"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
22.11.2022
Մովսես Արիստակեսյան, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հանրային քննարկման դրված «2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4966) վերաբերյալ կարծում ենք, որ. 1) Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ, 2) Այդուհանդերձ կարծում ենք, որ. Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման ճանապարհով, թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում: Թեև նախագծում նշված է, որ կան այդպիսի հատկացված տարածքներ, սակայն դրանք շատ քիչ են և չեն բավարարում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Հատկապես դրանք հատկացված չեն հատկապես վճարովի կայանատեղի համարվող կարմիր գծերի տարածքում: Դրա հետ մեկտող լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքնենաների հաշվառումը և դրանց սեփականատերերին հատուկ ցուցանակներով ապահովումը, ինչը թույլ կտար այդ անձանց ազատորեն կայանել իրենց հատկացված հատուկ տեղերում: Նախագծի 1-ին մասի 1) ենթակետի Է. պարբերությամբ նախատեսվել է մանկապարտեզի համար տեղական վճարի զրոյական արտոնություն սահմանել երեխայի այն ծնողներին, կամ ծնողներից մեկին կամ նրա օրինական ներկայացուցիչներին կամ օրինական ներկայացուցիչներից մեկին, ովքեր ունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն: Ողջունելով այդ կամքը, կարծում ենք, որ այդպիսի արտոնություն պետք է սահմանել նաև 3-րդ կարգի հաշմանդամություն ւոնեցող անձանց, քանի որ նրանք նույնպես համարվում են սոցիալապես խոցելի անձինք: