Добавить в избранное

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

         «Հոդված 6.

Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը

  1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝

1) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրությունը.

4) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.

5) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը.

6) Ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը համակարգող՝ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված մարմինները և նրանց իրավասության շրջանակը.

7) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները և նրանց իրավասությունների շրջանակները.

8) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

9) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումները.

10) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

  1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները ենթակա են անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:
  2. Ռազմական դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։»:

 

Հոդված 2.  Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

        «Հոդված 8.

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումները  և ժամանակավոր սահմանափակումները

  1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում.

2) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

4) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների  գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն.

5) ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

6) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

7) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային, բանկային, էներգետիկ, բնապահպանական և կապի ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացում, պետական գնումների հատուկ ընթացակարգի սահմանում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ, էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքների սահմանում, բնական ռեսուրսների օգտագործման և շահագործման հատուկ կարգի սահմանում.

8) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

9) հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով.

10) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

11) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.

12) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

13) օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.

14) Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում.

16) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում.

17) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր.

18) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում.

19) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ.

20) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի.

21) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործում` սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:

  1. Սույն հոդվածի առաջին մասի 19-րդ կետում հիշատակված միջոցառումները կարող են իրականացվել նաև նախքան ռազմական դրություն հայտարարելը՝ դրանց անմիջականորեն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում:
  2. Որոշակի տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները կարող են տարածվել նաև այլ տարածքներում այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու համար:
  3. 4. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

 

Հոդված 3.  Օրենքը լրացնել նոր 8.2-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

     «Հոդված 8.2

 Ռազմական դրության ժամանակ պետական կառավարման առանձնահատկությունները

  1. Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ոչ ռազմական բնույթի հրատապ հարցեր լուծելու նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ այդ որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով կարող է համակարգել ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար փոխվարչապետը կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալ պետական կառավարման համակարգի մարմիններին:
  2. Ռազմական դրության ժամանակ ի հայտ եկած որոշակի խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ)` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհրդի կազմը սահմանվում է ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:»:

 

Հոդված 4.  Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

 «1.1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշմամբ, սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշված միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 15-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2)  1-ին մասը լրացնել 16-րդ, 17-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ .

«16) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը.

 17) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում ինտերնետ հասանելիությամբ ապահովվող պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ցանկը և դրանց ինտերնետ հասանելիության տրամադրման (ապահովման) կարգը:».

3) լրացնել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 16-րդ և 17-րդ կետերում նշված կարգերը մշակվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի կողմից:»:

 

 Հոդված 6.  Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 14.

Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

  1. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները և համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:
  2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված միջոցառումները և սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` միջոցառումների պայմանով կիրառում կամ իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում: Սույն մասով սահմանված դեպքերում միջոցառումների և սահմանափակումների կիրառման պայմանները սահմանվում են ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից:»:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման դեպքում ինտերնետ հասանելիությամբ ապահովվող պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ցանկը և դրանց ինտերնետ հասանելիության տրամադրման (ապահովման) կարգը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 12-րդ հոդվածում լրացնել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված լիազորությունների պատշաճ իրականացման համար օժանդակություն ստանալու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են գրավոր դիմել Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին և համապատասխան մարզպետին, որոնք իրենց իրավասությունների շրջանակներում և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ կետերի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերի հիման վրա տրամադրում են անհրաժեշտ օժանդակություն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «զորակոչին» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային զորակոչին» բառերով.

2) 1-ին մասը «զորակոչին» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային զորակոչին» բառերով.

3) լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Զորահավաքային զորակոչին քաղաքացու ներկայության ապահովումը համապատասխան զինվորական կոմիսարիատն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով նաև Ոստիկանության աջակցությունը:».

4) 2-րդ մասը «(այսուհետ` զորակոչի ենթակա)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զորահավաքային զորակոչի ենթակա» բառերը.

5) 3-րդ մասը «ծառայության» բառից հետո լրացնել «և զորահավաքային զորակոչին» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 49-րդ  հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր «գ» կետով հետևյալ բովանդակությամբ.

«գ) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարված լինելու դեպքում, եթե նշված հանգամանքներով պայմանավորված՝ հնարավոր չէ ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

  • Обсуждалось

    22.12.2022 - 06.01.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12173

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

06.01.2023

Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում. Միևնույն ժամանակ, Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։ Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։

Artur Papyan

05.01.2023

Քանի որ խոսում ենք հիմնային իրավունքների սահմանափակման մասին՝ համացանցում խոսքի ազատության, ինֆորմացիայի ազատության, կարիք եմ տեսնում, որ ռազմական դրության պայմաններում ստեղծվի հատուկ դատարան, որը փակ ռեժիմով քննարկումներ կանցկացնի, կհրավիրի մասնագետների և ամեն կոնկրետ դեպքում կունենա հստակ գնահատական՝ ինչը արգելափակել, ինչը ոչ։ Եվ որ ամենակարևորը՝ ռազմական դրության ավարտից հետո դատական ակտերը հասանելի կլինեն հանրությանը, ինչը թույլ կտա գնահատել ձեռնարկված քայլերի արդյունավետությունը և դասեր քաղել։

Artur Papyan

05.01.2023

Նախկինում կատարած արգելափակումները եղել են ոչ թափանցիկ, որեւէ հանրային վերահսկողություն, հրապարակային քննարկում ու որոշում չկա, ինչը թույլ կտար գնահատել, թե արդո՞ք 2020-ի արգելափակումները արդյունավետ են եղել, թե ոչ, կամ արդյո՞ք այդ արգելափակումները մարդկանց մոլորության մեջ չգցեցին, եւ ոչ թե պաշտապանեցին, օգնեցին հանրությանը կոնսոլիդացվելու և ռազմաճակատում իրական պատկերը տեսնելու, որպեսզի բոլորը զենք վերցնեին ու գնային ռազմաճակատ, ոչ թե հանգիստ նստեին, մտածելով, որ՝ տակտիկական նահանջ ենք իրականացնում ու շուտով "գյոռբագյոռ" ենք անելու

Узнать больше