Добавить в избранное

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ

ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023-2030 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական  և մասնավոր ոլորտների կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ:

Ռազմավարությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ծառայում է որպես ուղղորդիչ միջոց՝ ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակությանը, զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի զարգացմանը վերաբերող հարցերի լուծման համար:

Ռազմավարության ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը կնպաստեն մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մասսայական սպորտի զարգացմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, Հայաuտանի Հանրապետության  հավաքականների համալրմանը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ ֆիզիկապես առողջ և կամքով ուժեղ երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովմանը:

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի ենթաոլորտները։ Եռաստիճան այս համակարգի ողջ գործունեությունն ուղղված է  մարդու ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և սպորտի ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Արդյունավետ աշխատանքային փորձի պակաս է նկատվում զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքներին առողջության հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու, և դրանով պայմանավորված պարապմունքների տարբերակված պայմաններ ստեղծելու համար։ Բազմաթիվ մարզերում ունենք թե՛ զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի բնագավառի մասնագետների, և թե՛ ադապտիվ սպորտի ու ադապտիվ ֆիզկուլտուրայի բնագավառում հատուկ պատրաստություն անցած մասնագետների պակաս։

        Զանգվածային սպորտի ժողովրդականացման և առողջ կենսակերպի արժեքները գովազդելու և տարածելու դաստիարակչական աշխատանքները բավարար չափով կողմնորոշված չեն բնակչության որոշակի նպատակային տարիքային և սոցիալական խմբերի թիրախավորմանը:

Նոր ձևավորվող և ինքնավար կերպով գործող հատուկենտ ֆիզկուլտուրային-մարզական ակումբները չունեն իրենց գործունեության հստակ տնտեսական մոդելները, ինչը խոչընդոտում է դրանց՝ որպես մարզական ենթակառուցվածք, զանգվածային սպորտին և ֆիզկուլտուրային մարդկանց հաղորդակից դարձնելու, բնակչության ֆիզիկական դաստիարակությունը ապահովելու հիմնական նշանակության իրագործմանը:

Բիզնեսի մասնակցությունը զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի բնագավառի զարգացմանը կրում է լոկալ (տեղային), չհամակարգված բնույթ, ոլորտի զարգացման գործընթացներին աջակցելու հարցում գործատուների հետաքրքրվածության բարձրացման ֆինանսական կառուցակարգեր կառավարման համակարգում չեն գործարկվում։ Առանձին ուղղությունների չլուծված հիմնախնդիրները թուլացնում են ամբողջ բնագավառի զարգացման շարժընթացը։

Անհրաժեշտություն է առաջացել իրավասու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և «Սպորտի Եվրոպական խարտիային» համահունչ մշակել ազգային քաղաքականություն և ռազմավարություն, որոնք կնպաստեն հանրապետությունում  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը և խթան կհանդիսանան կառավարության կողմից բնագավառի առջև դրված խնդիրների լուծման կամ նախատեսված միջազգային չափանիշներին հասնելու հիմքերը դնելու համար:

Աճող սերնդի առողջական վիճակը  հասարակության և պետության բարեկեցության կարևոր գրավականն է։ Այն արտացոլում է ոչ միայն տվյալ հասարակության  իրական վիճակը, այլև հնարավորություն է տալիս կանխատեսումներ անել ապագայի վերաբերյալ։ Նշված խնդրին առավել ակնառու դարձավ հայ և համաշխարհային հանրության առաջ ծառացած նոր մարտահրավերի, այն է՝ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Կարևոր է երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ առողջ ապրելակերպի գաղափարախոսության արմատավորումը, ինչն իր հերթին  նպաստում է հասարակության շրջանում   ճիշտ սովորույթների ձևավորմանը, վնասակար սովորույթներից(ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի օգտագործում և այլն) հրաժարմանը և կյանքի միջին տևողության աճին։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի՝  5-17 տարեկան երեխաներին ցուցված է ապահովել օրական առնվազն 60 րոպե միջինից բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն, ընդ որում՝ օրական 60 րոպեից ավելի ֆիզիկական ակտիվությունը լրացուցիչ առավելություն ունի երեխայի առողջության համար: Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզկուլտուրայի դասերը անցնում են թերբեռնված և ուսումնական նյութից շեղումներով։

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023-2030 թվականների ռազմավարությունը (այսուհետ ռազմավարություն) կոչված է սահմանելու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության այն ուղղությունը, որը միտված է ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող խնդիրների լուծմանը, նպատակների և խնդիրների հստակեցմանը, իրավական հիմքերի ստեղծմանը, պետական աջակցության ապահովմանը: Վերջնական նպատակը Հայաստանը դարձնել ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական մեծ ձեռքբերումների երկիր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023-2030 թվականների ռազմավարությունը մշակել է Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

  • Обсуждалось

    06.12.2022 - 26.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3188

Принт

Предложения

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ

26.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ I. Ընդհանուր առաջարկություններ Ռազմավարական ծրագրի վերաբերյալ 1. Ռազամավարական ծրագիրը ծավալուն է. ռազմավարական ծրագրերի այդ թվում միջազգային մշակման, իրականացման, գնահատման փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռազմավարական ծրագրեը լինում են համառոտ՝ հստակ նպատակներով, թիրախներով, տեսլականով, ուղղություններով, ցուցիչներով, որոնք ունեն ուղղակի կապվածություն և կախվածություն մեկը մյուսից: Ռազմավարական ծրագրի իրագործումը՝ ըստ ցուցիչների, պատասխանատուների և գործողությունների ծավալուն բացվում է արդեն ճանապարհային քարտեզներով կամ գործողությունների կամ միջոցառումների պլաններով։ 2. ՌԾ պլան –ժամանակացույցում անհրաժեշտ է ներառել միջոցառումների և քայլերի գնահատման ցուցիչները։ 3. Ռազմավարական ծրագրում եզրույթները միատեսակ օգտագործված չեն, երբեմն առկա են որոշ կրկնություններ օրինակ՝ Ֆիզիկական կուլտուրա և ֆիզկուլտուրա միաժամանակ առաջարկում ենք ՌԾ-ում չօգտագործել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «մատաղ սերունդ» և այլն: 4. Ռազմավարական ծրագրից չի երևում նպատակներին հասնելու գերակայություններն ու ուղղությունները. 5. Ներածության մեջ հստակեցված չի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվող քայլերը: 6. «Տեսլական» բաժինն կարելի է խմբագրել մեկ նախադասությամբ պետության տեսլականը՝ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտների առաջիկա 5 տարվա զարգացման վերաբերյալ: Մինչդեռ տեսլական բաժնում գրված են վերլուծական մտքեր, խոսվում է հիմնախնդիրների մասին։ Օրինակ տեսլականը կարելի ձևակերպել այսպես՝ ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային մակարդակով բարձր նվաճումների սպորտում առաջատար երկիր կամ ՀՀ-ն դարձնել տարածաշրջանում սպորտային տուրիզմի և միջոցառումների անցկացման առաջատար երկիր: 7. Ռազմավարական ծրագրով առաջարկվում է ունենալ նաև նախատեսված միջոցառումների ղեկավարման մշտադիտարկման և գնահատման ընթացակարգեր, ինչպես նաև անդրադառնալ ծրագրի իրականացման ռիսկերին։ 8. Ծրագրում անհրաժեշտ է նախատեսել սպորտային ժամանակակից գիտամեթոդական կենտրոնի հիմնադրումն իրականացնել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի բազային հիմքի վրա, որպես գիտահետազոտական ինստիտուտ և ֆինանսավորման աղբյուր դիտարկել գիտության կոմիտեն: 9. Գիտամեթոդական սպասարկման կենտրոնին տրամադրել համապատասխան տարածք, ֆինանսական միջոցներ, որպեսզի նա լրջորեն զբաղվի միջազգային փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, մարզիկների հոգեբանական պատրաստության, առողջության պահպանման աշխատանքների ղեկավարման իրականացմամբ։ 10. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի բազայի հիման վրա ձևավորել ՀՀ հավաքական թիմերը աջակցող կենտրոն՝ առանձին ֆինանսավորմամբ։ Գիտամեթոդական կենտրոնի գործունեության նպատակն է՝ ապահովել ՀՀ հավաքական թիմերի մարզչական անձնակազմը հենակետային մարզաձևերի թիմերի պատրաստության, մրցումներում մարզիկների և թիմերի արդյունավետ ղեկավարման միջազգային արդի փորձի մասին տեղեկատվությամբ։ 11. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի և ԱՆ ենթակայության բժշկական կենտրոնների հետ համատեղ ստեղծել սպորտային բժշկավերականգնողական կենտրոն: 12. Հենակետային մարզաձևերի գիտական սպասարկման համար ձևավորված համալիր գիտական խումբը (ՀԳԽ)՝ պետք է աշխատի առանձին տարածքով և ֆինանսավորմամբ։ ՀԳԽ-ի գործունեության նպատակն է գիտականորեն ապահովել ՀՀ հավաքական թիմերի մարզիկների սպորտային պատրաստության ողջ գործընթացը՝ ընդգրկելով մասնագետների բազմապրոֆիլային խումբ՝ սպորտի մանկավարժներ, սպորտի հոգեբաններ, սպորտի բժիշկներ, սպորտի ֆիզիոլոգներ և այլն: ՀԳԽ-ի մասնագետներին և բժիշկներին ՀՀ հենակետային մարզաձևերի հավաքականներ և ՀՀ-ը միջազգային ասպարեզում ներկայացնող այլ թիմերի սպասարկման նպատակով գործուղել Օլիմպիական խաղերի, Աշխարհի, Եվրոպայի պաշտոնական առաջնությունների, Ունիվերսիադաների և այլ մրցաշարերի։ 13. Ստեղծել մանկապատանեկան մարզադպրոցների և ՀՀ հավաքական թիմերի համար առողջության հսկողության և վերականգնման սպորտային դիսպանսեր՝ իր տարածքով և ֆինանսավորմամբ։ Դիսպանսերի գործունեության ուղղություններից պետք է լինի տարբեր տարիքի և որակավորման մարզիկների ամենամյա և ըստ անհրաժեշտության բժշկական հսկողության և սպասարկման իրականացումը։ 14. Ծրագրի 3-րդ գլխի 7-րդ կետի 15-րդ ենթակետում «․․․համապատասխան պատրաստություն ունեցող ղեկավարները, ուսուցիչները և մարզիչները» նախադասությունից հետո լրացնել «մասնագիտական կրթություն՝ մասնագիտական մանկավարժություն, սպորտի կառավարում» բառերով։ 15. Ծրագրի 8-րդ կետի կետի 2-րդ ենթակետից առաջարկում ենք հանել «Հրանտ Շահինյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ» անուն ազգանունները և շարադրել հետևյալ խմբագրությամբ «հայ օլիմպիական չեմպիոնների» 16. Առաջարկում ենք «Առողջ ապրելակերպի» քարոզում իրականացնել նաև ԶԼՄ–ներով՝ հատկապես հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով։ 17. Առաջարկում ենք նաև համագործակցելով ՀՀ Արդարադատության նախարարության հետ ՀՀ–ում ստեղծել սպորտային արբիտրաժային դատարաններ։ 18. Մասնագիտական կրթական հենքի վրա պատրաստել սպորտի իրավունքի մասնագետներ։ 19. Մշակել և հաստատել «Սպորտի օրենսգիրք»–ը, որը կկարգավորի ոլորտի ամբողջ իրավական դաշտը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

26.12.2022

Առաջարկվում է 4-րդ բաժնի 3-րդ կետի 7-րդ ենթակետի «Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների ․․․» բառերից հետո լրացնել «1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

26.12.2022

Առաջարկվում է 4-րդ բաժնի 1-ին կետի «Մասնավոր նպատակ 1.1. Բոլոր համայնքները (բնակավայրերը) ապահովել ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հարմար նպաստավոր ենթակառուցվածքներով:» բառերից հետո լրացնել «, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։» բառերով։

Узнать больше