Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
30.11.2022
2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծով Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2022 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2023 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ նախատեսվում է կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Մասնավորապես, 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված է, որ Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով, իսկ նույն կետի 3-րդ պարբերությամբ՝ Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով: Այս արտոնությունը որևէ կերպ հիմնավորված չէ և հակասում է Երևանի զարգացման ծրագրով սահմանված նպատակներին, մասնավորապես՝ բնակչության բարեկեցությունը ապահովելու, մաքուր ու կանաչ քաղաք ունենալու, անվտանգ կյանք ունենալու առումով: Առաջարկ. 1. 2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծում առաջարկվում է հանել 1.2, 1.3 կետերը, քանի որ հստակ չէ, թե ինչու բնապահպանական բեռ ունեցող տնտեսվարողները պետք է ստանան նման արտոնություն: