ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը բխում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասից:
Նախագիծը համահունչ է Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման ընդհանուր սկզբունքներին և դրույթներին, ՄԱԿ-ի «Օրակարգ-2030» հռչակագրին և Կայուն զարգացման նպատակ 3-ով սահմանված թիրախներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 24.2-րդ կետով սահմանվել էր «ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումը: Սակայն, 650-Լ որոշման գործողությունը ընդհատվել է՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման ընդունմամբ, որի շրջանակում սույն նախագիծը չի կարող ընդունվել:
Հաշվի առնելով 2022 թվականի հունիսի 9-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումը, սույն նախագծի նախաբանում լիազորող նորմ է դիտարկվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը:
Սույն նախագծի հավելված 2-ում սահմանված Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի ռազմավարությունից բխող 2023 թվականին կատարման ենթակա միջոցառումների մեկնարկը տրվել է 2022 թվականից:
Նախագծում ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Առողջապահության համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգի կառավարման և կառուցակարգային կարողությունները, ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, ապահովել անհրաժեշտ մարդկային ներուժի (ավագ և միջին բուժանձնակազմ) և ռեսուրսների առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնել առողջապահական ծառայությունների ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները։
Հաշվի առնելով վերոգրյալ հիմնախնդիրները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Սույն նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումներն` ուղղված.
- բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը.
- մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը.
- անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը.
- հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը.
- կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության մեծացմանը.
- ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) առաջացած տնտեսական բեռի նվազեցմանը, մասնավորապես՝ վաղաժամ մահացության կրճատմանը, ՈՎՀ–ի ռիսկի գործոնների կառավարման խթանմանը.
- բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը.
- տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանը.
- վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և այդ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը, համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովմանը.
- բարենպաստ շրջակա միջավայրի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման աջակցմանը.
- էլեկտրոնային առողջապահության ոլորտում ժամանակակից և արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակմանը և լիարժեք ներդրմանը.
- բնակչության համար անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, համապարփակ առողջապահական ծառայությունների ապահովմանը.
- պետական առողջապահական ծախսերի շարունակական աճի ապահովմանը.
- հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, հանրային առողջապահական ծառայությունների մատուցման ինտեգրված մոդելի ներդրմանը.
- առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ռազմավարությամբ (Նախագծի Հավելվածի 1-ի Աղյուսակ) նախանշված առողջության և առողջապահական համակարգի գործունեության ակնկալվող ցուցանիշները:
Սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում մասնավորապես ակնկալվում է պահպանել և բարելավել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը, զարգացնել էլեկտրոնային առողջապահությունը, իրականացնել առողջության համապարփակ ապահովագրության ներդրում և այլն:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: