ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղագործական արդյունաբերության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։
Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է Կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում դեղագործության ոլորտի զարգացմանը: Ոլորտն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության առողջության պահպանման և պետական անվտանգության ապահովման հետ:
Դեղագործությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:
Դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:
2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%:
Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։
Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։
Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դեղագործական արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ դեղագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությանը՝ նշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի դեղագործական արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով ռազմավարության հաստատման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Հայաստանի արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է` ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը, քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։