ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:
Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում:
Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:
Սույն օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստի N 29.6/[396370]-17(10) արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 7-րդ կետի հանձնարարականների:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի և այդ լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: