ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումը պայմանավորված է «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթների պահանջներով:

Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում չի գործել կենսանվտանգության և կենսապահովության ոլորտը (այսուհետ՝ Ոլորտ) կարգավորող որևէ օրենք: Ոլորտը կարգավորվել է մի քանի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, որոնցում բացակայում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Սույն օրենքի ընդունմամբ ապահովվում է ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը: Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը:

Բացի այդ, այսօր ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, մեր գործընկեր երկրներում խիստ սրվել է կենսանվտանգության և կենսապահովության ապահովման հարցերը, ոլորտում բազմաթիվ են տարբեր երկրների միջև տարաձայնությունները: Այս համատեքստում և Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակում օրակարգային ու հրատապ է կարգավորել Ոլորտը և ունենալ այն կարգավորող օրենք, որի ընդունումը խիստ անհրաժեշտ է:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Առաջին անգամ համապարփակ և համակարգված ձևով սահմանվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, որոնք որոշիչ դեր ունեն ոլորտում պահանջների իրականացման հարցում, սահմանվել են Հայաստանի Հանրապետության համար կենսաբանական հիմնական վտանգները և սպառնալիքները:

Բացի այդ.

  1. Սահմանվել են կենսանվտանգության ու կենսապահովության տեսակետից սահմանափակումները:
  2. Սահմանվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անձանց լիազորությունները:
  3. Սահմանվել է ոլորտի լիազոր մարմնի գործունեության շրջանակը:
  4. Տրվել է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության կենտրոնացված համակարգի (այսուհետ՝ Համակարգ) նկարագիրը՝ հստակեցնելով Համակարգի գործունեության ուղղությունները, Համակարգում ներառված անձանց, կազմակերպություններին և մարմիններին, Համակարգի գործունեության մեխանիզմները, Համակարգի կառուցվածքը:
  5. Նախագծում ամրագրվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցությանը վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանող դրույթներ: Միաժամանակ, նախագծի անցումային դրույթներով սահմանվում են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։

Բացի այդ, օրենքի փաթեթով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝

«Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելը»:

Միաժամանակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում» լրացում կատարելու մասին նախագծով նախատեսվում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերող կարգավորումներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք «Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Կենսանվտանգության և կենսաապահովման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1320-Ա որոշմամբ ստեղծված և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ գործող աշխատանքային խմբի կողմից՝ համագործակցելով ոլորտում գործունեություն ծավալող գիտահետազոտական, կրթական կառույցների հետ:

Օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

 

4. Ակնկալվող արդյունքը

 

Առաջարկվող Օրենքի ընդունումը կարևորագույն առաջընթաց կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում իրավական հիմքեր ապահովելու տեսակետից: Կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում Ոլորտի բոլոր տեսակի հարաբերությունների կանոնակարգմանը, կենսանվտանգության և կենսապահովության միջազգային և տեղական պահանջների կատարմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև լրացնել օրենսդրական բացերը և ստանալ իրավակարգավորումների համալիր և համապարփակ շրջանակ։

 

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից («4.10 Շրջակա միջավայրի պահպանություն») «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից» («Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում») ։

  • Обсуждалось

    06.09.2022 - 21.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3505

Принт