В стадии разработки
«Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած ՀՀ կառավարության նիստի N 29.6/[372992]-16 արձանագրության 37.2-րդ կետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական մթերքների երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը:
2017 թվականի դրությամբ խաղողի տարածքները կազմում են 17059 հա, որից բերքատու` 16231 հա: Խաղողի ընդհանուր տնկարկների շուրջ 20%-ը կազմում են սեղանի սորտերը, կան նաև ունիվերսալ սորտեր, որոնց բերքից նույնպես մթերվում է` վերամշակման նպատակով:
Հանրապետության խաղող վերամշակող արդյունաբերության ոլորտում այսօրվա դրությամբ գործում են շուրջ 50 ընկերություն: Խաղող վերամշակող ընկերություններում տեղակայված մթերման առաջնային տարողությունները կազմում են շուրջ 265.0 հազ. տոննա, իսկ արտադրված խաղողի ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը մթերվում է վերամշակման նպատակով:
Մթերման գործընթացի հիմնական խնդիրներից մեկը խաղողի պահանջարկի բարձրացումն և գնված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ժամանակին վճարումների կատարման ապահովումն է: 2015-2016 թվականներին մթերված խաղողի դիմաց սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված պարտավորություններ ունենին 15 ընկերություն՝ 1505,6 մլն դրամի չափով, իսկ սեպտեմբերի 7-ի դրությամբ դեռևս չկատարված պարտավորություն ունեն 4 ընկերություն՝ 75.8 մլն դրամի չափով:
Խաղողի մթերման գործընթացի սահուն կազմակերպմանը ներկայումս խոչընդոտում են հետևյալ գործոնները՝ արտադրվող խաղողի որոշ քանակությունների որակական ցածր ցուցանիշներ, խաղողի առանձին սորտերի նկատմամբ առկա ցածր պահանջարկը, գինու արտադրության նպատակով պահանջարկ վայելող խաղողի սորտերի սակավություն, տեղական շուկայում գինու սպառման ցածր մակարդակ, խաղող վերամշակող ընկերությունների մոտ կուտակված վարկային բեռը և մթերվող հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարման անկարողություն, գինեգործական արտադրանքի արտահանման սահմանափակ ծավալներն ու իրացման աշխարհագրություն, գինեգործության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի անկատարություն և այլն:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտի զարգացմանը և նպատակային ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքականությունում: ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Վերը նշված քաղաքականության շրջանակներում կոնյակագործությունն ու գինեգործությունը ընդգրկվել են ռազմավարության առաջնային ոլորտների շարքում և 2012 թվականի հուլիսի 24-ին ու նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստերում հավանության են արժանացել համապատասխանաբար կոնյակագործության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների և գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և դրա իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը, որոնց իրականացումը նպատակաուղղված էին ոլորտների կայուն զարգացմանը և արտահանման ծավալների ավելացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերով նախատեսված են իրականացվելու միջոցառումներ՝ գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավման և կատարելագործման, մասնավորապես, գյուղատնտեսական մեծածախ շուկաների կամ լոգիստիկ կենտրոնների համակարգի աստիճանական ձևավորման համար: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի գյուղատնտեսական մթերք արտադրողների և վերամշակողների միջև փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների հաստատմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը – Հայեցակարգի հիմնական նպատակը` խաղողի գնման գործընթացի կանոնակարգման բնագավառում համակարգված քաղաքականության իրականացման համար նախադրյալների ստեղծումն է՝ դիտարկելով այն որպես խաղողի հումքից ոգելից խմիչքների արժեշղթայի մի մասը:
Հայեցակարգով խաղողի գնման գործընթացի կանոնակարգման առաջարկվող լուծումներն են՝ գինեգործության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի բարելավումն ու համապատասխանեցումը միջազգային պահանջներին և հավասար մրցակցային միջավայրի, ինչպես նաև թողարկվող և ներմուծվող գինեգործական արտադրանքի որակի և անվտանգության ցուցանիշների ապահովման նկատմամբ լիարժեք պետական վերահսկողության ապահովումը, խաղողի այգետարածքների ռեեստրի ստեղծումը, «Հայկական կոնյակ» բրենդի իմիջի բարելավման և առաջմղման նպատակով իզոտոպային բաղադրության որոշման լաբորատորիայի գործարկման արագացումը, արտահանման ծավալների ավելացման նպատակով գինեգործական արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների իրականացումը, գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, խաղողի գնման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը և խաղողի գնման պայմանագրային հարաբերությունների խորացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը խորացնելու և խաղողի մթերումների գործընթացը կանոնակարգելու, մթերման ենթակա խաղողի որակական ցուցանիշների և նվազագույն գնի որոշման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի բազայի վրա ոլորտային խորհրդի ստեղծումը՝ ներգրավելով խաղող արտադրողներին, մթերողներին և ոլորտային միություններին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխա-տակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը - Հայեցակարգի ընդունման արդյունքում՝
- նախադրյալներ կստեղծվեն ոլորտում գործող տնտեսավարողների արտադրական ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մրցունակության բարձրացման և հավասար մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ,
- կավելանա գինեգործական արտադրանքի արտահանման ծավալները և խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների եկամուտները, կբարելավվի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, կնվազի բնակչության աղքատության մակարդակը,
- բարենպաստ պայմաններ կստեղծվեն խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների համար, որոնք կնպաստեն խաղողի պահանջարկի մեծացմանը, և իրացման հիմնախնդրի էական մեղմմանը,
- հնարավորություններ կստեղծվի շուկայի պահանջներին համապատասխան խաղողի և գինեգործական արտադրանքի ծավալների ապահովման, տնտեսական գործունեության պլանավորման և պայմանագրային հարաբերությունների հաստատման ու խորացման, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծման համար:
Այլ տեղեկություններ - Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոտավոր գնահատականը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ, իսկ առավել ճշգրիտ գնահատական հնարավոր է տալ հայեցակարգի դրույթներից բխող կոնկրետ ծրագրերի շրջանակներում, որոնք նախատեսվում է ապահովել ՀՀ պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը կներկայացվի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրով:
-
Обсуждалось
19.10.2017 - 04.11.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9418
Принт