Добавить в избранное

Проект принят

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 7-րդ կետի 5-րդ ենթակետից, ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 15.2 կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի  46-րդ կետի 3-րդ ենթակետի և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 16.2 կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետի և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 2-րդ կետի դրույթներից:

Միջոցառման իրականացման նպատակը՝ բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ձևավորման համար իրավական հիմքերի ստեղծումն է:

2 . Առկա իրավիճակը

ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն, առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին՝ 120 բազմաբնակարան շենք, Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք: Առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):

Սակայն, թվային տվյալները հիմնված են 2003-2006 թվականների իրականացված տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների, վերջին տարիներին կատարված հարցումների վրա և չունեն բավարար ճշտություն:

Բնակֆոնդի (մասնավորապես՝ բնաֆոնդի տեխնիկական վիճակի) վերաբերյալ չունենալով լիարժեք և ակտուալ տեղեկատվություն՝ խնդիրներ են առաջանում ինչպես հիմնախնդիրների կանոնակարգման ընթացակարգեր մշակելու և ներդնելու, այնպես էլ առաջնահերթությունների որոշման, բյուջետային պլանավորման, խնդիրը ներդրումային ծրագրերի շրջանակներում դիտարկելու տեսանկյունից:

Բազմաբնակարան շենքերի տեղեկատվական համակարգի բացակայությունը բացասաբար է ազդում խնդիրների կանոնակարգմանն ուղղված առավել արդյունավետ քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման գործընթացների վրա։

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծման համար իրավական հիմքերի ամրագրումն է: Նման համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ ակտուալ ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև ակտուալ ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Տվյալ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, սակայն որոշումից բխող էլեկտրոնային համակարգի մշակման և ներդրման համար կարող են պահանջվել ֆինանսական միջոցներ, որը կհստակեցվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից այդ աշխատանքները մեկնարկելուց հետո:

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հայտի հիման վրա՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անմիջականորեն բխում է՝

- ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի  «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 7-րդ կետի 5-րդ ենթակետից, որով նախատեսվում է  ստեղծել և վարել բոլոր նշանակության շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգ:

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Ն1902-Լ որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15-րդ նպատակից 15.2 միջոցառումից, որով նախատեսված է այս նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 46-րդ կետի 3-րդ ենթակետից, որով ամրագրված է, որ տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է տարբեր նշանակության շենքերի և շինությունների տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծում և վարում (տվյալների շարունակական ներառում, թարմացում):

- ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետի և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 2-րդ կետի դրույթներից, որով նախատեսված է սույն նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ:

  • Обсуждалось

    08.09.2022 - 23.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3318

Принт

Предложения

ԲԻՄ Կոնսալթինգ

23.09.2022

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները:

Դավիթ Սիրունյան

08.09.2022

Հարգելի գործընկերներ, Առաջարկում եմ այս տվյալները տեքստային տարբերակով մուտքագրելու և պահպանելու փոխարեն մտածենք ունենալ կառույցների տեղեկատվական մոդելները, որոնք կբավարարեն փաստաթղթում նշված պահանջներին և ավելի ճկուն կդարձնեն հետագայում այդ կառույցների սպասարկման և շահագործման գործընթացը: Կառույցների տեղեկատվական մոդելների կիրառման վերաբերյալ արդեն առկա է զգալի միջազգային փորձ, որը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարելի է ինտեգրել և կիրառել ՀՀ-ում: Կարծում եմ, որ այս տեխնոլոգիայի կիրառությունը և տվյալների պահպանումը տեղեկատվական մոդելի տեսքով շատ ավելի ճկուն հնարավորություն կընձեռի Հայաստանի հանրապետությանը հետագայում կառավարելու ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդը:

Узнать больше