Սամուել Մարտիրոսյան
21.10.2022
Բավականին լավ նախագիծ է այն առումով, որ իրականացվելու է տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննություն։ Սակայն լավ կլիներ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդների շրջանում մրցույթն անցկացնելիս հաշվի առնվեր նաև աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդների կարծիքները՝ առավելությունը տալով այն հավակնորդին, ով կստանար ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամների ձայների մեծամասնությունը և ում զարգացման ծրագրի կազմմանը և լրամշակմանը կմասնակցեր աշակերտական խորհուրդը։ Հավասար ձայների կամ, եթե մի հավակնորդը արժանացել է նշածս խորհուրդների մեկի վստահությանը, իսկ մյուսը՝ մյուս խորհրդի, հավակնորդները ունենան հավասար հնարավորություն մրցույթին մասնակցելիս։ Տնօրենի միանձնյա նշանակումը լիազոր մարմնի ղեկավարի կողմից, կարծում եմ սխալ քայլ է, քանի որ, չեմ կարծում թե լիազոր մարմնի ղեկավարը ավելի ծանոթ է դպրոցի խնդիրներին, և եթե հավակնորդները նույն դպրոցի մանկավարժներ են, նաև նրանց կամային և այլ արժանիքներին, քան այդ դպրոցի սաների ծնողները և մանկավարժները, և դժվար թե մի քանի րոպե կամ ժամ տևող հարցազրույցի արդյունքում լիազոր մարմինը կարող է ճիշտ պատկերացում կազմել հավակնորդի կամ հավակնորդների կարողունակությունների և անձնային որակների մասին։ Այսպիսով, իմ առաջարկով լիազոր մարմնի ղեկավարը կնշանակի այն անձնավորությանը, ով կարժանանա դպրոցի հենասյուները կազմող 3 խորհուրդների՝ աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհուրդների հավանությանը և վստահությանը։ Կառվարման խորհրդի մասնակցությունը դպրոցի տնօրենի նշանակմանը այս դեպքում համարում եմ անիմաստ, քանի որ այն կազմված է մանկավարժական և ծնողական խորհուրդների, լիազոր մարմնի, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, և իմ առաջարկով հավակնորդները անցնում են այս կառույցներով, նախ արժանանալով խորհուրդների վստահությանը, իսկ հետո նաև՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ստանալով զարգացման ծրագրի վերաբերյալ եզրակացություն։ Տնօրենի նշանակման ներկայիս կարգին ևս դեմ եմ, քանի որ այս պարագայում ևս մանկավարժական և ծնողական խորհուրդներում կատարված ընտրությունները հիմնականում էական դեր չեն խաղում, իսկ իմ ներկայացրած առաջարկով այդ խորհուրդները տնօրենի նշանակման գործընթացում ստանում են մասնակցության ավելի լայն հնարավորություն։