«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը» (այսուհետև՝ Նախագիծ), հայտնում է հետևյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները.
1. Նախագծում նշվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված այն կարգավորմամբ, որ 2023 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայ¬բան¬կի ՀԽՍՀ հան¬րա¬պե¬տա¬կան բան¬կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ցավոք, այդ գործընթացը, մեր կարծիքով շատ է երկարաձգվում և չի համապատասխանում այդ ծրագրի նպատակադրումներին: Այսպես.
1) 2023 թվականինն էլ (https://www.e-draft.am/projects/4797) նախատեսվում է այդ բյուջետային ծրագրին հատկացնել սոսկ 1.1 մլրդ դրամ, այնքան, որքան նախորդ տարիներին: Մինչդեռ հատկանշական է, որ այդ ծրագրի շահառուները տարեցտարի պակասում են ելնելով ինչպես տարիքից, այնպես էլ՝ միգրացիոն հոսքերից: Հետևապես առաջարկել ենք, որպեսզի ՀՀ պետական բյուջեով այդ ծրագրի իրականացմանը հատկացվեն ավելի շատ միջոցներ՝ առնվազն 2 անգամ ավելի շատ բյուջեի նախագծով նախատեսվածից, այն հաշվով, որպեսզի միջինժամկետ հատվածում բավարարվեն դրա բոլոր շահառուների ակնկալիքները և նրանց հետ վերադարձվեն ավելի քան 30 տարի առաջ կատարված ներդրումները , որոնց հաշվին տարիներ շարունակ իրականացվել են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից այժմ էլ օգտվում են այդ ներդրումների շահառու ներկայիս սերունդը, այդ թվում որոշումներ ընդունող իշխանության ներկայացուցիչները:
2) Այդ բյուջետային ծրագրի իրականացման նպատակով Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու այդպիսի արտոնություն չի սահմանված Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմնաված կարգով նրանց և/կամ նրանց ժառանգած անձանց վրա: Ակնհայտ է, որ այդ անձանց թիվը գնալով պակասում է, իսկ նրանց ավանդների նկատմամբ ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված ժառանգների թիվը մեծ չէ: Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց և նրանց ավանդները ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգներին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,»,
Այս կարգավորմամբ կվերացվի տվյալ բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով:
3) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:
Ըստ այդ կարգավորման նշված բյուջետային ծրագրից արտոնություն ստացող անձանց տարիքը պետք է լինի 81.5 տարուց ավելի:
Կարծում ենք, որ այս կարգավորումը չի բխում ՀՀ սահմանադրությունից, մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարությունից և երկրում ներկայում տիրող ժողովրդագրական իրավիճակից: Այսպես, ըստ Ալիք մեդիա լրատվական կայքի հետազոտության տվյալների «Հայաստանում կտրուկ նվազել է կյանքի միջին տեւողությունը. սրա մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: 2020 թվականին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մեր երկրում եղել է 68.4 տարի: Սա, 2000 թվականից սկսած, Հայաստանում արձանագրված ամենացածր ցուցանիշն է:»:
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2019 թ. ՀՀ ամբողջ բնակչության կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդից, կազմում էր 76.5, այդ թվում կանանց՝ 79.5, իսկ տղամարդկանց՝ 73.1: Այդ տվյալները 2020 թ. բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ 73.5, 78.6, 68.4: Ակնհայտ է, որ երկրում կյանքի սպասվող տևողությունը աստիճանաբար նվազում է: Այդ պայմաններում ոչ մարդասիրական, խտրական ու անհավասար է թվում կառավարության քաղաքականությունը 1993 թվականին ներդրված ավանդների փոխհատուցումը 81.5 տարուց ավելի անձանց:
Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում
«մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերը փոխարինել «մինչև 1949 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերով՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան:
Այս կարգավորմամբ նույնպես կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանա-դրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: