ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար վերափոխված կամ ինքնաշեն զենքը, եթե անհնար է դրանից ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների վրա ստանալ համեմատական հետազոտության համար պիտանի հետքեր.
դ) ողորկափող, օդաճնշիչ, գազային, վնասվածքային, մալած զենքերը, ազդանշանային սարքերը՝ եթե դրանք հարմարեցված չեն ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար:
21․ Գնդակապարկուճադարանում կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները հաշվառվում են ըստ փամփուշտի տեսակի և տրամաչափի:
22․ Զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) ստացված ստուգողական գնդակներն ու պարկուճներն առանձին-առանձին փաթեթավորվում են փափուկ թղթի (բամբակի, թանզիֆի) մեջ, դրվում պոլիէթիլենային կամ այլ փաթեթում և ամրակնքվում: Փաթեթում տեղադրվում է տպագիր ցանկ` զենքի մոդելի, տեսակի, սերիայի, համարի, տրամաչափի, թողարկման տարեթվի, զենքի սեփականատիրոջ կամ կազմակերպության և կրակելու ամսաթվի մասին նշումով:
23․ Գնդակապարկուճադարանում հաշվառված` դեպքի վայրերից վերցված և քրեական վարույթներով իրեղեն ապացույց ճանաչված կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները պահվում են գնդակապարկուճադարանում մինչև գործադրված զենքի պարզումը:
Գործադրված զենքի պարզման դեպքում գնդակապարկուճադարանում հաշվառված կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները հանվում են հաշվառումից և ուղարկվում վարույթն իրականացնող մարմնին` քրեական վարույթի նյութերին կցելու համար:
24․ Այն դեպքում, երբ բացահայտվում է հանցագործությունը` առանց գործադրված զենքի պարզման, ապա այդ քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները գնդակապարկուճադարանում պահվում են մինչև գործադրված զենքի պարզումը:
25․ Այլ փորձագիտական հիմնարկում նշանակված հետազոտության կամ փորձաքննության կատարման նպատակով կամ դատաքննության փուլում զննվելու նպատակով գնդակապարկուճադարանում հաշվառված կրակված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները կարող են ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին, որը, համապատասխան հետազոտության արդյունքները ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պետք է ապահովի դրանց վերադարձը` գրավոր կարգով:
26․ Քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերի կորստի (հափշտակման) դեպքում ներքին գործերի տարածքային ստորաբաժանման պետը (որտեղ գրանցվում է դեպքը) 24 ժամվա ընթացքում դրա մասին հայտնում է գնդակապարկուճադարան, որտեղ այդ զենքից ստուգման նպատակով կրակված գնդակներն ու պարկուճներն առանձնացվում են, ներառվում են քաղաքացիական, ծառայողական և մարտական կորած (հափշտակված) ակոսափող զենքերից ստուգողական կրակված գնդակների և պարկուճների հավաքածուի մեջ և պարբերաբար ստուգվում` համեմատվելով դեպքի վայրերից վերցված, քրեական վարույթներով իրեղեն ապացույց ճանաչված և գնդակապարկուճադարան նոր ներկայացվող կրակված գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հետ:
27․ Քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերը հաշվառումից հանելու դեպքում (ոչնչացում, վաճառք, փոխանցում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը կամ պետական ռազմականացված կազմակերպության համապատասխան ստորաբաժանումը 10-օրյա ժամկետում այդ մասին հայտնում է գնդակապարկուճադարան` նշելով զենքը հաշվառումից հանելու պատճառը:
28․ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերի շրջանառությունը` առանց դրանց նախնական ստուգողական կրակելու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
-
Обсуждалось
24.03.2023 - 09.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2447
Принт