Добавить в избранное

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) բխում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նոր կադրերով համալրելու անհրաժեշտությունից, ինչը կնպաստի Կոմիտեի բնականոն գործունեության ապահովմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը չի բխում վերոհիշյալ ռազմավարական փաստաթղթերից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կոռուպցիոն բնույթի հանցանքների դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով ի սկզբանե Կոմիտեի համար նախատեսվել է 100 հաստիք՝ հիմնական գործառույթներն իրականացնելու համար, որից 40-ը՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, 60-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց համար:

 «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի համաձայն՝

7. Կոմիտեի քննիչ կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ։

  1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

(…)

10.Կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրվում են Օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

  1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: (…)::

Նշված դրույթների վերլուծությունից երևում է, որ ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոններ զբաղեցնելու համար Օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ։

Նշված պահանջներին համապատասխան, հաստիքների համալրման նպատակով, Կոմիտեի ձևավորումից հետո՝ սկսած 2021 թվականի հոկտեմբերի 23-ից, անցկացվել է 8 մրցույթ, որից 5-ը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների թափուր հաստիքները համալրելու, իսկ 3-ը՝ ինքնավար թափուր պաշտոնները համալրելու համար։ Արդյունքում ներկայումս թափուր է մնացել դեռևս 28 հաստիք, որից 20-ը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնողների և 8-ը՝ ինքնավար պաշտոնների։

Ըստ էության պետք է փաստել, որ ինչպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնողների ընտրության համար նախատեսված չափանիշներին համապատասխան իրականացված մրցույթներն ամբողջովին չեն արդարացրել ակնկալվող սպասելիքները: Այլ կերպ՝ անցկացված 8 մրցույթների արդյունքում հաստիքների համալրումը չի իրականացվել ամբողջությամբ, որն էլ իր հերթին առաջացրել է մի շարք խնդիրներ:

Այսպես՝ հաստիքների ոչ ամբողջական համալրման արդյունքում Կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված, մասնավորապես վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր քննիչի 12 ամսվա ընթացքում մոտ 47 գործ է բաժին ընկել: Նշվածի հիման վրա կարելի է ասել, որ յուրաքանչյուր քննիչի ծանրաբեռնվածությունը միջինում տարեկան գերազանցում է 40 գործը, ինչը անկասկած անդրադառնալու է ինչպես գործերի քննության որակի, այնպես էլ ողջամիտ ժամկետի հիմնարար սկզբունքի պահպանման վրա, որի պարագայում անիրատեսական է խոսել վարույթի արդյունավետ քննության մասին:

Այս համատեքստում հատկանշական է նշել, որ Կոմիտեի քննիչների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 23-ից 2022 թվականի նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում քննվել է 1082 քրեական գործ վարույթ, որից 90 քրեական գործ/ վարույթ, 203 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Նշված ժամանակահատվածում նախապատրաստվել է 706 նյութ, ստացվել և քննարկվել է 2027  դիմում-հաղորդում:

Վերոգրյալից բխում է, որ Կոմիտեն, մասնագիտացված լինելով բացառապես կոռուպցիոն հանցանքների  քննությամբ, ներկայումս իր վարույթ է ընդունել, քննել և քննում է մեծ քանակի քրեական գործեր/ վարույթներ ու նյութեր, հետևաբար քննիչներն աշխատում են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ Ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությամբ Կոմիտեի քննիչներին գերծանրաբեռնելը լի է այլ՝ առավել բարդ, ծանր կոռուպցիոն վարույթների որակի վրա բացասական ազդեցության վտանգով:

Հաշվի առնելով գործող իրավակարգավորումները և հետագա գործունեության կանխատեսելի ծանրաբեռնվածությունը՝ Կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ վարչապետի հաստատմանն էր ներկայացվել Կոմիտեն ևս 100 հաստիքով համալրելու նախագիծ: Արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 1-ից փուլային կարգով 100 հաստիքով ավելացվելու է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց թիվը՝ ըստ ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1450-Ա որոշման:

Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ հաստիքների տրամադրման հետ միաժամանակ կրկին արդիական է դառնում դրանք համալրելու խնդիրը:

Ներկայումս պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող պահանջներն անհավասար պայմաններ են ստեղծում մասնագիտական ստաժ ունենալու և չունենալու հետ կապված:

Ինչպես արդեն նշվել է, Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ օպերլիազոր՝ այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Այսպես՝ պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայացվող պահանջներն երբեմն անձանց հնարավորություն չեն ընձեռում դիմելու համապատասխան թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին: Մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց համար կարող է լրացվել այնպիսի ստաժով, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսի, գինեգործի կամ անասնաբույժի մասնագիտական աշխատանքային ստաժը (ըստ համապատասխան բարձրագույն կրթության): Այս մասով պետք է նշել, որ օրենսդրական այն պահանջը, համաձայն որի՝ Կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ոչ միշտ է, որ կարող է էական նշանակություն ունենալ, քանի որ վերը թվարկված և նմանատիպ այլ մասնագիտացում ունենալը որևէ կերպ չի կարող օգնել օպերատիվ-հետախուզական գործառույթներ առավել լավ իրականացնելու համար: Ավելին՝ նման պահանջի առկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում այնպիսի անձանց համար, որոնք ունենալով որևէ բնագավառում բարձրագույն կրթություն, չեն աշխատել երբևէ իրենց մասնագիտացումով, սակայն վերջիններս, աշխատելով այլ իրավապահ մարմիններում (իսկ որոշ դեպքերում նույնիսկ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող իրավապահ մարմնում), առավել լավ պատկերացում ունեն օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելու մասին: Այսպես, օրինակ՝ մրցույթներից մեկի ժամանակ արձանագրված դեպքերից մեկում անձն, ունենալով սպայական կոչում, բայց միևնույն ժամանակ չունենալով օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժ, չի կարողացել հաղթահարել փաստաթղթերի ստուգման փուլը, քանի որ վերջինս չի ունեցել մասնագիտական ստաժ (այսինքն՝ չի աշխատել իր ստացած բարձրագույն կրթությամբ):

Նման օրինակները բավականին շատ են, որն, ինչ խոսք, օրենսդրական արգելք է և հնարավորություն չի ընձեռում հանձնաժողովին կայացնել այլ որոշում, քան ներկայացվածը:

Ներկայացված դեպքերում  անհավասար պայմաններ են ստեղծվում դիմողների համար: Հարկ է նշել, որ օպերատիվ-հետախուզական տարբեր միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ է ներգրավել այնպիսի օպերլիազորների, որոնց հմտություններն առավել գերադասելի են, քան զուտ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը: Օրինակ՝ անձը, ունենալով ՏՏ կրթություն, ՏՏ ոլորտում կարող է չունենալ մասնագիտական ստաժ, սակայն լինել ՏՏ ոլորտի լավ մասնագետ: Այսինքն՝ մասնագիտական ստաժի, այն էլ՝ մեկ տարվա,  առկայությունը կողմնորոշիչ ցուցիչ չի կարող լինել լավագույն ընտրության հարցում։

Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեին անհրաժեշտ են օպերատիվ-հետախուզական գործունեության համապատասխան կարողություններով և հմտություններով աշխատակիցներ՝ առաջարկվում է օպերլիազորների համար չնախատեսել 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը՝ հնարավորություն ընձեռելով պրակտիկա չունեցող կամ այլ (ոչ մասնագիտական) ոլորտներում պրակտիկա ունեցող անձանց դիմելու՝  համապատասխան պաշտոնին նշանակվելու համար:

Նմանատիպ իրավիճակ է առկա նաև քննիչների մոտ, երբ Օրենքով քննիչի համար պահանջվում է առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ: Այս մասով պետք է նշել, որ իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ անձը կարող է ձեռք բերել ինչպես իրավապահ մարմիններում, այնպես էլ մասնավոր ոլորտում իրավաբանի աշխատանք կատարելով: Ըստ էության բազմաթիվ են դեպքերը, երբ անձն իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը ձեռք է բերել համայնքապետարանում կամ ՍՊԸ-ում կամ մեկ այլ գործատուի մոտ իրավաբան աշխատելով: Այս ամենը վկայում են այն մասին, որ վերջինիս ձեռքբերած աշխատանքային ստաժը որևէ կերպ չի կարող անդրադառնալ նրա որակյալ քննիչ լինելու վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է հանել ինչպես քննիչների համար նախատեսված՝ առնվազն մեկ տարվա իրավաբանական մասնագիտական աշխատանքային ստաժի, այնպես էլ օպերլիազորի համար նախատեսված՝ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի  պահանջը:

Նշված կառուցակարգը նախատեսելու պարագայում Կոմիտեին հնարավորություն կընձեռվի անձնակազմը համալրել բուհը նոր ավարտած, երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող, արդիական գիտելիքներով, ինչպես նաև ժամանակակից մտածելակերպով, կոռուպցիոն ռիսկերից զերծ կադրերի:

Կադրերի պատրաստման ընթացքում շեշտադրում կատարելով անհրաժեշտ մասնագիտական զարգացման վրա՝ Կոմիտեն հնարավորություն կունենա սեփական խնդիրները լուծելու համար իր անձնակազմը համալրել նոր և երիտասարդ կադրերով:

Բացի այդ, իրավաբանական մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջը հանելով՝ երիտասարդ կադրերին հնարավորություն կընձեռվի բուհն ավարտելուց հետո իրավաբանական գիտելիքները կատարելագործել մասնագիտական պատրաստման միջոցով՝ նպաստելով կոռուպցիոն հանցանքների արդյունավետ բացահայտմանը:

Պետք  է նշել, որ Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝  (…) Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո անցնում են վերապատրաստման դասընթաց::

Օրենքի 17-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված կարգով մասնագիտական պատրաստում են անցնում արդարադատության ակադեմիայում:

Այսինքն՝ ստացվում է, որ ստաժի պահանջ չնախատեսելու դեպքում անգամ անձինք ևս անցնելու են համապատասխան մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, որից հետո իրականացնելու են ինքնավար պաշտոն զբաղեցնող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց գործառութային պարտականությունները։ Հետևաբար, կարող ենք վստահորեն ասել, որ իրավաբանական  մասնագիտական ստաժ, ինչպես նաև  մասնագիտական ստաժ չունեցող և բուհը նոր ավարտած անձը համապատասխան առարկայական ծրագրերով մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնելուց հետո կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է հանել քննիչների համար նախատեսված՝ առնվազն մեկ տարվա իրավաբանական մասնագիտական աշխատանքային ստաժի և օպերլիազորների համար չնախատեսել 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջները:

  1. Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) համակարգում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս հանձնարարականներ.

3) միջնորդություններ է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1450-Ա որոշմամբ Կոմիտեի հաստիքներն ավելացել են 100-ով, որոնք, ինչպես վերը նշվել է, փուլային կարգով տրամադրվելու է Կոմիտեին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում Կոմիտեում ավելանալու են հաստիքներն ու ստորաբաժանումները (մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 1-ից փուլային կարգով 100 հաստիքով ավելացվելու է Կոմիտեի հաստիքների թիվը՝ համաձայն ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1450-Ա որոշման), որոնք էականորեն ծանրաբեռնելու են կառավարչական և համակարգող գործառույթներ իրականացնող ղեկավարների գործունեությունը, անհրաժեշտություն է առաջանում նախատեսել ևս մեկ տեղակալի հաստիք (Կոմիտեին արդեն իսկ տրամադրված հաստիքների հաշվին)։ Կանխատեսվելիք գերծանրաբեռնվածության պարագայում անհրաժեշտություն է առաջանալու կատարել տեղակալների գործառույթների հստակ բաշխում, որի պարագայում յուրաքանչյուր տեղակալ հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու իրեն վերապահված լիազորությունները։

Նշված հաստիքների ավելացմամբ պայմանավորված՝ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համապատասխան աշխատակիցների աշխատանքները համակարգելու նպատակով տրամաբանորեն անհրաժեշտ է Կոմիտեի նախագահի տեղակալների թիվն ավելացնել ևս մեկով:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է քննիչի և օպերլիազորի համար նախատեսված մասնագիտական աշխատանքային ստաժի 1 տարվա պահանջը հանել, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալների թիվն ավելացնել ևս մեկով:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 

 

  • Обсуждалось

    27.01.2023 - 12.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Работа и занятость, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2942

Принт