«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ վերադարձի վկայականի դրույքաչափ
Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար.
ա) երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և
բ) երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ։
Ընդ որում, առաջին դեպքում օրենքը նախատեսում է ավելի բարձր 30,000 ՀՀ դրամ դրույքաչափ, իսկ երկրորդ դեպքում՝ ընդամենը 10,000 ՀՀ դրամ, ինչը բավականաչափ նվազ գումար է անձնագրին փոխարինող ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու համար (մասնավորապես՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կողմից) որը պատրաստվում է պաշտպանված ձևաթղթից՝ պատված է տարբեր գույների` ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող մանրաթելերով և տպագրության համար օգտագործվում են զգալի պաշտպանիչ միջոցներ (իրիս տպագրություն. գույնից գույն սահուն անցում, պաշտպանված հետնապատկեր. մանրագծերով կառուցված նախշեր, գելեոշիրային տարր. չընդհատվող գծերից բաղկացած գծանկար, միկրոգրություն. ընթեռնելի է դառնում միայն խոշորացման դեպքում):
Նման տարանջատման հիմքը նախկինում հանդիսացել է այն հանգամանքը, որ դիմողի կողմից իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում վերջինիս ինքնությունը պարզելու համար իրականացվում էր լրացուցիչ աշխատանք։ Մասնավորապես, թղթային եղանակով դեսպանությունից հարցում էր կատարվում ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն, որտեղից էլ նույն եղանակով հարցում էր կատարվում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անձի անձնագրային քարտի տվյալները (ձև 1) ստանալու համար, քանի որ այն պարունակում է անձի լուսանկարը և հնարավորություն է տալիս ստուգել դիմողի ինքնությունը։
ՀՀ ԱԳՆ համակագում Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի ներդրման արդյունքում անձի ինքնությունը հնարավոր է ստուգել տեղում՝ անմիջապես և հազվադեպ է կարիք լինում հարցում կատարել անձի անձնագրային քարտը ստանալու համար։
Կարևոր է ընդգծել, որ դեռևս 2013թ.-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրամադրելու (արտոնությունների) բավականին լայն ցանկ (տե՛ս ՀՀ կառավարության 23 հոկտեմբերի 2013 թվականի № 1151-Ն որոշում) և գործնականում, ՀՀ վերադարձի վկայական ստանալու և վճարելու կարիք առաջանում է այն քաղաքացիների համար, ովքեր ժամանակին օրենքով սահմանված կարգով չեն փոխանակել իրենց անձնագիրը և ցանկանում են շտապ վերադառնալ Հայաստան։
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրքի մեկ միասնական և ողջամիտ, բալանսավորված դրույքաչափ, քանի որ անկախ այն հանգամանքից, թե դիմողը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ՝ անձի ինքնության ստուգումը, որպես կանոն, կատարվում է նույն ընթացակարգով (տե՛ս ՀՀ կառավարության 24 մարտի 2011 թվականի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի III և IV բաժիններ)։
ՔԿԱԳ կրկնակի վկայականի տրամադրման դրույքաչափի վերացում
2021թ. հունվարի 19-ին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի համաձայն օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները՝ «հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու» իրավասություն այլևս չունեն։
Մյուս կողմից, ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկներն իրականացնում են քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնում, որն աշխատատար և ժամանակատար գործառույթ է, այդ իսկ պատճառով առաջարկվում է սահմանել «ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար» ծառայության համար սահմանված պետական տուրքին հավասար դրույքաչափ։
Տեսակապով ծառայությունների մատուցում
ՀՀ կառավարության 23.06.2011թ. թիվ 974-Ն և 24.03.2011թ. թիվ 297-Ն որոշումներում 2020թ. ապրիլի 2-ին կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել և ստանալ փոստով՝ այդ նպատակով օգտագործելով տեսակապի հնարավորությունը։
Վերոնշյալ որոշումների հիմնավորումների մեջ նշված էր, որ նախագծերն ընդունվելու դեպքում ՀՀ ԱԳՆ կմշակի և սահմանված կարգով շրջանառության մեջ կդնի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ՝ օրենքի 15-րդ հոդվածում նախատեսելով հատուկ կետեր (տե՛ս ՀՀ կառավարության նիստի 2020թ. ապրիլի 2-ի օրակարգ, կետեր 49, 50)։
16 տարին լրանալուց հետո անձնագիրն անվճար ստանալը
ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված՝ ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության ընդունումից մինչև 28.01.2017թ. գործած խմբագրությամբ սահմանված էր, որ ՀՀ քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության` 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները անկախ բնակության վայրից:
Միևնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված էր, որ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատվում են պետական տուրքի վճարումից (ՀՀ տարածքում՝ 1000 ՀՀ դրամ)։
Վերլուծելով վերոնշյալ երկու նորմերը՝ ակնհայտ է դառնում, որ մի կողմից գործադիրը սահմանել էր անձնագիր ստանալու պարտադիր նորմ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, իսկ մյուս կողմից օրենսդիրը սահմանել էր այդ պարտավորությունը կատարելու համար ֆինանսական փոքր բեռից (1000 ՀՀ դրամ) ազատող նորմ։ Ընդ որում, այդ նույն անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության նշում («վիզայի կլոր կնիք») կատարելու համար, միևնույն է, անհրաժեշտ էր (հիմա էլ) վճարել պետական տուրք՝ յուրաքանչյուր տարվա համար 1000 ՀՀ դրամ։
Օրինակ, 2015թ. դրությամբ 16 տարին լրացած ՀՀ քաղաքացին օտարերկրյա պետություններում 3 տարով վավերական անձնագիր ստանալու համար 4000 (1000 + 3000) ՀՀ դրամի փոխարեն պետք է վճարեր միայն 3000 դրամ, մինչդեռ 15 տարին կամ 2 տարին լրացած ՀՀ քաղաքացին՝ 4000 (1000 + 3000) ՀՀ դրամ։
Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 195-րդ հոդվածով (մինչև 30.11.2011թ.)՝ անձնագիր ունենալու պարտավորություն ունեցող քաղաքացիների՝ առանց անձնագիր բնակվելու համար նախատեսված էր սանկցիա՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում 500-1000 ՀՀ դրամի չափով։
Հետագայում (28.01.2017թ.-ից սկսած), 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար անձնագիր ստանալը դարձավ կամավոր։
Բացի այդ, «Նույնականացման քարտերի մասին» օրենքի ընդունմամբ և ՀՀ-ում 2012թ.-ից սկսած նույնականացման քարտերի տրամադրման արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագիրը (հին նմուշի) դադարեց հանդիսանալ քաղաքացու անձը հաստատող միակ փաստաթուղթը։
Ներկայումս, ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է.
- սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ.
- ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ։
- սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։
- վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար մեկ միասնական դրույքաչափ, դրույքաչափերը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը, սահմանել նոր ստեղծված հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափեր, վերացնել ներկայումս չհիմնավորված արտոնություն սահմանող մեկ նորմ։
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կանխատեսվում է գանձվող պետական տուրքի ավելացում տարեկան շուրջ 75 մլն. դրամի չափով:
Համաձայն նախորդ տարիների ընթացքում փաստացի տրամադրված ՀՀ վերադարձի վկայականների թվաքանակների ըստ դրույքաչափի վերլուծության (30,000 ՀՀ դրամ – շուրջ 2,500 հատ, 10,000 ՀՀ դրամ – շուրջ 10,000 հատ և անվճար (արտոնություն) – շուրջ 9500 հատ)։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Обсуждалось
07.12.2022 - 28.12.2022
-
Тип
Закон
-
Область
Публичная служба
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 3387
Принт