Добавить в избранное

В стадии разработки

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», ««ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.1-ին կետի, համաձայն որի ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր։

Նախագծերը մշակվել են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումներն այն անհրաժեշտ նախապայմանն են, որոնցով կպայմանավորվի թե՛ Հայաստանի Հանրապետության բնակիչներին հասցեական, արդյունավետ և ամբողջական սոցիալական աջակցության տրամադրումը, թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Յուրաքանչյուր սոցիալական պետություն պետք է ձևավորի այնպիսի օրենսդրական դաշտ, որի շնորհիվ սոցիալական աջակցության համակարգն ի վիճակի կլինի վաղ հայտնաբերել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին, ճիշտ գնահատել վերջիններիս կարիքները, աջակցել բավարարելու այդ կարիքները, զարգացնելու այն հմտություններն ու կարողությունները, որոնք անձանց և ընտանիքներին անհրաժեշտ են ինքնաբավ կենսակերպ վարելու համար կամ կանխարգելել այդ իրավիճակում նրանց հայտնվելը։ Ժամանակակից ճգնաժամերի պայմաններում սոցիալական աջակցության համակարգի հանդեպ պահանջներն են նաև արագ արձագանքի համար բավարար ճկունությունը և ճգնաժամերին արձագանքելու դիմակայունությունը։

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակության հիմնական միավոր հանդիսացող ընտանիքի ամբողջական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են նպաստել ընտանեկան կյանքի տնտեսական, իրավական և սոցիալական պաշտպանվածությանն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են սոցիալական և ընտանեկան նպաստները, ֆիսկալ միջոցառումները, ընտանեկան կացարանի տրամադրումը և այլ համապատասխան միջոցները։

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աջակցության ոլորտում տեղի են ունեցել պետական մակարդակում մի շարք կառուցվածքային, գործառութային փոփոխություններ («Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97 օրենքի, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման, Վարչապետի 2021 թվականի փետրվարի 26-ի N 172-Լ որոշման հիման վրա՝ սոցիալական պաշտպանության հիմնական 4 ոլորտների գործառույթները 2021 թվականի ապրիլի 1-ից իրականացնում է մեկ մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ նաև ՄՍԾ)՝ իր ստորաբաժանումների միջոցով), բացի այդ առկա են ոլորտներ, որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման (օրինակ, հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետ կապված իրավահարաբերություններ և այլն) կամ վերանայման կամ զարգացման (օրինակ, սոցիալական աշխատանքի ոլորտը և այլն), անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ հիմք ընդունելով սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրները, բացերը, նախատեսվող բարեփոխումները և Հայաստանի Հանրապետության կառավարության առջև դրված խնդիրներն ու նպատակները, ներառյալ միջազգային ստանդարտներն ու պարտավորությունները։ Իսկ հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ծավալն՝ առավել նպատակահարմար է ոչ թե լրացումներ և փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, այլ գործողը ճանաչել ուժը կորցրած և ընդունել նոր օրենք։ Օրենսդրության ներդաշնակությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով՝ զուգահեռաբար համապատասխանեցման փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվեն նաև այլ օրենքներում։

Սոցիալական աջակցության ոլորտում առկա բացեր և խնդիրներն են՝

  • «Սոցիալական աջակցության մասին օրենքի կարգավորման առարկայի վերանայման անհրաժեշտությունը.
  • «Սոցիալական աջակցության մասին» օրենքում օգտագործվող որոշ հասկացությունների վերանայման («կյանքի դժվարին իրավիճակ», «ընտանիք» և այլն), ինչպես նաև դրանց ընդլայնման անհրաժեշտությունը («սոցիալական աշխատանքի սուպերվիզիա», «անօթևան», «աջակցության կենտրոն» և այլն).
  • Սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների դասակարգման տեսական բնույթը, ինչն իրավակիրառական տեսանկյունից՝ ոչ նպատակահարմար է, միաժամանակ թվարկված սոցիալական ծառայությունների տեսակների սահմանափակությունը և դրանք ընդլայնելու անհրաժեշտությունը.
  • Սոցիալական պաշտանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միասնականության ապահովման նորմատիվների բացակայությունը, միաժամանակ վարչական այլ շտեմարանների հետ փոխգործելիության պահանջների բացակայությունը.
  • Սոցիալական աջակցության ոլորտում դերակատարների առկա իրողությանն անհամապատասխանությունը, ինչը նշանակում է՝ առկա է լիազորությունների, դրանց հարաբերակցության, համագործակցության ձևերի հստակեցման անհրաժեշտությունը.
  • Սոցիալական, այդ թվում միջգերատեսչական, համագործակցության մեխանիզմերի և դրանց կառավարման հիմքերի բարելավման անհրաժեշտությունը.
  • Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացման հետ առնչվող բաղադրիչների հստակեցման ու վերանայման անհրաժեշտությունը.
  • Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բավարար մակարդակի մեխանիզմների բացակայությունը.
  • Հրատապ օգնության ածանցյալությունը ընտանիքի անապահովությամբ պայմանավորված նպաստից և դրա անհամապատասխանությունը հրատապ արձագանք պահանջող իրավիճակների դեպքում արագ արձագանքի պահանջներին.
  • Սոցիալական աջակցությունը առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և համաձայնության տրամադրելու դեպքերի ոչ սպառիչ թվարկումը.
  • Սոցիալական աջակցության ոլորտում պրոֆեսիոնալ աշխատուժի ոչ բավարար մակարդակ՝ սոցիալական աշխատողին, սոցիալական սատարողին ներկայացվող պահանջների վերանայման և սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողների երաշխիքների, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման նպատակով նրանց հավաստագրման, էթիկական կանոնագրքի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը.
  • Տեղական ինքնակառավարման մարմիններում սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների զարգացման, համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման խթանիչների բացերը լրացնելու և հստակեցնելու անհրաժեշտությունը.
  • Ռազմական, արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաև անձի կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող առանձին դեպքերում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման բացակայությունը.
  • Սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների տրամադրման և սոցիալական աշխատանքի վերահսկողության, մոնիթորինգի, գնահատման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման բացակայությունը և այլն։

           1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել են «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները՝ նպատակ հետապնդելով կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Մասնավորապես մշակվել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը՝

  • «Սոցիալական աջակցության մասին» օրենք.
  • ««Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը.
  • ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը.
  • ««Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այսպիսով, նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են սոցիալական աջակցության ոլորտում: 

  1. Ուսումնասիրված միջազգային փորձը և առաջարկվող կարգավորման բնույթը

2.1. Միջազգային փորձ

Ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են՝ Ռուսաստանի[1], Բելառուսի[2], Մոլդովայի[3], Ղազախստանի[4], Լիտվայի[5], Լատվիայի[6], Էստոնիայի[7], Վրաստանի[8], Ռումինիայի[9], Բուլղարիայի[10], Գերմանիայի[11], Իսլանդիայի[12], Խորվաթիայի[13], Մոնտենեգրոյի[14], Ֆինլանդիայի[15], Նորվեգիայի[16], Մեքսիկայի[17], Չիլիի[18], Բրազիլիայի [19] սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքները։ Ստորև կներկայացվեն ուսումնասիրված միջազգային փորձից որոշակի իրավակարգավորումներ։

 

  • Օրենքի կառուցվածք և սահմանվող հասկացություններ

         Մի շարք պետություններում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող օրենքը կարգավորում է ընդհանուր բնույթի հարաբերություններ և ծավալուն չէ։ Այնինչ, որոշ երկրներում սոցիալական աջակցության հետ կապված իարվահարաբերությունները կարգավորվում են առավել լայն համատեքստում՝ սոցիալական պաշտպանության կամ սոցիալական ապահովության հովանոցի ներքո կամ որպես սոցիալական բարեկեցության համակարգի մաս։ Այսպես օրինակ, Խորվաթիայում «Սոցիալական բարեկեցության մասին» օրենքն ունի հետևյալ կառուցվածքը՝

I - Ընդհանուր դրույթներ.

II - Սոցիալական բարեկեցություն.

III - Սոցիալական բարեկեցության սկզբունքները.

IV - Սոցիալական բարեկեցության շահառուները.

V - Իրավունքները (Ֆինանսական) սոցիալական բարեկեցության համակարգում.

VI - Ծախսերը և շահառուների մասնակցությունը սոցիալական ծառայությունների ծախսերին.

VII - Իրավասությունը և սոցիալական աջակցության իրավունքի տրամադրման կարգը.

VIII - Սոցիալական բարեկեցության գործունեության ֆինանսավորումը.

IX - Սոցիալական բարեկեցության համակարգի կազմակերպումը.

X -Սոցիալական ծառայությունների ցանցը, ստանդարտները և պայմանագրերը.

XI - Տվյալների պահպանման համակարգը.

XII- Մասնագիտական աշխատակազմը, մասնագիտական զարգացումը և առաջխաղացումը.

XIII – Վերահսկողությունը.

XIV -Վնասների փոխհատուցումը.

XV-Խախտումներին վերաբերող դրույթներ.

XVI-Անցումային և եզրափակիչ դրույթներ։

Այնինչ, Ֆինլանդիայի «Սոցիալական աջակցության մասին»  օրենքն ունի հետևյալ կառուցվածքը՝

Գլուխ 1- Ընդհանուր դրույթներ.

Գլուխ 2- Սոցիալական աջակցության կառուցվածքը և չափը.

Գլուխ 3- Սոցիալական աջակցության տրամադրման կարգը.

Գլուխ 4- Սոցիալական աջակցության վերադարձը.

Գլուխ 5- Այլ դրույթներ։

Այսպիսով, յուրաքանչյուր երկիր՝ կախված գործող իրավակագրավորումների համատեքստից և իրավական ակտերի ներքին հիերարխիայից ներկայացնում է ամենից նպատակահարմար կառուցվածքային լուծումները։

Համապատասխանաբար, հիմնական հասկացությունների սահմանման պրակտիկան ևս տարբերվում է ըստ օրենքի դրած պահանջների և իրավակարգավորման առաջնահերթությունների։ Օրինակ՝ Խորվաթիայի «Սոցիալական բարեկեցության մասին» օրենքով սահմանվում են ինչպես լայն, այնպես էլ նեղ հասկացություններ, օրինակ՝ սոցիալական բարեկեցություն, ընտանիք, տնային տնտեսություն, անօթևան, երեխա, անհատական ծրագիր, եկամուտ և այլն։ Մեքսիկայի «Սոցիալական զարգացման մասին» օրենքում սահմանվում են խոցելի իրավիճակում գտնվող սոցիալական խմբերը։ Որոշ պետություններում սահմանվում է շահառուի հասկացությունը, իսկ որոշ պետություններում՝ թվարկվում է վերջիններիս ցանկը։ Որոշ պետություններ սահմանում են նաև ԿԴԻ հասկացությունը (Ռուսաստան,Բելառուս և այլն): Որպես կանոն, բոլոր երկրներում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող օրենքի հասկացությունները շեշտադրում են խոցելիությամբ կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կապակցությամբ պայմանավորված սոցիալական ծառայությունների ստացման անհրաժեշտությունն այնպես, որպեսզի ապահովվեն վերջիններիս՝ սեփական կարիքները ինքնուրույն բավարարելու և հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու կարողությունները՝ հաշվի առնելով, որ հասարակությունում խոցելիությունը նախապես ծագած ռիսկային կամ խտրականության իրավիճակների հետևանք է։

  • Սոցիալական աջակցության օրենքի առարկան

Ուսումնասիրելով մի շարք պետությունների սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքները՝ կարելի է եզրակացնել, որ սոցիալական աջակցությունն իր մեջ հիմնականում ընդգրկում է որոշ նպաստների տեսակներ և այլ սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, կացարանով ապահովում, խնամք և այլն)։ Կենսաթոշակները և բժշկասոցիալական ծառայությունները չեն համարվում սոցիալական աջակցության տարր, այլ կազմում են ընդհանուր սոցիալական պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Իսկ զբաղվածության ծառայությունները սոցիալական աջակցության անբաժանելի տարր են համարվում։ Օրինակ, որոշ օրենքներում, լիազոր մարմինները պետք է համագործակցեն, որպեսզի աշխատունակ անձինք ընդգրկվեն աշխատանքի մեջ (Խորվաթիա, Մոնտենեգրո)։ Ֆինլանդիայի  «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2ա կետի համաձայն՝ 17-64 տարեկան աշխատանք փնտրող գործազուրկ անձինք պարտավոր են գրանցվել համապատասխան մարմնում, եթե՝ չեն աշխատում, չեն սովորում, չնայած հիվանդության առկայության՝ աշխատունակ են և այլն։ Նույն օրենքի 10-րդ կետի համաձայն՝ եթե անձը հրաժարվում է առաջարկվող աշխատանքից, ապա իր մասով սոցիալական աջակցությունը նվազում է (20-40 տոկոսի չափով)։ Սոցիալական աջակցությունն այսպիսով դիտվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համատեքստում և մեկտեղում է հիմնական նպատակին՝ ընտանիքների ինքաբավության հասնելուն միտված ծառայությունները։

  • Օրենքի սկզբունքները

Սոցիալական աջակցության ոլորտի իրավակարգավորման սկզբունքները գրեթե բոլոր ուսումնասիրված երկրներում ներառում են սոցիալական արդարության, քաղաքացիների իրավունքները հարգելու, սոցիալական ծառայությունների հասանելիության, սոցիալական ծառայություններ ստացողի ընտրության ազատության կամ կամավորության, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության,  կարիքների հիման վրա հասցեական ծառայությունների տրամադրման և այլ սկզբունքները։ Միասնական սկզբունքներ նախատեսված են նաև ՌԴ, Մոլդովայի, Ղազախստանի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Բուլղարիայի և այլ պետությունների ոլորտային օրենսդրություններում:

  • Սոցիալական ծառայությունների դասակարգումը

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ վերը նշված պետությունների համապաատասխան իրավական ակտերում սոցիալական ծառայությունների դասակարգումներ, ինչպիսին ՀՀ գործող օրենքում է, առկա չեն։ Օրինակ, Խորվաթիայի «Սոցիալական բարեկեցության մասին» օրենքի 73-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական ծառայությունը բնորոշվում է որպես գործուղությունների, կանոննների և ծրագրերի ամբողջություն, որոնք սահմանվել են առանձին անձանց կամ ընտանիքների խնդիրները և դժվարությունները կանխարգելելու, բացահայտելու և լուծելու համար, որի նպատակն է բարելավել խոցելի անձանց կյանքի որակը հասարակության մեջ։ Սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել երկարաժամկետ կամ կարճաժամկետ՝ կախված շահառուի պահանջմունքներից։

Բուլղարիայի օրենսդրության մեջ սահմանված է, որ սոցիալական ծառայությունները կարող են լինել՝

  • Կանխարգելող.
  • օժանդակող/աջակցող.
  • վերականգնող:

Սոցիալական ծառայությունները կարող են մատուցվել տնային պայմաններում, այլ հաստատություններ տեղափոխելով և մոբիլ/շարժական ծառայություններ տրամադրելով:

Գերմանիայի օրենսդրության մեջ սոցիալական ծառայությունների տեսակներն են՝

  • Ծառայություններ.
  • Դրամական նպաստներ.
  • Բնաիրային օգնություն:

Այսպիսով, կիրառվում են դասակարգման այնպիսի հիմքեր և նշվում են այնպիսի տեսակներ, որոնք ծառայում են ոլորտային իրավահարաբերությունների կարգավորմանը։ 

  • Սոցիալական աջակցության ոլորտի մարմինների լիազորությունները

Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական դերակարատարները տարբեր պետություններում տարբեր են:

Իսլանդիայի «Համայնքային սոցիալական ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների իրականացման նկատմամբ կառավարումն իրականացնում է լիազոր նախարարությունը, որը պետք է ապահովի, որպեսզի վերջիններս մատուցեն օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Համայնքները (համայնքի խորհուրդը՝ municipal council) պատասխանատու են իրենց ամբողջ տարածքում մատուցվող սոցիալական ծառայությունների համար։ Համայնքներում սոցիալական ծառայությունների մատուցման համար ընտրվում են հանձնաժողովներ, որոնց դերը կայանում է հետևյալում՝

  • իրականացնել սոցիալական ծառայությունների մատուցում՝ համայնքի խորհրդի կողմից սահմանված կարգով.
  • ձգտել նրան, որ սոցիալական ծառայությունները հնարավորինս բավարարեն համայնքի բնակիչների պահանջմունքները.
  • ներկայացնել սոցիալական ծառայությունների մատուցման քաղաքականության և ծախսերի բյուջեի վերաբերյալ առաջարկներ.
  • համագործակցել այլ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, որպեսզի բարելավվի համայնքում սոցիալական կյանքը և պայմանները.
  • տրամադրել տեղեկատվություն համայնքում մատուցվող սոցիալական ծառայությունների մասին.
  • անձանց և ընտանիքներին տրամադրել աջակցություն, ֆինանսական ծառայություններ և այլ ծառայություններ.
  • համայնքի խորհրդի անունից հսկել սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքը և այլն։

Ֆինլանդիայի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն՝ Ֆինլանդիայում սոցիալական աջակցությունն ընդգրկում է՝ հիմնական սոցիալական օգնությունը, լրացուցիչ սոցիալական աջակցությունը և կանխարգելիչ սոցիալական աջակցությունը։ Հիմնական սոցիալական օգնությունը վճարում է պետական հաստատության միջոցով (Kela Social Insurance Institution), իսկ մնացած 2-ը՝ համայնքները։

Նորվեգիայի «Սոցիալական ծառայությունների մասին» օրենքի 3-րդ, 7-րդ, 29-րդ հոդվածների համաձայն՝ համայնքները (municipality) պատասխանատու են որակավորման ծրագրի իրականացման, տնային պայմաներում խնամքի և համապատասխան հաստատություններում մատուցվող ծառայությունների համար, որոնց համար պահանջվող ծախսերը փոխհատուցվում են համայնքի բյուջեից։

Բրազիլիայի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն՝ սոցիալական աջակցության քաղաքականություն մշակողը Սոցիալական զարգացման և սովի դեմ պայքարի նախարարությունն է: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պարտավոր է՝

  • համայնքերին տրամադրել ֆինանսական աջակցություն օրենքով սահմանված սոցիալական աջակցության վճարման համար.
  • համայնքի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ արտակարգ իրավիճակներում.
  • իրականացնել մոնիթորինգ, գնահատել սոցիալական աջակցության քաղաքականությունը, տրամադրել խորհրդատվություն համայնքներին և այլն։

Համայնքը պարտավոր է՝

  • վճարել օրենքով նախատեսված նպաստները, ներառյալ՝ ծննդյան և թաղման նպաստը.
  • իրականացնել աղքատության դեմ պայքարի ծրագրերը.
  • մատուցել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.
  • իրականացնել մոնիթորինգ՝ իր իրավասությունների շրջանակում և այլն։

           Էստոնիայի օրենսրդության համաձայն՝ սոցիալական ծառայությունների մատուցման, սոցիալական նպաստների, անհապաղ սոցիալական օգնության և այլ տեսակի օգնության տրամադրումը տեղական ինքնակառավարման միավորի պարտականությունն է՝ ըստ բնակչության ռեգիստրում գրանցված անձի բնակության վայրի։

           Ակնհայտ է, որ բոլոր երկրները կարգավորում են երկու հիմնական դերակատարների՝ համայնքի և կենտրոնացված կառավարության դերակատարումները և լիազորությունների ու գործառույթների բաշխումը, ինչպես նաև դրանց միջև համագործակցության սխեմաները։ Իսկ կոնկրետ կարգավորումներն ունեն տարաբնույթ դրսևորումներ՝ պատմականորեն ձևավորված հանգամանքներով և քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։

  • Սոցիալական աշխատանքի հետ կապված իրավակարգավորումները

              Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ երկրները մեծամասամբ սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող օրենքներում նաև սահմանում են սոցիալական աշխատողի կամ սոցիալական աշխատանքի վերաբերյալ կարգավորումները: Մասնավորապես, նման կարգավորումներ առկա են Մոլդովայի, Ղազախստանի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի և այլ պետությունների ոլորտային օրենսդրություններում: Որոշ դեպքերում (օրինակ՝ Վրաստան, Ուկրաինա, Արգենտինա) առկա են առանձին սոցիալական աշխատանքի մասին օրենքներ, որոնք սակայն չունեն առանձնահատկություններ, որոնք հնարավոր չէ սահամանել սոցիալական աջակցության մասին օրենքի ներքո։

  • Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմքը

           Որոշ պետություններում (Բելառուս, Մոլդովա) սոցիալական ծառայությունները տրամադրվում են դիմողի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա և պայմանագրի առկայության դեպքում: Էստոնիայի օրենսդրության համաձայն՝ սոցիալական ծառայություններ տրամադրելիս այն ստացողի ցանկությունը հաշվի առնելը պարտադիր է, բացառությամբ սոցիալական ապահովության պետական հաստատություն դատարանի որոշմամբ տեղավորելու, անձի մեկուսացման, ծառայություններ ստացող անձի տեղաշարժի սահմանափակման կիրառման դեպքում: Սոցիալական ծառայությունները կարող են մատուցվել վճարովի հիմունքով, որի չափը որոշում է տեղական ինքնակառավարման միավորը (Էստոնիա)։

  • Սոցիալական ծառայությունների տրամադրման չափանիշներ

            Բուլղարիայի օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր սոցիալական ծառայություն ունի իր կանոնակարգումը, որտեղ պարտադիր նշվում են.

  1. սոցիալական ծառայությունների որակի չափանիշները.
  2. սոցիալական ծառայությունների որակի չափանիշներին համապատասխանության չափորոշիչները.
  3. սոցիալական ծառայություններ մատուցողների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավման հիմնական սկզբունքները.
  4. սոցիալական ծառայությունների որակի վերահսկման մեթոդները.
  5. սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության վերահսկման, մոնիթորինգի և գնահատման կարգերը: Որակի նկատմամբ հսկողությունն իրականացնում է նախարարության կազմում գործող գործակալությունը, իսկ քաղաքապետարանն իրականացնում է ընթացիկ վերահսկողություններ։

           Որոշ երկրներ սոցիալական ծառայությունների որակի չափանիշների հաստատումը վերապահում են կառավարություններին (Մոլդովա, Ղազախստան)։

  • Հիմնական սոցիալական ծառայությունները

Հիմնական սոցիալական ծառայությունների շարքում են

  • Դրամական սոցիալական օգնության տեսակներն են՝

    1) սոցիալական նպաստը.

    2) կոմունալ և բնակվարձի ծախսերի, տաք և սառը ջրի վարձի հատուցումը Լիտվա.

  • գնահատված կարիքի հիմքով նպաստը (Խորվաթիա,Մոնտենեգրո և այլն).
  • սոցիալական խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն, տնային պայմաններում սոցիալական աջակցություն, դեռահասների համար մատուցվող ծառայություններ, տարեցների համար մատուցվող ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայություններ, կացարանով ապահովում, գործազուրկ անձանց հաշվառում և զբաղվածության ապահովում և այլն Իսլանդիա.
  • երաշխավորված նվազագույն նպաստ, բնակարանային նպաստ, միանվագ նպաստ, աշխատանք փնտրողի նպաստ և այլն, սոցիալական ծառայություններ՝ սկզբնական սոցիալական ծառայություն նախնական ուսումնասիրություն, կարիքների գնահատում և այլն), խորհրդատվություն և աջակցություն, հոգեբանական աջակցություն, վաղ միջամտություն, դաստիարակության և կրթության ծրագրերում ընդգրկվելու աջակցություն, ցերեկային խնամք, կացարանով ապահովում և այլն Խորվաթիա.
  • կենսաապահովման նպաստ, վերաինտեգրման նպաստ, խնամատարության նպաստ, չափահաս անձի ընտանեկան խնամքի նպաստ, ոչ դրամական սոցիալական օգնություն, սոցիալական փաթեթ (Վրաստան).
  • ծառայություններ, դրամական նպաստներ, բնաիրային օգնություն (Գերմանիա)։
  1. Կարգավորման առարկան

          «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերով՝

  1. Վերանայվել են «կյանքի դժվարին իրավիճակ, «ընտանիք, «սոցիալական աջակցություն, «հիմնական պահանջմունքներ, «բռնություն, «ընտանիքի սոցիալական գնահատում և այլ հասկացությունները։ Սահմանվել են «անօթևան, «աջակցության կենտրոն, «ընտանիքում բռնություն, «համայնքային սոցիալական ծրագիր, «հրատապ արձագանք պահանջող իրավիճակ, «սոցիալական աշխատանքի սուպերվիզիա, «սոցիալական աջակցության ծրագիր, «սոցիալական բնակարանային ֆոնդ և այլ նոր հասկացությունները։
  2. Հստակեցվել է «Սոցիալական աջակցության մասին օրենքի առարկան. օրենքի նախագծով, ի տարբերություն գործող օրենքի, կարգավորվում են միայն սոցիալական աջակցության ոլորտին վերաբերող հարաբերությունները, մասնավորապես՝ սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունները, սոցիալական աջակցության սկզբունքները և այլն։
  3. Վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի հիմնական դերակատարների լիազորությունները. մասնավորապես,
  • Կառավարությանը վերապահվել է նաև լիազորություն սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ և դրանց տրամադրման կարգեր.
  • Լիազոր պետական մարմնին վերապահվել են լիազորություններ

               - սահմանել ոչ դրամական սոցիալական ծառայությունների առանձին տեսակների մատուցման նվազագույն չափորոշիչներ և վերահսկման մեխանիզմներ.

           - Կառավարության սահմանած կարգով կազմակերպել հրատապ արձագանք պահանջող իրավիճակ հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքի հետևանքով տուժած և այլ անձանց սոցիալական աջակցության տրամադրումը, այդ նպատակով պետական այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցումը.

           - հաստատել սոցիալական աշխատանքի սուպերվիզիայի անցկացման կարգը.

           -տեղական ինքնակառավարման մարմիններում, միասնական սոցիալական ծառայությունում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում՝ անկախ կազմակերպա-իրավական ձևից, և ֆիզիկական անձանց մոտ իրականացնել պետական վերահսկողություն սոցիալական աջակցության ոլորտին վերաբերող օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կատարման նկատմամբ։ Նշվածի արդյունքում նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում.

- հաստատել մշտադիտարկման և գնահատման կարգերը.

           - և այլն։

  • Միասնական սոցիալական ծառայություն. օրենքի Նախագծում կարգավորվում են միայն ՄՍԾ-ին սոցիալական աջակցության ոլորտում վերապահված լիազորությունները, իսկ նրան վերապահված մնացած լիազորությունները սահմանվել են համապատասխան օրենքներում.
  • Համայնքի ղեկավարին վերապահվել են նաև հետևյալ սեփական լիազորությունները՝

            - սոցիալական աշխատանքի մեթոդների կիրառմամբ տրամադրել սոցիալական աջակցություն, բացառությամբ դրամական վճարների նշանակման և վճարման,  այդ թվում՝ համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակներում, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.

            - աջակցել բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը. 

            - միջոցներ ձեռնարկել համայնքային սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ուղղությամբ՝ համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում կացարանի կարիք ունեցող անձին կամ ընտանիքին տրամադրելու նպատակով և այլն.

            - մշակել և ավագանու հաստատմանը ներկայացնել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և կառավարության կողմից չսահմանված այլ սոցիալական ծառայությունների տեսակներ, դրանց տրամադրման կարգը և պայմանները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաձայնությամբ.

            - իրականացնել սոցիալական պատրոնաժի տրամադրումը։

            Համայնքի ղեկավարը սույն բնագավառում վերապահվել է իրականացնել պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

  • աջակցել սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` այդ թվում հայտնաբերելով համայնքի աղքատ, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին.
  • հավաքագրել իր համայնքում գտնվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների տվյալները, և կառավարության սահմանած կարգով դրանք տրամադրել համապատասխան շտեմարանները շահագործող մարմիններին: 
  1. Հստակեցվել են միջգերատեսչական համագործակցության հարթակները, տարբերակվել և սահմանվել են համագործակցության և կոնկրետ դեպքի շուրջ ձևավորվող աջակցող ցանցերը:

           Մասնավորապես, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի գործառնության ապահովման նպատակով առաջարկվում է ստեղծել լիազոր պետական մարմնի ղեկավարին կից միջգերատեսչական խորհուրդ, որը քննարկելու է սոցիալական աջակցության քաղաքականությունների հիմնական ուղղությունները, աջակցելու է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչների, այդ թվում՝ այլ գերատեսչական տնօրինման տեղեկատվական շտեմարանների, անխափան փոխգործելիությանը, մշտադիտարկելու, գնահատելու և ամփոփելու է  համագործակցության ցանցի  գործունեությունը։

  1. Սահմանվել են անձնական տվյալների մշակման հետ կապված իրավակարգավորումներ. սահմանվել է, որ Միասնական սոցիալական ծառայության շտեմարանում հաշվառված անձանց, սոցիալական աջակցություն ստացողների և նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին տեղեկությունները կարող են փոխանցվել սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունքներն ուսումնասիրելու, այդ ծառայությունները կամ դրանց տրամադրման կարգը կամ քաղաքականությունը վերանայելու, սոցիալական ծառայությունների մշտադիտարկումը և դրանց որակը բարելավելու, սոցիալական աջակցություն ստացողների կարիքների բավարարման նոր մոտեցումներ առաջարկելու նպատակով՝ համապատասխան ուսումնասիրություններ և առաջարկություններ իրականացնող կազմակերպություններին կամ մարմիններին՝ լիազոր պետական մարմնի կողմից սահմանված կարգով:
  2. Վերանայվել է ընտանիքի սոցիալական գնահատման գործընթացը։
  3. Սահմանվել և կարգավորվել են սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի հետ կապված իրավահարաբերությունները։
  4. Վերանայվել է սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների դասակարգումը, սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր տեսակներ, վերանայվել են գործող սոցիալական ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները, իսկ որոշ սոցիալական ծառայություններ հանվել են։ Մասնավորապես,

-ավելացել են հետևյալ սոցիալական ծառայությունները՝ ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարման նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ.

- վերանայվել են հետևյալ սոցիալական ծառայությունները՝ իրավական օգնություն, կացարանով ապահովում, վերականգնողական օգնություն, բնաիրային օգնություն, խնամք.

-գործող օրենքում առկա հետևյալ սոցիալական ծառայությունները հանվել են՝ կենսաթոշակների նշանակում և վճարում, բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունների տրամադրում։ Հետևաբար նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ  «Զբաղվածության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում։

  1. Վերանայվել է սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգը, սպառիչ սահմանվել են այն դեպքերը, երբ սոցիալական աջակցություն տրամադրելու համար պարտադիր չեն անձի կամ օրինական ներկայացուցչի դիմումը և համաձայնությունը։
  2. Նախագծով սոցիալական աջակցության տրամադման սուբյեկտ է հանդիսանում նաև իրավաբանական անձը։ Միաժամանակ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  օրենքում առաջարկվել է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են` որպես պետական նպաստ կամ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն.
  3. Այսուհետ սոցիալական ծառայությունների տրամադրումը կարող է իրականացվել նաև աջակցության քարտի միջոցով։
  4. Վերանայվել են սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի ներկայացվող պահանջները, ներմուծվել է նրանց որակավորման հավաստագրման ինստիտուտը։
  5. Սահմանվել են սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները, վերանայվել են սոցիալական աշխատողի իրավունքները և պարտականությունները, գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը։
  6. Կարգավորվել են սոցիալական աջակցության վերահսկողության, մշտադիտարկման և գնահատման հետ կապված իրավահարաբերությունները։
  7. Սահմանվել է, որ 2029թ. հունվարի 1-ից սոցիալական աշխատող կարող է հանդիսանալ միայն սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող և օրենսդրության այլ պահանջներին բավարարող անձը։
  8. Պայմանավորված 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված և´ ռազմական, և´ արտակարգ դրություններով՝ առանձին կարգավորվել են հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցության տրամադրման առանձնահատկությունները և լիազորությունները։
  9. Իրականացված փոփոխությունների արդյունքում նաև հստակեցվել և կարգավորվել են սոցիալական աջակցության հետ կապված հարկային և դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության որոշակի դրույթներ։ 
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։

Նախագծերի ընդունման դեպքում կհստակեցվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի առարկան, սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ, կբարելավվեն արդեն իսկ տրամադրվող սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները, կկարգավորվեն հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված առանձնահատկությունները, կսահմանվեն սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, կվերանայվեն նրանց իրավունքները և պարտականությունները, կսահմանեն նրանց գործունեության երաշխիքները, կսահմանվեն սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողի համար նոր պահանջներ, կպահանջվի ոչ դրամական սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և դրանց նկատմամբ, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի բոլոր ծառայությունների նկատմամբ, վերահսկողության, մշտադիտարկման և գնահատման կարգերի սահմանումը և այլն: Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի կատարել մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ, ինչպես նաև՝ ընդունել նորերը։ Արդյունքում իրավակարգավորումները թույլ կտան, որպեսզի սոցիալական աջակցության ոլորտը դառնա ավելի ճկուն արձագանքող, միաժամանակ դիմակայուն և զարգացած։ 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։ 

  1. 6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում: Միաժամանակ, լրացուցիչ միջոցների պահանջը կարող է առաջանալ լրացուցիչ ծառայությունների նեդրման, սոցիալական ծառայությունների վերահսկման, մոնիթորինգի և գնահատման համակարգերի գործարկման ժամանակ, որոնք կհաշվարկվեն և կհիմնավորվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում։

 

  • Обсуждалось

    19.08.2022 - 05.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8030

Принт

Предложения

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 18-ի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելիս հաշվի չեն առնվում ընտանիքի հետևյալ անդամների տվյալները՝ 1) կալանավորված կամ դատապարտյալ անձինք. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները. 3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության, ներառյալ փոքր խմբային տան շահառուները. 5) Կառավարության որոշմամբ սահմանած այլ անձինք:»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել գործող օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ծառայությունների դասակարգման մոտեցումները՝ անելով անհրաժեշտ փոքր փոփոխություններ և լրացումներ։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 20-ի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 21-ի 1-ին մասից հանել 11-րդ կետը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-հոգեբանական օգնությունը, համաձայն նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի, սոցիալ-վերականգնողական օգնության մաս է։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 22-ի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սոցիալապես ընդունելի վարքի մոդելներ ձևավորելու ուղղությամբ քննարկումների, բացատրական աշխատանքի իրականացումը» բառերը։ Առաջինը հակասում է մարդկային բազմազանության գաղափարին, դուրս է օրենքի կարգավորման տիրույթից, իսկ երկրորդ մասն անընդունելի է իշխանության դասակարգման և բառապաշարի տեսանկյունից։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 23-ի 1-ին մաս շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝ 1) անձի՝ առավելագույն անկախության ձեռք բերմանը և պահպանմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ումասնագիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելուն. 2) անձի կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնմանը, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացմանը, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը. 3) անձի լիարժեք մասնակությանը և ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում։»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 3-րդ մասի 2-րդ կետի «հաստատություններում,» բառից հետո լրացնել «ներառյալ փոքր խմբային տներում,» բաերը։ Համապատասխանաբար անհրաժեշտ է նույն մասից հանել 5-րդ կետը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 4-րդ մասից հանել «չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող» բառերը։ Նույն մասի «ծրագրի համաձայն» բառերից հետո «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևալ բովանդակությամբ. «ա. Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկան լրացած հաշմանդամություն ունեցող անձինք կամ հիշողության ֆունկցիայի խանգարմամբ տարեց անձանց համար.»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «բ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. ֆունցիոնալության գնահատման խոր սահմանափակում ունեցող երեխաների համար».։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 33-ի սահմանումը թողնել նույնը, ինչ գործող օրենքում։ Առաջարկում ենք «սոցիալական պատրոնաժն» անվանել «սոցիալական օգնական» և ծառայությունները նախատեսել առավել լայն խմբի համար։ Անձնական օգնականի ծառայությունը փաստացի լրացնում է այդ ծառայությունը և ոչ հակառակը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների ցանկը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը տարածել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների վրա։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 36-ի 1-ին մասի 1-ին կետի «տեղեկատվություն» բառը փոխարինել «իրեն մատչելի եղանակով տեղեկություններ» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 40-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այն լրամշակել՝ մանրամասն ուսումնասիրեով այն երկրների փորձը, որտեղ առկա են նման դեպքերում մերժման հիմքեր։ Մասնավորապես անընդունելի է, որ անձի՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը չմասնակցելը կարող է հանգեցնել սոցիալական աջակցության ծառայության տրամադրման մերժման կամ դադարեցման։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 41-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ դրանք հակասում են Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի ՍԴՈ-1504 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 3-րդ մասի 3-րդ կետի «ներառականությանը» բառը փոխարինել «մասնակցությանը» բառով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 6-րդ մասի 1-ին կետի «սոցիալական աշխատողներին» բառերից հետո լրացնել «անձի իրազեկ համաձայնությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 13-րդ կետը «մասնակից դարձնելը» բառերից հետո լրացնել «, ներառյալ մասնակցության խրախուսումը ու համապատասխան աջակցության տրամադրումը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 9-րդ կետի «սոցիալական խնամառության բացառումը» բառերը փոխարինել «սոցիալական աջակցությունից կախվածության բացառումը» բառերով։ «Խնամառություն»-ն, ըստ բացատրական բառարանների, մեկին իր խնամքի՝ հովանավորության տակ առնելն է, խնամառու լինելը։ Դա բացասական երևույթ չէ և պետք չէ բացառել, ուստի առաջարկվում է օգտագործել «սոցիալական աջակցությունից կախվածություն» եզրը, որի անգլերեն համարժեքը welfare dependency-ն է։

Узнать больше