Добавить в избранное

В стадии разработки

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

  Հիմնավորում

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող՝ 07.12.2022, ՀՕ-503-Ն օրենքով սահմանված կարգավորումները «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցելու, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացների հստակեցնելու, լավարկելու անհրաժեշտությամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում առկա «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ» ձևակերպմները չեն համապատասխանում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներին, համաձայն որոնց՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:

Ընդ որում, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:

Հետևապես, հաշվի առնելով վերոգրյալը, Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի ձևակերպումներն անհրաժեշտ է դիտարկել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համատեքստում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման գործընթացում գործող կարգավորումների համաձայն, նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում նպաստը նշանակվում է, եթե դիմելու օրվա դրությամբ երեխան և ծնողը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, իսկ դիմում ներկայացնելու ժամկետ սահմանված է մինչև երեխայի մեկ տարին լրանալը։ Այս տեսակետից Հայսատանի Հանրապետությունում գտնվելու պահանջը խնդրահարույց է դառնում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի   համար։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման պայմաններում նախատեսված չէ առանձնահատկություն առանց ծնողական խնամքի մնացած (այսուհետ՝ ԱԾԽՄ) կարգավիճակ ունեցող երեխայի խնամակալին նպաստ նշանակելու առանձնահատկություն, ինչը գործնականում բացառում է խնդրո առարկա դեպքում նպաստի իրավունքի իրացումը։

Համանման խնդիր առկա է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) դեպքում։

Լրացուցիչ կարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է խնամքի նպաստի իրավունքիիրացմանն առնչվող կարգավորումներում։

Այսպես, անհրաժեշտ է հստակ տարանջատել խնամքի նպաստի իրավունք տվող և խնամքի նպաստ նշանակելու պայմանները՝ հաշվի առնելով նպաստի իրավունք տվող պայմաններին չբավարարելը հիմք է թե՛ նպաստ նշանակելը մերժելու և թե՛ ստանալու իրավունքը դադարեցնելու համար, իսկ խնամքի նպաստ նշանակելու պայմաններին չբավարարելը հիմք է միայն նպաստ նշանակելը մերժելու համար։

Հստակեցման անհրաժեշտության կա նպաստի նշանակման և վճարման գործընթացին առնչվող դրույթներում։ Օրենքի գործող կարգավորումներով խնամքի նպաստի նշանակման ժամկետներն ըստ էության փոխկապակցված են իրավունքի ձեռք բերման՝ երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, սակայն կարևորվում է այն հանգամանքը, թե դիմումը ներկայացվում է խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում, թե՝ ոչ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև լրացել է ծնողի գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված լինելու 1 տարին, թե՝ ոչ։ Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) կարևոր է նպաստի չափը որոշելիս։ Նպաստը նշանակելուց հետո, եթե վճարման ամսվա 1-ի դրությամբ փոխվում է ծնողի կարգավիճակը, ապա նպաստի չափը փոխվում է ինքնաշխատ եղանակով։ Ընդ որում, եթե նպաստը նշանակելու օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փոխվում է ծնողի կարգավիճակը, ապա նպաստը վճարվում է նոր կարգավիճակին համապատասխան։

Այսինքն, խնամքի արձակուրդում գտնվելու, գյուղական բնակավայրի հասցեով 1 տարի հաշվառված լինելու հանգամանքները էական են ոչ թե խնամքի նպաստ նշանակելու ժամկետների, այլ նպաստի չափը որոշելու համար։

Ըստ այդմ, խնամքի նպաստի նշանակման և վճարման գործընթացի պարզեցման համար նպատակահարմար է նպաստի նշանակման ժամկետները փոխկապակցել բացառապես իրավունքի ձեռք բերման՝ երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ (անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակից), և բոլոր դեպքերում նպաստի չափը որոշել վճարվող (Օրենքով սահմանված դեպքերում՝ նախորդող ամիսների համար վճարելիս՝ վճարման ենթակա) ամսվա 1-ի դրությամբ ծնողի կարգավիճակով։

Բացի դրանից, Օրենքով երեխայի մյուս ծնողին խնամքի նպաստ նշանակելը նախատեսված է միայն ծնողի (ում նշանակվել և վճարվել է) մահվան դեպքում։ Իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջացել նպաստ նշանակելուց հետո խնամքի նպաստը նշանակել և վճարել մյուս ծնողին (օրինակ այն դեպքում, երբ նպաստ ստացող ծնողը երկարատև բացակայելու է)։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ««Պետական նպաստների մասին» օրենքում։

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ  եղանակով ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով անձանց։ Հաշվի առնելով Օրենքի 39-րդ հոդվածի 14.1-ին մասի դրույթները՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքների (վարչական ակտերի քաղվածքների)  հիման վրա կիրացվի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց նպաստի իրավունքը,
  2. հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը (կապված «և», «կամ» շաղկապների կիրառության հետ՝ խմբագրվել են Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը),
  3. օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը։ Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
  4. Օրենքից հանել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց և վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ և իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ,
  5. հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով ԱԾԽՄ կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավնքի համար,
  6. հստակեցնել խնամքի նպաստ նշանակելու պայմանները․ (1) ծնողի և երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը, (2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը,
  7. նպաստի նշանակման ժամկետները փոխկապակցել միայն երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, իսկ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) հաշվի առնել նպաստը վճարելիս՝ վճարման ամսվա նպաստի չափը որոշել այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակով,
  8. խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմքերը համապատասխանեցնել նախագծով առաջարկվող՝ նպաստ նշանակելու պայմաններին,
  9. խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմք սահմանել տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չլինելը, իսկ նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք սահմանել ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելը կամ այդ գրավոր հայտարարությունը Կառավարության սահմանած կարգով տարածքային կենտրոնում տալը։ 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում ««Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները կհամապատասխանեցվեն  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, կհստակեցվեն նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.6-րդ կետի վերջին պարբերությունից, այն է՝ կենսաթոշակառուներին և  նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև  կենսաթոշակների և  նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:

5. Տեղեկանք

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    14.03.2023 - 30.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2600

Принт