Добавить в избранное

Находится в правительстве РА

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ լրամշակված նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (այսուհետ՝ ՀԸԳՀ), որի 1-ին հոդվածի (g) նպատակի,   41-րդ, 44-րդ, 50-րդ, 56-րդ, 65-րդ, 83-րդ, 90-րդ, 361-րդ հոդվածների  համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը[1], այն է` համապատասխանեցնել և ներդաշնակեցնել իր օրենսդրությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը։

Նշված պարտավորության իրականացման շրջանակներում օրենսդրության մոտարկման գործընթացը ենթադրում է նաև նոր մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման իրականացում։ Սակայն, ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ նման գործընթացի իրականացում և որևէ մարմնի վերապահված չէ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր կազմելիս ԵՄ օրենսդրության հետ մոտարկման համապատասխանությունը ստուգելու իրավասություն։ Հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ ՀԸԳՀ-ով սահմանված պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց շրջանակներում հստակ սահմանվել են ինչպես մոտարկման հասկացությունը,  մոտարկման ենթակա իրավական ակտերի շրջանակը, մոտարկման իրականացման շրջանակներում մշակվող իրավական ակտերի նախագծերին ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը, այնպես էլ իրավասու մարմնի կողմից մոտարկված իրավական ակտի ստուգումն իրականացնող մարմինը և տվյալ ոլորտում վերջինիս իրավասությունների շրջանակը:

Ուսումնասիրելով օտարերկրյա պետությունների փորձը՝ կարող ենք նկատել, որ օրինակ Մոլդովայի Հանրապետության «Նորմատիվ ակտերի մասին» օրենքի 36-րդ  հոդվածով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթարկվում են փորձաքննության Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանելու տեսանկյունից՝ Օրենսդրության ներդաշնակեցման կենտրոնի կողմից: Եվ ստանալով համապատասխանության վերաբերյալ հայտարարությունը՝ նախագծի հեղինակը բացատրական նշումը լրացնում է համապատասխանության վերաբերյալ փորձաքննության եզրակացություններով և, անհրաժեշտության դեպքում, ամփոփագրում ներառում է Օրենսդրության ներդաշնակեցման կենտրոնի դիտողություններն ու առաջարկությունները:[2]  

Իսկ Վրաստանի Հանրապետության «Նորմատիվ ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի նախագծին, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվում է բացատրական նշում, որում այլնի հետ մեկտեղ նշվում է Եվրոպական միության այն իրավական ակտը, որին մոտարկելու պարտավորությունը բխում է Վրաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև կցվում է այդ իրավական ակտին համապատասխանության վերաբերյալ աղյուսակ:[3] ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ներդաշնակեցման տեսանկյունից  նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննությունը իրականացնում է Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ԵՄ իրավունքի ստորաբաժանումը:[4]

Համանման կարգավորումներ են առկա նաև Ուկրաինայի Հանրապետությունում։ Մասնավորապես ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են Ուկրաինայի օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցնելուն։[5]

Նշված իրավական հիմքերից է Ուկրաինայի 2004 թվականի օրենքը՝ «Ուկրաինայի օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու ծրագրի մասին»։[6]

Այսպիսով, կարող ենք նկատել, որ հիմնական կիրառելի մոտեցման համաձայն նախատեսվում է որևէ մարմին, օրինակ, Արդարադատության նախարարությունը, որը որպես կենտրոնական մարմին, ապահովում է ԵՄ օրենսդրության հետ մոտարկման համապատասխանության ստուգումն այն սահմաններում, որքանով այդ օրենսդրության վերաբերյալ հղումը նախատեսված է բացատրական նշումի շրջանակներում։ Նման մոտեցումը, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավական ակտի նախագիծը մշակող մարմինն է իրավասու և կոմպետենտ նախանշել մոտարկման ենթակա օրենսդրությունը` որպես համապատասխան ոլորտում գործունեություն և քաղաքականություն իրականացնող մարմին և, հետևաբար, տիրապետում է այդ ոլորտը կարգավորվող իրավական դաշտին։ Այլ կերպ, համապատասխան մարմինն է պատասխանատու մոտարկման իրականացման համար, իսկ կենտրոնական մարմինը բացատրական նշումի շրջանակներում ստուգում է մոտարկման համապատասխանությունը։ Համանման մոտեցում է որդեգրվել նաև նախագծի շրջանակներում, մասնավորապես, որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն նորմատիվ իրավական ակտի նախագիծն այն մշակող մարմնի կողմից ուղարկվում և պարտադիր պետական-իրավական փորձաքննության է ենթակվում Արդարադատության նախարարության կողմից: Ընդ որում, նշված փորձաքննությունը իրականացնում է Արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը: Այսինքն՝ հաշվի առնելով, որ նշված օրենքի համաձայն, իրավական ակտի նախագիծն անցնում է պետական-իրավական փորձաքննություն, իսկ նախագծով նախատեսվող կարգավորումների շրջանակում նախատեսվող ստուգումն ուղղված է, թեև բովանդակային առումով տարբեր, սակայն  համանման գործառույթի իրականացմանը, և նպատակ ունենալով ինչպես խուսափել նախագծի ստուգումն իրականացնելու համար նախագիծը լրացուցիչ շրջանառելուց, այնպես էլ ապահովել նախագծի շրջանառության փուլում և’ պետական-իրավական փորձաքննությունը, և’ ստուգումը, առաջարկվում է նշված գործառույթը նույնպես վերապահել Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, հաշվի առնելով, որ նախագծով նախատեսված կարգավորումների շրջանակներում ընդլայնվում են Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակը և այդ լիազորությունների իրականացումն ապահովելու համար աշխատանքի ծավալը, ինչպես նաև առաջարկվող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ հատուկ մասնագիտացված անձանց ներգրավելու անհրաժեշտությունը՝ այդ աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտություն կառաջանա ներգրավել առնվազն հինգ մասնագետների, որոնք կկարողանան ապահովել ստուգման ներկայացված ակտերի ժամանակին ստուգումը, հիմնական ոլորտներով մասնագիտական ներուժի ապահովումը, ինչպես նաև աշխատանքների կատարման պատշաճ ապահովումը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀԸԳՀ-ի շրջանակներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացի պատշաճ իրականացմամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Նախագծով առաջարկվում է.

- սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը.

- նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ,

- նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը.

-  սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մոտարկելու գործընթացի իրականացումը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման դեպքում Արդարադատության նախարարությունում համապատասխան աշխատակազմի ձևավորման կապակցությամբ կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

[1] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»:

[2]Տե՛ս ЗАКОН № 100 от 22-12-2017о нормативных актах, Статья 36. https://www.legis.md/cautare/getResults?doc_id=105607&lang=ru

[3] Տե’ս organic law of Georgia on normative acts Constitutional Law of Georgia No 1324 of 13 October 2017 –website, 19.10.2017,  Article 17, 1. c.d, 2.f, 5. a.b. a1,,https://matsne.gov.ge/en/document/view/90052?publication=34 (16.09.2022թ.-ի դրությամբ) 

[4] Տե՛ս https://justice.gov.ge/?m=articles&id=IH6NLVInPt (16.09.2022թ.-ի դրությամբ) 

[5] Տե՛ս http://dspace.univd.edu.ua/xmlui/bitstream/handle/123456789/9633/Approksimatsiya%20administrativno_pravovyih%20norm_%20reguliruyuschih%20ohranu%20okruzhayuschey%20sredyi%20v%20Ukraine_%20k%20evropeyskim%20normam_%20Kazanchuk_2013.pdf?sequence=1&isAllowed=y

[6] Տե՛ս https://zakon.rada.gov.ua/laws/show/1629%D0%B0-15#Text

  • Обсуждалось

    13.02.2023 - 28.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Международные отношения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3420

Принт