«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
1) Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում և ընդլայնվում է խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը։ Առևտրային ցանցերի մուտքը, մի կողմից, դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայրը, սակայն մյուս կողմից հանգեցրել է սպառողական ապրանքների կենտրոնացմանը։ Մասնավորապես, մանրածախ առևտրի ոլորտում առևտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծում առևտրային ցանցերի և մատակարարների միջև գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջև, ինչն էլ իր հերթին առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առևտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, խտրական զեղչային քաղաքականության կիրառումը, գների անհիմն տատանումները, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը և այլն։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առևտրային ցանցերի և մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը և ապահովելու բարեխիղճ, արդար և մրցակցային միջավայր։
Բացի այդ, առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր և միջին ընկերությունները, որոնք իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին կամ կորցնել իրենց արտադրանքը սպառող խոշոր գործընկերներին:
Հարկ է նկատի ունենալ, որ վերոշարադրյալ խնդիրներն արձանագրվել են նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից առևտրային ցանցերի գործունեության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում (ուսումնասիրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2022/03/Trading_chains.pdf)։
Առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա արդիական խնդիրներից է նաև առևտրային ցանցերի կողմից արդեն իսկ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները։ Որոշ դեպքերում մի շարք առևտրային ցանցերին մատակարարված արտադրանքի համար ենթակա վճարների ժամկետները երկարաձգվում են՝ հասնելով մինչև մեկ տարվա շեմին, ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական խնդիրներ և կանխիկի շրջանառության խնդիր։
Ընդ որում, հարկ է նկատել, որ առհասարակ առևտրային ցանցերի գործունեությունը և դրա ժամանակ ի հայտ եկած խնդիրներն ուղղակիորեն ազդում են վերջնական սպառողների վրա։ Ամբողջ աշխարհում առևտրային ցանցերը, առավելություն ստանալով մատակարարների հանդեպ և զարգանալով, գրավել են շուկայի մեծ մասը և ազդում են սպառողների վրա՝ տեսականու, գնի և այլ պայմանների վրա ազդելու միջոցով։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ առևտրային ցանցերի և մատակարարների շահերը հավասարակշռելու, բարեխիղճ և արդար մրցակցային միջավայր ապահովելու համար միջազգային պրակտիկայում ընդունված է կիրառել հետևյալ իրավական կարգավորումները.
ա) հատուկ կարգավորումներ՝ մանրածախ առևտրի շղթայի վերաբերյալ ակտեր (Սլովակիայի Հանրապետություն), առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնագրքեր և ուղեցույցներ (Ռուսաստանի Դաշնություն, Պորտուգալիա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա և այլ), գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի մատակարարման շղթայում անբարեխիղճ գործարար հարաբերությունների վերաբերյալ, առևտրային գործարքներում ուշ վճարումների դեմ պայքարի վերաբերյալ դիրեկտիվներ (Եվրոպական միություն) և այլն.
բ) մրցակցային օրենսդրություն, որում ներառված են առևտրային ցանցերի և մատակարարների գործողությունների վերաբերյալ հատուկ կարգավորումներ (Եվրոպական միություն, Ավստրիա, Իտալիա, Նորվեգիա, Սերբիա, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Խորվաթիա, Ինդոնեզիա և այլն).
գ) այլ (մրցակցային օրենսդրությունից բացի) կարգավորումներ՝ սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքներ (Բելգիա, Պակիստան), քաղաքացիական օրենսգրքեր (Բրազիլիա, Չիլի, Իտալիա), առևտրի մասին օրենքներ (Խորվաթիա, Չեխիա, Նոր Զելանդիա), մարքեթինգային վերահսկողության մասին օրենքներ (Նորվեգիա) և այլն։
2) Գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովումը գյուղատնտեսության զարգացման կարևորագույն ոլորտներից մեկն է։ Չնայած նշվածին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ։ Մասնավորապես հաճախ իրացման շղթայում ներգրավված են մի կողմից տնտեսապես ուժեղ բաշխող և վերամշակմամբ զբաղվող կազմակերպություն, իսկ մյուս կողմից՝ ավելի թույլ տնտեսավարող սուբյեկտներ կամ ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի աճեցմամբ։ Արդյունքում արձանագրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ պայմանագիր կնքելուց հրաժարվելը, պայմանագրի համար ուշ վճարելը և այլն։
Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է այս ոլորտում արդար առևտրի կանոնների ներդրումը։ Այս առումով ուշագրավ է միջազգային փորձը։ Այսպես, Եվրոպական միության 2019 թվականի ապրիլի 17-ի Գյուղատնտեսական և սննդամթերքի մատակարարման շղթայում բիզնեսից բիզնես հարաբերություններում անարդար առևտրային պրակտիկայի մասին 2019/633 դիրեկտիվով ըստ էության սահմանվել են անհրաժեշտ կարգավորումներ՝ պաշտպանելու շուկայի ավելի թույլ մասնակիցներին։ Դիրեկտիվով առանձնացվել են անարդար առևտրի կանոնների ոչ սպառիչ ցանկ, որպեսզի արգելվեն արդար և արդյունավետ պայմանների սահմանափակման դեպքերը, պայմանագրի կնքումից հետո դրա միակողմանի փոփոխությունները և այլն։ Դիրեկտիվի հիման վրա նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են նաև մի շարք ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունում, Հունաստանի Հանրապետությունում և այլն։
3) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ պայմանագրի XVIII մասի և սույն Արձանագրության իրականացման նպատակով անդամ պետությունների լիազոր մարմինների միջև համագործակցությունն իրականացվում է (…) առանձին ընթացակարգային գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումներ ուղարկելու և հանձնարարականներ տալու (…) միջոցով։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 61-րդ կետի համաձայն՝ (…) Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետությունների լիազոր մարմիններին ուղարկելու հիմնավորված միջնորդություն՝ հետևյալ ընթացակարգային գործողություններն իրականացնելու վերաբերյալ՝
հարցաքննել այն անձանց, որոնց առնչությամբ իրականացվում է քննությունը, կամ որոնց առնչությամբ ուսումնասիրվում է գործը, ինչպես նաև վկաներին.
պահանջել քննության կամ գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
զննել այն անձի տարածքները, շինությունները, փաստաթղթերը և առարկաները, որի նկատմամբ իրականացվում է քննությունը, կամ ուսումնասիրվում է մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (բացառությամբ նման անձի բնակավայրի).
հանձնել համապատասխան գործի մասնակիցներին փաստաթղթերը և դրանց պատճենները.
փորձաքննություն և այլ գործողություններ։
Նման պայմաններում առկա է անհրաժեշտություն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը համապատասխանել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումներին, մասնավորապես՝ հստակ ամրագրել Հանձնաժողովի լիազորությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնելու Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողություններ։
4) Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում համակենտրոնացումների գնահատումը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 15-րդ հոդվածով սահմանվում են այն դեպքերը, երբ տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը ենթակա է հայտարարագրման։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով Օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում, ի թիվս այլնի, ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները համակենտրոնացման գնահատման ոլորտում։ Մասնավորապես, եթե նախկին օրենսդրությամբ համակենտրոնացում չէին համարվում անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, ապա նոր փոփոխություններով դրանք համակենտրոնացում չեն համարվի միայն այն դեպքում, երբ դրա մասնակիցները օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն Հանձնաժողովին իրենց անձանց խումբ լինելու և կնքվող գործարքի, կատարվող գործողության կամ վերակազմակերպման վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք կհամարվեն համակենտրոնացումներ և ենթակա կլինեն հայտարարագրման, սակայն պարզեցված կարգով։
Հարկ է նշել, որ ներկայումս Հանձնաժողովը համակենտրոնացումների հայտարարագրումն իրականացնում է անհատույց։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականին Հանձնաժողովն իրականացրել է համակենտրոնացման գնահատման 28, 2020 թվականին՝ 12, իսկ 2019 թվականին՝ 30 վարույթ։ Ընդ որում, համակենտրոնացման դիմում որոշ դեպքերում ներկայացնում են անձանց խումբ հանդիսացող տնտեսավարողները՝ անհարկի ծանրաբեռնելով Հանձնաժողովին։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2021 թվականի դրությամբ Հանձնաժողովի կողմից քննարկվել է չհայտարարագրված համակենտրոնացման վերաբերյալ 11, 2020 թվականին՝ 3, իսկ 2019 թվականին՝ 8 վարույթ։
Այս կապակցությամբ ուշագրավ է, որ արտասահմանյան երկրներում համակենտրոնացման հայտարարագրման համար դիմում ներկայացնելիս սահմանված է որոշակի տուրքի։ Այսպես, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ինչպես ԵԱՏՄ անդամ պետություններում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում համակենտրոնացման վարույթ իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտներն ունեն պետական տուրք վճարելու պարտականություն։
Հաշվի առնելով այն, որ համակենտրոնացումը տեղի է ունենում մասնավոր անձանց կամահայտնության միջոցով՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել նախատեսելու համակենտրոնացման հայտարարագրման համար դիմում ներկայացնելիս որոշակի տուրք։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ 2021 թվականի վիճակագրական տվյալներով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «CompStats» տվյալների բազայում գրանցված 56 հաստատություններից 34-ը գանձում են տուրք համակենտրոնացման վարույթի գնահատման համար[1]։ Ընդ որում, տուրքերի սահմանման մոտեցումները տարբեր են[2], այսպես.
ա) միանվագ վճար
Այս դեպքում, անկախ գործարքի արժեքից և գործարքի բարդությունից, գանձվում է միանվագ վճար: Նման երկրների շարքում են Ռուսաստանի Դաշնությունը, Էստոնիայի Հանրապետությունը, Լատվիայի Հանրապետությունը, Կանադան, Մեքսիկայի Միացյալ Նահանգները և այլն։
Ռուսաստանի Դաշնության «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4.1-րդ կետի համաձայն՝ գործարքների կատարման, պետական վերահսկողության ենթակա այլ գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար վճարվում է պետական տուրք՝ հարկերի և տուրքերի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով [3]:
Ռուսաստանի Դաշնության Հարկային օրենսգրքի 333.33-րդ հոդվածի 1-ին մասի 89-րդ կետի համաձայն՝ (…) հակամենաշնորհային օրենսդրությամբ նախատեսված միջնորդության քննարկման համար՝ 35 000 ռուբլի:[4]
Էստոնիայի Հանրապետության «Համակենտրոնացման ծանուցումների ներկայացման» 2006 թվականի հուլիսի 17-ի թիվ 69 ուղեցույցի Գլուխ 3-ի 15-րդ պարագրաֆի 4-րդ կետի համաձայն՝
(4) Համակենտրոնացման ծանուցմանը կցված փաստաթղթերը պետք է լինեն հետևյալ բնօրինակները կամ դրանց վավերացված պատճենները.
5) տեղեկատվություն պետական տուրքի վճարման մասին.
Համակենտրոնացման վերաբերյալ վարույթի համար վճարվում է 1920 եվրո պետական տուրք[5]։
բ) Ծառայության վճար
Մրցակցային որոշ մարմիններ գանձում են համակենտրոնացման գնահատման վճարները որպես ծառայության մատուցման վճար, որի դեպքում սահմանված վճարն ուղղակիորեն արտացոլում է այն ժամանակահատվածը, որը տվյալ մարմինը ծախսում է գործարքն ուսումնասիրելու համար:
Նման մոտեցումներ առկա են Շվեյցարիայի Համադաշնությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։
գ) Վճարներ՝ հիմնված քննարկվող գործի բարդության վրա
Որոշ հաստատություններ որդեգրել են վճարման այս տեսակը՝ կախված գործարքի բարդության կամ էական խնդիրների առաջացման փաստից:
Այս երկրների շարքին են դասվում, օրինակ՝ Ավստրիայի Հանրապետությունը։
դ) Վճարներ՝ հիմնված գործարքի չափի կամ տնտեսավարող սուբյեկտի եկամուտների չափի վրա
Այս մոտեցումը ներդրված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետության և այլն։
Լիտվայի Հանրապետության «Մրցակցության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի[6] համաձայն՝ համակենտրոնացման վերաբերյալ դիմում ներկայացնող անձը Լիտվայի Հանրապետության մրցակցային խորհրդին վճարում է վճար՝ համակենտրոնացման մասին դիմումը քննելու նպատակով: Ընդ որում, հարկ է նկատել, որ Լիտվայի Հանրապետության մրցակցային խորհրդի 2017 թվականի հունվարի 30-ի 1S-8 (2017) որոշման հավելված 1-ին կետի համաձայն՝ Լիտվայի Հանրապետության «Մրցակցության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Լիտվայի Հանրապետության մրցակցային խորհրդին վճարվում է 18600 եվրո վճար՝ ներկայացված համակենտրոնացման դիմումի քննության նպատակով։[7]
Ուսումնասիրելով վերոնշյալ մոտեցումների գործնական կիրառության հետ կապված հարցերը՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում որպես պետական տուրքի չափի որոշման առավել համաչափ մոտեցում կարող է լինել միանվագ վճարի կիրառման պրակտիկան։ Մասնավորապես, ծառայությունների վճարի նախատեսման դեպքում, երբ հաշվարկն իրականացվում է կատարված աշխատանքի ժամաքանակի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները դիմում ներկայացնելիս չեն կարող կանխատեսել համակենտրոնացման գնահատման վարույթի հնարավոր տևողությունը։ Ինչ վերաբերում է քննարկվող գործի բարդության վրա հիմնված վճարի սահմանմանը՝ գտնում ենք, որ այն կարող է տարընկալումների տեղիք տալ՝ նկատի ունենալով, որ «գործի բարդություն» եզրույթը գնահատողական կատեգորիա է։ Հայաստանի Հանրապետությունում կիրառելի չի թվում նաև գործարքի չափի կամ տնտեսավարող սուբյեկտի եկամուտների չափի վրա հիմնված վճարի սահմանումը, քանի որ անհրաժեշտ կլինի սահմանել նաև հաշվարկման հստակ մեթոդաբանություն, որը ևս կարող է վիճարկման տեղիք տալ։
Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում նույնպես անդրադարձել է պետական տուրք վճարելու պարտականությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը։ 2018 թվականի հուլիս 10-ի ՍԴՈ-1423 որոշմամբ Սահմանադրական դատարանը, ելնելով պետական տուրքի՝ օրենքով որոշված իրավական բովանդակությունից և նպատակային նշանակությունից, գտել է, որ «(...) պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու (…) հետ կապված ծախսերը (…)»:
Պետական տուրքի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները նույնպես վկայում են, որ փաստորեն որոշակի դրամական արտահայտությամբ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը թույլատրելի է, եթե, ի թիվս այլնի, այն հետապնդում է իրավաչափ նպատակներ, որպես օրինակ՝ պետության՝ հանրային ծառայություններ մատուցելու հետ կապված ծախսերի որոշակի չափով փոխհատուցումը։
Հաշվի առնելով վերոնշյալը և միջազգային փորձի արդյունքները՝ գտնում ենք, որ առկա է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
- նախատեսվել են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսևորումներ.
- նախատեսվել է գյուղատնտեսական արադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր.
- Սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողությունների իրականացման հնարավորություն.
- սահմանվել է համակենտրոնացման գնահատման վարույթ իրականացնելու համար պետական տուրքի վճարման պարտականություն։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
- սահմանվել են առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ.
- ամրագրվել է առևտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ.
- նախատեսվել են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները և պայմանները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց.
- հստակեցվել է առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները.
- նախատեսվել է ապրանքների ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններ և կարգ:
«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափի նվազագույն շեմ։
3. Ակնկալվող արդյունքը.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծեր) ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր առևտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։ Բացի այդ, Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է մասնակիորեն հատուցել համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակում պետության կողմից ռեսուրսների ծախսը՝ միևնույն ժամանակ խթանելով անձանց խմբերի հրապարակումը՝ այդպիսով նվազեցնելով Հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը։
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների էական ավելացում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերի ընդունումն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
21.03.2023 - 07.04.2023
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая, Гражданское и коммерческое законодательство
-
Министерство
Комиссия по защите конкуренции
Просмотры 5219
Принт